1. Շահմարի Առեղծվածը

Chapter 11

Chapter 11

  • Վաղը պրոֆեսորը վիրահատելու է Զուլումին։ Եկեք այս փաստը ոչ ոքից չթաքցնենք։ Թող իմանան բոլորը։ Գուցե հետաքրքրասերների մեջ լինեն նաև նրանք, ովքեր հետաքրքրում են մեզ։ Ջգոն եղեք, եթե հիվանդանոցի շրջակայքում երևան կասկածելի մարդիկ, աշխատեք ծածուկ լուսանկարել նրանց․․․

  • Մի՞թե նրանք այդքան միամիտ են, որ գան դեպի խայծը,— կասկած հայտնեց լեյտենանտը։

Մայորը դժգոհությամբ նայեց նրան։ Նրա հայացքի մեջ ցավագին անզորություն կար։

  • Գիտես, Մարկոսյան, խեղդվողը կառչում է նաև շյուղից։ Մենք նման ենք բաց աչքերով այն կույրերին, որոնք կառչելու ոչինչ չունենալով, անզորությամբ թափահարում են ձեռքերը։ Մինչդեռ ձեռքերը թափահարելու համար չեն տրվել մարդուն, այլ բռնելու։ Մեզ հարկավոր է լոկ մի բարակ թել, և մենք կհավաքենք ամբողջ կծիկը․․․

  • Բարակ թելը կկտրվի, ընկեր մայո՛ր,— խոսեց լեյտենանտը,— մեզ հարկավոր է վարպետորեն հյուսել այն ցանցը, որի մեջ ընկնեն նրանք՝ այդ շնաձկները․․․ Մեզ հարկավոր է նաև այն խայծը, որով նրանց կարողանայինք հրապուրել դեպի ցանցը։ Մեզ հարկավոր են ամուր ձեռքեր, որոնք ի վիճակի լինեն քաշելու այդ ցանցը քրեական աշխարհի տղմուտներից, ամբողջ այլանդակության և գարշահոտության հետ միասին․․․

Մայորը լսում էր ուշադրությամբ, սակայն լեյտենանտի աչքից չվրիպեցին նրա հայացքում չթաքնվող հեգնանքի կայծկլտումները։

  • Ուզածդ ցանցը հյուսվում է բարակ թելից, լեյտենա՛նտ։ Տվեք ինձ հենակետ, և ես երկիրը շուռ կտամ՝ հին իմաստություն է, սիրելի՛ս։ Տո՛ւր ինձ ճշմարտությանը կառչած այդ բարակ թելը, որպեսզի ես կախված չմնամ դատարկ տարածության մեջ, այնուհետև, վստահ եղիր, որ ամեն ինչ կընկնի իր տեղը։ Ցանկանում ես ճիշտն իմանալ, ես նույնիսկ առայժմ, միայն ինձ համար, բացել եմ այդ Շահմարի ով լինելու գաղտնիքը, նրա առնչությունները Զուլումի հետ։ Բայց քանի որ որևէ, թեկուզ աննշան հանցանշան չունեմ ձեռքիս, ինչպես ասում են՝ չեմ կարող դատարկ ձեռքերով մեջլիս մտնել․․․ Ես սպասում եմ, լեյտենա՛նտ․․․

  • Գիտեք Շահմարի ով լինելը և մեզ տեղյակ չե՞ք պահում,— զարմացել էր լեյտենանտը։

  • Եթե առկա չէ հանցանշանը, փաստը, ուրեմն, հարյուր տոկոսանոց ճշմարտությունն անգամ, լավագույն դեպքում, վարկածի ուժ ունի։ Շենք, որ կառուցված է սորուն ավազի վրա։

  • Բայց պարտավոր եք մեզ մասնակից դարձնել ձեր մտորումներին, ձեր վարկածին․․․

  • Իսկ ես վախենում եմ ձեզ շեղել ճիշտ ճանապարհից։ Վախենում եմ փչացնել գործը։ Չէ՞ որ իմ ճշմարտությունն անապացույց է, հետևաբար, այն չի կարող դառնալ նաև քո ճշմարտությունը։ Իմ ճշմարտությունը ես միշտ ստուգել և ստուգում եմ ձեր միջոցով, եթե դու ևս նույն եզրահանգմանը հասնես, մենք, ինչպես ասում են, միմյանցով կուղղենք մեր Ժամացույցները և կելնենք արշավի․․․ Եվ, ի վերջո, Մարկոսյան, արի միասին սառը հայացքով նայենք իրերի վիճակին։ Վերլուծենք իրավիճակն այսօրվա դրությամբ։ Եթե ուզում ես ճիշտն իմանալ, մեր ձեռքին ոչ թե մեկ կամ երկու փաստ կա, այլ փաստերի մի ամբողջ շղթա, իսկ մենք՝ քեզ հետ միասին, բարակ թել ենք մանում։

Մարկոսյանը հաճույքով մտածեց, որ Վահագն Բագրատունին երբեք ինքն իրեն դավաճանողը չէ, եթե դժգոհում է փաստերի, հանցանշանների պակասությունից կամ նույնիսկ բացակայությունից, նշանակում է նա որոնում է գաղտնիքը բացելու բանալին։ Նշանակում է․․․

  • Ուրեմն, այսպես,— շարունակում էր մայորը,— կողոպտել են պրոֆեսոր Խախանյանի բնակարանը։ Կողոպտիչները աղքատ «Պառավին» օգտագործել են, հաշվի առնելով տանտիրուհու՝ Սյուզաննա Սուրենովնայի մարդկային առաքինությունները՝ գթասրտությունը, նրա միամտության հասնող հավատը մարդկանց նկատմամբ։ Ուրեմն, նրանք լավ են իմացել նրա «թուլությունները», տան մտերիմներից մեկը կողոպտիչներին ծանոթացրել է տանտիրուհու բնավորոլթյանը։ Սյուզաննա Սուրենովնան ապաստան է տալիս «Պառավին»։ Կեսգիշերից անց «Պառավը» պատուհանից ազդանշան է տալիս հանցագործին, որ բնակարանի մուտքը բաց է, և նա կամ նրանք անարգել մտնում են տուն ու կատարում իրենց սև գործը։ Եզրակացություն՝ գողերն ընտրել են հարմարագույն պահը, տանտիրոջ բացակայությունը, որը գտնվում է գործուղման մեջ։ Նրանք հիանալի գիտեն պրոֆեսորի թանկարժեք իրերի և դրամի թաքստոցները, որոնց տեղը նրանց մատնել է պրոֆեսորի ընտանիքին մոտ կանգնած և նրանց վստահությանն արժանացած մարդկանցից մեկը։ Մենք գիտենք նաև, որ «Պառավը» զգեստափոխված աղջիկ է, որը հաստատում են և՛ Սյուզաննա Սուրենովնան , և՛ Խաջե Բագոյանը։ Գիտենք նաև, որ բնակարանի կողոպուտը իրականացվել է քրեական փնտրուքի մեջ գտնվող Զուլումի ձեռքով։ Նրա գրպանում գտնվել է պրոֆեսորի մենատան հատակագիծը, որի հեղինակը այդ օպերացիայի կազմակերպիչն է և կրում է Շահմար մականունը։ Շահմարը մտերիմ է մի կողմից պրոֆեսորի ընտանիքին, իսկ մյուս կողմից՝ Զուլումին և մեր ձեռքի տակ եղած տվյալներով վերջինիս սիրած աղջիկն է կամ սիրուհին։ Փաստերի տրամաբանությունը, իրերի ընթացքը մեզ բերում են այն հաստատ համոզմանը, որ գոյություն անի երկու անհայտով հավասարում, որի լուծման բանալին այսօր գտնվում է Զուլումի ձեռքին։ Իսկ Զուլումը, հուրախություն մեզ, բռնված է։ Երկու անհայտով հավասարում, լսո՞ւմ ես, լեյտենանտ, մեզ անհայտ են այդ երկու աղջիկը․ ովքե՞ր են նրանք։ Ինչպես ասում են՝ մենք կանգնած ենք ավազակների որջի առջև, և մեզ պակասում է միայն խորհրդավոր նշանաբանը․ «Սեզամ, բտցվի՛ր», որպեսզի ավարտվի հանգուցալուծումը։

  • Իսկ պրոֆեսորի փեսացո՞ւն․․․

  • Նա դուրս է խաղից։ Նրա աշխարհը բոլորովին անհաղորդ է, չի առնչվում քրեականներին։ Մենք դա ստուգել ենք․․․

  • Իսկ պրոֆեսորի գիշերային այցելունե՞րը․․․

  • Նրանք, իմ կարծիքով, չեն առնչվում մեզ հետաքրքրող գործին։ Նրանք Զուլումի ընկերներն են, որոնք գողերի մեջ գոյություն ունեցող «զակոնի» համաձայն պարտավոր են զորավիգ լինելու իրենց թայֆայի ղեկավարին։ Եթե նրանք մասնակից լինեին պրոֆեսորի բնակարանի կողոպուտին, ապա այլևս այնտեղ չէին երևա ո՛չ գիշերով և ո՛չ ցերեկով։— Մայորն ուշադիր զննում էր լեյտենանտին։— Տեսնո՞ւմ ես, թվում է, թե մեզ հայտնի է ամեն ինչ, որն այս պարագայում, գործող անձանց բացակայության պատճառով, հավասար է ոչնչի, լեյտենա՛նտ․․․

Եվ լեյտենանտը բարձրացավ տեղից։

  • Սպասիր, Մարկոսյան,— ինչ֊որ բան էր հիշել մայորը,— դու խոսեցիր պրոֆեսորի հետ՝ նրա գիշերային այցելուների մասին։ Ի դեպ, չգիտեմ ինչո՞ւ, նա ինձ տեսնել չի կարողանում։ Գտնում է, որ մենք պետական թոշակառուներ ենք․․․

  • Ինձ հետ ևս չկամեցավ խոսել։ Ինչ֊որ մեկը նրան տրամադրում է մեր դեմ։ Ցանկանում էի խուզարկու շուն տանել, բայց ինքն ամեն բան փչացրեց։ Ասում է՝ ձեր խուզարկու շունը, եթե ձեր վարժեցրածն է, ուրեմն, նրանից էլ բան դուրս չի գա։

  • Հետո՞․․․,— զարմացած նրան է նայում մայորը։— Ուրեմն, նրան լսելն ու նրա հետ խորհրդակցելն այլևս իմաստ չունի։ Հարկավոր էր հետաքննությունն անցկացնել, քննել շրջապատը՝ առանց նրան տեղյակ դարձնելու․․․

  • Նա մեզնից առաջ ընկավ, ընկեր մայոր, շան անունը լսելուն պես ամբողջ տունն ու դուռը ախտահանել է, որ շունը հետքերը հոտոտել չկարողանա։ Զարմանալի է, չէ՞․․․ Գնացի, վռնդեց։ Ասում է՝ քանի որ մեր տունը թալանողները մեզնից են, մեր մտերիմներից, ուրեմն, մենք առանց ձեզ էլ յոլա կգնանք․․․

  • Խենթացե՜լ է ծերուկը,— ձեռքերը տարածեց մայորը,— լավ, հանգիստ թող նրան, թող զբաղվի իր վիրահատությամբ․․․ Եթե կարողանա փրկել Զուլումին, այդ էլ քիչ օգնություն չի լինի գործին․․․

Comments

  • Այստեղ մենք մի կարևոր բացթողում ունենք, ընկեր մայոր․․․

  • Ի՞նչ բացթողում․․․

  • Սյուզաննա Սուրենովնան գիշերային կիսախավարում նկատել է մարդկային երկու սիլուետ, ովքե՞ր կարող են լինել նրանք․․․

  • Առաջինը՝ «Պառավը», լեյտենա՛նտ, երկրորդը՝ Զուլումը․․․ Ուրիշ անձանց ես այստեղ չեմ տեսնում։ Եվ դրանում համոզված եմ․․․

  • Այո՛,— հոգոց քաշեց լեյտենանտը,— մենք գտնվում ենք հանգուցալուծման նախադռանը, տեսնենք, երբ կհայտնվի մեզ համար այդ խորհրդավոր նշանաբանը՝ «Սեզամը», ինչ ցույց կտա վաղվա օրը, ընկեր մայո՛ր։ Տա աստված, փրկվի Զուլումը․․․