Chapter 6
Վեցերորդ գլուխ - Ռոբինզոնն իր նոր բնակարանում։ Այծը և ուլիկը
Հեշտ բան չէր ամրոց փոխադրել իմ ամբողջ հարստությունը՝ մթերքը, զենքը և մյուս իրերը։ Հազիվ կարողացա գլուխ բերել այդ գործը։ Եվ ապա՝ իսկույն ձեռնամուխ եղա մի նոր աշխատանքի․ հարկավոր էր մի մեծ և ամուր վրան պատրաստել։
Արևադարձային երկրներում, ինչպես գիտենք, չափազանց հորդ անձրևներ են լինում, որոնք տարվա որոշ ժամանակ տևում են օրեր շարունակ։ Խոնավությունից պաշտպանվելու համար ես պատրաստեցի կրկնակի վրան, այսինքն սկզբում խփեցի մի փոքր վրան, ապա՝ դրա վրա մի ուրիշ ավելի մեծը։ Արտաքին վրանը ծածկեցի նավից բերած բրեզենտով։
Այժմ արդեն ես քնում էի ոչ թե ուղղակի գետնին դրած անկողնում, այլ մի շատ հարմար ցանցաճոճում, որ պատկանում էր մեր նավապետի օգնականին։
Ես վրան փոխադրեցի ուտելեղենի ամբողջ պաշարը և այն իրերը, որոնք կարող էին անձրևներից փչանալ։ Երբ այդ ամենը ցանկապատի ներսն էի փոխադրել, պինդ փակեցի այն անցքը, որ ժամանակավորապես դռան տեղ էր ծառայում, և սկսեցի ներս ու դուրս անել շարժական սանդուխքով, որի մասին վերը խոսեցի։ Այդպիսով, ես ապրում էի բոլոր վտանգներից պաշտպանված ամուր բերդում և կարող էի միանգամայն հանգիստ քնել։
Ցանկապատն ավարտելուց հետո սկսեցի քարանձավ պատրաստել, որի համար խորացնում էի ժայռի մեջ եղած բնական փոսը։ Քարանձավը գտնվում էր ուղիղ իմ վրանի հետևը և ինձ պետք է ծառայեր որպես մառան։ Հանած քարերը վրանի միջով տանում էի իմ փոքրիկ բակը և դարսում ցանկապատի ներսի կողմում։ Այդտեղ էի թափում նաև հողը, այնպես որ իմ բակում գետինը մոտ մեկ ու կես ոտնաչափ բարձրացավ։
Այս աշխատանքը քիչ ժամանակ չխլեց ինձանից։ Այդ ընթացքում իմ միտքը շատ բաներ էին զբաղեցնում, և տեղի ունեցան մի քանի այնպիսի դեպքեր, որոնց մասին ուզում եմ պատմել։
Մի անգամ, երբ դեռ նոր էի պատրաստվում վրան խփելու և քարանձավ փորելու, հանկարծ երկինքը սև ամպով ծածկվեց և հորդ անձրև տեղաց։ Հետո կայծակը փայլատակեց և շանթի սոսկալի որոտ լսվեց։
Այդտեղ, իհարկե, ոչ մի արտասովոր բան չկար, և ինձ վախեցրեց ոչ այնքան կայծակը, որքան մի միտք, որ կայծակից էլ արագ անցավ իմ գլխով․ «վառո՜դը»։
Սիրտս կծկվեց։ Ես սարսափով մտածում էի․ «Կայծակի մեկ հարվածը կարող է ոչնչացնել իմ ամբողջ վառոդը։ Իսկ առանց վառոդի ես գիշատիչ գազաններից պաշտպանվելու և ինձ համար սնունդ ճարելու հնարավորությունից զուրկ կլինեմ»։ Զարմանալի բանէ․ այն ժամանակ մտքովս չանցավ, որ պայթյունի դեպքում ամենից առաջ հենց ես կարող եմ զոհվել։
Այս դեպքն ինձ վրա այնպիսի ուժեղ տպավորություն գործեց, որ հենց ամպրոպն անցավ թե չէ՝ ես ժամանակավորապես հետաձգեցի բնակարանիս կառուցման ու ամրացման բոլոր աշխատանքները և ձեռնամուխ եղա ատաղձագործական արհեստին ու կարին․ սկսեցի վառոդի համար պարկեր կարել և արկղեր շինել։ Հարկավոր էր վառոդը բաժանել մի քանի մասի և ամեն մի մասն առանձին պահել, որպեսզի բոլորը միանգամից չբռնկի։
Այս աշխատանքով ես համարյա երկու շաբաթ զբաղվեցի։ Ընդամենը մոտ երկու հարյուր քառասուն ֆունտ վառոդ ունեի։ Այդ ամբողջ վառոդը լցրի պարկերի մեջ, բաժանելով մոտ հարյուր մասի։
Պարկերն ու արկղերը թաքցրի ժայռի ծերպերում, այնպիսի տեղեր, ուր խոնավություն թափանցել չէր կարող, և յուրաքանչյուր տեղը խնամքով նշան արի։ Թրջված վառոդով լի տակառից չէի վախենում, այդ վառոդն առանց այդ էլ վատն էր, ուստի ինչպես որ կար, այնպես էլ դրի քարանձավում, կամ իմ «խոհանոցում», ինչպես մտքումս անվանում էի այդ տեղը։
Այս ամբողջ ժամանակամիջոցում ես օրական մեկ անգամ, իսկ երբեմն էլ ավելի հաճախ, հրացանս առած տանից դուրս էի գալիս զբոսանքի, ինչպես նաև տեղի բնությանը ծանոթանալու և, եթե հաջողվեր, որևէ որս խփելու։
Առաջին իսկ օրը դուրս գալով այդպիսի զբոսանքի՝ ես հայտնաբերեցի, որ կղզու վրա այծեր են ապրում։ Այդ ինձ շատ ուրախացրեց, բայց շուտով պարզվեց, որ այդ այծերն արտասովոր չափով զգայուն են ու ժիր, այնպես որ գաղտագողի նրանց մոտենալու ոչ մի հնարավորություն չկար։ Ասենք, այդ չմտահոգեց ինձ․ ես չէի կասկածում, որ վաղ թե ուշ կսովորեմ նրանց որսալու ձևը։
Շուտով ես նկատեցի մի հետաքրքիր երևույթ․ երբ այծերը լինում էին լեռան գագաթին, իսկ ես երևում էի հովտում, ամբողջ հոտը իսկույն հեռու էր փախչում ինձանից։ Բայց եթե պատահում էր, որ այծերը հովտումն էին լինում, իսկ ես՝ լեռան վրա, այդ դեպքում նրանք ինձ չէին նկատում։ Դրանից եզրակացրի, որ նրանց աչքերը յուրահատուկ կառուցվածք ունեն․ չեն տեսնում այն, ինչ վերևումն է գտնվում։ Դրանից հետո սկսեցի որսալ այսպես․ բարձրանում էի որևէ թմբի վրա և այծերին կրակում վերևից։
Առաջին իսկ կրակոցով սպանեցի մի ջահել այծ, որի մոտ մի ծծկեր ուլիկ կար։ Ես սրտանց խղճացի ուլիկին։ Երբ մայրն ընկավ, ուլիկը շարունակեց անշարժ կանգնել նրա մոտ և հանգիստ նայում էր ինձ։ Դեռ ավելին․ երբ մոտեցա սպանված այծին, շալակեցի ու սկսեցի տուն տանել, ուլիկը վազեց իմ հետևից։ Այսպես մենք հասանք իմ տունը։ Ցանկապատի մոտ ես այծը դրի գետնին, վերցրի ուլիկին և ցանկապատի վրայով իջեցրի բակը։ Ես կարծում էի, թե ինձ կհաջողվի նրան մեծացնել ու ընտելացնել, բայց նա դեռևս ուտել չէր կարողանում, և ես ստիպված եղա մորթել։ Այդ երկու կենդանիների միսը երկար ժամանակ բավականացավ ինձ։ Ընդհանրապես ես քիչ էի ուտում, աշխատում էի հնարավորին չափ խնայել իմ պաշարը, մանավանդ հացը։
Իմ նոր բնակարանում վերջնականպես տեղավորվելուց հետո հարկ եղավ մտածել, թե ինչպես անեմ, որ շուտով մի վառարան, կամ ընդհանրապես մի որևէ օջախ պատրաստեմ։ Անհրաժեշտ էր նաև փայտի պաշար պատրաստել։
Թե ինչպես գլուխ բերի այդ խնդիրը, ինչպես ընդարձակեցի իմ քարանձավը, ինչպես աստիճանաբար ինձ շրջապատեցի կյանքի որոշ հարմարություններով, այդ ամենի մասին ես կպատմեմ հետագա էջերում։