Chapter 8
Ութերորդ գլուխ - Ռոբինզոնի օրագիրը։ Երկրաշարժ
1659 թ․ սեպտեմբերի 30։ Մեր նավը բաց ծովում սոսկալի փոթորկի հանդիպելով՝ խորտակվեց։ Ամբողջ անձնակազմը, բացի ինձանից խեղդվեց։ Իսկ ես, դժբախտ Ռոբինզոն Կրուզոս, կիսամեռ վիճակում հայտնվեցի այս անիծյալ կղզում, որը անվանեցի Հուսահատության կղզի։
Երբ գիշերը վրա հասավ, բարձրացա ծառը, որովհետև գիշատիչ գազաններից վախենում էի։ Չնայած անձրև էր գալիս, ամբողջ գիշերը քնեցի խոր քնով։
1 հոկտեմբերի։ Առավոտյան արթնանալով տեսա, որ մեր նավը ծանծաղուտից պոկվել է, և մակընթացությունը նրան քշել է ափին ավելի մոտիկ։ Այդ բանն ինձ հույս տվեց, որ երբ քամին մեղմանա, ինձ կհաջողվի գնալ նավը և ուտելիքի և այլ անհրաժեշտ իրերի պաշար վերցնել։ Հենց որ տեղատվությունն սկսվեց, գնացի նավը։ Սկզբում քայլում էի ծովի բացված հատակի վրայով, իսկ հետո սկսեցի լող տալ։ Այդ ամբողջ օրը անձրևը չդադարեց, բայց քամին բոլորովին կտրվել էր։
1―24 հոկտեմբերի։ Ես զբաղված էի նավի իրերը ափ տեղափոխելով։ Նավն էի գնում տեղատվությունն սկսելուն պես և վերադառնում էի, երբ սկսվում էր մակընթացությունը։ Իրերը փոխադրում էի լաստով։ Այդ ամբողջ ժամանակամիջոցում անձրևներ էին գալիս։ Երբեմն եղանակը պարզում էր, բայց կարճ ժամանակով․ երևի այս լայնության վրա սա անձրևների ժամանակաշրջանն է։
25 հոկտեմբերի։ Ամբողջ գիշերը և ցերեկը անձրև էր գալիս և ուժեղ քամի էր փչում։ Գիշերվա ընթացքում նավը փշուր֊փշուր էր եղել։ Այնտեղ, ուր նա կանգնած էր, ինչ որ ողորմելի բեկորներ են ցցված, այն էլ երևում են միայն տեղատվության ժամանակ։ Այդ ամբողջ օրը ես աշխատում էի իմ իրերի մոտ, ծածկում ու փաթաթում էի, որպեսզի անձրևից չփչանան։
26 հոկտեմբերի։ Կարծում եմ բնակարան կառուցելու համար հարմար տեղ եմ գտել։ Հարկավոր է այս տեղը շրջապատել ցցապատնեշով։
27―30 հոկտեմբերի։ Աշխատում էի ուժեղ թափով, ամբողջ ունեցվածքս փոխադրում էի նոր բնակարանս, թեև շարունակ անձրև էր գալիս։
31 հոկտեմբերի։ Առավոտյան հրացանս վերցրած շրջում էի կղզում, հուսալով մի որևէ որս խփել և միաժամանակ դիտել շրջակայքը։ Սպանեցի մի այծ։ Նրա ուլը վազեց իմ հետևից մինչև տուն, բայց շուտով ստիպված եղա նրան մորթել, որովհետև այնքան փոքր էր, որ դեռ ուտել չէր կարողանում։
1 նոյեմբերի։ Նոր տեղում, ուղիղ ժայռի կողքին մի մեծ վրան խփեցի և ցցերից կախեցի իմ ցանցաճոճը։
4 նոյեմբերի։ Իմ ժամանակը դասավորել եմ, որոշակի ժամեր նշանակելով որսի համար։ Առավոտը, եթե անձրև չի լինում, երկու֊երեք ժամ հրացանը ձեռքիս թափառում եմ կղզում, այնուհետև մինչև ժամը տասնմեկն աշխատում եմ, տասնմեկին նախաճաշ եմ անում, տասներկուսից մինչև երկուսը հանգստանում եմ (որովհետև դա օրվա ամենաշոգ ժամանակն է), ժամը երկուսից նորից անցնում եմ աշխատանքի։ Վերջին երկու օրը աշխատանքի ժամերին ես մի սեղան պատրաստեցի։ Այն ժամանակ ես դեռ վատ հյուսն էի։ Բայց կարիքն ի՜նչ ասես, որ չի սովորեցնում։ Ես ամեն բանի վարպետ եմ դառնում։ Անտարակույս նույնպիսի վարպետության կհասներ ամեն ոք, ով իմ դրության մեջ ընկներ։
13 նոյեմբերի։ Անձրև էր գալիս։ Օդն ու ցամաքը նկատելիորեն թարմացել էին և շնչելը հեշտացել էր, բայց շարունակ ամպրոպը վորոտում էր ու կայծակը փայլատակում, այնպես որ վախեցա, թե իմ վառոդը կարող է բռնկել։ Երբ որոտն անցավ, որոշեցի իմ վառոդի պաշարը բաժանել ամենամանր մասերի և պահել տարբեր տեղերում, որպեսզի բոլորը միասին չբռնկի։
14, 15 և 16 նոյեմբերի։ Այս բոլոր օրերին արկղներ էի շինում վառոդի համար, յուրաքանչյուր արկղի մեջ պիտի տեղավորվի մեկ երկու ֆունտ վառոդ։ Այսօր ամբողջ վառոդը լցրի արկղները և թաքցրի ժայռի ծերպերում, որքան կարելի իրաից հեռու։ Երեկ սպանեցի մի խոշոր թռչուն։ Թե ի՛նչ թռչուն է՝ չգիտեմ։ Միսը համեղ էր։
17 նոյեմբերի։ Այսօր ուզում էի մի քարանձավ փորել իմ վրանի հետևի ավազաքարե ժայռում, որպեսզի ավելի հարմար դասավորեմ իմ ունցվածքը։ Բայց այդ աշխատանքի համար ինձ անհրաժեշտ են երեք բան․ քլունգ, բահ և ձեռնասայլակ կամ մի զամբյուղ՝ փորված հողը դուրս տանելու համար, այնինչ ես դրանցից ոչ մեկը չունեմ։ Ստիպված եղա աշխատանքս դադարեցնել։ Երկար ժամանակ մտածում էի, թե ինչո՛վ փոխարինեմ այդ գործիքները, կամ ինչպես պատրաստեմ դրանցից։ Քլունգի փոխարեն փորձեցի երկար լինգը գործածել․ դա հարմար է, միայն թե շատ է ծանր։ Մնում են բահն ու սալյակը։ Առանց բահի ամենևին չի կարելի յոլա գնալ, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հնար գտնել, թե ինչպես բահ պատրաստեմ, կամ ինչո՛վ փոխարինեմ այն։
18 նոյեմբերի։ Անտառում գտա այն ծառը (կամ նույն ցեղի), որին Բրազիլիայում «երկաթե ծառ» են անվանում, որովհետև փայտը արտասովոր պինդ է։ Մեծ դժվարությամբ մի ծառ կտրեցի։ Կացինս բոլորովին բթացավ։ Ծառի բնից մի մեծ կոճղ կտրելով՝ հազիվ կարողացա քաշ տալ տուն, որովհետև շատ ծանր էր։ Որոշեցի նրամից թի շինել։ Փայտն այնքան պինդ էր, որ այդ գործը ինձանից մեծ աշխատանք ու շատ ժամանակ խլեց։ Բայց և այնպես թին պատրաստեցի։ Կոթը մեզ մոտ՝ Անգլիայում պատրաստածներից վատը չէր, բայց ինքը թիակն այնքան էլ լավը չէր։ Հարկավոր էր այն երկաթով պատել, սակայն երկաթաթերթ չունեի, դրա համար էլ այդ թին ինձ երկար չծառայեց։ Ասենք՝ սկզբնական շրջանում ես լավ օգտագործեցի հողային աշխատանքներում, թեև կարծում եմ, աշխարհում ոչ մի թի այնպիսի հնարամիտ միջոցներով չի շինվել և ոչ մեկի վրա այդքան շատ աշխատանք չի գործադրվել։
Տաշտակ շինելն ավելի հեշտ էր, քան թին։ Բայց բոլորը միասին՝ տաշտակը, թին և սալյակը շինելու ապարդյուն փորձերը ինձանից առնվազն չորս օր ժամանակ խլեցին, բացառությամբ առավոտյան այն ժամերի, երբ ես հրացանը վերցրած որսի էի գնում։ Ընդհանրապես քիչ էր պատահում, որ ես որսի չգնամ, և համարյա չեղավ մի դեպք, որ մի որևէ որս չբերեմ։
23 նոյեմբերի։ Թի և տաշտակ շինելու գործը վերջացրի։ Հենց որ այդ իրերը պատրաստ էին, նորից սկսեցի քարանձավս փորել։ Փորում էի ամբողջ օրը, որքան ուժերս ներում էին։ Ինձ հարկավոր էր շատ ընդարձակ տարածություն, որը միաժամանակ կարողանար ծառայեր և՛ որպես նկուղ, իրերի պահեստ, մառան, խոհանոց, և որպես սեղանատուն։
10 դեկտեմբերի։ Այդպես աշխատեցի ուղիղ տասնութ օր և իմ աշխատանքն ավարտված էի համարում բայց հանկարծ այսօր մի ծայրում հողը փլվեց։ Երևի քարանձավը չափից ավելի լայն էի շինել։ Փլվածքն այնքան մեծ էր, որ ես վախեցա․ եթե այդ ժամանակ քարանձավում լինեի, երևի այլևս գերեզմանափորի կարիք չէի ունենա։ Այս ցավալի դեպքը ինձ մեծ գլխացավանք պատճառեց․ հարկավոր էր փշրված ամբողջ հողը դուրս հանել քարանձավից, իսկ գլխավորը՝ հարկավոր էր այժմ կամար պատրաստել, հակառակ դեպքում երբեք չէր կարելի վստահ լինել, թե նորից չի փլի։
11 դեկտեմբերի։ Այսօրվանից ձեռնամուխ եղա այդ աշխատանքին։ Առայժմ տնկել եմ երկու սյուն, յուրաքանչյուրի վրա՝ երկու տախտակ խաչաձև դրված։
17 դեկտեմբերի։ Վերջնականապես ամրացրի առաջին երկու սյուները և տնկեցի էլի մի քանի հատ, դարձյալ վերևից տախտակներ դնելով, ինչպես առաջին երկուսը։ Այժմ արդեն ոչ մի փլվածք սարսափելի չէ։ Սյուները ես շարքով տնկել եմ այնպես, որ նրանք միաժամանակ իմ նկուղում կծառայեն որպես միջնապատ։ Այս գործով զբաղվեցի ամբողջ շաբաթը։ Այդ օրվանից մինչև դեկտեմբերի 20֊ը նկուղում դարակներ էի շինում, միջնապատին մեխեր էի խփում և կախում էի այն բոլոր իրերը, որոնք կարելի էր կախել։
20 դեկտեմբերի։ Իմ ամբողջ ունեցած֊չունեցածը փոխադրեցի քարանձավ և դասավորեցի իրենց տեղերը։ Այժմ իմ տնտեսությունը լիովին կարգին վիճակում է։ Էլի մի աթոռ շինեցի և մի քանի փոքրիկ դարակ խփեցի մթերքի համար․ բուֆետի նման մի բան դուրս եկավ։ Տախտակներ արդեն շատ քիչ են մնացել։
24 դեկտեմբերի։ Ամբողջ գիշերը և ցերեկը հորդ անձրև էր տեղում։ Տանից դուրս չեկա։
26 դեկտեմբերի։ Անձրևը դադարեց։ Պարզ եղանակ սկսվեց։ Հիմա բավական զով է։
27 դեկտեմբերի։ Երկու ուլ խփեցի։ Մեկն սպանվեց, մյուսը վիրավորվեց ոտքից, այնպես որ փախչել չէր կարող։ Բռնեցի նրան և պարանով կապած տուն բերի։ Տանը նրա ոտքը զննեցի․ ոսկորը կոտրվել էր, փաթաթեցի։
Ծանոթություն։ Ես այդ ուլին խնամեցի, կոտրված ոտքն առողջացավ, և նա սկսեց հիանալի վազվզել։ Բայց ինձանից չէր հեռանում․ ես այնքան երկար էի խնամել նրան, որ վարժվել էր ինձ և հեռանալ չէր ուզում։ Նա արածում էր իմ վրանից ոչ հեռու մարգագետնում։ Նայելով նրա վրա՝ մտածեցի, թե լավ կլինի ունենամ իմ ընտանի կենդանիները, որպեսզի սննդի պաշար ապահովեմ այն ժամանակի համար, երբ կսպառվեն իմ վառոդն ու գնդակները։
28, 29, 30 և31 դեկտեմբերի։ Ուժեղ շոգ է և լիակատար անհողմություն։ Միայն երեկոները տանից դուրս էի գալիս որսի։ Իմ ամբողջ տնտեսությունը վերջնականապես կարգի բերի։
1 հունվարի 1660 թ․։ Շոգը չի մեղմանում։ Չնայած դրան, այսօր ես երկու անգամ որսի գնացի, վաղ առավոտյան և երեկոյան։ Կեսօրին հանգստանում էի։ Երեկոյան հովիտն անցնելով գնացի կղզու խորքը և շատ այծեր տեսա, բայց նրանք այնպես վախկոտ են, որ մոտենալ չի լինում։ Ուզում եմ շան օգնությամբ նրանց որսալու փորձ անել։
2 հունվարի։ Այսօր շունը հետս վերցրի և նրան բաց թողեցի այծերի վրա, բայց փորձս չհաջողվեց․ ամբողջ հոտը շուռ եկավ դեպի շունը։ Շունս երևի լավ հասկացավ, թե ինչ վտանգ է սպառնում իրեն, որովհետև հեռու փախավ և ոչ մի կերպ չէր ուզում մոտենալ այծերին։
3 հունվարի։ Որոշեցի ցանկապատ շինել և նրա շուրջը հողապատնեշ կանգնեցնել, որովհետև դեռ վախենում եմ թշնամիների անակնկալ հարձակումներից։ Կփորձեմ այդ պատնեշը հնարավորին չափ հաստ ու ամուր շինել։
Իմ ցանկապատն արեն նկարագրել եմ նախորդ էջերում, դրա համար էլ բաց եմ թողնում այն ամենը, ինչ ասել եմ նրա մասին օրագրում։
Դրա հետ միասին շարունակում էի իմ գործի հետ ամեն օր շրջել կղզում՝ որս անելով, իհարկե, եթե եղանակը խիստ վատ չէր լինում։
Այդ թափառումների ժամանակ շատ օգտակար հայտնագործություններ արեցի։ Օրինակ, ինձ հանդիպեցին մի առանձին ցեղի աղավնիներ, որոնք իրենց բները հյուսում են ոչ թե ծառերի վրա, ինչպես մեր վայրի աղավնիները, այլ՝ ժայռերի ծերպերում, այնպես որ մարդու համար ավելի հեշտ է նրանց հասնելը։
Մի անգամ բնից ձագուկներ հանեցի ու բերի տուն, որպեսզի կերակրեմ ու ընտելացնեմ, ընտանի դարձնեմ։ Շատ չարչարվեցի նրանց հետ, բայց հենց որ մեծացան ու թևերն ամրացան, իրար հետևից թռան ու գնացին։ Ասենք՝ երևի այդ նրանից էր, որ նրանց համար հարմար կեր չունեի։
Այդ դեպքից հետո հաճախ էի բներից ձագուկներ հանում, որովհետև նրանք շատ համեղ էին և նրանցից կարելի էր հիանալի ճաշ պատրաստել։
Այդ ժամանակ արդեն ես մեծ հաջողություն էի ձեռք բերել ատաղձագործական արվեստի մեջ և վարժ հյուսնից վատ չէի գործածում կացինն ու ռանդան։ Բայց և այնպես կային իրեր, որ ես այդպես էլ չկարողացա պատրաստել։ Օրինակ՝ տակառը։ Ես, ինչպես ասել եմ, նավից բերած երկու֊երեք տակառ ունեի, որոնք կարող էին ինձ օրինակ ծառայել։ Բայց որքան էլ չարչարվեցի, ոչինչ չստացվեց, թեև այդ փորձերի վրա մի քանի շաբաթ ծախսեցի։ Ես չկարողացա ոչ հատակը դնել, ոչ տախտակները միացնել այնքան ամուր, որ ջուր պահեն։ Այդպես էլ ես հրաժարվեցի տակառ շինելու մտքից։
Շատ դժվար էր յոլա գնալ առանց մոմերի։ Պատահում էր, հենց որ մութն ընկնում էր (իսկ այդտեղ մութն ընկնում էր մոտավորապես ժամը յոթին), ստիպվածէի լինում անկողին մտնել։ Հաճախ էի հիշում մեղրամոմի այն կտորը, որից ես ու Քսուրին մոմեր էինք շինում Աֆրիկայի ափերին մեր թափառումների ժամանակ։ Բայց այստեղ մեղրամոմ չունեի, և միակ բանը, որ կարող էի մտածել, որսի ժամանակ իմ սպանած այծերի ճարպն օգտագործելն էր։ Եվ իրոք, այծի ճարպից ճրագ շինեցի ինձ համար։ Ճրագաթասը պատրաստեցի կավից և լավ թրծեցի արևի տակ, իսկ պատրույգի համար թելեր վերցրի մի հին պարանից։ Ճրագը վառվում էր շատ վատ, շատ ավելի վատ, քան մոմը։ Բացի այդ, հաճախ քթթում էր ու հանգչում։
Մի անգամ, երբ զբաղված էի իմ տնտեսությունը կարգավորելու այս գործերով, ինչ֊որ բան որոնելիս իմ նկուղում ձեռքս ընկավ մի պարկ, որի մեջ գարի կար։ Այդ այն գարին էր, որ մենք վերցրել էինք նավ՝ սագերի ու հավերի համար։ Պարկում մնացած ամբողջ հատիկը մկները կրծմրծել էին․ համենայն դեպս, երբ նայեցի, ինձ թվաց, որ այնտեղ մնացել է միայն թեփը։ Քանի որ պարկն ինձ հարկավոր էր վառոդի համար, ես դուրս բերի բակը և քարանձավից ոչ հեռու թափ տվի։
Այս բանը տեղի էր ունեցել հորդ անձրևները սկսվելուց քիչ առաջ։ Ես վաղուց էի մոռացել այս դեպքը, նույնիսկ չէի հիշում, թե որտեղ էի թափ տվել պարկը։
Բայց ահա, անցավ մոտ մեկ ամիս, և ես լեռան տակ ուղիղ քարանձավի մոտ տեսա մի քանի կանաչ ծիլ, որոնք հենց նոր էին դուրս եկել գետնից։ Սկզբում կարծեցի, թե դա մի սովորական խոտ է, որ առաջ չեմ նկատել։ Բայց անցավ էլի մի քանի օր, և ես զարմանքով տեսա, որ կանաչ ցողունները (մի տասը հատից ավել չէր լինի) հասկ են տվել, և շուտով պարզվեց, որ դրանք սովորական գարու հասկեր են, որպիսիսն աճում է Անգլիայում։ Անկարելի է նկարագրել, թե որքան ուրախացրեց ինձ այդ հայտնագործությունը։ Ինքս ինձ ասում էի․ «Հրաշք է կատարվել․ գարին աճել է ինքն իրեն, առանց սերմերի, որպեսզի իմ կյանքը պահի այս սոսկալի անապատում»։
Այս միտքն ինձ հուզեց և լաց եղա։ Ես երջանիկ էի, որ ինձ համար այդպիսի բացահայտ հրաշք է կատարվել։ Եվ հրաշքը դրանով չվերջացավ․ շուտով գարու հասկերի մեջ երևացին բրնձի ցողուններ․ ես հեշտությամբ ճանաչեցի դրանք, որովհետև Աֆրիկայում ապրելիս հաճախ էի բրնձի դաշտեր տեսել։
Ես ոչ միայն հավատացած էի, որ այդ բրինձն ու գարին ինձ ուղարկել է ինքը աստվածը, որը հոգում է իմ սննդի մասին, այլև չէի կասկածում, որ կղզում ինձ համար նույնպիսի շատ հասկեր են լինում։ Ես որոնեցի կղզու բոլոր անկյուններում, նայեցի յուրաքանչյուր թմբի տակ, բայց ոչ մի տեղ ոչ բրինձ գտա, ոչ գարի։
Միայն այդ ժամանակ, վերջապես, հիշեցի թչչունների կերի տոպրակը, որ թափ էի տվել գետնին, քարանձավից ոչ հեռու։
Հրաշքը բացատրվեց շատ հասարակ կերպով։
Դուք կարող եք երևակայել, թե ինչպիսի խնամքով ես հավաքեցի այդ հասկերը, երբ նրանք հասունացան (այդ տեցի ունեցավ հուլիսի վերջին)։ Գետնից հավաքեցի բոլոր հատիկները, մինչև վերջինը, և պահեցի չոր, հուսալի տեղում։ Որոշեցի առաջին տարվա ամբողջ բերքը պահել որպես սերմացու։ Հույս ունեի, որ ժամանակի ընթացքում հատիկի այնպիսի պաշար կհավաքեմ, որ ինձ կբավարարի և՛ սերմացվի, և՛ հացի համար։
Սակայն միայն չորրորդ տարին ես կարողացա մի քիչ հացահատիկ հատկացնել ուտելուն, այն էլ ամենափոքր մասը։ Բանն այն է, որ իմ առաջին ցանքի համարյա ամբողջ բերքը փչացավ․ ժամանակը սխալ էի հաշվել․ ցանել էի երաշտից քիչ առաջ, և սերմերից շատերը չծլեցին։ Բայց դրա մասին կպատմեմ իր տեղում։
Բացի գարուց, ինչպես ասացի, բուսել էր նաև քսան թե երեսուն ցողուն բրինձ։ Բրինձը նույնպես մեծ խնամքով հավաքեցի և ամբողջ առաջին բերքը պահեցի որպես սերմացու։ Հետո, երբ արդեն բավականին բրինձ էի հավաքել, պատրաստում էի ոչ թե հաց (որտե՞ղ պիտի թխեի խմորը), այլ, ավելի շուտ՝ բլիթներ, որոնք փոխարինում էին հացին։ Ասենք որոշ ժամանակ անց ես իսկական հաց թխելու միջոց էլ հնարեցի։
Բայց վերադառնանք իմ օրագրին։
14 ապրիլի։ Ցանկապատը բոլորովին ավարտել եմ և դրսից հողաթմբով ծածկել։ Ես մուտքը բոլորովին փակեցի, որովհետև որոշեցի ապահով լինելու համար ելումուտ անել շարժական սանդուխքով, որպեսզի դրսից կարելի չլինի գլխի ընկնել, թե ցանկապատի հետևը մարդկային բնակարան կա։
16 ապրիլի։ Սանդուխքը վերջացրի։ Անցնում եմ պատի վրայով և ամեն անգամ սանդուխքը վերցնում եմ իմ հետևից։ Այժմ բոլոր կողմերից պաշտպանված եմ։ Իմ ամրոցը բավական ընդարձակ է, և կարելի է ներս մտնել միայն պատի վրայով։
Սակայն ցանկապատի կառուցումն ավարտելու հենց երկրորդ օրը պատահեց մի դեպք, որը խիստ վախեցրեց ինձ․ քիչ մնաց իմ ամբողջ աշխատանքը ջուրն ընկներ և հենց ես ինքս հազիվ փրկվեցի։
Ահա թե ինչ եղավ։
Ցանկապատի ներսում, վրանի հետևը, ուղիղ քարանձավի մուտքի մոտ գործ էի անում, երբ հանկարծ քարանձավի առաստաղից, եզերքին մոտ, հենց իմ գլխավերևը հող թափվեց և սոսկալի ճայթյունով կոտրվեցին այն սյուները, որ խփել էի կամարն ամրացնելու համար։
Ես շատ վախեցա, բայց չհասկացա, թե ինչ է պատահել։ Կարծեցի, թե կամարը փլվել է հողի փխրունության պատճառով, ինչպես առաջին անգամ եղավ։
«Եթե մնամ այստեղ, ցանկապատի ներսում, ― մտածեցի ես, ― այս նոր փլվածքը կծածկի ինձ։ Հարկավոր է այստեղից փախչել, որպեսզի լեռը ինձ վրա չփլչի»։
Շտապ վերցրի սանդուխքը և պատի վրայով դուրս եկա։
Բայց դեռ գետին չիջած՝ ինձ համար պարզվեց, որ այս անգամ փլվածքի պատճառը երկրաշարժն է եղել։ Գետինն օրորվում էր իմ ոտքերի տակ, և մի քանի րոպեի ընթացքում երեք այնպիսի ուժեղ հարված եղավ, որ ամենաամուր շենքն էլ քարուքանդ կլիներ։ Ես տեսա, ինչպես ծովի մոտ գտնվող ժայռի գագաթը պոկվեց և գլորվեց այնպիսի դղրդոցով, որպիսին իմ կյանքում չէի լսել։
Ամբողջ ծովը սոսկալի փոթորկվում էր ու փրփրում․ ինձ թվում էր, որ ծովում ստորերկրյա հարվածներն ավելի ուժեղ են, քան կղզում։
Այդպիսի բան ես առաջներում չէի տեսել ու չէի լսել և այժմ մնացել էի զարմանքից քարացած։ Այդ տատանումներից ես ծովային հիվանդություն ստացա, ինչպես նավի ճոճումներից։ Սկսեց սրտխառնություն։ Ինձ թվում էր, թե մեռնում եմ։
Փլված ժայռի դղրդոցը ինձ հանեց շշմած վիճակից։ Գիտակցությունս տեղը եկավ և իմ գլխով մի սոսկալի միտք անցավ․ ինչ կլինի ինձ հետ, եթե լեռը փլվի իմ վրանի վրա և ընդմիշտ թաղի իմ իրերը, իմ պաշարը, ամեն ինչ, առանց որի ես այստեղ ապրել չեմ կարող։ Եվ նորից սիրտս ճմլվեց։
Երրորդ հարվածից հետո շուրջը խաղաղվեց։ Ես սկսեցի ուշքի գալ, ինձ ավելի առույգ էի զգում, բայց և այնպես տուն վերադառնալու քաջություն չունեցա։ Երկար ժամանակ վհատության մեջ ընկած նստել էի գետնին և չգիտեի ինչ անեմ, ինչ նախաձեռնեմ։
Մինչ այդ երկինքը ծածկվեց ամպերով և մթնեց ինչպես անձրևից առաջ։ Սկսեց քամի փչել, սկզբում մեղմ, համարյա աննկատելի, հետո ավելի ու ավելի ուժեղ, և կես ժամ չանցած՝ սկսվեց փոթորիկը։ Ծովը փրփրեց, ալեկոծվեց, և սկսեց կատաղի ոռնոցով ափերին հարվածել։ Ծառերն արմատախիլ էին լինում։ Այսպես շարունակվեց երեք ժամ։ Այդպիսի կատաղի փոթորիկ ես երբեք չէի տեսել։ Հետո կամաց֊կամաց սկսեց մեղմանալ, մի երեք ժամից հետո բոլորովին խաղաղվեց, և անմիջապես հորդ անձրև սկսվեց։
Հետևյալ ամբողջ օրը, ապրիլի 18֊ին նստած էի տանը, որովհետև անդադար անձրև էր գալիս։ Ես քիչ֊քիչ հանգստացա և սկսեցի լուրջ խորհել իմ վիճակի մասին։ Դատում էի այսպես․ քարանձավում ապրել այլևս չեմ կարող, շատ վտանգավոր է․ քանի որ կղզու վրա երկրաշարժներ են լինում, վաղ թե ուշ այս լեռը կփլի, և ես ողջ֊ողջ կթաղվեմ դրա տակ։ Ուրեմն, հարկավոր է վրանը փոխադրել մի բաց տեղ, բայց վայրենիների ու գազանների հարձակումներից ինձ ապահովելու համար պետք է նորից մի բարձր պատնեշ շինեմ։
Հաջորդ երկու օրերին, 19֊ին և 20֊ին ես առավոտից մինչև երեկո բնակարանի նոր տեղ էի որոնում։
Ինձ համար քիչ֊քիչ պարզվեց, որ տեղափոխվելու համար շատ ժամանակ կպահանջվի, ուստի, միևնույն է, առայժմ պետք է հաշտվեմ փլվելու վտանգի հետ, որովհետև չցանկապատված տեղում ապրելն ավելի է վտանգավոր։ Այնուամենայնիվ որոշեցի առանց ժամանակ կորցնելու նոր տեղում ձեռնամուխ լինել ցանկապատ կառուցելուն, որպեսզի հետագայում, երբ ցանկապատը պատրաստ կլինի, վրանը փոխադրեմ այնտեղ։ Ապրելի 21֊ին ես վերջնականապես որոշեցի գործն սկսել։
22֊ից 27 ապրիլի։ 22֊ի ամբողջ առավոտյան մտածում էի այն մասին, թե ինչպես իրականացնեմ իմ պլանը։ Գլխավոր դժվարությունը գործիքների պակասությունն էր։ Ես ունեի երեք խոշոր և բազմաթիվ մանր կացիններ (դրանք մենք տանում էինք սևամորթների հետ փոխանակելու համար), բայց բոլորն էլ վաղուց արդեն բթացել էին, որովհետև շարունակ շատ ամուր ծառեր էի կտրում։ Ճիշտ է, սրոց ունեի, բայց մի մարդը այդ սրոցը գործածել չէր կարող, որովհետև պետք է լիներ մեկը, որ սրոցաքարը պտտեցներ։ Կարծում եմ ոչ մի պետական գործիչ կարևոր քաղաքական հարցի վրա գլուխ կոտրելիս անքան մտավոր էներգիա չի ծախսել, որքան ծախսեցի ես, երբ մտածում էի, թե ինչպես պտտեցնեմ իմ սրոցաքարը՝ առանց ձեռքերի մասնակցության։
Վերջ ի վերջո պատրաստեցի մի այնպիսի անիվ, որը փոկի օգնությամբ, ոտքի միջոցով, շարժման մեջ էր դրվում և պտտեցնում սրոցաքարը, ազատ թողնելով իմ երկու ձեռքերը։ Այս հարմարանքը շինելու համար աշխատեցի մի ամբողջ շաբաթ։
Ծանոթություն։ Մինչ այդ ես երբեք չէի տեսել ոտքով պտտեցվող սրոցաքար, իսկ եթե տեսել էլ էի, չէի դիտել, թե ինչպես է շինված։ Բայց հետագայում համոզվեցի, որ Անգլիայում այդպիսի սրոցաքարերը շատ են տարածված, միայն թե այնտեղ սովորաբար սրոցաքարը ավելի փոքր է լինում, քան իմն էր։ Իմ սրոցաքարը շատ մեծ էր ու ծանր։
28 և29 ապրիլի։ Ե՛վ այսօր, և՛ երեկ ամբողջ օրը գործիքներս էի սրում։ Սրոցաքարը պտտեցնող իմ գործիքը շատ լավ է աշխատում։
30 ապրիլի։ Այսօր նկատեցի, որ պաքսիմատ շատ քիչ է մնացել։ Հարկավոր է խիստ խնայողություն անել։ Հաշվեցի բոլոր պարկերը և որոշեցի օրական մեկ պաքսիմատից ավելի չուտել։ Սա շատ ցավալի բան է, բայց ինչ արած։