1. Շահմարի Առեղծվածը

Chapter 12

Chapter 12

Վիրահատումն անցավ բարեհաջող։ Պրոֆեսոր Խախանյանի արարչագործ ձեռքերը մահվան բերանից կորզեցին Զուլումին, վիրաբույժի փառքի դափնիներին ավելացնելով մեկը ևս։ Պրոֆեսորի գործընկերները, մայրաքաղաքի հայտնի վիրաբույժները կոնսիլիումի Ժամանակ միաբերան հաստատեցին, որ միանգամայն անտեղի է վիրաբուժական միջամտությունը, հետևապես, ելքը՝ անհուսալի և անհեռանկար։

  • Նա՝ ձեր հիվանդը, արդեն մեռած է, սիրելի կոլեգա,— ասաց պրոֆեսոր Մանուկյանը,— գնդակները եթե անմիջապես չեն սպանել նրան, ապա դատապարտել են դանդաղ մահվան։ Տեսե՛ք, տեսե՛ք, որտե՞ղ է դարանել մահը,— և բժիշկը ներկաներին ցույց տվեց ռենտգենյան լուսանկարը,— սրտագդալի տակ և սրտի թաղանթում։ Ձեր հիվանդը մեռած է, կոլեգա՛․․․ Բժշկության դարավոր պրակտիկան ցույց է տալիս, որ կարելի է փրկել այն հիվանդներին միայն, որոնք գտնվում են մահվան նախաշեմին, իսկ ձեր հիվանդն արդեն մահվան ճիրաններում է։ Վիրաբույժի դանակը թեկուզև կախարդի ձեռքերում, միևնույն է, լավագույն դեպքում արագացնելու է մահը․․․

Նույնը կրկնեցին նաև մյուսները։ Խախանյանը օգտակար խորհուրդների համար շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին, սակայն պնդեց իրենը։

  • Իննսունինը տոկոսով դուք ճշմարիտ եք, կոլեգանե՛ր,— ասաց նա,— այս երիտասարդը իննսունինը տոկոսով մահինն է արդեն, սակայն ես բժիշկ եմ և իմ հույսը այն փրկարար մեկ տոկոսին ապավինելն է։ Անսահման ուժեղ է հիվանդի օրգանիզմը, եթե նա դիմադրել է վերահաս մահին առ այսօր, եթե հիվանդի մեջ կյանքն այս օրերի ընթացքում չի նահանջել, նշանակում է փրկության շանսը մեծանում է, հասնելով տասը տոկոսի։ Իսկ դա քիչ բան չէ։ Մնացածը պետք է անեն այս ձեռքերը,— և բժիշկն, իր գործընկերներին ի ցույց, սեղանին դրեց իր սպիտակ, թմբլիկ, թեթևակի թառամած ձեռքերը,— ես կհանեմ գնդակները․․․

Բժիշկներն իրար նայեցին։ Ոմանց հայացքներում թերահավատություն կար, կային թաքնված և չթաքնված հեգնանքի կայծկլտումներ, ոմանց մոտ՝ վստահություն և հավատ, քանի որ Խախանյանի ձեռքերը մեկ անգամ չէ, որ փրկել էին անհուսալի հիվանդներին։ Ինքը՝ Խախանյանն էլ զգում էր իր վիճակի ամբողջ դժվարությունը, սակայն ինքնավստահությունն ասել էր իր խոսքը, ձեռնոցը նետված էր արդեն և նահանջել, ետ կանգնել չէր կարելի։ Պրոֆեսորի հոգում ալեկոծումներ կային, որոնք մղում էին նրան դեպի դժվարը, անհուսալին։ Նախ, պրոֆեսորը հավատում էր ինքն իրեն, իր տաղանդին, իր ձեռքերին։ Դա տասնամյակների դժվարին փորձով ձեռք բերված ինքնավստահությունն էր, որը չէր առնչվում դատարկ ու սնամեջ մեծամտությանը։ Նա փրկել էր, այո՛, այո՛, ավելի ծանր հիվանդների, վկա՝ քառասուն տարիների պրակտիկան, Հայրենական մեծ պատերազմը։ Այնուհետև, Խախանյանը գիտեր, որ անհաջողությունը, ելնելով հիվանդի անհուսալի վիճակից, չէր պսակազերծի իրեն դափնիներից, չէր մթագնի իր փառքը։ Սակայն հաջող ելքը շահած դափնիներին կավելացներ մեկը ևս, որը, խոսքը մեր մեջ, շատ էր հարկավոր նրա միշտ արթուն փառասիրությանը հագուրդ տալու համար։ Իսկ Խախանյանը մարդ էր, հողածին, և ոչինչ մարդկային խորթ չէր նրան։ Փառասիրությունը նրա բնավորության ամենաթույլ, ամենախոցելի կողմն էր։ Խախանյանի մեջ նստած էր նաև դիմադրության սատանան, դևը, որը նման պարագաներում արթնանում և զինում էր նրան զարմանալի վճռականությամբ։ Լսելով իր գործընկերների կարծիքը, պրոֆեսորը նորից լցվեց վճռականությամբ, նորից «կողի ընկավ», որը նշանակում էր նաև՝ նոկտուտի ենթարկել իր ուժերի և տաղանդի նկատմամբ թերահավատություն հայտնող իր կոլեգաներին, և, միաժամանակ, Արեգ Արամովնային զարմացնել իր ձեռքերի, իր տաղանդի չթառամող զորությամբ։ Չէ՞ որ Խախանյանը սիրահարված էր նրան։ Իսկ սերը մարդուն մղում է հրաշքների։ «Ա՞ստղ ես ուզում երկնքից, վատ կբերեմ քեզ համար»։ Օ՜, այդ սերը․․․ Թող իմանա Արեգը, որ մահվան դեմ թևերը քշատած, մենամարտի ելած Խախանյանին սերը թռիչքի թևեր է պարգևում։ Պատանեկան «լոպազության» այս դրսևորումը քիչ մասնակցություն չունեցավ պրոֆեսորին գրոհի տանելու գործում։ Նրա վճռականության մեջ քիչ դեր չունեին նաև «գիշերային այցելուները»՝ իրենց փրկագնով և, մանավանդ, սպառնանքով։ Պրոֆեսորը հավատում էր նրանց։ Նրանք իրենց սպառնալիքները քամուն տվողներից չէին, չէ՛, չէ՛, նրանց ինչ, թե իրենց ընկերն անհուսալի վիճակում է, նրանց ինչ, որ միայն պրոֆեսորի հրաշագործ ձեռքը բավական չէ Զուլումի փրկության համար, նրանց ինչ, որ փողը չի կարող մահվան բերանից խլել իրենց ընկերոջը, նրանց ինչ․․․ Պրոֆեսորի փրկարար վիրադանակի դեմ նրանք դնում են ամբողջական մի կշեռք՝ երկու անհավասար նժարով։ Մեկի մեջ՝ հոնորար-կաշառք, մյուսի մեջ՝ մահվան սպառնալիք։ Ոչինչ, ես կփրկեմ ձեր այդ մեծ սրիկային, կփրկեմ նաև ինձ, նաև բժշկության հեղինակությունը։ Իսկ դուք, սրիկա շանորդիներ, ստիպված կլինեք համբուրելու ոչ միայն իմ ձեռքերը, այլև իմ ոտքերը։ Շանորդիներ, ես կփրկեմ ձեր ընկերոջը, իսկ արդարադատության մարմինները կգնդակահարեն նրան։ Իսկ այդ ծանր և արդար պատիժը նույնպես կյանքի հաղթանակն է մահվան, չարի, առևանգողի, սպանողի նկատմամբ։ Ես կփրկեմ, արդարադատությունը կպատժի։ Թող այդպես լինի։ Յուրաքանչյուրս արդար և ճշմարիտ ենք մեր գործում, արդար ու ճշմարիտ ենք յուրովի։

Վիրահատման նախօրեին պրոֆեսորի առջև ծառացավ մեկ այլ դժվարություն ևս։ Արեգ Արամովնան նրա ականջին փսփսաց, որ բժշկի բնակարանը թալանողը հենց Զոուլումն է որ կա, ոչ ուրիշը, Զուլումը։ Խախանյանը հանկարծակիի եկավ, վատ զգաց իրեն։

  • Այո՛,— հաստատեց Արեգը,— ձեր բնակարանը կողոպտել է Զուլումը։ Նրա գրպանում լեյտենանտ Մարկոսյանը գտել է ձեր մենատան հատակագիծը, թաքստոցները մատնող նշաններով։ Եվ մի՞թե դուք, պրոֆեսո՞ր, պետք է փրկեք ձեր բնակարանը կողոպտողին․․․

Խախանյանի լեզուն բռնվեց։ Իրոք որ դժվար բան է նման հանցագործին այդքան ծանր վիրահատության, հոգեկան և ֆիզիկական ուժերի այդքան մեծ լարումների, ապրումների գնով կյանքի կոչելը։ Եվ ո՞ւմ է հարկավոր այն մարդասիրությունը, որն ուղղվում է հենց մարդասիրության դեմ։ Թող ուրիշը վիրահատի այդ սրիկային՝ առկայծեց պրոֆեսորի մտքում։ Բայց ո՞վ կմոտենա, չէ՞ որ բոլորն էլ հրաժարվեցին։ Բժիշկների մի մասն իրեն հողմաղացների դեմ մենամարտի պատրաստվող Դոն֊Կիխոտ անվանեց։ Գուցե շատերը լուռ ծիծաղում են նրա հուսահատ խենթության, սահմաններ չճանաչող համարձակության վրա։ Սակայն, ասենք, թե ինքը փրկում է իր տան կողոպտիչին։ Իսկ մի՞թե դա անբարոյական արարք է։ Մի՞թե բժշկի կոչումը հիվանդին բուժելու մեջ չէ։ Մի՞թե ինքը՝ բժշկական ծառայությունների գնդապետ Խախանյանը, չի փրկել տասնյակ ու տասնյակ գերված ֆաշիստական վիրավորների՝ սպաների, նույնիսկ գեներալների։ Փրկել է։ Ինքը բժիշկ է։ Իսկ չէ՞ որ նրանք երդվյալ թշնամիներ էին, հիտլերականներ, որոնց խղճին ընկած էր ոչ թե մեկ կամ երկու, այլ հազարավոր անմեղ մարդկանց արյունը։ Բժշկի համար թշնամիներ ու բարեկամներ չկան։ Բժշկի դեմ ծառանում է լոկ մեկ թշնամի՝ մահը, և նրա սպասավորը՝ հիվանդությունը։ Բժշկի համար գոյություն ունի հիվանդ, որին հարկավոր է բուժել, խլել մահվան ճիրաններից։ Բժշկի իրավասությունից դուրս է թշնամուն, գողին, ավազակին մահվան վճիռ կայացնելը, նրանց դատապարտելը։ Դրանով զբաղվող հատուկ մարմիններ կան՝ իրենց օրենսգրքերով, հանցանքն ախտորոշող հոդվածներով և այլն, և այլն։ Թող նրանք էլ զբաղվեն դրանցով։ Իսկ ինքը՝ որ տվել է հիպոկրատի երդումը, ինքնակոչ դատարանի, տրիբունալի, մանավանդ, դահճի դեր ստանձնել չի կարող։ Չէ՛, չէ՛, Արեգը կին է, սիրում է իրեն, և նրա կանացի նուրբ ջղերը չեն դիմանում նման անմարդկային լարվածության։

  • Արե՛գ, սիրելի՛ս, եթե այդ սրիկան ձեռք բարձրացրած լիներ նույնիսկ իմ կյանքի վրա, միևնույն է, ես կվիրահատեի նրան։ Ես բժիշկ եմ, ոչ թե դատավոր․․․

  • Եթե իմ վրա ձեռք բարձրացնե՞ր,— գայթակղիչ ժպտաց Արեգ Արամովնան։— Ի՞նչ կանեիք, պրոֆեսոր․․․

  • Միևնույն է, որպես բժիշկ, կբուժեի նրան։ Այո՛, այո՛, որպես բժիշկ՝ կբուժեի նրան, որպես սիրող մարդ կսպանեի, կուղարկեի գրողի ծոցը․․․

  • Բուժելուց հետո՞․․․

  • Այո՛, այո՛, միայն բուժելուց հետո։ Ես բժիշկ եմ, Արե՛գ․․․

Արեգ Արամովնան այլևս չանդրադարձավ այդ հարցին։

Այնուհետև՝ մի քանի ժամ տևող վիրահատություն, որն ավարտելուց հետո պրոֆեսորին իր առանձնասենյակը տարան համարյա գրկած, որովհետև լարվածությունից ու հոգնածությունից ուժասպառ ծերուկն անկարող էր ոտքի կանգնել։

Comments