1. Ռոբինզոն Կրուզո

Chapter 5

Հինգերորդ գլուխ - Ռոբինզոնն անմարդաբնակ կղզում։ Նա իրեր է բերում նավից և իր համար բնակարան շինում։

Առավոտյան շատ ուշ արթնացա։ Պարզ եղանակ էր, քամին հանդարտվել էր և ծովը դադարել էր մոլեգնել։

Նայեցի մեր նավին և զարմանքով տեսա, որ նա այլևս իր նախկին տեղում չէ, այլ ավելի է մոտեցել ափին։ Այժմ նա հեռու չէր այն ժայռից, որին զարկեց ինձ ալիքը։ Երևի գիշերը մակընթացությունը նրան բարձրացրել էր ծանծաղուտից և այս կողմը քշել։

Հիմա մեկ մղոնից հեռու չէր այն տեղից, որ ես գիշերել էի։ Ալիքներն, ըստ երևույթին, չէին փշրել նավը․ համարյա ուղիղ էր կանգնած ջրի երեսին։

Որոշեցի անհապաղ գնալ, բարձրանալ նավը, որպեսզի ուտելիք և զանազան ուրիշ իրերի պաշար վերցնեմ։

Ծառից ցած իջնելով՝ ես մի անգամ էլ շուրջս նայեցի։ Առաջին բանը, որ տեսա, մեր մակույկն էր, որ ընկած էր աջ կողմը, ծովափին, իմ կանգնած տեղից երկու մղոն հեռավորության վրա, այնտեղ, ուր նրան շպրտել էր փոթորիկը։ Ուզեցի այն կողմը գնալ, սակայն պարզվեց, որ ուղիղ ճանապարհով այնտեղ գնալ չի լինի․ կես մղոնաչափ լայնությամբ մի փոքրիկ ծովախորշ խրվում էր ցամաքի մեջ և ճանապարհը փակում։ Հետ դարձա, որովհետև ինձ համար շատ ավելի կարևոր էր նավն ընկնել․ հույս ունեի, որ այնտեղ ուտելիք կգտնեմ։

Կեսօրից հետո ծովի ալիքները բոլորովին հանդարտվեցին, և տեղատվությունն այնքան ուժեղ էր, որ մինչև նավը քառորդ մղոնաչափ ես գնացի ծովի ցամաքած հատակով։

Այստեղ իմ սիրտը նորից ճմլվեց, ինձ համար պարզվեց, որ եթե մենք փոթորիկից չվախենայինք և մեր նավից չհեռանայինք, բոլորս էլ հիմա ողջ կլինեինք։ Հարկավոր էր միայն սպասել մինչև փոթորիկն անցներ, և մենք բոլորս էլ բարեհաջող կերպով ափ դուրս կգայինք ու ես այժմ ստիպված չէի լինի մենակ թափառել այս անմարդաբնակ անապատում։

Իմ մանկությունը պատկերացնելով՝ ես լաց եղա, բայց հիշելով, որ արցունքները երբեք դժբախտությունից չեն ազատում, որոշեցի շարունակել իմ ուղին և ինչ գնով էլ լինի՝ հասնել ճեղքված նավին։ Շորերս հանելով մտա ջուրը և սկսեցի լող տալ։

Բայց ամենադժվարը դեռ առջևումն էր․ նավը բարձրանալ չկարողացա։ Նավն այդտեղ կանգնած էր ծանծաղուտում, այնպես որ համարյա ամբողջովին ջրից դուրս էր, իսկ բռնելու, կառչելու ոչ մի բան չկար։ Երկար ժամանակ լող էի տալիս նրա շուրջը, մեկ էլ հանկարծ նկատեցի նավի ճոպանը (զարմանում եմ, թե ինչպես միանգամից աչքովս չէր ընկել): Ճոպանը կախված էր դռնակից, և նրա ծայրը այնքան բարձր էր մնացել ջրից, որ ես շատ մեծ դժվարությամբ կարողացա բռնել։ Այդ ճոպանով բարձրացա ու մտա նավաստիների խուցը, որ գտնվում էր նավաքթի կողմը։ Նավի ստորջրյա մասը ծածկված էր, ուստի նավամբարը լիքն էր ջրով։ Նավը կանգնած էր պինդ, ավազոտ ծանծաղուտի մեջ, նավախելը խիստ վեր էր ցցվել, իսկ քիթը համարյա դիպչում էր ջրին։ Այսպիսով ջուրը նավախելին չէր հասել, և այնտեղ գտնվող իրերից ոչ մեկը չէր թրջվել։ Ես շտապեցի այնտեղ, որովհետև ամենից առաջ ուզում էի իմանալ, թե ինչ իրեր են փչացել և ինչ է անվնաս մնացել։

Պարզվեց, որ նավի ամբողջ պաշարը բոլորովին չոր է մնացել, և որովհետև քաղցն ինձ տանջում էր, ես առաջին հերթին գնացի մառան, գրպաններս լցրի պաքսիմատով և, որպեսզի ժամանակ չկորցնեմ, ուտելով շարունակեցի նավի զննումը։ Ընդհանուր նավասենյակում մի շիշ ռոմ գտա և մի քանի կում խմեցի, որովհետև հետագա աշխատանքներիս համար ուժերս վերականգնելու խիստ կարիք էի զգում։

Ամենից առաջ ինձ մակույկ էր հարկավոր, որպեսզի ափ փոխադրեմ այն իրերը, որոնք կարող էին պետք գալ ինձ։ Բայց մակույկ որտեղի՞ց պիտի գտնեի, իսկ անհնարինը ցանկանալն անօգուտ բան է։ Կարիքի մեջ մարդն հնարագետ է դառնում, և ես եռանդով գործի անցա։ Նավի վրա կային պահեստի կայմեր, ստինգներ ու ռեաներ։ Ես որոշեցի այդ ամենից մի լաստ պատրաստել։

Ընտրեցի մի քանի թեթև գերան, նախապես ամեն մեկը պարանով կապեցի, որպեսզի ջուրը չտանի և նավից ցած գցեցի։ Հետո իջա ցած, գերանները քաշեցի ինձ մոտ, երկու կողմերից ծայրերն ամուր կապեցի իրար, վրայից էլ երկու֊երեք տախտակ ամրացրի, որոնք դրել էի խաչաձև, և ստացվեց լաստի նման մի բան։

Այդ լաստը ինձ հիանալի պահում էր ջրի երեսին, բայց ավելի մեծ բեռի համար շատ թեթև էր ու փոքր։ Ստիպված եղա նորից նավ բարձրանալ։ Այնտեղ գտա մեր նավի ատաղձագործի սղոցը և պահեստի կայմը սղոցով դարձրի երեք գերան, որոնց օգնությամբ էլ մեծացրի իմ լաստը։ Այդ աշխատանքն ինձանից մեծ ջանքեր պահանջեց, բայց ապրելու համար ամեն անհրաժեշտ բանի պաշար վերցնելու ցանկությունն ուժ էր տալիս ինձ, և ես արի այն, ինչի համար սովորական պայմաններում ուժերս չէին բավականացնի։

Այժմ իմ լաստն ընդարձակ էր ու պինդ և բավականին բեռ կարող էր վերցնել։

Բայց ի՞նչ բարձել այդ լաստին և ի՛նչ անել, որ ալիքները չսրբեն տանեն։

Երկար մտածելու ժամանակ չկար, հարկավոր էր շտապել։ Ամենից առաջ ես լաստի վրա դարսեցի նավում գտնված բոլոր տախտակները, հետո վերցրի երեք սնդուկ, որոնք պատկանում էին մեր նավաստիներին, փակեերը կոտրեցի և պարունակությունը դուրս թափեցի։ Ընտրեցի այն իրերը, որոնք ինձ ամենից ավելի շատ կարող էին պետք գալ, և արագ լցրի երեք սնդուկները։ Դրանցից մեկում դարսեցի ուտելիքը՝ բրինձ, պաքսիմատ, երեք գլուխ հոլանդական պանիր, երեք խոշոր կտոր այծի ապխտած միս, որ նավի վրա մեր հիմնական սնունդն էր, և գարու մնացորդը, որ մենք Եվրոպայից տանում էինք նավում եղած հավերի համար․ հավերը մենք վաղուց էինք կերել, իսկ գարուց մի քիչ մնացել էր։ Այդ գարին խառնված էր ցորենի հետ․ նա շատ պետք կգար ինձ, բայց, դժբախտաբար, ինչպես հետո պարզվեց, մկները փչացրել էին։ Բացի դրանից, գտա մի քանի արկղ գինի և մոտ վեց գալոն բրնձի օղի, որ պատկանում էր մեր նավապետին։

Այդ արկղերն էլ դրի լաստի վրա՝ սնդուկների կողքին։

Մինչ այդ, երբ ես լաստը բարձելով էի զբաղված, մակընթացություն սկսվեց, և սրտի ցավով տեսա, որ ջուրը դեպի ծովը քշեց իմ բաճկոնը, շապիկն ու ժիլետը, որոնք թողել էի ափին։

Այժմ ինձ վրա մնացին միայն գուլպաներս ու վարտիքս (քաթանից, կարճ՝ մինչև ծնկներս), որոնք չէի հանել դեպի նավը լողալիս։ Այս բանն ինձ ստիպեց մտածել ոչ միայն ուտելիքի, այլև հագուստի պաշարի մասին։ Նավի վրա բավականին քանակությամբ ամեն տեսակի հագուստ կար, բայց ես առայժմ վերցրի միայն մեկ ձեռք, որովհետև ինձ ավելի շատ հրապուրում էին ուրիշ շատ բաներ, ամենից առաջ՝ աշխատանքի գործիքները։

Երկար որոնումներից հետո ես գտա մեր ատաղձագործի արկղը, և դա իսկապես մի թանկարժեք գյուտ էր, որը ես այն ժամանակ չէի տա ոսկով լի մի ամբողջ նավի։ Այդ արկղը լաստի վրա տեղավորեցի նույնիսկ առանց նրա մեջը նայելու, որովհետև ինձ շատ լավ հայտնի էր, թե ինչ գործիքներ կան այնտեղ։

Այժմ մնում էր, որ զենքի և զինամթերքի պաշար վերցնեմ։ Նավախցում գտա երկու հիանալի որսորդական հրացան և երկու ատրճանակ, որոնք տեղավորեցի լաստի վրա վառոդամանի, մի պարկ կոտորակի և երկու հին, ժանգոտ սրերի հետ միասին։ Գիտեի, որ մեր նավի վրա երեք տակառ վառոդ կար, բայց չէի իմանում, թե որտեղ են պահված դրանք։ Այնուամենայնիվ, երկար որոնումներից հետո երեք տակառն էլ գտնվեցին։ Մեկը թրջվել էր, բայց երկուսը բոլորովին չոր էին, և ես դրանք հրացանների ու թրերի հետ միասին իջեցրի լաստի վրա։ Այժմ արդեն իմ լաստը բավականին բարձված էր, և հարկավոր էր ճանապարհ ընկնել։ Լաստով, առանց առագաստի, առանց ղեկի մինչև ափ հասնելը հեշտ բան չէր․ բավական էր ամենաթույլ հանդիպակաց քամի, որպեսզի իմ ամբողջ գույքը շուռ գար, ջուրը թափվեր։

Բարեբախտաբար ծովը խաղաղ էր։ Սկսվեց մակընթացությունը, որը պետք է իմ լաստը քշեր դեպի ափ։ Բացի դրանից սկսվեց համընթաց թեթև քամի։ Դրա համար էլ հետս վերցնելով նավի մակույկի երկու֊երեք կոտրած թիերը, ես շտապեցի հետ դառնալ։ Շուտով ինձ հաջողվեց մոտենալ մի փոքրիկ ծովախորշի, դեպի ուր և ողղեցի իմ լաստը։ Մեծ դժվարությամբ առաջացա հոսանքին հակառակ և, վերջապես, մտա այդ ծովախորշը, թիակով հենվելով հատակին, որովհետև այստեղ ջուրը ծանծաղ էր։ Հենց որ տեղատվությունը սկսվեց, իմ լաստը իր բոլոր բեռներով արդեն ցամաք ափին էր։

Այժմ ինձ մնում էր շրջակայքը դիտել և բնակության համար տեղ գտնել ինձ համար, այնպիսի տեղ, ուր կարողանայի դասավորել իմ ունեցվածքը, չվախենալով, թե կփչանա։ Դեռևս չգիտեյի, թե որտե՛ղ եմ ընկել, մայր ցամա՞ք, թե՛ կղզի։ Արդյոք մարդիկ կա՞ն այստեղ։ Գիշատիչ գազաններ կա՞ն, թե՝ ոչ։ Ինձանից մի կես մղոն կամ քիչ ավելի հեռու երևում էր մի բարձր բլուր։ Որոշեցի բարձրանալ այդ բլրի գագաթը, որպեսզի շուրջս դիտեմ։ Վերցնելով մի հրացան, ատրճանակ ու վառոդաման՝ ես ճանապարհ ընկա հետախուզության։

Բլրի գագաթը բարձրանալը դժվար էր։

Երբ բարձրացա, տեսա, թե ինչպիսի դառն բախտ էր բաժին ընկել ինձ․ ես կղզու վրա էի։ Շուրջս բոլոր կողմերում փռված էր ծովը, և ոչ մի տեղ ցամաք չէր երևում, եթե չհաշվենք հեռվում ջրից դուրս ցցված մի քանի ժայռերը և երկու փոքրիկ կղզի, որոնք մոտ ինը մղոն դեպի արևմուտք էին գտնվում։ Այդ կղզիները փոքրիկ էին, շատ ավելի փոքր, քան իմ կղզին։

Ես պարզեցի մի բան ևս․ շրջակայքի բուսականությունն ամբողջովին վայրի էր, ոչ մի տեղ մշակված հողի մի կտոր էլ չէր երևում․ նշանակում է՝ այստեղ իրոք որ մարդիկ չկային։

Գիշատիչ գազաններ նույնպես կարծես չկային․ համենայն դեպս ես ոչ մի գազան չտեսա։ Բայց թռչուններ շատ կային, բոլորն էլ ինձ անծանոթ տեսակի թռչուններ, այնպես որ հետո, երբ ես թռչուն էի սպանում, արտաքինից չէի կարողանում որոշել, ուտելի՞ է, թե ոչ։

Բլուրից իջնելիս ես սպանեցի մի շատ խոշոր թռչուն, որ նստած էր անտառի եզրին, ծառի վրա։

Կարծում եմ, այդ առաջին կրակոցն էր, որ որոտաց այստեղ աշխարհի ստեղծագործությունից հետո։ Հենց որ կրակեցի, անտառի վրա թռչունների մի ամբողջ ամպ բարձրացավ։ Յուրաքանչյուրը ճչում էր իր ձևով, բայց այդ ճիչերից ոչ մեկը նման չէր ինձ ծանոթ թռչունների ճիչերին։

Ինչ վերաբերում է իմ սպանած թռչունին, կարծում եմ, դա բազեի մի տեսակն էր․ այդ թռչունը բազեին շատ էր նման և՛ փետուրների գույնով, և՛ կտուցի ձևով, միայն նրա մագիլները շատ ավելի կարճ էին։ Նրա մսից լեշի հոտ էր գալիս, և ես ուտել չկարողացա։

Սրանք էին առաջին օրը կատարած իմ հայտնագործությունները։ Հետո վերադարձա լաստի մոտ և սկսեցի իրերն ափ հանել։ Օրվա ամբողջ մնացած մասը դրանով էի զբաղված։

Իրիկնապահին նորից սկսեցի մտածել, թե որտե՛ղ և ինչպե՛ս տեղավորվեմ գիշերը։

Ուղղակի գետնին պառկելուց վախենում էի։ Չէ՞ որ կարող էր հանկարծ մի որևէ գիշատիչ գազան հարձակվել ինձ վրա։ Դրա համար էլ ծովի ափին գիշերելու մի հարմար տեղ ընտրելով՝ ես այն բոլոր կողմերից շրջապատեցի սնդուկներով ու արկղներով, իսկ այդ ցանկապատի ներսում տախտակներից քաղտիկի նման մի բան շինեցի։

Ինձ անհանգստացնում էր նաև այն հարցը, թե ինչպե՛ս պիտի ուտելիք ճարեմ ինձ համար, երբ բոլոր պաշարներս սպառվեն․ բացի թռչուններից և նապաստակի նման երկու փոքրիկ գազաններից, որոնք իմ կրակոցի վրա դուրս թռան անտառից, ուրիշ կենդանի էակ ես այստեղ չտեսա։

Ասենք՝ այժմ ինձ շատ ավելի զբաղեցնում էր մի ուրիշ բան։ Նավից չէի բերել այն ամենը, ինչ կարելի էր․ այնտեղ շատ բաներ էին մնացել, որոնք ինձ կարող էին պետք գալ, և ամենից առաջ՝ առագաստն ու ճոպանները։ Ուստի որոշեցի, եթե որևէ բան չխանգարի, նորից գնալ նավը։ Ես հավատացած էի, որ առաջին իսկ փոթորիկը նրան փշուր֊փշուր կանի։ Հարկավոր էր մյուս բոլոր գործերը հետաձգել և շտապ զբաղվել նավի բեռնաթափումով։ Չէր կարելի հանգստանալ, մինչև որ ափ չհանեի բոլոր իրերը, մինչև վերջին մեխը։

Այսպիսի որոշման հանգելով՝ ես սկսեցի մտածել, թե լաստո՞վ գնամ նավի մոտ, թե՞ լող տալով, ինչպես առաջին անգամ։ Որոշեցի, որ ավելի լավ է լող տալով գնամ։ Միայն թե այս անգամ ես հանվեցի քողտիկում, մնացի միայն վանդակավոր կտորից կարված շապիկով, քաթանե վարտիքով և բոբիկ ոտքերիս հագած կաշվե մաշիկներով։

Առաջին անգամվա պես նավը բարձրացա ճոպանով, ապա նոր լաստ շինեցի և նրա վրա շատ օգտակար իրեր փոխադրեցի։ Նախ՝ վերցրի այն ամենը, ինչ գտնվեց մեր ատաղձագործի խորդանոցում, այն է՝ երկու֊երեք պարկ մեխ (խոշոր ու մանր), մի պտուտակիչ, մի երկու գյուժին կացին, իսկ գլխավորը՝ այնպիսի օգտակար առարկա, ինչպիսին է սրոցը։ Հետո վերցրի մի քանի ուրիշ իրեր, որ գտել էի մեր թնդանոթաձիգի մոտ, այն է՝ երեք հատ երկաթե նիգ, հրացանի գնդակով լի երկու տակառ և շատ վառոդ։ Հետո նավում գտա ամեն տեսակ հագուստների մի ամբողջ հակ, բացի այդ, վերցրի նաև պահեստի առագաստը, գամակը, մի քանի ներքնակ ու բարձ։ Այս ամենը դարսեցի լաստի վրա և ի մեծ գոհունակություն՝ ամբողջությամբ ափ հանեցի։

Նավ գնալիս վախենում էի, թե իմ բացակայության ժամանակ զանազան գազաններ կհարձակվեն իմ մթերքի վրա։ Բարեբախտաբար այդպիսի բան չէր եղել։ Միայն մի փոքրիկ գազան իմ բացակայության ժամանակ անտառից եկել ու նստել էր իմ սնդուկներից մեկի վրա։ Ինձ տեսնելով՝ նա մի փոքր հեռու փախավ, ապա իսկույն կանգ առավ, կանգնեց հետևի թաթերի վրա և անվրդով հանգստությամբ, առանց որևէ վախի, սկսեց նայել ուղիղ իմ աչքերին, կարծես ուզում էր ծանոթոանալ ինձ հետ։

Դա կարմրամաշկ, վայրի կատվի նման մի փոքրիկ գազան էր։ Ես հրացանս նշան բռնեցի, բայց նա, չհասկանալով, թե ինչ վտանգ է սպառնում իրեն, նույնիսկ տեղից չշարժվեց։ Այն ժամանակ նրան նետեցի մի կտոր պաքսիմատ, թեև դա իմ կողմից անխելքություն էր, որովհետև պաքսիմատ քիչ ունեի և հարկավոր էր խնայել։ Բայց փոքրիկ գազանն այնքան էր դուր եկել ինձ, որ ես պաքսիմատի այդ կտորը նրան բաժին հանեցի։ Նա մոտ վազեց, պաքսիմատը հոտոտեց, կերավ և մեծ բավականությամբ սկսեց բերանը լիզել։ Երևում էր, որ նա էլի էր ուզում։ Բայց այլևս նրան ոչինչ չտվի։ Նա մի քիչ էլ նստեց ու գնաց։

Դրանից հետո ես սկսեցի ինձ համար վրան պատրաստել։ Վրանը պատրաստեցի առագաստից և անտառում կտրած ձողերից։ Ամեն ինչ, որ կարող էր արևից ու անձրևից փչանալ, փոխադրեցի վրանը, իսկ շուրջը դասավորեցի դատարկ արկղներն ու սնդուկները, որպեսզի մարդկանց և գազանների անակնկալ հարձակումից պաշտպանված լինեմ։

Վրանի մուտքը դրսից փակեցի մի մեծ սնդուկով, որ դրի կողքի վրա, իսկ ներսից փակեցի տախտակներով։ Այնուհետև գետնին անկողին փռեցի, գլխատակիս երկու ատրճանակ դրի, կողքիս՝ մի հրացան և պառկեցի։

Նավի խորտակումից հետո այդ առաջին գիշերն էր, որ անց էի կացնում անկողնու մեջ։ Մինչև առավոտ պինդ քնեցի, որովհետև նախորդ գիշերը շատ քիչ էի քնել, իսկ ամբողջ օրը աշխատել էի առանց հանգստանալու․ նախ իրերը բարձել էի լաստին, հետո էլ լաստից փոխադրել էի ափը։

Կարծում եմ ոչ ոք իրերի այնպիսի մեծ պահեստ չի ունեցել, ինչպիսին ունեի այժմ։ Բայց էլի ինձ քիչ էր թվում։ Նավը դեռ ողջ էր, և քանի ալիքները նրան հեռու չէին քշել, քանի դեռ նրա վրա մնում էր գեթ մեկ իր, որ ես կարող էի օգտագործել, անհարաժեշտ էի համարում՝ ինչ հնարավոր է այնտեղից փոխադրել ափ։ Դրա համար էլ ամեն օր տեղատվության ժամանակ գնում էի այնտեղ և հետս նորանոր իրեր էի բերում։

Առանձնապես հաջող եղավ իմ երրորդ ճանապարհորդությունը։ Ես նավի վրա եղած բոլոր պարանները քանդեցի ու հետս բերի։ Այդ անգամ բերի նաև պահեստի առագաստի մի մեծ կտոր, որ մենք օգտագործում էինք առագաստները կարկատելու համար, բերի մի տակառ թրջված վառոդ, որ քիչ էր մնում պիտի թողնեի նավում։ Վերջ ի վերջո ես բոլոր առագաստներն ափ հանեցի, միայն թե ստիպված էի կտոր֊կտոր անել և մաս֊մաս փոխադրել։ Ասենք դա ինձ ցավ չէր պատճառում․ առագաստներն ինձ նավագնացության համար հարկավոր չէին, նրանց արժեքն ինձ համար հենց այն կտորն էր, որից կարված էին։

Այժմ նավից արդեն փոխադրել էի ամեն բան, ինչ մեկ մարդ կարող էր տեղից վերցնել։ Մնացել էին ծանր իրերը, որոնց փոխադրությանը ձեռնամուխ եղա հետևյալ անգամ։ Սկսեցի ճոպաններից։ Յուրաքանչյուր ճոպանը կտրտում էի այնպիսի մեծությամբ, որ ինձ համար շատ դժվար չլինի տեղից շարժելը, և այնպես կտոր֊կտոր արած փոխադրեցի երեք ճոպան։ Բացի դրանից նավից վերցրի այն բոլոր երկաթե մասերը, որոնք կարող էի պոկել կացնի օգնությամբ։ Այնուհետև կտրտելով մնացած բոլոր գերանները, ես դրանցից մի ավելի մեծ լաստ շինեցի, բոլոր ծանր իրերը բարձեցի վրան ու ճանապարհ ընկա։

Բայց այս անգամ բախտն ինձ դավաճանեց․ լաստն այնքան շատ էր ծանրաբեռնված, որ թիավարելը շատ էր դժվար։ Երբ ծովախորշը մտնելով ես մոտենում էի ափին, որտեղ դարսված էր իմ գույքը, լաստը շուռ եկավ, և ես իմ անբողջ բեռան հետ միասին ջուրն ընկա։ Խեղդվելը չէի խեղդվի, որովհետև այս բանը տեղի ունեցավ հենց ափի մոտ, բայց իմ ամբողջ բեռը ջրի տակ անցավ․ գլխավորը՝ երկաթը։ Այնինչ դա կարող էր ինձ շատ պետք գալ։ Ճիշտ է, երբ տեղատվությունն սկսվեց, ես ափ հանեցի ճոպանի համարյա բոլոր կտորները և մի քանի կտոր երկաթ, բայց դրա համար ստիպված էի ամեն անգամ սուզվել ջրի տակ , և այդ շատ հոգնեցրեց։

Այսպես ես շարունակում էի ամեն օր գնալ նավը և ամեն անգամ մի որևէ նոր բան էի բերում։

Արդեն տասներեք օր էր, որ ես ապրում էի կղզում և այդ ժամանակամիջոցում տասնմեկ անգամ եղել էի նավի վրա, ափ փոխադրելով վճռականապես ամեն բան, ինչ֊որ կարող են բարձրացնել մարդու մեկ զույգ ձեռքերը։ Չեմ տարակուսում, որ եթե խաղաղ եղանակը երկար տևեր, ես մաս֊մաս կփոխադրեի ամբողջ նավը։

Տասներկուերորդ անգամ նավ բարձրանալու պատրաստություն տեսնելիս նկատեցի, որ քամի է բարձրանում։ Չնայած դրան, սպասեցի մինչև տեղատվություն սկսվեց և նորից նավ գնացի։ Իմ նախորդ այցելությունների ժամանակ այնպես հիմնովին էի տնտղել մեր նավախուցը, որ կարծում էի, թե այնտեղ այլևս ոչինչ չի կարելի գտնել։ Բայց հանկարծ աչքովս ընկավ երկուդռնանի մի պահարան։ Դրանցից մեկի մեջ ես գտա երեք ածելի, մի մեծ մկրատ և մի դյուժին դանակ֊պատառաքաղ։ Մյուս արկղում փող գտա, երվրոպական ու բրազիլական ոսկե և արծաթե դրամներ, ընդամենը երեսունվեց ստերլինգ արժողությամբ։

― Անպետք աղբ, ― ասացի ես, ― ինչի՞ս ես հարկավոր հիմա։ Ոսկու մի ամբողջ կույտ ես սիրով կտայի այս գրոշանոց դանակներից յուրաքանչյուրի համար։ Ինչ պիտի անեմ քեզ։ Ավելի լավ է ծովի հատակը գնա։ Եթե գետնին ընկած լիներ, կռանալ վերցնելն էլ չարժեր։

Բայց հետո, երբ մի քիչ մտածեցի, այդ փողը փաթաթեցի մի կտոր քաթանի մեջ և դրի գրպանս։

Ամբողջ գիշեր ծովը փոթորկվում էր, և առավոտյան, երբ իմ վրանից դուրս նայեցի, նավի հետքն էլ չէր մնացել։

Այժմ ես կարող էի ամբողջովին զբաղվել այն հարցով, որ ինձ անհանգստացնում էր առաջին իսկ օրվանից․ ի՞նչ անեմ, որ ինձ վրա չհարձակվեն ոչ գիշատիչ գազաններ, ոչ վայրենի մարդիկ։ Ինչպիսի՞ բնակարան շինեմ ինձ համար։ Քարանձավ փնտրե՞մ, թե՞ վրան խփեմ։

Վերջ ի վերջո, որոշեցի շինել թե՛ մեկը և թե՛ մյուսը։

Մինչ այդ ինձ համար արդեն պարզ էր, որ ծովափին իմ ընտրած տեղը բնակարան կառուցելու համար հարմար չէ։ Դա մի ցածրադիր, ճահճոտ տեղ էր, ուղիղ ծովափին։ Այդպիսի տեղ ապրելը շատ վնասակար է։ Բացի դրանից, մոտերքում խմելու ջուր չկար։ Որոշեցի բնակության համար մի ավելի հարմար տեղ գտնել։

Ամենից առաջ ինձ հարկավոր էր, որ իմ բնակարանը պաշտպանված լինի թեժ արևից և գիշատիչներից, որ լինի այնպիսի տեղ, որտեղ խոնավություն չկա, որ մոտերքում խմելու ջուր լինի։ Բացի դրանից ես անպայման ուզում էի, որ իմ տանից ծովը երևա։

«Գուցե թե բախտը իմ փրկության համար մի նավ կուղարկի, ― ասում էի ինքս ինձ, ― բայց եթե ծովն աչքիս առաջ չլինի, կարող եմ փրկության առիթը փախցնել»։

Ինչպես տեսնում եք, ես դեռ հույսս կտրել չէի ուզում։

Երկար որոնումներից հետո, վերջապես, բնակարան կառուցելու համար հարմար մի տեղ գտա։ Դա մի փոքրիկ տափարակ էր բարձր բլրի լանջին։ Գագաթից մինչև այդ տափարակը բլուրն իջնում էր զառիթափի պատի պես, այնպես, որ վերևի կողմից հարձակման երկյուղ կարող էի չունենալ։ Հենց տափարակի եզրին այդ պատի մեջ կար մի խորություն, կարծես քարանձավի մուտք լիներ, բայց ոչ մի քարանձավ չկար։

Որոշեցի իմ վրանը խփել հենց այդտեղ, այդ խորության առաջ, կանաչ տափարակի վրա։

Այդ տեղը գտնվում էր բլրի հյուսիս֊արևմտյան լանջին, այնպես որ համարյա մինչև երեկո ստվերի մեջ էր լինում։ Իսկ իրիկնապահին լուսավորում էր մայր մտնող արևը։

Նախքան վրան խփելը վերցրի մի սրածայր փայտ և ուղիղ պատի խորության առաջ տասը յարդ տրամագծով մի կիսաշրջան քաշեցի։ Հետո այդ ամբողջ կիսաշրջանով երկու շարք ամուր, բարձր ցցեր տնկեցի, որոնց վերևի ծայրերը ես սրել էի։ Ցցերի երկու շարքերի միջև ես մի փոքրիկ տարածություն էի թողել, որը մինչև վերև լցրի նավից վերցրած ճոպանների կտորներով։ Դրանք ես շարք֊շարք դարսեցի իրար վրա, իսկ ներսի կողմից ցանկապատն ամրացրի նեցուկներով։ Հիանալի ցանկապատ ստացվեց․ ոչ մարդ, ոչ գազան չէր կարող անցնել ոչ նրա միջով, ոչ էլ վրայով։ Այս գործը ինձանից շատ ժամանակ և աշխատանք պահանջեց։ Առանձնապես դժվար էր անտառում ձողեր կտրելը, դրանք կառուցման վայրը փոխադրելը, սրելը, տաշելը և գետնին ցցելը։

Ցանկապատը դուռ չուներ։ Իմ բնակարանը մտնելու համար սանդուղք էի օգտագործում։ Ամեն անգամ, երբ ուզում էի ներս մտնեմ կամ դուրս գամ, սանդուղքը դեմ էի անում ցանկապատին։

Comments