1. Շահմարի Առեղծվածը

Chapter 14

Chapter 14

Ջուլումին հիվանդանոցից գողանալու լուրը, ո՛չ, գույժը, բաժանմունքում պայթեց ռումբի նման․

  • Գողացել են, փախցրել․․․

  • Ինչպե՞ս․․․

  • Ովքե՞ր․․․

  • Ե՞բբ․․․

  • Ինչո՞վ, ի՞նչ հնարքով․․․

Այս հարցերի պատասխանը ստանալու նպատակով մայորը, որի սրտին ասես գանակ էին զարկել, թռավ հիվանդանոց։ Ժողովուրդ էր հավաքվել, մարդիկ բարձրաձայն քննարկում էին Զուլումին փախցնելու հնարավոր և անհնար, եղած և հորինված մանրամասները։ Գովում էին գողերի ձեռներեցությունը, որոնք, հիմարացնելով միլիցիոներներին, և, իբր թե նրանց քաղցր խռմփոցի տակ, փախցրել են իրենց «առաջնորդին»։

  • Գողեր չլինեին, ճակատները կհամբուրեի,— խոսում էր մեկը։

  • Եթե մեր միլիցիան այսքան օպերատիվ, այսքան հնարամիտ լիներ, հիմա Երևանում չէին լինի ո՛չ գողեր, ո՛չ գողություն։

Միլիցիոներները, որոնցից մեկը հսկում էբ չորրորդ հարկի, իսկ մյուսը հիվանդասենյակի մուտքը, բոլորովին անտեղյակ էին գիշերվա անցուդարձից և Զուլումի բացակայությունն իմացել էին միայն առավոտյան՝ հիվանդապահուհու սուր ծղրտոցից․

  • Ամա՜ն․․․ Հիվանդը պատուհանից նետվել է ներքև․․․

Սակայն ներքևում Զուլումի մարմինը չկար և չէր էլ կարող լինել։ Հիվանդանոցի շքամուտքը հսկող բարապանը լուսադեմին նկատեց դռան առջև, ասֆալտի վրա թպրտացող և տնքացող մարդուն, որի ձեռքերն ամուր կապված էին մեջքին և բերանը թաշկինակ էր խցկած։ Երբ արձակեցին նրա լեզվի ու ձեռքերի կապերը, դեմքին ջուր սրսկեցին, և անծանոթն սկսեց խոսել, պարզվեց, որ լուսատեղակայող ամբարձիչ ավտոմեքենայի վարորդն է, որին գիշերը Կիևյան փողոցում չանթել են երեք հոգի, կանգնեցրել, նախ՝ երկու հիսունանոց խոթելով գրպանը, ստիպել, որ իրենց հիվանդանոց տանի։ Վարորդը, որին վախն ու հարյուր ռուբլին դարձրել են կամազուրկ և փափկեցրել մետաքսի նման, առանց առարկելու կատարել է նրանց պահանջը։ Լուսադեմին մեքենան կանգնել է հիվանդանոցի պատի տակ, որից հետո վարորդին արդեն բռնությամբ «զրկել են» վարորդական իրավունքից, ձեռքերը շղթայել, բերանը գոցել, որպեսզի չխանգարի իրենց և ավելորդ աղմուկ չսարքի։ Նրան թողել են հիվանդանոցի շքամուտքի առջև, որպեսզի առավոտյան ստանա առաջին օգնությունը և, միաժամանակ, մայոր Բագրատունին ականատեսի միջոցով իմանա, թե ինչպիսի հնարք-հնճարքով են գողացել Զուլումին։ Այո՛, այդպես էլ ասացին, ծիծաղելով․ «Ասա՛ մայորին, որ նա վատ է աշխատում։ Շնորհակալ ենք Զուլումին փրկելու նրա ջանքերի համար և զգուշացնում ենք, որ այսուհետև քիթը դեսուդեն չխոթի։ Քիթ-մռութը կջարդենք»։ Հետո գործի էին դրել մեքենան, զամբյուղը բարձրացրել մինչև չորրորդ հարկ, բաց պատուհանից մտել հիվանդասենյակ և վերցնելով իրենց ընկերոջը, սուսուփուս, առոք-փառոք, իջել ներքև։ Թե հետո ո՞ւր չքվեցին, ո՞ւր տարան մեքենան, միայն աստծուն է հայտնի․․․

  • Զարմանալի է,— խոսեց մայորը,— մի՞թե հերթապահող բուժանձնակազմից կամ հիվանդներից ոչ ոք գիշերային լռության մեջ չի լսել մեքենայի հռնդյունը․․․

  • Ասենք լսել են, ասենք տեսել են,— պատասխանեց վարորդը,— ի՞նչ իմանան, թե մարդագողություն է կատարվում։ Մեքենայի ձայնն ի՞նչ կարող է հուշել ցավին գերված ու անկողնուն գամված հիվանդներին։ Մեքենան դռռում է․ է՜, թող դռռա։ Միայն շուտ չքվի, որ չխանգարի մեր քունը։

Մայորը նույնիսկ խոսելու ուժ և տրամադրություն չուներ։ Նա կարգադրեց միլբաժանմունք տանել վարորդին և գրի առնելով նրա ցուցմունքները՝ ազատ արձակել։ Կարգադրեց նաև հայտնել ավտոտեսչությանը՝ հափշտակված մեքենան որոնելու համար։ Մայորը երկար, շատ երկար զբաղվեց տեղազննությամբ։ Ասֆալտին դաջված մեքենայի անվահետքերը պատճենեցին։ Պատճենեցին նաև լուսամուտի գոգին դրոշմված ոտնահետքերը։ Մայորը, երևի կյանքում առաջին անգամ, չկարողանալով զսպել իրեն, ուրիշների ներկայությամբ «դանդալոշ և էշի ականջում քնած» ածականներով դիմավորեց հարկի հիվանդասենյակի շփոթված և կարկամած պահակներին, բանտարկությամբ սպառնաց նրանց ու քշեց միլբաժանմունք։

Նման պարտություն մայոր Բագրատունին երբեք չէր կրել։ «Նոկաուտ էր՝ անվրեպ, մահացու, հեղինակազրկող․․․ Իհարկե, ինձ հայտնի է մեր սխալի պատճառը։ Օպերատիվության և արագության պակաս։ Հնարամտության բացակայություն։ Եվ հակառակորդն օգտվեց մեր սխալներից»։ Պահակող միլիցիոներներին ինքը պատժել չի կարող։ Նրանք պահակակետը չեն լքել։ Դրսից երկու պատով բաժանված միջանցքում չեն լսել նաև մոտորի աղմուկը կամ եթե լսել են, ապա նրա խուլ ձայնը նրանց մեջ չի առաջացրել ոչ կասկած, ոչ էլ տագնապ։ Իսկ պարտությունը, երբ ձեռքից դուրս է պրծնում մեծ շնաձուկը և սպառնալիք է շպրտվում մարդու դեմքին, այդ արդեն անտանելի է։ Մայորը գիտեր, հրաշալիորեն գիտեր, որ մինիստրության կոլեգիան քննության կառնի այդ հարցը։ Գիտեր, որ նման խայտառակ վրիպումի համար կպատժեն իրեն, բայց այն պատիժը, որ իր խղճի ձայնն էր պարտադրում իրեն, վեր էր ամեն տեսակի վարչական տույժերից ու պատժից։ Իրեն տրված են իրավունքներ, տրված է նաև պարտականություն՝ հասարակությանը գողերից ու ավազակներից, հակահասարակական տարրերից զերծ պահելու համար, իսկ ինքը փաստորեն չի կարողանում արդարացնել այղ վստահությունը։ Խայտառակությո՜ւն, ուրիշ ոչինչ․․․

Հիվանդանոցի դռների միջև մտքերին գերված մայորը քիչ մնաց բախվեր պրոֆեսոր Խախանյանին։ Վերջինս պակաս հուզված չէր և ակնոցի միջից չարացած նայեց մայորին․

  • Փախցրիք, մայոր, ես հենց սկզբից կռահեցի, որ դուք այս գործի տակից դուրս չեք գա։ Փուլ եկավ, ամեն բան փուլ եկավ, նաև իմ աշխատանքը՝ անմարդկայնորեն ծա՜նր, ծա՜նր․․․ Ասացե՛ք, աղավնյա՛կս, գուցե մեր տան մտերիմները նորի՞ց խառն են այս գործին, նորի՞ց օգնեցին այդ ավազակներին, հը՞․․․

Պրոֆեսորի խոսելու տոնը գրգռիչ էր, մարտահրավերի նման և, մայորն իրեն զսպել չկարողացավ․

  • Ընկեր Խախանյան, եթե դուք իսկապես չեք հասկանում, որ ձեր բնակարանի գողության մեջ խառն են ձեր ծանոթները, աստված ձեզ հետ, դա ձեր գործն է։ Ասենք թե մեր ճշմարտությունը ձեր ճշմարտությունը չէ, ուրեմն, ի՞նչ, անվերջ պետք է մեր երե՞սով տաք այդ թվացող սխալը, հը՞․․․ Իսկ ո՞ւր մնաց քաղաքավարությունը․․․

  • Դուք, հարգելի մայո՛ր, մեկ անդամ չէ, որ սխալվում եք։ Ձեր սխալները, որոնք կրկնվում են պարբերաբար, արդեն խրոնիկական բնույթ ունեն և վերաճում են անբանության, հեղինակազրկելով ձեր բնագավառի մարդկանց․․․ Հարկավոր է, մեղմ ասած, անցնել աշխատանքային այլ, ավելի հեշտ տեղամաս, փոխել մասնագիտությունը։ Խնդրում եմ չնեղանալ, ընկեր մայո՛ր, հարգանացս հավաստիքը․․․

  • Շնորհակալ եմ, հարգելի պրոֆեսոր, բարի խորհրդի համար։ Հնարավոր է, որ ես անցնեմ այլ մասնագիտության, բայց մինչ այդ խոստանում եմ ոսկե սկուտեղով ձեզ մատուցել ձեր բնակարանը կողոպտողներին։

  • Մեծախոսությունը անտանելի թերություն է, մայո՛ր, իսկ մեծախոսը․․․ Կռիլովի առակը ձեզ օրինակ, դատարկ տակառի աղմուկը մեծ է, սակայն․․․ Հա՜, մոռացա, որ ձեզ համար ես հաճելի անակնկալ ունեմ, կասեմ, եթե վստահ լինեմ, որ ձեր սիրտը կդիմանա նման մեծ ուրախության։ Ձեր տղաները, որոնք գիշեր ու ցերեկ վխտում են մեր տան շրջակայքում, իմ այցելուներին հանկարծակիի բերելու նպատակով, կարծում եմ, շատ կզարմանան, իմանալով, որ այս անգամ օրը ցերեկով հիվանդանոցում իմ պարտատերերից ես ստացա իմ հոնորարի վերջնահաշիվը․․․

  • Ի՞նչ․․․,— իրոք, քիչ մնաց պայթեր մայորի սիրտը։ Ուրեմն, խփվեց նաև այդ վերջին խաղաքարտը։ Կատարյալ բարոյական սնանկացում։— Եվ ո՞վ բերեց այդ հոնորարը

  • Մի շատ հաճելի և սիրունիկ աղջիկ։ Բերեց, դրեց իմ սեղանին, համբուրեց իմ ձեռքը և ծտի նման թռ՜ռ, թռավ, գնաց․․․ Հարգանացս հավաստիքը, ընկեր մայո՛ր, կապիտուլյացիա լրիվ և անվերապահ կապիտուլյացիա, ահա թե ինչը կփրկի ձեզ․․․

  • Դուք ճիշտ եք, պրոֆեսոր, դուք միանգամայն ճիշտ եք,— խոսեց մայորը,— սակայն մեկ անգամ գոնե հավատացեք ինձ՝ խուզարկու Բագրատունուս։ Այն աղջիկը, որ բերել է այդ փողը ձեզ, որը համբուրել է ձեր ձեռքը, այն աղջիկն է, այն «Պառավը», որը խաբելով ձեր կնոջը՝ Զուլումի հետ մաքրազարդել է ձեր տասնամյակների վաստակը։ Այս մեկ։ Այնուհետև, այն հոնորարը, որ այնքան ջանասիրաբար ձեր գրպանն են լցնում ձեր «բարեկամները», ոչ այլ ինչ է, քան դրամի վերածած ձեր տան զարդեղենը, որի թերմացքը մեծահոգաբար նվիրում են ձեզ։ Ընդունեցե՛ք, խնդրում եմ, այս հարյուր տոկոսանոց ճշմարտությունը։ Եթե մեզ հիմարացրել են, պրոֆեսո՛ր, ապա չեմ կարծում, որ ձեր վիճակն ավելի գերադասելի լինի, քան իմը։ Դե, ինչ, հարգանացս հավաստիքը, պրոֆեսո՛ր, հարգանացս հավաստիքը․․․

Եվ իր ճանապարհից թեթևակի մի կողմ հրելով սփրթնած ու շփոթված պրոֆեսորին, հեռացավ։

Comments