Chapter 27
Քսանյոթերորդ գլուխ - Նավապետը նորից դառնում է իր նավի հրամանատարը։ Ռոբինզոնը թողնում է կղզին
Այսպիսով ծովահենները զենքները ցած դրին և հլու հնազանդ սկսեցին ողորմածություն խնդրել։
Այն նավաստին, որը խոսում էր ծովահենների հետ և էլի երկու ուրիշ մարդ իմ հրամանով կապկպեցին բոլորի ձեռքերը, որից հետո իմ ահարկու բանակը, բաղկացած հիսուն մարդուց (իսկ իրականում ընդամենը ութ մարդ էր, հաշված նաև երեք գերիներին), շրջապատեց նրանց և գրավեց մակույկը։ Ես ինքս, սակայն, քաղաքական որոշ նկատառումներով չէի երևում նրանց աչքին։
Այժմ արդեն նավապետը կարող էր ազատ խոսել իր նավաստիների հետ։ Նավապետը նրանց մեղադրում էր, որ դավաճանեցին և խիստ կշտամբում էր ուխտադրժության համար։
― Դուք ուզում էիք իմ նավը խլել ինձանից, որպեսզի ծովահեն դառնաք և ծովային ավազակությամբ զբաղվեք, ― ասաց նա։ ― Դա ստոր ու գարշելի գործ է։ Դուք հավետ խայտառակեցիք ձեզ, դուք ինքներդ եք փորել ձեր գերեզմանը և պետք է շնորհակալ լինեք բախտից, եթե կախաղան չբարձրանաք։
Ոճրագործներն, ըստ երևույթին, սրտանց զղջում էին և աղերսում էին միայն մի բան․ որ իրենց կյանք շնորհվի։
― Այդ իմ իշխանությունից դուրս է, ― պատասխանում էր նավապրտը։ ― Այժմ ձեր բախտը կախված է կղզու պետից։ Դուք կարծում էիք, թե մեզ իջեցնում էիք ամայի ափեր, անմարդաբնակ կղզի, սակայն նախախնամությանը հաճելի է եղել, որ ձեզ բերի այս բնակեցված վայրը, որի կառավարիչն անգլիացի է։ Նա իր մեծահոգությամբ ներում է շնորհել ձեզ և, հավանորեն, կուղարկի Անգլիա, որտեղ ձեզ հետ կվարվեն օրենքի համաձայն։ Բայց Բիլլ Ատկինսիսն կղզու պետը հրամայել է մահվան պատրաստվել․ վաղը առավոտյան նրան կախաղան կհանեն։
Այս ամենը նավապետն ուղղակի հնարում էր, բայց նրա այդ հնարածը ցանկալի ազդեցություն ունեցավ։ Ատկինսը ծունկ չոքեց նավապետի առաջ և խնդրեց կղզու պետի մոտ միջնորդել, որ իրեն չկախեն, իսկ մյուսները խնդրում էին, որ աստծու սիրուն իրենց Անգլիա չուղարկեն։
Տեսնելով մահվան սպառնալիքից սարսափահար եղած այդ ողորմելի մարդկանց այդպիսի հնազանդությունը՝ ինքս ինձ ասացի․
«Ահա թե ինչպես եկավ իմ փրկության ժամը։ Այս թշվառներն այնպես են վախեցած, որ, իհարկե, կկատարեն մեր ամեն մի պահանջը․ բավական է, որ մենք հրամայենք, և նրանք մեզ կօգնեն տիրելու նավին»։
Եվ մի փոքր հեռանալով, անցնելով ծառի հետևը, որպեսզի նրանք չկարողանան տեսնել, թե ինչպիսի ողորմելի տեսք ունի կղզու ահարկու պետը, գոչեցի․
― Կանչել ինձ մոտ նավապետին։
Մեր մարդկանցից մեկը հանդիսավոր կերպով մոտեցավ նավապետին և ասաց․
― Կղզու պետը կանչում է ձեզ։
Իսկ նավապետը նույնպիսի հանդիսավորությամբ պատասխանեց․
― Հաղորդեցեք նորին պայծառափայլությանը, որ իսկույն կներկայանամ։
Այս խոսակցությունը լսելով՝ խռովարարները վերջնականապես հնազանդվեցին։ Նրանք հավատացին, որ իրրենցից ոչ հեռու գտնվում է ինքը՝ նահանգապետը, հիսուն մարդուց բաղկացած իր ջոկատով։
Երբ նավապետը մոտեցավ ինձ, նրան հայտնեցի, որ ուզում եմ նավին տիրել մեր գերիների օգնությամբ։ Նավապետը ցնծության մեջ էր։ Որոշեցինք հենց վաղը առավոտյան իրականացնել այդ ծրագիրը։
― Սակայն, հաջողության հաստատ հույսով գործելու համար, ― ասացի ես, ― հարկավոր է գերիներից ոմանց անջատել մյուսներից։ Ատկինսին իր նման երկու ոճրագործների հետ կգցենք նկուղը։ Թող Ուրբաթը և ձեր օգնականը նրանց տանեն այնտեղ։ Իսկ մյուսների համար համապատասխան տեղ կգտնեմ։
Այդպես էլ արեցինք․ երեքին տարանք քարանձավ, որն իսկապես նման էր մռայլ բանտի, իսկ մյուսներին ուղարկեցի իմ անտառային ամառանոցը, որտեղ իմ քողտիկն էր գտնվում։ Վերջինիս բարձր ցանկապատը հուսալի բանտ էր, մանավանդ որ կալանավորները կապկպված էին և գիտեին, որ իրենց բախտը կախված է իրենց վարքից։
Մյուս օրն, առավոտյան, նավապետին ուղարկեցի այդ նավաստիների մոտ։ Նա պետք է զրուցեր նավաստիների հետ, իմանար նրանց իսկական վերաբերմունքը և մանրամասն հաշիվ տար իր խոսակցության մասին։ Ես ուզում էի պարզել, թե որքան կարելի է վստահել այդ մարդկանց, և վտանգավոր չի լինի նրանց մեզ հետ նավ տանել։
Նավապետը գործեց խելացի ու վճռական։ Նա հիշեցրեց նավաստիներին, թե իրենց հանցանքով ինչպիսի ողբալի վիճակի մեջ են ընկել և ասաց, որ թեև կղզու պետը հիմա իր իշխանությամբ ներում է շնորհել, սակայն երբ նավը հասնի Անգլիա, նրանց կդատեն որպես դավաճանների և անպայման կախաղան կհանեն։
― Բայց, ― ավելացրեց նա, ― եթե ինձ օգնեք ծովահեններից հետ խլելու իմ նավը, այն ժամանակ կղզու պետը նկատի առնելով, որ դուք կամովին մասնակցել եք արդար գործի, կաշխատի ձեզ համար Անգլիայում ներում ստանալ։
Դժվար չէ հասկանալ, թե այդ մարդիկ ինչպիսի ցնծությամբ ընդունեցին նավապետի առաջարկությունը։ Նրանք ծունկ չոքեցին նավապետի առաջ և երդվեցին, որ մինչև վերջին կաթիլ արյունը կկռվեն, եթե նա իրենց համար ներում ստանա, ամբողջ կյանքում պարտական կմնան, թեկուզ աշխարհի ծայրն էլ կգնան նրա հետ և կհարգեն հարազատ հոր պես։
― Շատ լավ, ― ասաց նավապետը, ― այդ բոլորի մասին կզեկուցեմ կղզու պետին և իմ կողմից էլ կխնդրեմ, որ ներում շնորհի ձեզ։
Հետո նա վերադարձավ ինձ մոտ, մանրամասն հաշիվ տվեց նավաստիների հետ իր ունեցած խոսակցության մասին և ավելացրեց, որ իր կարծիքով մենք կարող ենք լիովին հույս դնել այդ մարդկանց վրա։
Սակայն ես այն կարծիքին էի, որ զգուշությունը երբեք չի խանգարի, ուստի և նավապետին ասացի․
― Ահա թե ինչ կանենք․ կվերցնենք առայժմ միայն հինգին։ Թող չկարծեն, թե մենք մարդկանց կարիք ենք զգում։ Գնացեք և ասացեք նրանց, որ թեև մենք բավական թվով մարդիկ ունենք, բայց թող այդպես լինի․ փորձի համար կվերցնենք հինգ մարդու։ Մյուս երկուսը ամրոցում (այսինքն իմ քարայրում) բանտարկված երեքի հետ կղզու պետի կողմից կթողնվեն որպես պատանդներ, և եթե նրանց ընկերները, որոնք կմասնակցեն մեր կռիվներին, կդրժեն իրենց երդումը, բոլոր հինգ պատանդներն էլ կախաղան կբարձրանան։
Սա խիստ դաժան միջոց էր։ Երբ նավապետը գերիներին հաղորդեց իմ պատասխանը, նրանք հասկացան, որ կղզու պետի հետ կատակ անել չի լինի։ Եվ, իհարկե, նրանց մնում էր մեկ բան․ ընդունել իմ պայմանը։
Պատանդներն էլ սկսեցին իրենց ընկերներին աղաչել ու համոզել, որ նավապետին չդավաճանեն։
Ահա մեր բանակի լրիվ կազմը՝ մեծ ճակատամարտի նախօրյակին․
Առաջին՝ նավապետը, նրա օգնականը և ուղևորը։
Երկրորդ՝ նավապետի երաշխավորությամբ ազատված երկու գերիները։
Երրորդ՝ դարձյալ երկուսը, նրանք, որոնք գտնվում էին իմ քողտիկում (նավապետի խնդրանքով այժմ նրանց էլ ազատություն էր տրվել)։
Չորրոդ՝ երկրորդ խմբից գերի վերցրած այն հինգ հոգին, որոնց մենք ամենից ուշ ազատություն տվինք։
Ընդամենը տասներկու մարդ, բացի այն հինգից, որոնք մնում էին նկուղում որպես պատանդներ։
Ես հարցրի նավապետին, թե արդյոք հնարավո՞ր է համարում այդպիսի փոքրիկ ուժերով հարձակվել նավի վրա։ Ես և Ուրբաթը չէինք կարող կղզուց բացակայել․ մեր ձեռքին մնում էր յոթ մարդ, որոնց մենք պետք է հսկեինք ու կերակրեինք։
Որոշեցի քարանձավում բանտարկված հինգ պատանդների դրությունը չթեթևացնել։ Օրական երկու անգամ Ուրբաթը նրանց համար ուտելիք և ջուր էր տանում և ինքն իր ձեռքով էլ կերակրում, որովհետև նույնիսկ նրանց ձեռքերը չէինք արձակել։ Իսկ մյուսներին մենք որոշ ազատություն էինք տվել։
Վերջապես որոշեցի այդ երկուսին երևալ։ Նրանց մոտ եկա նավապետի հետ։ Նավապետը նրանց ասաց, որ կղզու պետի կողմից լիազորված անձ եմ, որ կղզու պետը ինձ հանձնարարել է հսկել ռազմագերիներին, ուստի նրանք առանց իմ թույլատրության իրավունք չունեն հեռանալու և չհնազանդվրլու առաջին իսկ փորձին շղթայակապ կարվեն ու կնետվեն նահանգապետական բանտը։
Այդ ժամանակից ես երբեք ռազմագերիներին չէի երևում որպես կղզու պետ, այլ՝ ներկայանում էի որպես նրա կողմից լիազորված ամձ, ըստ որում ամեն անգամ խոսում էի պետի մասին, կայազորի, թնդանոթների ու ամրոցի մասին։
Այժմ միայն մնում էր նախապատրաստվել առաջիկա կռվին․ հիմնովին նորոգել երկու նավակները, սարքավորել դրանք և յուրաաքանչյուրի համար անձնակազմ նշանակել։
Այս բոլոր պարտականությունները դրեցի նավապետի վրա։
Նա մակույկի հրամանատար նշանակեց իր ուղևորին և նրան տվեց չորս մարդ։ Ինքը նավապետը, օգնականը և նրանց հետ հինգ նավաստի կազմում էին բարկասի անձնակազմը։
Նավապետը պնդում էր (և միանգամայն իրավացի), որ ավելի լավ է նավին մոտենալ մութ ժամանակ և հենց առաջիկա երեկոյան ճանապարհ ընկան։
Երբ կեսգիշերին մոտ նավի վրա լսեցին թիակների ճղփոցը և նավաստիների սովորության համաձայն ձայն տվին մակույկին, նավապրտը Ջիմմի Ռոյին ասաց, որ միայն նա պատասխան տա, իսկ մյուսներին հրամայեց լռել։
Ջիմմի Ռոյը ձայն տվեց, թե ինքը բերել է բոլոր նավաստիներին, բայց ուշացել են, որովհետև ստիպված են եղել երկար որոնել նրանց, ապա սկսեց երկար ու բարակ պատմել այդ կարգի զանազան մատացածին բաներ։
Մինչ նա այդպես շատախոսում էր, բարկասը ու մակույկը մոտեցան նավակողին։
Նավապետն ու նրա օգնականը առաջինը զենքը ձեռքին բարձրացան տախտակամած և իսկույն հրացանների կոթերի հարվածով տապալեցին երկու խռովարարի, որոնք ոչինչ չկասկածելով՝ դուրս էին եկել նրանց ընդառաջ։ Դրանցից մեկը նավի ատաղձագործն էր, երկրորդը՝ նավապետի մյուս օգնականը, որ անցել էր ծովահենների կողմը։
Նավապետի ամբողջ ջոկատը գործում էր համերաշխ ու քաջաբար։ Տախտակամածի վրա եղած բոլոր նավաստիները բռնվեցին, որից հետո նավապետը հրամայեց դռնակները փակել, որպեսզի մյուսները ներքևից վերև բարձրանալ չկարողանան։ Մինչ այդ, վրա հասան երկրորդ մակույկի հրամանատարն ու նավաստիները։ Նրանք գրավեցին նավի խոհանոցի մուտքը և գերի վերցրին երեք մարդու։
Երբ տախտակամածում և վերևի հարթակաում այլևս ոչ մի թշնամի չմնաց, նավապետն իր օգնականին հրամայեց անձնակազմից երեք մարդ վերցնել և ջարդել գլխավոր նավախցի դուռը, որտեղ տագնապի առաջին իսկ ձայները լսելուն պես թաքնվել էր խռովարարների ընտրած նոր նավապետը և նրա հետ երկու նավաստի ու նավի փոքրավորը։
Նրանք իրենց հետ զենք էլ էին վերցրել,այնպես որ, երբ նավապետի օգնականն իր մարդկանցով հասավ նավախցի դռանը, նրանց դիմավորեցին կրակոցներով։ Գնդակը ջարդեց նավապետի օգնականի թևը, երկու նավաստի նույնպես վիրավորվեցին, սակայն ոչ ոք չսպանվեց։
Նավապետի օգնականը գոչեց․ «Օգնությու՜ն»։ Ապա, ուշադրություն չդարձնելով իր ծանր վերքին, ատրճանակը ձեռքին ներխուժեց նավախուցը և կրակեց նոր նավապետի գլխին։ Նա վայր ընկավ առանց մի ճիչ արձակելու․ գնդակը դիպել էր բերանին։ Դրանից հետո մյուս խռովարարներն անձնատուր եղան առանց կռվի, այնպես որ այլևս ոչ մի կաթիլ արյուն չթափվեց։
Հենց որ նավապետը իր նավի տերը դարձավ, հրամայեց յոթ անգամ թնդանոթ կրակել։ Դա պայմանական նշան էր, որով ինձ իմաց էր տալիս գործի հաջող վախճանի մասին։ Այդ ազդանշանին սպասելով ես երկու ժամ նստել էի ծովի ափին և անասելի ուրախացա, երբ լսեցի այն։
Հանգստացած սրտով իսկույն վերադարձա տուն, պառկեցի և անմիջապես քնեցի, որովհետև այդ տագնապալից օրվա ընթացքում շատ էի հոգնել։
Ինձ արթնացրեց մի նոր կրակոց։ Ես վեր թռա և լսեցի, որ մեկը կանչում է ինձ․
― Պե՛տ, պե՛տ։
Իսկույն ճանաչեցի նավապետի ձայնը։ Նա կանգնած էր իմ ամրոցի վերևը, բլրի գլխին։ Ես շտապ դրեցի սանդուխքը և բարձրացա նրա մոտ։ Նա ինձ գրկեց և ասաց․
― Իմ թանկագին բարեկամ, իմ փրկիչ։ Ահա ձեր նավը։ Ձերն է այդ նավը և այն ամենը, ինչ կա մեջը։ Ձերն ենք նաև մենք բոլորս, սկսած նավապետից։
Իմ հայացքն ընկավ այն կողմը, որ նա ցույց էր տալիս․ նավն արդեն կանգնած էր ուրիշ տեղ, ափից ամենաշատը կես մղոնաչափ հեռու։
Պարզվեց, որ ծովահենների հետ հաշիվ մաքրելուց հետո իմ բարեկամ նավապետն իսկույն հրամայել է խարիսխը քաշել և համընթաց քամուց օգտվելով՝ մոտեցել էր այն ծովախորշին, որտեղ մի ժամանակ կանգնեցնում էի իմ լաստերը, ապա սպասելով մակընթացությանը՝ նա մակույկով մտել էր ծովախորշը ու շտապել ինձ մոտ, հաղորդելու, որ նավը գտնվում է, այսպես ասած, իմ դռան առաջ։
Այդ անակնկալ ուրախությունից քիչ մնաց ուշաթափվեի։
Չէ որ իմ աչքով տեսնում էի վաղուց սպասված ազատությունը։ Նա այստե՛ղ էր, ի՛մ ձեռքի մեջ։ Իմ տրամադրության տակ էր մի խոշոր նավ, որ պատրաստ էր տանելու ինձ, ուր ցանկանայի։
Ես այն աստիճան ուրախացա, որ առաջին պահին ոչինչ չկարողացա ասել նավապետին, և գետին կընկնեի, եթե նա չբռներ ինձ։
Նկատելով, որ անակնկալ երջանկությունից ուժասպառ եմ եղել, նա գրպանից հանեց ինչ֊որ դեղ, որ բերել էր ինձ համար։ Այդ դեղից մի կում անելով ես կամաց նստեցի գետնին։ Եվ թեպետ գիտակցությունս վերադարձավ, բայց և այնպես երկար ժամանակ խոսել չէի կարողանում։
Խեղճ նավապետը ինձանից պակաս չէր հուզված։
Իմ հոգեկան ուժերը վերադարձնելու համար նա հազար ու մի փաղաքշական խոսքեր էր շշնջում։ Սակայն իմ կուրծքը լիքն էր երջանկությամբ, և դժվար էի հասկանում, թե ինչ է ասում նա։ Վերջապես ուրախությունից լաց եղա և միայն դրանից հետո խոսելու ընդունակությունս վերադարձավ։ Այդ ժամանակ ես էլ իմ հերթին գրկեցի նոր բարեկամիս և ամբողջ սրտով շնորհավորեցի նրան։ Երկուսս էլ ուրախ ցնծության մեջ էինք։
Երբ մի փոքր ուշքի եկանք, նավապետն ասաց, որ ինձ համար մի քանի բան է բերել, որ բարեբախտաբար, չեն կարողացել կողղոպտել չարագործները, որոնք այնքան երկար ժամանակ նավի տերն ու տիրականան էինն դարձել։
― Կարծում եմ, որ այս իրերը այնքան էլ անօգուտ չեն լինի ձեզ համար, ― ասաց նավապետը։
Նա ձայն տվեց մակույկում մնացած իր նավաստիներին․
― Է՛յ, այստեղ քաշեցեք այն հակերը, որ մենք բերել ենք կղզու պետի համար։
Այդ իրոք որ հարուստ նվեր էր։ Նավապետն այնքան շատ բազմապիսի բաներ էր բերել ինձ համար, որ կարծես ամբողջ կյանքումս պիտի մնայի կղզու վրա։
Այդ հակերի մեջ կային տսներկու խոշոր կտոր աղած միս, վեց կտոր ապուխտ, մի պարկ սիսեռ, մոտ հարյուր ֆունտ պաքսիմատ։ Նա ինձ համար բերել էր նաև մի արկղ շաքար, մի արկղ ալյուր, մի պարկ կիտրոն և երկու շիշ կիտրոնահյութ։
Բայց, իհարկե, ինձ համար հազար անգամ ավելի կարևոր էր հագուստը։ Ուստի շատ ուրախացա, երբ պարզվեց, որ իմ բարեկամ նավապետը ինձ համար բերել է վեց դյուժին նոր, բոլորովին մաքուր շապիկ, վեց հատ շատ լավ վզնոց, երկու ղույգ ձեռնոց, գլխարկ, կոշիկներ, գուլպաներ և մի հիանալի զգեստ, որ նավապետինն էր եղել, բայց բոլորովին նոր էր։ Մի խոսքով նա ոտից գլուխ ինձ նոր շորեր հագցրեց։
Այս նվերը շատ հաճելի էր ու օգտակար, բայց դուք չեք կարող երևակայել, թե ինչպիսի անճոռնի, անտաշ տեսք ստացա, երբ հագա այդ նոր շորերը, և թե որքան անհարմար էի զգում ինձ սկզբանական շրջանում։
Նվերները դիտելուց հետո հրամայեցի դրանք տանել իմ ամրոցը և սկսեցի նավապետի հետ խորհրդակցել, թե ինչպես վարվենք մեր գերիների հետ․ վերցնե՞նք մեզ հետ, թե թողնենք այստեղ։
― Մեզ հետ վերցնելը շատ վտանգավոր է, ― ասաց նավապետը։ ― Դրանք կատաղի արնախումներ են։ Առանձնապես անհուսալի են երկուսը, որոնք անուղղելի չարագործներ ու ավազակներ են։ Եթե նույնիսկ նրանց տանելու լինեմ ինձ հետ, ապա միայն շղթայված և դատական իշխանությունների ձեռքը պետք է հանձնել անգլիական առաջին իսկ գաղութում։
― Այդ դեպքում, ― ասացի ես, ― ստիպված կլինենք նրանց թողնել այստեղ։ Եվ ես խոստանում եմ այնպես անել, որ այդ երկու ավազակներն իրենք խնդրեն մնալ կղզում։
― Եթե ձեզ հաջողվի այդ, ― պատասխանեց նավապետը, ― ես անչափ գոհ կլինեմ։
― Լավ, ― ասացի, ― հիմա կխոսեմ նրանց հետ ձեր անունից։
Ապա ես ինձ մոտ կանչեցի Ուրբաթին և երկու պատանդներին (որոնց այժմ մենք ազատել էինք, քանի որ նրանց ընկերները կատարել էին իրենց տված խոստումը) և հրամայեցի հինգ գերիներին քարանձավից բերել քողտիկ։
Քիչ հետո ես ու նավապետն էլ գնացինք այնտեղ․ իմ նոր հագուստով էի, այս անգամ արդեն որպես կղզու պետ։ Մոտենալով ամառանոցիս ցանկապատին՝ հրամայեցի մոտ բերել կալանվորներին և հետևյալն ասացի նրանց․
― Ձեր բոլոր հանցագործութունները հայտնի են ինձ։ Ես գիտեմ, որ դուք հարձակվել եք նավի անպաշտպան ուղևորների վրա և սպանել նրանց։ Գիտեմ և այն, որ դուք ուզում էիք ծովահեն դառնալ, որպեսզի խաղաղ նավեր կողոպտեք։ Թող հայտնի լինի ձեզ, որ իմ կարգադրությամբ նավը վերադարձված է նավապետին և այն կգնա իր ճանապարհով։ Բավական է, որ հրամայեմ, և ձեզ մահապատիժ կտան որպես հանցանքի մեջ բռնված ավազակների։ Ուստի, եթե որևէ բան ունեք ասելու ձեզ արդարացնելու համար, ասացեք, որովհետև ձեզ մտադիր եմ պատժել որպես մարդասպանների ու դավաճանների։
Նրանցից մեկը բոլորի փոխարեն պատասխանեց, որ իրենց արդարացնելու համար ոչինչ չունեն ասելու։
― Բայց երբ մենք կալանավորվեցինք, նավապետը գթություն խոստացավ, և մենք խոնարհաբար խնդրում ենք ձեզ՝ ողորմած լինել, մեզ շնորհել մեր կյանքը։
― Ճիշտն ասած, չգիտեմ, թե ինչպիսի ողորմածություն կաարող եմ ցուցաբերել ձեզ, ― պատասխանեցի ես։ ― Մտադիր եմ իմ բոլոր մարդկանցով հեռանալ այս կղզուց։ Մենք մեկնում ենք Անգլիա։ Ինչ վերաբերում է ձեզ, ապա նավապետի ասելով, նա պարտավոր է ձեզ շղթայակապ անել և Անգլիա հասնելուն պես դատի տալ դավաճանության և խռովարարության համար։ Իսկ դատարանն իսկույն մահվան կդատապարտի ձեզ։ Ուրիշ դատավճիռ լինել չի կարող։ Կախաղան՝ ահա թե ինչ է ձեզ սպասում Անգլիայում։ Եվ ուրեմն, հազիվ թե ուրախ լինեք, եթե ձեզ վերցնենք մեզ հետ։ Ձեզ համար կա մեկ փրկություն․ պետք է մնաք կղզում։ Միայն այդ պայմանով կարող ենք ներում շնորհել ձեզ։
Նրանք ուրախությամբ համաձայնեցին իմ առաջարկին և երկար շնորհակալություն էին հայտնում ինձ։
― Ավելի լավ է ապրել անապատում, ― ասացին նրանք, ― քան վերադառնալ հայրենիք, որտեղ մեզ կախաղան է սպասում։
Ես հրամայեցի նրանց կապերն արձակել և ասացի․
― Գնացեք անտառ, որտեղ ձեզ բռնեցին, և մնացեք այնտեղ, մինչև ձեր հետևից մարդ կուղարկեմ։ Ես կհրամայեմ ձեզ համար թողնել որոշ զենքեր, ուտելիքի պաշար և անհրաժեշտ խորհուրդներ կտամ սկզբնական շրջանի համար։ Այստեղ դուք շատ լավ կարող եք ապրել, եթե համառորեն աշխատելու լինեք։
Այս բանակցություններից հետո տուն վերադարձա և սկսեցի պատրաստվել հեռավոր ճանապարհորդության։ Նավապետին ասացի, որ պատրաստությունների համար ինձ որոշ ժամանակ է հարկավոր և խնդրեցի, որ նա մենակ գնա նավ, իսկ առավոտյան մի մակույկ ուղարկի իմ հետևից։
Երբ նավապետը գնաց, հրամայեցի ինձ մոտ կանչել գերիներին և նրանց հետ լուրջ խոսակցություն ունեցա։
Նորից նրանց ասացի, որ իմ կարծիքով խելացի են վարվում կղզում մնալով, որովհետև եթե նավապետը նրանց տաներ հայրենիք, անպայման կախաղանի կարժանանային։
Նրանց մանրամասն պատմեցի, թե ես ինչպես եմ ընկել այս կղզին, ինչպես եմ քիչ֊քիչ բարելավել իմ տնտեսությունը, ինչպես եմ խաղող հավաքել, բրինձ ու գարի ցանել, հաց թխել սովորել։
Նրանց ցույց տվի իմ ամրությունները, իմ պահեստները, իմ դաշտերն ու արոտները, մի խոսքով ամեն ինչ արի, որ կյանքը կղզու վրա ծանր չլինի նրանց համար։
Նրանց թողի իմ ամբողջ զենքը (այսինքն հինգ մուշկետ, երեք որսորդական հրացան և երեք թուր)։ Նրանց թողի մեկ ու կես տակառ վառոդ և մանրամասն բացատրեցի, թե ինչպես կարելի է այծ որսալ, ինչպես կթել և կերակրել այծերին, որպեսզի նրանք ավելի գիրանան, ինչպես յուղ ու պանիր պատրաստել։
Այսպիսով, ստիպված եղա այդ մարդկանց պատմել կղզու վրա անցկացրած իմ քսանութ տարվա ծանր ու միայնակ կյանքի երկար պատմությունը։
Նրանցից բաժանվելիս ասացի, որ նավապետին կխնդրեմ նրանց համար թողնել էլի երկու տակառ վառոդ և բանջարեղեի սերմեր և հայտնեցի, թե ինձ համար որքան դժվար էր այդպիսի սերմեր չունենալը։
Այն մի պարկ սիսեռը, որ նավապետը բերել էր ինձ համար, նույնպես թողեցի նրանց և խորհուրդ տվեցի ամբողջ սիսեռը ցանել, որպեսզի ավելի շատանա։
Այս խոսակցության հենց հաջորդ օրը վաղ առավոտյան տեղափոխվեցի նավ։
Թեպետ և մենք շատ էինք շտապում առագաստները բարձրացնել և ճանապարհ ընկնել, այնուամենայնիվ էլի մի ամբողջ օր մնացինք խարիսխ գցած։ Հետևյալ օրը վաղ առավոտյան տեսանք, որ երկու մարդ լողում են դեպի նավը։ Պարզվեց, որ դրանք կղզում թողած հինգ մարդկանցից երկուսն էին։
― Մեզ վերցրեք ձեզ հետ, ― գոռում էին նրանք։ Ավելի լավ է կախաղան հանեցեք, բայց կղզում մի թողեք․ միևնույն է, մեր ընկերները կսպանեն մեզ։
Նավապետը նրանց խնդրանքին պատասխանեց, որ առանց իմ թույլատրության վերցնել չի կարող։ Վերջ չ վերջո մենք նրանց ընդունեցինք նավի վրա, ստիպելով հանդիսավոր երդում տալ, որ կուղղվեն և կարգին կպահեն իրենց։
Շուտով սկսվեց մակընթացությունը և ափ ուղարկեցինք մի նավակ, բարձաց այն իրերով, որ խոստացել էինք աքսորականներին։ Իմ խնդրանքով նավապետն այդ իրերին ավելացրեց նաև մի սնդուկ՝ լիքն ամեն տեսակ հագուստներով։ Աքսորականներն այդ նվերն ընդունեցին մեծ շնորհակալությամբ։
Պետք է ասել, որ աքսորականներին հրաժեշտ տալիս նրանց խոստացա չմոռանալ իրենց, ասացի, որ եթե որևէ նավահանգստում հանդիպենք նավի, որի ճանապարհն այս կողմով լինի, այդ նավի նավապետին կխնդրեմ անցնել այս կղզին և նրանց փոխադրել հայրենի երկրները։
Կղզուց հեռանալիս հիշատակի համար ինձ հետ վերցրի իմ սրածայր մեծ փափախը, որ իմ ձեռքով պատրաստել էի այծի մորթուց, վերցրի իմ հովանոցը և իմ թութակներից մեկը։ Չմոռացա վերցնել նաև դրամներս, թեև նրանք երկար ժամանակ ընկած մնալուց բոլորովին ժանգոտել էին։ Միայն հիմնովին մաքրելուց հետո նորից նմանվեցին արծաթի։ Հետո վերցրի նաև այն ոսկեդրամները, որ գտել էի իսպանական նավում։
Ինչպես նավի մատյանով պարզվեց, իմ մեկնումը տեղի ունեցավ 1686 թվականի դեկտեմբերի 19֊ին։ Այսպիսով, ես կղզում ապրել էի քսանութ տարի, երկու ամիս և տասնինը օր։
Ճանապարհին նավը կանգ առավ հարևան կղզում, իսպանացիների մոտ և նրանց էլ վերցրինք։ Նրանք շատ էին ուրախացել և արցունքն աչքներին շնորհակալություն էին հայտնում ինձ։
Սակայն, կարծում եմ, ամենից ավելի իրեն երջանիկ էր զգում Ուրբաթը, որովհետև նրա զառամայալ հայրն էլ մեզ հետ միասին ուղևորվեց հեռավոր ճանապարհորդության։