1. Շահմարի Առեղծվածը

Chapter 13

Chapter 13

Մայոր Վահագն Բագրատունու տրամադրությունը բարձր էր։ Պրոֆեսոր Խախանյանը վերջապես խոսք էր տվել, որ մի երկու օր անց կարող են խոսել, նույնիսկ հարցաքննել հիվանդին։ Զուլումը դեռևս թույլ էր, դժվարությամբ էր ուշքի գալիս։ Վիրահատությունից հետո, մի քանի օր շարունակ նա կռվում էր մահվան դեմ և բժիշկների հետ ձեռք֊ձեռքի, վերջապես, անցավ մահվան սահմանագծից դեպի կյանք։ Եվ այժմ արագությամբ ապաքինվում էր։ Մայորը գոհունակությամբ, ձեռքերն իրար շփելով, տալիս էր վերջին ցուցումները։

  • Նախ, գիշերային դիտորդներ պետք է կարգել Խախանյանի բնակարանի մոտ։ Ես կարծում եմ, որ շուտով կերևան նրա գիշերային այցելուները՝ իրենց պարտքը մարելու, պրոֆեսորին վարձահատույց լինելու։ Ուժեղացված օպերատիվ խումբը ազդանշանի դեպքում պարտավոր է անմիջապես ձերբակալել նրանց։ Այս մեկ։ Այնուհետև, հարկավոր է ուժեղացնել պահակային հսկողությունը հիվանդանոցում։ Պետք է նշանակել նաև չորրորդ հարկի մուտքը հսկող պահակ։ Բացառված չէ փախուստի փորձը Զուլումի կողմից և նրան փախցնելու փորձը՝ ընկերների կողմից։ Այս էլ երկուս։ Եթե աստված հաջողի, և մենք կարողանանք քաշել Զուլումից Շահմարի և «Պառավի» գաղտնիքները, ուրեմն, կշահենք Դիլիջանի անտառում քեֆ անելու մեր արդար և անկապտելի իրավունքը։

Մայորը բարեսրտորեն ժպտաց և իր հոգնած դեմքից ու ուսերից ասես մի քսան տարի նետեց ներքև․․․

Comments