1. Ռոբինզոն Կրուզո

Chapter 26

Քսանվեցերորդ գլուխ - Ընդհարում ավազակների հետ

Այժմ, երբ ազատ էինք, կարող էի նավապետին պատմել իմ բոլոր արկածների ու նեղությունների մասին և հարցուփորձ անել նրան այն տխուր դեպքերի մասին, որոնց հետևանքով նա զրկվել էր իր նավից։

Ես առաջինն սկսեցի։ Պատմեցի նրան իմ կյանքի վերջին քսանյոթ տարվա ամբողջ պատմությունը։ Նա լսում էր ագահ հետաքրքրությամբ և զարմանում, թե ինչպիսի հրաշք պատահականություն է ինձ հնարավորություն տվել ազատվելու անխուսափելի մահից։

Այժմ, երբ նա գիտեր անմարդաբնակ կղզում անցկացրած իմ կյանքի բոլոր մանրամասները, նրան ու իր ընկերներին հրավիրեցի իմ ամրոցը, ուր մենք մտանք իմ սովորական ճանապարհով, այսինքն՝ շարժական սանդուղքով։ Ես իմ հյուրերին առատ կերակրեցի, ապա նրանց ցույց տվեցի իմ տնտեսությունը այն բոլոր հնարամիտ հարմարություններով, որոնք պատրաստել էի իմ մենակության երկար տարիների ընթացքում։

Այն ամենը, ինչ այդ մարդիկ տեսան այստեղ, հրաշք էր թվում նրանց։ Այն ամենը, ինչ ես պատմում էի իմ մասին, նրանք լսում էին ինչպես կախարդական հեքիաթ։ Բայց նրանց ամենից ավելի զարմացրեց իմ կառուցած ամրությունը և այն, թե ինչպես վարպետորեն էի իմ բնակարանը թաքցրել խիտ անտառում։ Որովհետև ծառերն այստեղ ավելի արագ են աճում, քան Անգլիայում, քսան տարվա ընթացքում իմ պուրակը մի խիտ ու մթին անտառ էր դարձել։ Դեպի իմ տունը գնալ կարելի էր միայն մի նեղ, գալարուն կացանով, որ թողել էի ծառերը տնկելիս։

Նավապետին բացատրեցի, որ այս ամրոցը իմ գլխավոր նստավայրն է, սակայն, ինչպես ամեն մի թագավոր, մայրաքաղաքից հեռու ունեմ իմ ամառային պալատը, որին երբեմն արժանացնում եմ իմ այցելությանը։

― Ես, իհարկե, սիրով իմ ամառանոցը ցույց կտամ, ― ասացի, ― բայց այժմ մեր առաջ շատ ավելի կարևոր խնդիր է դրված․ պետք է մտածել, թե նավը ինչպես խլենք թշնամիների ձեռքից։

― Ուղղակի չեմ կարողանում մտածել, թե ինչպես պիտի անենք, ― ասաց նավապետը։ ― Նավի վրա մնացել են էլի քսանվեց մարդ։ Նրանք բոլորն էլ խառն են դավադրությանը, այսինքն այնպիսի մի հանցանքի, որի համար մեր օրենքներով մահապատիժ է սպառնում։ Ավազակներին շատ լավ հայտնի է, որ եթե անձնատուր լինեն, Անգլիա վերադառնալուն պես կախաղան են բարձրանալու։ Քանի որ նրանք կորցնելու ոչինչ չունեն, ուրեմն կպաշտպանվեն մինչև վերջին շունչը։ Իսկ այդպիսի պայմաններում մեզ համար, մեր թույլ ուժերով, անհնարին է կռվի մեջ մտնել նրանց հետ։

Ես մտքի մեջ ընկա։ Նավապետի ասածներն ինձ լիովին հիմնավոր էին թվում։ Հարկավոր էր հնարավորին չափ շուտ մի որևէ վճռական բան մտածել։ Ամեն մի հապաղում մեզ մահ էր սպառնում։ Նավից կարող էր ավազկների մի նոր խումբ գալ և մեզ բոլորիս կոտորել։ Ամենից ավելի լավն էր խորամանկությամբ նրանց քաշել ծուղակի մեջ և անակնկալ հարձակում գործել։ Բայց ինչպե՞ս անել։ Ամեն րոպե նրանք կարող էին կղզի գալ։

― Հավանորեն, ― ասացի նավապետին, ― նավի վրա արդեն անհանգստացած կլինեն, թե ինչու այսքան ժամանակ մակույկը չի վերադառնում։ Շուտով կուզեն իմանալ, թե ինչ եղան ափ ուղարկված նավաստիները և մի ուրիշ մակույկ էլ կուղարկեն։ Այս անգամ զինված մարդիկ կգան, և մեզ համար հեշտ չի լինի կռվել նրանց դեմ։

Նավապետը լիովին համաձայնեց ինձ հետ։

― Ամենից առաջ, ― շարունակեցի ես, ― մենք պետք է հոգանք, որ ավազակները չկարողանան հետ տանել բարկասը, իսկ դրա համար հարկավոր է այն անպետքացնել նավարկության համար, այսինքն՝ հատակը ծակել։

Մենք իսկույն շտապեցինք բարկասի մոտ։ Դա մի խոշոր նավակ էր՝ կլոր կողերով։ Նրա մեջ շատ բարիք գտնվեց։ Այնտեղ կար զենք, վառոդ, երկու շիշ՝ մեկը օղի, մյուսը՝ ռոմ, մի քանի պաքսիմատ, մի մեծ կտոր շաքար (մոտ հինգ֊վեց ֆունտ), որ փաթաթված էր քաթանի մեջ։ Այս ամենը շատ անհրաժեշտ էր, մանավանդ օղին ու պաքսիմատը․ երկար ժամանակ ոչ օղի էի խմել, ոչ էլ պաքսիմատ կերել։

Այս ամբողջ բեռը ափ հանեցինք, վերցրինք մեզ հետ թիերը, առագաստը և ղեկը, ապա բարկասի հատակում մի մեծ ծակ բացինք։ Այսպիսով, եթե թշնամին մեզանից էլ ուժեղ դուրս գար, և մենք չկարողանայինք հաղթել, այնուամենայնիվ բարկասը կմնար մեր ձեռքում, իսկ ես, ճիշտն ասած, ամենից ավելի հենց դրա վրա հույս ունեի։

Խոստովանում եմ, այնքան էլ չէի հավատում, թե մեզ կհաջողվի նավը խլել ավազակներից։ «Բայց թող բարկասը մեզ մնա, ― ասում էի ինքս ինձ։ Հետո նորոգելը դժվար չի լինի, իսկ այդպիսի նավով հեշտությամբ կարող եմ հասնել Հողմահար կղզիներին։ Ճանապարհին նույնիսկ կարող եմ այցելել իմ իսպանացուն և նրա հայրենակիցներին, որոնք տառապում են մարդակերների մեջ»։

Երբ մենք միացյալ ուժերով բարկասը քաշեցինք այնպիսի մի ապահով տեղ, ուր մակընթացությունը չէր հասնի, նստեցինք հանգստանալու և խորհրդալցելու, թե էլի ի՛նչ պիտի անենք։

Հանկարծ նավից թնդանոթաձգություն լսեցինք։ Նավի վրա սկսեցին դրոշակներ թափահարել։ Դա, ըստ երևույթին, բարկասը հետ կանչելու ազդանշան էր։

Քիչ անց էլի մի քանի կրակոց լսվեց։ Դրոշակները թափահարում էին անդադար, բայց այդ բոլոր ազդանշանները մնում էին անպատասխան․ բարկասը տեղից չէր շարժվում։ Վերջապես նավից մի նոր մակույկ իջեցրին (այս ամենը դիտափողով շատ լավ երևում էր)։ Մակույկն ուղղվեց դեպի ափ և երբ մոտեցավ, մենք տեսանք, որ նրա մեջ առնավազն տասը մարդ կա՝ զինված հրացաններով։

Նավից մինչև ափը վեց մղոն էր, այնպես որ մենք առանց շտապելու կարող էինք դիտել մակույկում նստած մարդկանց։

Մենք նույնիսկ կարող էինք տեսնել նրանց դեմքերը, որովհետև հոսանքը մակույկը քշել էր մի փոքր դեպի արևելք այն տեղից, որտեղ կանգնած էր բարկասը, իսկ թիավարողներն, ըստ երևույթին, ուզում էին հենց բարկասի մոտ ափ դուրս գալ, դրա համար էլ միառժամանակ թիավարում էին ափի երկարությամբ։ Ահա հենց այդ ժամանակ էլ մենք լավ դիտեցինք նրանց դեմքերը։ Նավապետը ճանաչում էր յուրաքանչյուրին և ամեն մեկի մասին իր կարծիքն էր հայտնում։

Նավապետի ասելով նրանց մեջ կային երեք շատ ազնիվ նավաստի․ նա հավատացած էր, որ նրանց դավադրության մեջ են քաշել իրենց կամքին հակառակ, սպառնալիքների ու բռնության միջոցով, բայց բոցմանը և մյուս նավաստիները իսկական չարագործներ ու ավազակներ են։

― Վախենում եմ, որ սրանց ընկճել չկարողանանք, ― ավելացրեց նավապետը։ ― Բոլորն էլ կատաղի մարդիկ են և այժմ, երբ իմանան, որ մենք դեռ դիմադրում ենք, էլ մեզ գթություն չի լինի։ Նույնիսկ մտածելը սոսկալի է, թե ինչ կանեն մեզ։

Ես քմծիծաղ տվի և պատասխանեցի․

― Ինչու՞ եք խոսում վախի մասին։ Մի՞թե մենք վախենալու իրավունք ունենք։ Չէ՞ որ ապագան ինչ էլ որ բերելու լինի, մեր ներկա կյանքից լավը կլինի, հետևապես, այս դրությունից ամեն մի ելք, նույնիսկ մահը, մենք պետք է փրկություն համարենք։ Հիշեցեք թեկուզ միայն այն, թե ես ինչ ապրումներ եմ ունեցել այստեղ, միայնության մեջ։ Հե՞շտ բան է քսանյոթ տարի կտրված լինել աշխարհից։ Մի՞թե, սըր, դուք չեք գտնում, որ արժե կյանքը վտանգի ենթարկել փրկության համար։ Ոչ, ― շարունակեցի ես, ― վտանգը ինձ չի մտահոգում․ մտահոգում է ուրիշ բան։

― Ի՞նչ բան, ― հարցրեց նա։

Այն, որ դուք ասում եք այս մարդկանց մեջ կան երեք թե չորս ազնիվ նավաստիներ, որոնց մենք պետք է խնայենք։ Եթե նրանք բոլորն էլ ոճրագործ լինեն, ես ոչ մի րոպե չէի տարակուսի, որ իրավունք ունեմ բոլորին ոչնչացնելու։ Իսկ որ մենք կարող ենք հաղթել նրանց, դրան լիովին հավատացած եմ, որովհետև ով էլ մտնի այս կղզին, մեր իշխանության տակ է, և մեզանից կախված կլինի՝ սպանել նրան, թե շնորհել կյանքը։

Ես խոսում էի բարձր ձայնով և ուրախ դեմքով։ Հաղթանակի իմ համոզմունքը հաղորդվեց նաև նավապետին և մենք ջերմորեն գործի անցանք։

Դեռ առաջուց, երբ նավից սկսեցին մակույկ իջեցնել, մենք հոգացել էինք, որ գերիներին հեռու տեղ թաքցնենք։ Երկուսին, որոնք նավապետի ասելով ամենավտանգավորն էին, ես Ուրբաթի ու նավապետի օգնականի ուղեկցությամբ ուղարկել էի իմ քարայրը։ Այդ բանտից դուրս պրծնելը հեշտ բան չէր, իսկ եթե նույնիսկ որևէ հրաշքով նրանց հաջողվի դուրս գալ, միևնույն է, կմոլորվեն ամրոցը շրջապատող անտառում։ Նրանց գործակիցների ձայնն այստեղ հասնել չէր կարող, և այստեղից անկարելի էր տեսնել, թե ինչ է կատարվում կղզու վրա։ Այստեղ նրանց նորից կապկպեցին, բայց Ուրբաթը լավ կերակրեց և մի քանի մոմ վառեց նկուղում, իսկ նավապետի օգնականը հայտարարեց, որ եթե իրենց լավ պահեն, երկու֊երեք օրից ազատություն կստանան։

― Սակայն, ― ավելացրեց նա, ― եթե ցանկանաք փախչել, ապա առաջին իսկ փորձի ժամանակ ձեզ անխնա կգնդակահարեն։

Նրանք խոստացան համբերությամբ տանել իրենց բանտարկությունը և ջերմ շնորհակալություն հայտնեցին, որ իրենց չթողեցին անսնունդ ու անլույս։

Կալանավորների վրա դուռը փակելով՝ Ուրբաթն իսկույն վերադարձավ ինձ մոտ․ բայց նրանք կարծում էին, թե նա դուրսը կանգնած իրենց է հսկում։

Մյուս չորս գերիների հետ այդքան խիստ չվարվեցինք։ Ճիշտ է, երկուսին միառժամանակ կապկպած թողինք, որովհետև նավապետը նրանց համար չէր երաշխավորում, բայց մյուս երկուսին նույնիսկ նավապետի հատուկ հանձնարարությամբ ես ծառայության ընդունեցի։ Երկուսն էլ ինձ երդում տվին, որ կծառայեն ազնվաբար ու հավատարիմ։

Այսպիսով, հաշված այդ երկու նավաստիներին և նավապետին՝ իր երկու ընկերներով, այժմ մենք յոթ հոգի էինք, լավ զինված, և չէի կասկածում, որ առանց դժվարության կհաղթենք այն տասը քաջերին, որոնք հիմա պիտի գային։ Մանավանդ որ, նավապետի ասելով, նրանց մեջ կային չորս մարդ, որոնց նկատմամբ կարող էինք հույս ունենալ, որ մեր կողմը կքաշենք։

Մոտենալով կղզու այն ափին, որտեղ իրենց բարկասն էր կանգնած, ավազակները կանգ առան, նավակից դուրս եկան և քաշեցին ափը, որ ինձ շատ ուրախացրեց։ Ճիշտն ասած՝ վախենում էի, որ նրանք զգուշության համար խարիսխ կգցեն առանց ափին մոտենալու և երկու֊երեք նավաաստի կթողնեն նավակը պահելու համար, իսկ այդ դեպքում մենք նավակը գրավել չէինք կարողանա։

Ափ դուրս գալով՝ նրանք ամենից առաջ վազեցին իրենց բարկասի մոտ։ Դժվար չէ պատկերացնել նրանց զարմանքը, երբ տեսան, որ բարկասի սարքերը չկան, ամբողջ բեռը չքացել է, իսկ հատակին էլ մի մեծ ծակ է բացված։

Նրանք խմբվեցին բարկասի շուրջը և երկար ժամանակ խոսում էին իրար հետ, տաք֊տաք քննարկելով, թե ինչ աղետ է պատահել իրենց նավակին, ապա սկսեցին բարձր ձայնով կանչել իրենց ընկերներին։ Սակայն ոչ մի պատասխան չստացան։

Այն ժամանակ նրանք կանգնեցին շրջանաձև և մի հրամանով համազարկ տվին բոլոր հրացաններից։ Անտառի արձագանքն ընդունեց նրանց կրակոցը և կրկնեց մի քանի անգամ։ Սակայն այդ էլ արդյունք չտվեց․ նկուղում նստածները կրակոցը լսել չէին կարող, իսկ նրանք, որոնք մեզ հետ էին, թեև լսում էին կրակոցը, բայց չէին համարձակվում պատասխանել։

Ավազակները համոզվելով, որ իրենց կանչերին պատասխանող չկա, շատ վախեցան և որոշեցին անմիջապես վերադառնալ նավ և մյուսներին հայտնել, որ բարկասի հատակը ծակված է, իսկ կղզին գնացած մարդիկ սպանված են, հակառակ դեպքում նրանք կպատասխանեին կանչերին։

Նավապետը, որ մինչ այդ դեռ հույս ուներ, որ մեզ կհաջողվի նավը գրավել, այժմ վերջնականապես վհատվեց։

― Ամեն ինչ կորած է, ― ասաց նա թախիծով։ ― Հենց որ նավի վրա իմանան, որ կղզին եկած նավաստիները անհետացել են, նոր նավապետը խարիսխը քաշելու հրաման կտա և այն ժամանակ՝ մնաս բարով, իմ նավ։

Սակայն շուտով պատահեց մի դեպք, որն ավելի վախեցրեց նավապետին։

Դեռ տասը րոպե չանցած՝ մեկ էլ տեսանք, որ ափից հեռացող նավակը հանկարծ հետ դարձավ և նորից ուղղվեց դեպի մեր կղզին։ Երևի ճանապարհին նավաստիները խոսել էին միմյանց հետ և մի նոր ծրագիր կազմել։

Մենք լուռ դիտում էինք նրանց։

Կանգ առնելով ափի մոտ՝ նրանք երեք հոգի թողին մակույկում, մյուս յոթը քարքարոտ ափով վեր բարձրացան և ուղղվեցին դեպի կղզու խորքը՝ երևի կորած ընկերներին որոնելու։

Այդ բանը մեզ խիստ անհանգստացրեց։

Եթե նույնիսկ մեզ հաջողվեր ափ իջաց յոթ հոգուն բռնել, մեր հաղթությունը շատ անպտուղ կլիներ, որովհետև մեր ձեռքից կփախչեր մակույկը՝ մյուս երեքի հետ։ Իսկ նրանք նավ վերադառնալով կպատմեին ընկերներին տեղի ունեցած դժբախտության մասին։ Նավն անհապաղ խարիսխը կքաշեր ու կգնար, և մեր հույսն էլ ընդմիշտ կկորչեր։

Ի՞նչ պետք է անել։ Մեզ ուրիշ բան չէր մնում բացի այն, որ համբերությամբ սպասում էինք, թե ինչով կվերջանա այս ամենը։ Յոթ նավաստիների ափ իջնելուց հետո նավակը մյուս երեք նավաստիները բավական հեռացրին ափից և խարիսխ գցեցին, այնպես որ մեզ համար անհնարին դարձավ գրավելն ու թաքցնելը։

Ափ իջաց նավաստիներն, ըստ երևույթին, որոշել էին չցրվել։ Նրանք քայլում էին կողք կողքի, բարձրացան մի թմբի, ապա սկսեցին մագլցել այն բլուրը, որի տակ գտնվում էր իմ տունը։ Մենք նրանց շատ լավ տեսնում էինք, բայց նրանք մեզ տեսնել չէին կարող։ Մենք շատ ուրախ կլինեինք, եթե այնքան մոտենային մեզ, որ մենք կարողանայինք կրակել նրանց վրա։

Մենք հույս ունեինք, որ նրանք, համենայն դեպս, կգնան կղզու հակառակ ափը, որովհետև, քանի դեռ նրանք այս կողմումն էին, մենք ամրոցից քթներս դուրս հանել չէինք կարող։ Սակայն, հասնելով բլրի գագաթը, որտեղից տեսարան էր բացվում դեպի կղզու հյուսիս֊ արևելյան մասը, դեպի անտառներն ու հովիտները, նրանք կանգ առան և նորից սկսեցին բարձր ձայնով կանչել։

Վերջապես, պատասխան չստանալով և, երևի վախենալով, որ կարող են շատ հեռանալ ափից, նրանք նստեցին մի ծառի տակ և սկսեցին խորհրդակցել։ Շատ լավ կլիներ, եթե պառկեին և քնեին, ինչպես արին առավոտյան եկած ավազակները, որի շնորհիվ մենք հեշտությամբ հաշիվ տեսանք նրանց հետ։ Բայց սրանք քնելու մասին չէին էլ մտածում։ Զգում էին, որ կղզու վրա ինչ֊որ վատ բան է կատարվում, և որոշել էին զգույշ լինել, թեկուզ և չգիտեին ինչ վտանգ է սպառնում իրենց և որտեղից կարող է գալ։

Տեսնելով, որ նրանք խորհրդակցում են, նավապետը մի շատ կարևոր միտք հայտնեց։

― Շատ հնարավոր է, ― ասաց նա, ― որ նրանք կորոշեն մեկ անգամ էլ ազդանշան տալ իրենց կորած ընկերներին և բոլորը միասին կկրակեն հրացանները։ Լավ կլինի, որ մենք նրանց վրա հարձակվենք հենց այդ պահին, երբ նրանց հրացանները դատարկ կլինեն։ Այդ դեպքում նրանք ուրիշ անելիք չեն ունենա, բացի անձնատուր լինելուց և գործը կվերջանա առանց արյունի։

Այդ ծրագիրը իմ կարծիքով վատ չէր, սակայն, որպեսզի մեզ այդ հաջողվեր, հարկավոր էր, որ այժմ մենք շատ մոտիկ լինեինք թշնամիներին։ Չէ՞ որ պետք է նրանց վրա հարձակվեինք ճիշտ այն րոպեին, երբ նրանք համազարկ կտային։ Բայց նրանք այնքան էին հեռու մեզանից, որ հարձակվելու մասին մտածելն էլ ավելորդ էր։

Ասենք՝ նրանք համազարկ էլ չտվին։

Երկար ժամանակ մենք նստել էինք դարանում և չգիտեինք՝ ինչ անենք։

Վերջապես ես ասացի․

― Իմ կարծիքով մինչև մութն ընկնելը մենք ոչինչ չենք կարող անել։ Իսկ գիշերը, եթե այս յոթ նավաստին նավակ չվերադառնան, մենք կարող ենք աննկատելիորեն մոտենալ ծովին և որևէ խորամանկությամբ նավակում եղած երեք հոգուն դուրս բերել ու բռնել։

Երկար ժամանակ մենք նստել էինք դարանում և անհամբերությամբ սպասում էինք, թե ավազակները երբ տեղից կշարժվեն։ Թվում էր, թե նրանց խորհրդակցությունը վերջ չի ունենալու։

Հանկարծ նրանք բոլորը միանգամից վեր թռան տեղից և ուղիղ դեպի ծովափ գնացին։ Հավանորեն մտածել էին, որ կղզում մնալը վտանգավոր է և որոշել էին վերադառնալ նավ, առանց գտնելու իրենց կորած ընկերներին։

«Մեր բանը վատ է, ― մրածեցի ես։ ― Ինչպես երևում է, մենք պետք է ընդմիշտ հրաժեշտ տանք նավին»։

Ես իմ այդ կարծիքը հայտնեցի նավապետին։ Նա այնպես հուսահատվեց, որ քիչ մնաց պիտի ուշաթափվեր։

Բայց այդ ժամանակ մտածեցի մի ռազմական խորմանկություն, որը և գործի դրեցի։ Սա մի բարդ խորամանկություն չէր, բայց իմ ծրագիրը հիանալի հաջողվեց։

Ինձ մոտ կանչելով Ուրբաթին ու նավապետի օգնականին՝ նրանց հրամայեցի իջնել ծովախորշը (այն նույն ծովախորշը, որով մի ժամանակ լողալով անցել էր Ուրբաթը, երբ մարդակերները հետապնդում էին նրան), ապա կես մղոնաչափ գնալ դեպի արևմուտք, բարձրանալ բլուրի գլուխը և ամբողջ ուժով գոռալ այնպես, որ նավակի մոտ վերադարձող նավաստիները լսեն նրանց։ Իսկ երբ նավաստիները ձայն կտան, վազել մի ուրիշ տեղ ու նորից գոռալ, կանչել, և այդպես շարունակ տեղը փոխելով, թշնամիներին ավելի ու ավելի դեպի կղզու խորքը քաշել, մինչև որ նրանք կմոլորվեն անտառում, որից հետո կարճ ճանապրհով վերադառնալ այստեղ, ինձ մոտ։

Նավաստիներն արդեն նավակ էին նստել և պատրաստ էին մեկնոլու, երբ հանկարծ ծովախորշի կողմից բարձր աղաղակներ լսվեցին․ գոռում էին Որբաթն և նավապետի օգնականը։

Հենց որ ավազակները նրանց ձայնը լսեցին, իսկույն արձագանքեցին և ամբողջ ուժով սկսեցին վազել ձայների կողմը, սակայն ծովախորշը նրանց առաջը կտրեց, որովհետև մակընթացության պահն էր, և ծովախորշում շատ բարձր ջուր էր կանգնած։ Այն ժամանակ նրանք մակույկում մնացածներին կանչեցին և պահանջեցին մակույկը բերել, որպեսզի անցնեն ծովախորշը։

Ես հենց դրան էլ սպասում էի։

Նրանք մակույկով ծովախորշն անցան և առաջ վազեցին՝ իրենց հետ վերցնելով ևս մեկ մարդու։ Այսպիաով մակույկում մնացին միայն երկու հոգի։ Տեսա, ինչպես նրանք մակույկը տարան ծովախորշի ծայրը, ցամաքին մոտիկ և այնտեղ կապեցին մի բարակ ծառից։

Այդ բանն ինձ շատ ուրախացրեց։ Որբաթին ու նավապետի օգնականին թողնելով, որ իրենց գործն անեն՝ մյուսներին հրամայեցի հետևել ինձ։

Բարձր ու խիտ թփուտի մեջ թաքնվելով մենք շրջանցեցինք ծովախորշը և անակնկալ կերպով դուրս եկանք այն ավազակների առաջ, որոնք մնացել էին ծովափին։ Նրանցից մեկը նստած էր մակույկում, մյուսը ափին պառկած՝ ննջում էր։ Մեզ տեսնելով իրենից երեք քայլ հեռավորությանբ վրա՝ նա ուզեց վեր թռչել և փախչել, սակայն առջևում գտնվող նավապետը հարձակվեց նրա վրա և հրացանի կոթով հարվածեց նրա գլխին։ Ապա մյուս նավաստուն ուշքի գալու ժամանակ չտալով՝ բղավեց նրա վրա․

―Անձնատուր եղի՛ր, եթե չես ուզում մեռնել։

Այդ այն նավաստիներից մեկն էր, որոնց մասին նավապետն ասում էր, որ դավադիրներին միացել են ոչ թե իրենց կամքով, այլ՝ բռնությանը ենթարկվելով։ Նա մեր առաջին իսկ պահանջով ոչ միայն անձնատուր եղավ, այլև ինքն իսկույն ցանկություն հայտնեց մտնելու մեր ջոկատը։ Շուտով նա իր արարքներով ապացուցեց, որ արժանի էր մեր վստահությանը։

Այդ միևնույն ժամանակ Ուրբաթը և նավապեետի օգնականը շարունակում էին գոռալ ու կանչել։ Արձագանքելով նավաստիների կանչերին՝ նրանք բլուրից բլուր, անտառից անտառ անցան, մինչև որ հասցրին այնպիսի մի թավուտ, որտեղից մինչ մութն ընկնելը ափ դուրս գալ անհնար էր։ Կարելի է երևակայել, թե նրանք որքա՜ն էին տանջել ու հոգնեցրել թշնամուն, երբ մեզ մոտ վերադարձան սոսկալի հոգնած։

Այժմ մեզ մնում էր միայն հսկել ավազակներին, մինչև նրանք վերադառնան մակույկի մոտ և խավարի մեջ անակնկալ հարձակում գործելով շշմեցնել նրանց ու ստիպել գերի հանձնվել։

Նրանք շուտ չվերադարձան։ Մենք ստիպված եղանք սպասել մի քանի ժամ։ Մեկ էլ լսեցինք, որ նրանք դանդաղորեն մոտենում են ափին։ Քայլում էին զատ֊զատ, միմյանցից հեռու։ Առջևինները հետ մնացողներին ձայն էին տալիս․

― Արա՛գ եկեք։

Իսկ նրանք պատասխանում էին․

― Չենք կարող, հոգնածությունից վայր ենք ընկնում։

Այդ մեզ ձեռնտու էր։

Վերջապես նրանք մոտեցան ծովախորշին։ Այդ մի քանի ժամվա ընթացքում տեղատվություն էր սկսվել, և ծառից կապված մակույկը մնացել էր ցամաքի վրա։

Անկարելի է նկարագրել, թե ինչպես շշմեցին ավազակները, երբ տեսան, որ նավակը ծանծաղուտի մեջ է խրվել, իսկ մարդիկ անհետացել են։ Զարհուրելի աղաղակներով նրանք վազվզում էին ծովափին և անիծում իրենց բախտը։ Ասում էին, որ իրենք ընկել են կախարդված կղզի, որ այստեղ կամ ավազակներ կան, որոնք իրենց բոլորին կկոտորեն, կամ սատանաներ, որոնք բոլորին ողջ֊ողջ կխժռեն։

Մի քանի անգամ նրանք ձայն տվեցին իրենց ընկերներին, կանչելով նրանց անուն առ անուն, սակայն, հասկանալի է, պատասխան չստացան։

Երեկոյան աղջամուղջի մեջ երևում էր, թե ինչպես նրանք հետ ու առաջ էին վազվզում՝ հուսահատությունից տրորելով իրենց ձեռքերը։ Այս աննպատակ վազվզոցից հոգնելով՝ ավազակները նետվեցին մակույկի մեջ, որպեսզի մի փոքր շունչ առնեն, բայց դեռ մի րոպե չանցած՝ նորից ափ ցատկեցին և էլի սկսեցին հետ ու առաջ վազվզել։

Իմ ընկերները ինձ խնդրում էին թույլատրել, որ մութն ընկնելուն պես հարձակվեն նրանց վրա։ Բայց ես չէի ուզում այդքան արյուն թափել և որոշեցի խռովարարների հետ հաշիվ մաքրել ավելի խաղաղ ճանապարհով։ Իսկ գլխավորն այն է, որ գիտեի՝ թշնամին զինված է ոտքից գլուխ, և չէի ուզում իմ մարդկանցից որևէ մեկի կյանքը վտանգի ենթարկել։ Հարկավոր էր սպասել, գուցե թշնամու ուժերը կբաժանվեն երկու֊երեք խմբի, իսկ մինչ այդ իմ զորքին հրամայեցի պաշարել թշնամուն։

Ուրբաթին ու նավապետին առաջ ուղարկեցի։ Նրանք պետք է չոքեչոք, գաղտագողի մոտենային ավազակներին, որպեսզի պետք եղած դեպքում դեմ առ դեմ կրակեն։

Բայց նրանք երկար չսողացին․ հանկարծ դեմ առան մյուսներից պատահաբար անջատված երեք ավազակի, որոնց մեջ էր նաև բոցմանը, որը, ինչպես ասել ենք, խռովության գլխավոր նախաձեռնողն էր եղել, իսկ այժմ իրեն պահում էր որպես ամենահետին վախկոտ։

Հենց որ նավապետը լսեց իր բոլոր ձախորդությունների գլխավոր հանցավորի ձայնը և հասկավավ, որ նա բռի մեջ է, այնպիսի կատաղության հասավ, որ տեղից վեր թռավ և կրակեց ուղիղ ոճրագործի կրծքին։ Այդ ժամանակ, իհարկե, կրակեց նաև Ուրբաթը։

Բոցմանը տեղնուտեղը սպանվեց, մյուս ավազակը ծանր վիրավորվեց (նա մեռավ երկու ժամ հետո), իսկ երրորդին հաջողվեց փախչել։

Կրակոցները լսելուն պես առաջ տարա իմ բանակի գլխավոր մասը, որի թիվն այժմ հասնում էր ութ մարդու։ Ահա նրա լրիվ կազմը․ ես՝ առաջին ֆելդմարշալ, Ուրբաթը՝ գեներալ֊լեյտենանտ, ապա նավապետը երկու սպաների հետ և երեք շարքային, այն գերիները, որոնց մենք զենք էինք վստահել։

Երբ մենք մոտեցանք թշնամուն, արդեն բոլորովին մութն էր, այնպես որ չէր կարելի որոշել, թե մենք քանի հոգի ենք։

Ինձ մոտ կանչեցի ռազմագերիներից մեկին, այն նույն նավաստուն, որին ավազակները թողել էին մակույկում (այժմ նա կռվում էր մեր շարքերում), և հրամայեցի անուն առ անուն կանչել իր նախկին ընկերներին։

Ուզում էի կրակելուց առաջ բանակցությունների մեջ մտնել նրանց հետ և հաջողության դեպքում գործը խաղաղությամբ վերջացնել։ Իմ փորձը լիովին հաջողվեց։ Ասենք, ուրիշ կերպ լինել չէր էլ կարող․ թշնամիները հուսահատության էին հասել, նրանց մնում էր միայն անձնատուր լինել։

Եվ այսպես, իմ նավաստին կոկորդով մեկ գոռաց․

― Թոմ Սմի՜տ, Թոմ Սմի՜տ։

Թոմ Սմիտն իսկույն պատասխանեց․

― Ո՞վ է կանչում։ Այդ դու՞ ես, Ջիմմի Ռոյ։

Նա երևի ձայնից ճանաչեց նավաստուն։ Ջիմմի Ռոյը պատասխանեց․

― Ես եմ, ես, Թոմ Սմի՜թ։ Նետիր զենքդ և անձնատուր եղիր, թե չէ՝ դուք կորած եք։ Մի րոպեում ձեզ բոլորիդ կկոտորեն։

― Բայց ու՞մ անձնատուր լինենք։ Ո՞վ կա, որտե՞ղ են նրանք, ― ձայն տվեց Թոմ Սմիթը։

― Այստեղ, ― պատասխանեց Ջիմմի Ռոյը։ ― Հիսուն մարդ են այստեղ, նրանց հետ էլ մեր նավապետն է։ Ահա արդեն երկու ժամ է, որ նրանք հետապնդում են ձեզ։ Բոցմանն սպանված է, Բիլ Ֆրեյը վիրավորված է, իսկ ինձ գերի են վերցրել։ Եթե հենց այս րոպեին անձնատուր չլինեք, հրաժեշտ տվեք կյանքին․ ձեզ փրկություն չի լինի։

Այն ժամանակ Թոմ Սմիթը ձայն տվեց․

― Հարցրու դրանց, կներե՞ն մեզ արդյոք։ Եթե այո, մենք իսկույն անձնատուր կլինենք։ Այդպես էլ ասա իրենց։

― Լավ, կհարցնեմ, ― պատասխանեց Ջիմմի Ռոյը։

Բայց այդ ժամանակ բանակցությունների մեջ մտավ ինքը՝ նավապետը։

― Է՛յ, Սմիտ, ― կանչեց նա։ ― Դու ճանաչու՞մ ես իմ ձայնը։ Դե լսի՛ր, եթե դուք իսկույն զենքը ցած դնեք և անձնատուր լինեք, խոստանում եմ խնայել բոլորիդ կյանքը, բացի Բիլլ Ատկինսից։

― Նավապետ, աստծու սիրուն, ի՛նձ էլ ողորմացեք, ― աղաղակեց Բիլլ Ատկինսը։ ― Ես ինչո՞վ եմ վատ մյուսներից։ Ուրիշներն էլ այնպես հանցավոր են, ինչպես ես։

Դա կատարյալ սուտ էր, որովհետև Բիլլ Ատկինսը որպես իսկական ծովահեն ու ավազակ՝ վաղուց նավաստիներին համոզում էր զբաղվել ծովային կողոպուտներով, իսկ երբ խռովություն սկսվեց, առաջինը նա էր, որ հարձակվեց նավապետի վրա և կապկպեց ձեռքերը, հայհոյելով և վիրավորելով նրան։ Դրա համար էլ նավապետը Բիլլ Ատկինսիսն ասաց, որ նա անձնատուր լինի առանց որևէ պայմանի, իսկ հետո արդեն կղզու պետը կվճռի, թե կյանք կտա նրան, թե՝ մահ։ (Կղզու պետը ես էի․ այժմ բոլորն ինձ այդպես էին հորջորջում)։

Բիլլ Ատկինսն ստիպված եղավ զիջել։

Comments