Chapter 18
Chapter 18
Բերման ենթարկված Սրբին ուղեկցեցին մայորի մոտ։ Բագրատունին նրան կալանավորելու միտք չուներ, այլ ցանկանում էր մի փոքր տնտղել նրա տրամադրությունը, և, ինչո՞ւ չէ, եթե հնարավոր լիներ, նաև խոսք քաշել բերանից։ Մայորը գիտեր, որ իր ընկերների մեջ Սուրբն ամենախորամանկն է, արտաքուստ ամենահեզը և ամենավախկոտը։ Մայորը գիտեր նաև, որ Սուրբը, այդ բոլորով հանդերձ, նաև ամենավտանգավորն է, որովհետև դժվար էր ասել, թե իրենցից՝ երկուսից, որն առավել ճկուն կլիներ հարցաքննության ընթացքում և ով՝ ում բերանի աղը ավելի հեշտ կգողանար։ Սուրբը նստել էր սեղանի ծայրին, ձեռքերը խաչել կրծքին և ամենաանմեղ հայացքով նայում էր մայորին, որը նրա անձնական գործում ինչ-որ լուռ որոնումներ էր կատարում։ Բագրատունին աչքի պոչով մեկ֊մեկ նայում էր նրան, սակայն Սուրբը, այդ զարմանալի սրիկան, անմիջապես խլում էր մայորի հայացքը և նրա հայացքից թաքնվելը դառնում էր անհնար։ Սրբի աչքերում համարյա անորսալի, խորամանկ մի հեգնանք կար, որը մայորին ասում էր․ «Հոգեբանական գրոհն ինձ համար հնացած ապրանք է։ Դու գործից խոսիր, ինչո՞ւ ես լռում․․․»։
Լսի՛ր, այ տղա,— վերջապես խոսեց մայորը,— քո դեմ․․․
Ներողություն,— կտրելով մայորի խոսքը, տեղից բարձրացավ Սուրբը,— եկեք չխախտենք բարեկրթության կանոնները, ընկեր մայո՛ր։ Ես խնդրում եմ ինձ դիմել մեր սովետական միլիցիային վայել ձևով։ Ես Ասատուրով Բորիս Ավետովիչն եմ, պատիվ ունեմ․․․
Լա՛վ, Ասատուրով Բորիս Ավետովիչ, նաև Վրթանեսով Վահրամ Մուշեղովիչ, նաև Վարդևանյան Մաթևոս Վռամովիչ, գողընկերների շրջանում Սուրբ Դևովիչ․․․ Վերջապես, ես քեզ առաջարկեցի ամենահարմար և բարեկիրթ ձևը՝ «այ տղա», իսկ դու, խնդրեմ, վիրավորվեցիր։ Ասա՛, ի վերջո, ինչպե՞ս դիմել քեզ․․․
Ես արդեն ասացի, ընկեր մայոր․ Ասատուրով Բորիս Ավետովիչ։ Ճիշտն ասած, ես անսահմանորեն բծախնդիր եմ անուն֊ազգանունների բարեհնչունության նկատմամբ։ Դուք, հարգելի մայոր, խնդրում եմ ինձ չհիշեցնել, արխիվներից չհանել իմ հին անունները, քանի որ դրանցից արդեն նավթալինի հոտ է զալիս։ Դրանք հնացել և անցել են անցյալի գիրկը։ Ինձ հարկավոր չէ հիշեցնել այդ անունները նաև այն պարզ պատճառով, որ ես դրանք հիանալի գիտեմ։ Այնուհետև, այդ անուններն իմ մեջ արթնացնում են իմ անցյալ կյանքի տխուր ու սարսափելի պատկերները, երբ ես մի փոր հացի համար ստիպված էի լինում, այո՛, այո՛, իմ կամքին և մանավանդ, սկզբունքին հակառակ, կուշտ մարդկանց գրպաններից հայթայթել իմ ապրուստը։ Ստիպված էի։ Հարկադրական վայրէ՜ջք․․․ Գողությունը սոցիալական արմատ ունի, ընկեր մայո՛ր, և ես՝ գերի իմ սոցիալական վիճակին, ծավալում էի գրպանահատի իմ ակտիվ գործունեությունը, որը հիմնականում ծավալվում էր հարուստ քաղաքացիների գրպանները թեթևացնելու ուղղությամբ։ Հիմա, փառք աստծո, ես միանգամայն կուշտ եմ և իմ բանվորագյուղացիական իշխանությունը ինձ վերադաստիարակել է, ես՝ մեր Միության ազատ ու իրավահավասար քաղաքացիս, ասում եմ՝ իմ անուն-ազգանունը Ասատուրով Բորիս Ավետովիչ է, պատիվ ունեմ․․․
Լսիր, Սուրբ ես, թե սատանա՝ չգիտեմ։ Այս կոմեդիան ավարտելուց առաջ ես խորհուրդ կտայի քեզ․ քո անունները փոխելը քո գործն է, փոխիր որքան կարող ես, բայց խնայիր հորդ, ախր, մի մարդ երեք հայր չի կարող միանգամից ունենալ։ Տո՛ սրիկա Սո՛ւրբ, քեզ համար ոչ մի սրբություն գոյություն չունի՞, հը՞։ Իսկ հիմա՝ վերջ պոռոտախոսությանը։ Լսի՛ր, ինչ եմ ասում, այդ որտեղի՞ց դու, Բուլդոգը և Բոռը կարողացաք ճարել 40 հազար ռուբլի՝ պրոֆեսոր Խախանյանին նվիրելու համար․․․
Այս ինչե՜ր եմ լսում, ընկեր մայո՛ր։ Միանգամից այդքան փող ես նույնիսկ գյուղատնտեսական բանկում չեմ տեսել։ Ես չեմ տեսել նաև պրոֆեսոր Խախանյանին, որին ճանաչելու պատիվն, ավա՜ղ, չունեմ։ Եվ, վերջապես, տարօրինակ է, թե ինչո՞ւ դուք անընդհատ փորձում եք վիրավորել իմ մարդկային արժանապատվությունը, այս անգամ իմ անունը դնելով կենդանական աշխարհի ներկայացուցիչների կողքին, ի՞նչ Բուլդոգ, ի՞նչ Բոռ․․․
Հիմար մի՛ ձևանա, Սուրբ։ Սուրբ մի՛ ձևանա, Սուրբ։ Եվ վերջ տուր քո ճոռոմաբանություններին։ Արի խոսենք առանց դեսուդեն ընկնելու։ Չէ՞ որ առաջին անգամ դու ես պրոֆեսորին տվել պայուսակով փողը՝ եղել եք երեքով՝ քեզ հետ Բուլդոգն ու Բոռը։ Եվ դու այնտեղ թողել ես քո ամենաբնորոշ հանցանշանը․․․
Ի՞նչ․․․,— ոտքի թռավ Սուրբը։ Բայց ուշ էր արդեն և շփոթված նստեց։
«Բռնվեցի՜ր․․․»,— հաճույքով մտածեց մայորը։ «Բռնվեցի՜․․․»,— տհաճությամբ մտածեց Սուրբը։
Ահա թե ի՜նչ․․․,— բարեհոգաբար ժպտաց Բագրատունին,— փորձված աղվեսը թակարդն է ընկնում զույգ ոտքով։ Քանի որ գործել ես ձեռնոցներով, մատնահետքեր չես թողել։ Քեզ չեն ճանաչել, որովհետև դիմակավորված ես եղել։ Բայց դու, Սուրբ, ձեռք համբուրելու թուլություն ունես, որից չես կարողանում ձեռք քաշել։ Դա մի հանցանշան է, որը հատուկ է միայն քեզ։ Գողերը, փա՜ռք աստծո, այնպիսի մեծահոգի ջենտլմեններ չեն, որ մարդկանց կողոպտեն ձեռքերը համբուրելով։ Իսկ դու քո թալանչիական կարիերան սկսել ես ձեռք համբուրելով։ Լինելով եկեղեցու խոնարհ ու աստվածավախ սպասավոր, համբուրել ես սրբապատկերներն ու տերտերի աջը և, առանց երկնչելու աստծո պատժից, կողոպտել աստծո տունը։ Ա՜յ թե որպիսի սուրբ ես դու։ Երբ ես ականջի ծայրով լսեցի Խախանյանի ձեռքը համբուրելու պատմություննը, անմիջապես ճանաչեցի քո հանցանշանը, քո ձեռագիրն ու քո «սուրբ գործը»։
Ես մերժում եմ ձեր ապօրինի մեղադրանքները, ընկեր մայո՛ր․․․
Քաղաքացի մայո՛ր,— ուղղեց նրան Բագրատունին ես գողի ընկեր լինել չեմ կարող և չեմ ցանկանում։ Քո ընկերները Զուլումը, Բուլդոգը, Բոռն են և նրանց նմանները․․․
Դուք գործ եք սարքում ինձ վրա, քաղաքացի մայոր, ես այլևս ոչինչ չեմ ասի․․․
Մեզ ավելին էլ պետք չէ, քան դու ասացիր, Սուրբ։ Ես միայն կասկածում էի․ դո՞ւք եք եղել այդ նվիրատուները, թե ոչ։ Իսկ դու հաստատեցիր հոգեբանորեն, սիրելիս։ Հոգեբանորեն։ Տե՛ս, ես քեզ չեմ հարցնում, թե նույն երեքով ինչպես փախցրիք Զուլումին հիվանդանոցից։ Չեմ հարցնում, որովհետև ինչ գիտեմ, ինչին վստահ եմ, հարկ չկա դիսկուսիա սարքելու և դարմանը քամուն տալու։ Խաղաքարտերը բացելու ժամանակը կգա, կխոսենք։ Մենք կարծեմ իրար լավ հասկացանք, Սուրբ, չէ՞․․․
Ես կբողոքեմ, մայոր Բագրատունի՛, անպայման կբողոքեմ։ Համա թե մեղադրանքներ թխելու վարպետ եք, ես կբողոքեմ․․․
Նյարդերդ չեն դիմանում, Սո՛ւրբ, տեսնո՞ւմ ես։ Ճշմարտությունը դառը բան է։ Այսքանը, Սուրբ, միայն այսքանը։ Տուր ստորագրեմ քո անցաթուղթը․․․
Դուք ինձ բա՞ց եք թողնում,— զարմանքից չռվեցին Սուրբի աչքերը։
Սուրբի դուրս գալուց հետո լեյտենանտ Մարկոսյանը, որ հարևան սենյակում արդեն լսել էր նրանց, անմիջապես մտավ, չէ՛, չէ՛, ներխուժեց մայորի առանձնասենյակը։ Շփոթված տեսք ուներ։ Մայորը Ժպտալով, հանգիստ նայում էր նրան և մատներով թխկթխկացնում սեղանը։
Գիտեմ, պիտի ասես, որ կոպիտ սխալ թույլ տվի, հիմարություն արեցի, և իրավունք ունես, լեյտենանտ Մարկոսյան, սակայն այլ ելք ես չունեի․․․
Այո՛, նման բան պետք է ասեի, ընկեր մայոր, բայց ինձ կանխեցիք։ Զեզ չեմ հասկանում։ Երբ քննության ընթացքում մեղադրանքը չի ժխտվում, հանցագործին չի կարելի բաց թողնել։ Սուրբը ոչ մի խոսքով չփորձեց, չկարողացավ ժխտել իր և իր ընկերների դեմ հարուցված մեղադրանքները։ Դուք նրան այլևս բաց թողնելու իրավունք չունեիք։ Դուք, չեմ կասկածում, գիտեք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ նման բացթողումը․․․
Ուզում ես ասել, որ նրանք կանցնեն վճռական գործողությունների՞․ ավելի լավ, լեյտենա՛նտ, ավելի լավ։ Այս հարցաքննությունը հետապնդում էր հենց այդ նպատակը։ Դուրս հանել նրանց թաքստոցներից, ստիպել, որ գրոհեն, իսկ բաց ճակատամարտում մենք կջարդենք նրանց քիթ֊մռութը, կգերենք նրանց․․․
Իսկ եթե փախչե՞ն․․․
Ո՞ւր կարող են փախչել։ Իրենց «առաջնորդը» գամված է անկողնուն։ Առանց նրա ոչ մի տեղ չեն փախչի։ Միաժամանակ, փակ են փախուստի բոլոր ճամփաները։ Զուլումը քրեական փնտրուքի մեջ է։ Եվ նրանք ստիպված կընդունեն մարտահրավերը, այլ ելք չունեն․․․
Նրանք կարող են վնասել հենց ձեզ, իրենց գլխավոր թշնամուն, որի ձեռքին են իրենց կործանող բոլոր խաղաքարտերը։
Ոչ բոլոր խաղաքարտերը, լեյտենա՛նտ։ Կվնասեն ինձ, թե չեն վնասի, միևնույն է, մենք մտել ենք մեծ խաղի մեջ, որտեղ սպասվում են աննախադեպ անակնկալներ։ Ես խնդրում եմ ճիշտ հասկանալ ինձ։ Մենք անսխալ էինք, իսկ ինչո՞ւ պարտվեցինք, պարտվեցինք չարաչար խայտառակվելով։ Գործենք ավելի ստեղծագործաբար, գերի մնալով ոչ թե քրեական ծառայության տառին, այլ ելնելով տվյալ իրավիճակից, պայմաններից։ Հենց նրանք էլ կթելադրեն մեր անելիքները։ Կարծում եմ այդպես ավելի ճիշտ կլինի։ Միևնույն է, մենք պարտավոր ենք վնասազերծել և՛ Զուլումին, և՛ լուծել Շահմարի առեղծվածը։ Իսկ պլաններ մշակելով և դեպքերի պոչից քարշ գալով, հեռուն չենք գնա․․․