1. Ռոբինզոն Կրուզո

Chapter 7

Յոթերորդ գլուխ - Ռոբինզոնի օրացույցը։ Ռոբինզոնը կարգավորում է իր բնակարանը

Կղզում տեղավորվելուց հետո շատ չանցած՝ հանկարծ մտքովս անցավ, որ կարող եմ կորցնել ժամանակի հաշիվը և նույնիսկ կդադարեմ կիրակին տարբերել լի օրերից, եթե ինձ համար օրացույց չսարքեմ։

Օրացույցը սարքեցի այսպես․ կացնով տաշեցի մի մեծ գերան և ցցեցի ծովափին, ճիշտ այնտեղ, ուր ինձ ափն էր գցել փոթորիկը, այդ գերանին ամրացրի մի տախտակ, որի վրա խոշոր տառերով գրեցի այսպիսի խոսքեր․

«Այստեղ առաջին անգամ ես

այս կղզին իջա 1659 թվականի

սեպտեմբերի 30֊ին»։

Դրանից հետո ամեն օր ես իմ այդ սյան վրա դանակով մի կարճ գիծ էի քաշում։ Վեղ գծից հետո քաշում էի ավելի երկար գիծ, որ ցույց էր տալիս կիրակին։ Իսկ յուրաքանչյուր ամսի առաջին օրը ցույց տվող գիծը ավելի երկար էի քաշում։ Այդ ձևով իմ օրացույցն էի սարքում, նշելով օրերը, շաբաթները, ամիսները և տարիները։

Երբ թվում էի այն իրերը, որոնք, ինչպես արդեն ասել եմ, նավից փոխադրեցի տասնմեկ անգամից, ես չհիշատակեցի բազմաթիվ մանր բաներ, որոնք թեև առանձնապես արժեքավոր չէին, բայց և այնպես ինձ մեծ ծառայություն էին մատուցում։ Այսպես օրինակ, նավապետի ու նրա օգնականի խցիկներում ես գտա թանաք, գրիչ ու թուղթ, երեք թե չորս կողմնացույց, աստղաբաշխական որոշ սարքեր, դիտափողեր, աշխարհագրական քարտեզներ և նավի մատյանը։ Այս ամենը համենայնդեպս ես դարսեցի մի սնդուկի մեջ, չիմանալով նույնիսկ, թե այդ իրերից որևէ մեկը պետք կգա՞ ինձ։ Ապա իմ ձեռքն ընկան պորտուգալերեն լեզվով մի քանի գիրք։ Ես դրանք էլ վերցրի։ Նավի վրա մենք ունեինք երկու կատու և մի շուն։ Կատուներին ես ափ փոխադրեցի լաստով, իսկ շունը դեռ իմ առաջին այցելության ժամանակ ինքը նետվեց ջուրը և լողալով եկավ իմ հետևից։ Երկար տարիներ նա իմ հուսալի օգնականն էր, ինձ ծառայում էր մեծ հավատարմությամբ։ Նա ինձ համար համարյա փոխարինում էր մարդու ընկերությանը, միայն թե խոսել չէր իմանում։ Օ՜, որքան թանկ կվճարեի ես, միայն թե նա կարողանար խոսել։

Թանաքը, գրիչներն ու թուղթը ես ամեն կերպ աշխատում էի խնայել։ Քանի դեռ թանաք ունեի, մանրամասն գրի էի առնում ամեն բան, ինչ որ պատահում էր ինձ հետ։ Բայց երբ վերջացավ, ես դադարեցրի իմ գրանցումները, որովհետև թանաք շինել չէի կարող և չէի իմանում, թե ինչով կարելի է փոխարինել այն։

Ընդհանրապես, թեև ես ամենաբազմապիսի իրերի այդպիսի մեծ պահեստ ունեի, այնուամենայնիվ, բացի թանաքից, ինձ ուրիշ շատ ու շատ բաներ էին պակասում․ ես չունեի ոչ թի, ոչ բահ, ոչ քլունգ, հողային աշխատանքներ կատարելու ոչ մի գործիք։ Չկար ոչ ասեղ, ոչ թել։ Իմ սպիտակեղենը բոլորովին մաշվել էր, բայց շուտով ես սկսեցի յոլա գնալ առանց սպիտակեղենի, առանձին նեղություն չքաշելով դրա համար։

Քանի որ անհրաժեշտ գործիքներ չունեի, իմ ամեն մի աշխատանքը շատ դանդաղ էր ընթանում և մեծ դժվարությամբ էր գլուխ գալիս։ Այն ցցապատնեշը, որով ես շրջապատեցի իմ բնակարանը, պատրաստեցի համարյա մեկ ամբողջ տարվա ընթացքում։ Անտառում հաստ ձողեր կտրել, նրանցից ցցեր տաշել, այդ ցցերը քաշ տալ իմ վրանի մոտ, այս ամենի համար շատ ժամանակ էր պահանջվում։ Ցցերը շատ ծանր էին, այնպես որ կարող էի ամեն անգամ բարձրացնել միայն մեկը, և երբեմն երկու օր էր տևում հենց միայն ցիցը տաշելը և տուն բերելը, իսկ երրորդ օրը ես այն տնկում էի գետնի մեջ։

Ցցերը գետնի մեջ տնկելիս սկզբում ծանր մահակ էի օգտագործում, բայց հետո հիշեցի, որ նավից բերած երկաթե նիգեր ունեմ։ Սկսեցի աշխատել նիգերով, թեև չեմ կարսղ ասել, թե դա շատ հեշտացրեց իմ աշխատանքը։ Ընդհանրապես ցցերը գետնի մեջ տնկելն ինձ համար ամենահոգնեցուցիչ ու անհաճո աշխատանքներից մեկն էր։ Բայց մի՞թե դա կարող էր ինձ վրդովել․ Չէ՞ որ ես չգիտեի, թե ինչի՛ վրա անցկացնեմ իմ ժամանակը և ուրիշ գործ էլ չունեի, բացի կղզում թափառելուց և ուտելիք որոնելուց․ այդ գործով կանոնավոր կերպով զբաղվում էի ամեն օր։

Երբեմն հուսահատության մեջ էի ընկնում և ծանր թախիծ էի ապրում։ Այդ տանջող զգացմունքները հաղթահարելու համար վերցրի գրիչը և փորձեցի ինքս ինձ ապացուցել, որ իմ ողբալի դրության մեջ, այնուամենայնիվ, շատ լավ բան կա։

Ես թղթի էջը բաժանեցի երկու մասի, ձախ կողմը գրեցի «վատը», իսկ աջ կողմը՝ «լավը», և ահա թե ինչ ստացվեց։

Վատը.
Լավը.

1

Ես ընկել եմ այս ամայի անմարդաբնակ կղզին և փրկության ոչ մի հույս չունեմ։

Բայց ես ողջ մնացի, թեև կարող էի խեղդվել, ինչպես իմ բոլոր ընկերները։

2

Ես կտրված եմ ամբողջ մարդկությունից․ մարդկանց աշխարհից արտաքսված անապատական եմ։

Բայց ես քաղցից չմեռա և չզոհվեցի այս անապատում։

3

Ես հագուստ շատ չունեմ և շուտով իմ մերկությունը ծածկելու համար ոչինչ չեմ ունենա։

Բայց այստեղ կլիման տաք է, և կարելի է առանց հագուստի յոլա գնալ։

4

Ես չեմ կարող ինձ պաշտպանել, եթե ինձ վրա մարդիկ կամ գազաններ հարձակվեն։

Բայց այստեղ, այս կղզու վրա ոչ մարդիկ կան, ոչ գազաններ։ Եվ ես կարող եմ ինձ երջանիկ համարել, որ փոթորիկն ինձ չի գցել Աֆրիկայի ափերը, որտեղ այնքան կատաղի գիշատիչ գազաններ կան։

5

Չկա մեկը, որի հետ ես մի խոսք փոխանակեմ, չկա մեկը, որ ինձ սիրտ տա ու մխիթարի։

Բայց ես կարողացա ապրուստի ամեն անհրաժեշտ բաների պաշար տեսնել և ապահովեցի իմ սնունդը մինչև կյանքիս վերջը։

Այս խոհերը ինձ մեծ օգնություն ցույց տվին։ Ես տեսա, որ հուսահատվելու և վհատվելու հարկ չկա, որովհետև ամենածանր վշտերի մեջ էլ կարելի է և պետք է մխիթարություն գտնել։

Ես արդեն նկարագրել եմ իմ բնակարանը։ Դա մի վրան էր՝ խփված լեռան լանջին և շրջապատված երկտակ ամուր ցցապատնեշով։ Բայց հիմա իմ ցանկապատը կարելի էր անվանել պարիսպ, որովհետև դրսի կողմից նրա տակ ես մի երկու ոտնաչափ հաստությամբ հողաթումբ էլ էի շինել։ Իսկ էլի մի որոշ ժամանակ անցնելուց հետո (որքան հիշում եմ՝ մեկ ու կես տարի) ես իմ հողաթմբի վրա ձողեր դրի, որոնք հենվում էին լեռան թեքությանը, իսկ վերևում ճյուղերից և երկար տերևներից ծածկ պատրաստեցի։ Այսպիսով իմ փոքրիկ բակն արդեն տանիքի տակ էր և ես կարող էի չվախենալ անձրևներից, որոնք, ինչպես արդեն ասել եմ, տարվա որոշ ժամանակին անխնա հեղեղում էին իմ կղզին։

Ընթեցողն արդեն գիտի, որ իմ ամբողջ գույքը ես փոխադրեցի իմ ամրոցը, սկզբում միայն ցանկապատի ներսը, իսկ հետո՝ քարանձավ, որ փորել էի վրանի հետևը, ժայռի մեջ։ Բայց պետք է խոստովանեմ, որ սկզբնական շրջանում իմ իրերն իրար վրա էին թափված ինչպես պատահեր, և լցրել էին ամբողջ բակը։ Ես շարունակ դիպչում էի դրանց ու սայթաքում և ուղղակի շարժվելու տեղ չունեի։ Ամեն ինչ կանոնավոր դարսելու համար հարկ եղավ քարանձավն ընդարձակել։

Երբ ցանկապատի մուտքը փակեցի և, հետևապես կարող էի ինձ ապահով համարել գիշատիչ գազանների հարձակումից, սկսեցի ընդարձակել և երկարացնել իմ նկուղը։ Բարեբախտաբար լեռը փխրուն ավազաքարից էր։ Գետինը դեպի աջ փորելուց հետո, որքան հարկավոր էր իմ հաշվով, ես քանդելով աջ գնացի և ցանկապատի այն կողմը անցքը դուրս բերի լույս աշխարհ։

Այդ միջանցիկ ստորերկրյա անցքը, իմ բնակարանի հասարակ մուտքը, ոչ միայն ինձ հնարավորություն էր տալիս ազատորեն դուրս գալու բակից և տուն վերադառնալու, այլև զգալի չափով մեծացրեց իմ մառանի տարածությունը։

Այս աշխատանքն ավարտելուղ հետո, ես ձեռնամուխ եղա ինձ համար կահույք պատրաստելուն։ Ամենից ավելին ինձ հարկավոր էին սեղան և աթոռ․ առանց սեղանի ու աթոռի ես չէի կարողանում լիովին վայելել նույնիսկ այն աղքատիկ հաճույքները, որոնք մատչելի էին ինձ իմ միայնության մեջ, չէի կարողանում ոչ մարդավարի ուտել, ոչ գրել և ոչ կարդալ։

Եվ ահա ես հյուսն դարձա։

Մինչ այդ կյանքումս ոչ մի անգամ ես ատաղձագործական գործիքներ ձեռքս չէի առել, բայց և այնպես, բնական խելամտությանս և աշխատանքի մեջ համառությանս շնորհիվ ես քիչ֊քիչ այնպիսի փորձ ձեռք բերեցի, որ եթե անհրաժեշտ գործիքներ ունենայի, ամեն տեսակ կահ֊կարասի կարող էի պատրաստել։

Բայց նույնիսկ առանց գործիքների, կամ համարյա առանց գործիքների, միմիայն կացնով ու ռանդայով ես բազմաթիվ իրեր պատրաստեցի, թեև, հավանորեն, ոչ ոք դեռ այդպիսի իրեր չի պատրաստել այնպիսի նախնադարյան եղանակով և այնքան շատ աշխատանք չի թափել դրանց վրա։ Հենց միայն մի տախտակ շինելու համար ես պետք է կտրեի մի ծառ, նրա բունը մաքրեի ճյուղերից, և երկու կողմերից այնքան տաշեի, որ նա տախտականման մի բան դառնար։ Դա շատ անհարմար ու անձեռնտու եղանակ էր, որովհետև ամբողջ ծառից դուրս էր գալիս միայն մեկ տախտակ։ Բայց ի՞նչ կարող ես անել․ ստիպված էի համբերել։ Բացի այդ իմ ժամանակն ու աշխատանքը շատ էժան էին, ուրեմն միևնույն չէ՞ր թե որտեղ և ինչի վրա կգործադրեի դրանք։

Այսպես ուրեմն, ես ամենից առաջ ինձ համար սեղան և աթոռ պատրաստեցի։ Դրա համար ես օգտագործեցի նավից վերցրած կարճ տախտակները։ Հետո իմ նախնադարյան եղանակով երկար տախտակներ տաշեցի և իմ մառանում մեկը մյուսի վրա մի քանի դարակ պատրաստեցի, յուրաքանչյուրը մեկ ու կես ոտնաչափ լայնությամբ։ Դրանց վրա ես դարսեցի գործիքներս, մեխը, երկաթի կտորները և այլ մանր֊մունր բաներ, մի խոսքով ամեն ինչ իր տեղը դրի, որպեսզի պետք եղած դեպքում յուրաքանչյուր առարկան հեշտությամբ գտնեմ։ Բացի դրանից իմ մառանի պատին բզեր խփեցի և նրանցից կախեցի հրացաններս, ատրճանակներս և այլ իրեր։

Դրանից հետո ով իմ քարանձավը տեսներ, երևի կկարծեր, թե դա ամեն տեսակ տնտեսական պիտույքների մի խոշոր պահեստ է։ Ինձ համար էլ մեծ բավականություն էր նայել այդ պահեստին, այնքան շատ ամեն տեսակի բարիք կար այնտեղ և այնքան կարգին էին դարսված ու կախված բոլոր իրերը, որ յուրաքանչյուր մանրունք անմիջապես կարող էի գտնել։

Ահա այդ ժամանակից էլ ես սկսեցի օրագիր կազմել, գրի առնելով այն ամենը, ինչ անում էի օրվա ընթացքում։ Սկզբի շրջանում գրանցումներ անելու ժամանակ չունեի, աշխատանքս խիստ շատ էր, բացի դրանից այն ժամանակ ինձ այնպիսի մռայլ մտքեր էին պաշարում, որ ես վախենում էի, թե դրանք կարող են անդրադառնալ իմ օրագրի վրա։

Բայց այժմ, երբ վերջապես, ինձ հաջողվեց հաղթահարել իմ թախիծը, երբ դադարեցի ինքս ինձ օրոր ասել անպտուղ երազանքներով ու հույսերով և իմ բնակարանի կարգավորմամբ զբաղվեցի, կարգի բերի ամբողջ տնտեսությունս, ինձ համար սեղան ու աթոռ պատրաստեցի և ընդհանրապես հնարավորին չափ կոկիկ հարմարություններ ստեղծեցի, այժմ արդեն ես ձեռնամուխ եղա իմ օրագրին։ Այդ օրագիրը բերում եմ այստեղ լրիվ, թեև այնտեղ նկարագրած դեպքերի մեծ մասն արդեն ընթերցողին ծանոթ է նախորդ գլուխներից։ Կրկնում եմ, իմ օրագիրը կանոնավոր էի վարում, քանի դեռ թանաք ունեի։ Իսկ երբ թանաքը վերջացավ, ակամայից ստիպված եղա օրագիրս դադարեցնել։

Comments