1. Շահմարի Առեղծվածը

Chapter 1

Chapter 1

Կինը չէր ամաչում ոչ բարձրաձայն արտասվելուց և ոչ էլ առատ արցունքներից, որոնք ակոսելով դեմքի շպարը՝ կզակից կաթում էին ծոցն ի վար։ Մայոր Վահագն Բագրատունին ուշադրությամբ նայում էր արտասվող կնոջն ու փորձում էր որսալ նրա բնավորությունը։ «Այս կինը,— խորհում էր նա,— զոհ է դարձել իր բարությանն ու մարդասիրությանը։ Պատսպարել է սրիկային և․․․ խնդրե՜մ․․․»։

  • Հանգստացեք, տիկին,— վերջապես խոսեց մայորը։— Մեզ հարկավոր է իմանալ ամեն բան։ Իմանալ մանրամասնորեն․․․

  • Ջուր տվեք, խնդրում եմ․․․

Կինը երկար չարչարվում էր զսպելու ձեռքերի դողը, որից բերնեբերան լքված բաժակից ջուրը թափվում էր ներքև և թրջում հին և չխամրած գորգի արնավառ ծաղիկները։

  • Ներեցեք, խնդրում եմ․․․

  • Պատմեցեք սկզբից։ Ինչպե՞ս հայտնվեց այդ կինը։

  • Ես նրան տեսա մեր առանձնատան առջև։ Նա կուչ էր եկել կիսամաշ շալի մեջ և դողդողում էր։ Դեմքը կիսածածկված էր։ Ես չփորձեցի տեսնել նրա դեմքը։ Ինձ անհանգստացրեց նրա վիճակը։ Չէ՞ որ դրսում ցուրտ էր, կիսաբուք։ Ձյան և անձրևի շաղախ։ Այրող քամի։ Դե՛, մարտ ամսվա բնավորությունը գիտեք։ Ես խղճացի նրան։ Պառավ էր, մրսած պառավ։ Դրսում կսառչեր, անպայման կսառչեր։ Եվ ես նրան տուն բերի․․․

  • Հետո՞, հետո՞․․․

  • Տուն բերի։ Տաք թեյ տվի։ Կերակրեցի։ Նույնիսկ իմ կիսամաշ վերարկուն նվիրեցի նրան։ Նա այնքան անօգնական էր ու խեղճ, որ նայելիս թրջվում էին աչքերս։ Երեկոյան նա ցանկացավ հեռանալ տնից, բայց ես նրան պահեցի։ Ամուսինս՝ պրոֆեսոր Խախանյանը, գործուղման մեջ էր։ Տանը ես էի և դստրիկս՝ Հասմիկը։ Ի՞նչ կարող էր անել մեզ անտուն պառավը, եթե գիշերեր մեր տանը։ Սեղանատանը ծալովի մահճակալի վրա անկողին բացեցի, սակայն պառավը այնտեղ քնել չցանկացավ, մերժեց։ Ստիպված նրա համար անկողին գցեցի խոհանոցի մի անկյունում․․․

  • Հետո՞, հետո՞․․․

  • Լուսադեմին իմ սենյակում, այսինքն, ննջարանում ինչ-որ ձայներ արթնացրին ինձ։ Բացվող֊փակվող դարակների ճռռոց, թփթփոց․․․ Երբ աչքերս բացեցի, օհ, սարսափելի էր․․․,— և կինը նորից թաշկինակը սեղմեց աչքերին։

  • Եվ ի՞նչ տեսաք․․․

  • Կիսախավարի մեջ, պատուհանի ֆոնին, լողում էին երկու ստվեր։ Սարսափից ճչացի․․․ Նրանցից մեկը մոտեցավ ինձ․․․ Այլևս ոչինչ չեմ հիշում։ Ուշաթափվե՞լ էի, թե՞ բարձը սեղմել էին բերանիս, չգիտեմ, որովհետև ուշքի գալուն պես բարձը կրձքիս տեսա․․․

  • Շա՞տ բան էին տարել․․․

  • Մեր ունեցած֊չունեցածը մաքրազարդել էին։

  • Փորձեցե՛ք հիշել, տիկին, կիսամութին երևացող սիլուետների մեջ դուք պառավին տեսա՞ք, թե ո՛չ․․․

  • Չեմ հիշում։

  • Պառավ կնոջ արտաքինի մեջ դուք կասկածելի ոչինչ չե՞ք հիշում։ Փորձեցեք, փորձեցեք մտաբերել դեմքը, վերհիշել արտաքինը։

  • Դե՛ , չորացած, սմքած պառավ էր։ Հիշում եմ նրա աչքերը։ Ես հետո, միայն հետո զգացի, որ նրա աչքերը, որոնք մոխրագույն էին, կարծես անհամապատասխան էին նրա տարիքին․․․

  • Այսի՞նքն,— լարվեց տեսուչը։

  • Լավ աչքեր էին, այսինքն, իմ կարծիքով, պառավի աչքեր չէին։ Սկզբում ես դա չէի նկատել։ Բայց հիմա կարող եմ, ասել, որ նրա աչքերը․․․ ախր, պառավ կնոջ աչքերը խորշոմներ ունեն, մի տեսակ կուչ եկած են, ինձ թվում է, որ նրա աչքերը․․․

  • Ուրի՞շ․․․ Իսկ հագուստի, արտաքինի մեջ կասկածելի, ինչ֊որ ձևով առանձնացող ոչինչ չե՞ք նկատել․․․

  • Այո՛, կաշվե սև ձեռնոցներ ուներ, իմ կարծիքով, ոչ էժանագին ձեռնոցներ։ Ասաց, որ ինձ նման մի բարի կին է նվիրել իրեն։

  • Ահա թե ինչու տեղազննումը ոչինչ չի տալիս, ահա թե ինչու մատնահետքեր չկան,— քննիչի դեմքը գնալով մռայլվում էր,— կարո՞ղ եք ասել, թե ինչու նրա մատնահետքերը չկան նույնիսկ ափսեների և բաժակների վրա։ Չէ՞ որ նա թեյել է, կերել ձեր տանը․․․

  • Երեկոյան նրա օգտագործած ամանեղենը ես եռացրած ջրով և օճառով մաքուր լվացել եմ։ Անծանոթ կին էր, գուցեև հիվանդ, ի՞նչ իմ անաս․․․

  • Մի վերջին հարց ևս։ Ասացե՛ք, ձեր հարևաններից կամ աշխատանքային ընկերներից ո՞վ գիտեր ձեր ամուսնու գործուղման մեկնելու փաստը։ Չէ՞ որ այդ պառավը ձեր դռանը հայտնվեց հենց նրա մեկնելու օրը։ Դուք ոչ մի կապ չե՞ք տեսնում ձեր ամուսնու գործուղման գնալու և պառավի հայտնվելու միջև․․․

  • Չգիտեմ,— ասաց կինը։

  • Ձեզ և մեզ համար կարևորագույն մի հարց կա, որ մենք պետք է պարզենք ձեր օգնությամբ միայն։ Գողերը, նույնիսկ մթության մեջ, կարողացել են կողմնորոշվել այնքան անսխալ, որ բացել են միայն այն դարակները, միայն պատամեջ այն արկղիկները, որոնցում պահվելիս են եղել տան թանկարժեք իրերն ու զարդեղենը, ինչպես նաև դրամը։ Չե՞ք գտնում, որ գողերը կամ նրանցից մեկը ծանոթ են եղել ձեր տանն ու նույնիսկ տան թաքստոցներին․․․

  • Չգիտեմ,— ուսերը վեր քաշեց կինը,— ես պետք է մտածեմ․․․

  • Մտածեցեք, տիկի՛ն,— հոգնած խոսեց մայորը բայց ոչ շատ երկար։ Նկատի ունեցեք, որ այս գործում թանկ է յուրաքանչյուր ժամը։ Աշխատեցեք հիշել այն անձանց, որոնք մոտ են ձեր ընտանիքին և օգտվում են ձեր վստահությունից։ Նորից եմ կրկնում, գողերը գործել են ձեր տանը քաջատեղյակ մարդու օգնությամբ և նրա մշակած ծրագրով։ Լավ կլիներ, եթե մեզ տրամադրեիք այդ մարդկանց ցուցակը․․․

  • Կասկածել բոլորի՜ն․․․,— ծոր տվեց կինը։

  • Կասկածը դեռևս հանցանքի հավաստում չէ։ Մենք վստահ ենք, որ ցուցակում կլինի այն մարդը, որը պատճառ է դարձել ձեր տառապանքին, վախին և նյութական կորուստներին։ Դուք ինձ ներեցեք, Սյուզաննա Սուրենովնա, ես ցանկանում եմ ձեզ մի շատ փափուկ և անհարմար հարց տալ․․․

  • Խնդրեմ, հարցրեք, ընկեր քննիչ․․․,— խոսեց հոգնած կինը։

  • Դուք ի՞նչ կարծիք ունեք ձեր աղջկա փեսացուի․․․— մայորը հայացքով քրքրում էր ծոցատետրի էջերը,— ըը՜․․․ Սերժ Ոսկանյանի մասին։

Կինը վեր քաշեց ուսերը։

  • Նրանից գլուխ չեմ հանում։ Չեմ հասկանում նաև աղջկաս՝ Հասմիկին։ Աղջիկս մեծ երեխա է․ դյուրահավատ, կամակոր, փոքր֊ինչ երես առած։ Սերժը կարողացել է նրա հետ լեզու գտնել։ Սովորել են միասին, բայց տարբեր ֆակուլտետներում։ Սերժը նախանցյալ տարի ավարտեց և ահա երկրորդ տարին է ոչ մի տեղ չի աշխատում։ Նա երկու սեր ունի՝ Հասմիկն ու «Ժիգուլին»։ Երկուսն էլ իրենց ծնողների միակ զավակներն են։ Երկուսն էլ, իմ կարծիքով, բավականին շփացած և անհոգ ջահելներ։ Ուրիշ ի՞նչ կարելի է ասել։ Ոչինչ։ Ընկեր մայոր, իմ ասածը նրանց միակ, եզակի թերությունն է․․․

  • Սերժին հայտնի՞ էին ձեր զարդեղենի թաքստոցները։

  • Իհարկե։ Հասմիկը քանի՜-քանի անգամ հիացմունքով և հպարտությամբ իր զարդեղենը ցուցադրել է Սերժին։

  • Իսկ Սե՞րժը․․․

  • Սերժն ի՜նչ․․․ Նայել է ու ձեռքը թափ տվել։ Սպասեցե՛ք, սպասեցեք,— հանկարծ անհանգստացավ կինը,— չլինի՞ թե դուք կասկածում եք Սերժին․․․

  • Եկեք միմյանց հասկանանք, Սյուզաննա Սուրենովնա՛։ Ես կուզենայի, որ դուք լավ իմանայիք հետևյալը։ Հետաքննության, գործի շահերը պահանջում են, որ մենք իմանանք ամեն ինչ, իմանանք բոլորին, ովքեր առնչվում են ձեր ընտանիքին, իմանանք յուրաքանչյուրին․․․

  • Ճիշտն ասած, թեև Սերժը չի աշխատում, ես երբեք չեմ կասկածում նրա մաքրությանը, չեմ հավատում, որ նա ընդունակ լինի նման չարագործության։ Հասմիկն ամեն անգամ երբ փորձել է իր զարդեղենով շլացնել նրան, Սերժը քմծիծաղով թափ է տվել ձեռքը, իսկ մի անգամ պարզորոշ ասաց․ «Հիմա դրանցով հիանալու ժամանակը չէ, Հասմի՛կ, միևնույն է՝ ձեր և մեր ունեցվածքն, ի վերջո, մերն է, երկուսինս։ Կգա օրը, և մենք դրանցով կհիանանք»։ Նա օրինավոր ծնողների զավակ է, թեև պորտաբույծի կյանք է վարում։

  • Շատ հարգելի Այուզաննա Սուրենովնա,— ընդհատեց նրան մայորը,— նկատի ունեցեք, որ ամենամեծ չարիքը, որին ծանոթ եմ ես, պորտաբուծությունն է։ Նա է մայրը ամեն չարյաց։ Ինչպիսի օրինավոր ընտանիքից էլ լինի երիտասարդը, եթե չի աշխատում, չի ապրում լիարժեք, հանրօգուտ աշխատանքով, նրա ճանապարհը, մեղմ ասած, վթարային է։ Պորտաբուծությունից մինչև հանցագործությունը լոկ մի քայլ է, միա՜յն մի քայլ․․․

Պատուհանի տակ փափուկ ճռռոցով կանգ առավ «Ժիգուլին»։

  • Ահա և նրանք եկան․․․

Զեռք-ձեռքի սեղանատուն մտան Հասմիկն ու Սերժը։ Մտան աղմկոտ բարևով․

  • Պրիվետ, մաման և անծանոթ քեռի,— ձեռքը բարձրացրեց Հասմիկը։

  • Պրիվետ, մայրիկացու և անծանոթ քեռի,— ձեռքը բարձրացրեց Սերժը։

Ջահել, առողջ և գեղեցիկ զույգ է, զննում էր նրանց Բագրատունին, առողջությունը կաթում է դեմքներից։ Էներգիայի առատությունից չեն կարող հանգիստ կանգնել և պտտվում են տեղում, ինչպես վազքի պատրաստ նժույգները։ Սերժը՝ բարձրահասակ, գանգրահեր, մոդայիկ հագուստով, մաքուր և հեգնախառն հայացքով նայում էր մայորին։

  • Եկեք ծանոթանանք,— անսեթևեթ մտերմությամբ և ընտանեվարի մոտեցավ մայորին։— Ես Սերժն եմ, այս ընտանիքի օրինական, բայց պաշտոնապես դեռևս չօրինականացված փեսան, իսկ դուք Բագրատունին եք, այսպես ասած, քրեական աշխարհի սարսափը։ Ես ձեր մասին լսել եմ․․․

  • Սերժ,— խոսեց մայորը,— ես էլ ուզում եմ ձեր մասին լսել։

  • Ինչո՞ւ, ընկեր մայո՛ր, դուք ցանկանում եք ինձ աշխատանքի՞ ընդունել ձեզ մոտ։

  • Ես ցանկանում եմ, որ դուք աշխատեք, սիրելի Սերժ, անպայման աշխատեք․․․

  • Ճիշտ դրվածք է, հարցի միանգամայն ճիշտ դրվածք,— անբռնազբոս ու անկեղծ Ժպտաց Սերժը,— այս կողոպուտը ապացուցում է, որ մենք, այսինքն, Հասմիկն ու ես, արդեն սնանկացման ճանապարհին ենք․․․

  • Ես չեմ կատակում,— խոժոռվեց մայորը,— ես միանգամայն ճիշտ եմ ասում։ Դուք գիտե՞ք, արդյոք, որ չաշխատելու, պորտաբույծ կյանք վարելու համար կարող են ձեզ արտաքսել Երևանից։ Գիտե՞ք այդ մասին․․․

  • Գիտեմ,— մթնդեց նաև Սերժի դեմքը,— գիտեմ, բայց չեմ հավատում։ Չեք կարող, որովհետև իմ թիկունքին կանգնած են ազդեցիկ մարդիկ։ Նրանք ինձ ձեզ չեն տա․․․

  • Նրանք ձեզ իմ ձեռքը չեն տա, բայց մի օր դուք կընկնեք մեր ձեռքը․ այսպես ասած, հարկադիր վայրէջքի անողոք օրենքի համաձայն,— համարյա սպառնաց մայորը,— պարապ կյանքը հաճույքով լցնելու ձեր անիմաստ ցանկությունը մի օր կծռի ձեր ճանապարհը, և դուք, ձեր կամքից անկախ, կհայտնվեք այնտեղ, որտեղ երբեք չէիք ցանկանա ընկնել․․․

  • Դուք ինձ սպառնում եք,— խոսեց նեղացած Սերժը,— սակայն ես չեմ վախենում։ Ես վախկոտ չեմ, որովհետև մեղքեր չունեմ։

  • Դուք ճիշտ նկատեցիք, ես ձեզ սպառնում եմ՝ ձեր իսկ շահերից ելնելով,— մայորի ձայնը պողպատի կարծրություն ստացավ։

  • Խորապես շնորհակալ եմ,— ասաց Սերժն ու քայլեց դեպի դուռը։

Comments