1. Ռոբինզոն Կրուզո

Chapter 23

Քսաներեքերորդ գլուխ - Ռոբինզոնը ազատում է իսպանացուն։ Ուրբաթը գտնում է իր հորը

Խարույկի մոտ խիտ սեղմված իրար՝ նստած էին վայրենիները։ Նրանք տասնինը հոգի էին։ Մի փոքր հեռու կապկպված եվրոպացու վրա կռացած կանգնած էին էլի երկուսը։ Երևում էր, որ նրանց հենց նոր ուղարկել էին գերու հետևից։ Նրանք պետք է գերուն սպանեին, մաս֊մաս անեին և նրա մսի կտորները բաժանեին քեֆ անողներին։

Ես դարձա դեպի Ուրբաթը․

― Նայիր ինձ, ― ասացի, ― ինչ որ անեմ, նույնն էլ դու արա։

Այս ասելով ես գետնին դրի մուշկետներից մեկը և որսորդական հրացանը, իսկ մյուս մուշկետով նշան բռնեցի վայրենիներին։ Ուրբաթը միևնույնն արեց։

― Պատրա՞ստ ես, ― հարցրի ես։

― Այո, ― պատասխանեց նա։

― Դե, կրակիր, ― ասացի ես, և մենք երկուսս էլ կրակեցինք միաժամանակ։

Ուրբաթը ինձանից ավելի ճիշտ էր նշան բռնել․ նա սպանեց երկու մարդու և վիրավորեց երեքին, իսկ ես միայն երկուսին վիրավորեցի և մեկին սպանեցի։

Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի սոսկալի շփոթություն գցեցին մեր կրակոցները վայրենիների ամբոխի մեջ։ Ողջ մնացածները ոտքի ցատկեցին՝ չիմանալով ուր փախչել և որ կողմը նայել, որովհետև թեև հասկանում էին, որ իրենց մահ է սպառնում, բայց չէին տեսնում, թե որտեղից է։

Ուրբաթը իմ պատվերը կատարելով՝ աչքը չէր հեռացնում ինձանից։ Առաջին կրակոցներից հետո վայրենիներին ուշքի գալու հնարավորություն չտալով՝ մուշկետը նետեցի գետին, վերցրի հրացանը, ոտքը քաշեցի և նորից նշան բռնեցի։ Ուրբաթը ճշտությամբ կրկնեց իմ յուրաքանչյուր շարժումը։

― Դու պատրա՞ստ ես, Ուրբաթ, ― հարցրի նորից։

― Պատրաստ եմ, ― պատասխանեց նա։

― Կրակիր, ― հրամայեցի ես։

Երկու կրակոցները որոտացին համարյա միաժամանակ, բայց որովհետև այս անգամ մենք կրակում էինք կոտորակ լցրած հրացաններից, սպանվածներ եղան միայն երկուսը (համենայն դեպս երկուսն ընկան), բայց դրա փոխարեն վիրավորները շատ էին։ Նրանք արյունաթաթախ վազվզում էին ծովափին՝ վայրի ոռնոցով, ինչպես խելագարներ։ Երեքը, ըստ երևույթին, ծանր վերքեր էին ստացել, որովհետև շուտով ընկան։ Ի դեպ, նրանք ողջ մնացին։

Ես վերցրի մուշկետը, որի մեջ դեռ լիցք կար և գոռացի․ «Ուրբաթ, իմ հետևի՛ց», ապա անտառից դուրս վազեցի բաց տարածությունը։ Քաջ Ուրբաթը ոչ մի քայլ հետ չէր մնում ինձանից։

Նկատելով, որ թշնամիները ինձ տեսան՝ բարձրաձայն աղաղակելով առաջ նետվեցի։

― Դու է՛լ գոռա, ― հրամայեցի Ուրբաթին։

Նա իսկույն սկսեց աղաղակել ինձանից էլ ուժեղ։ Դժբախտաբար իմ սպառազինությունն այնքան ծանր էր, որ ինձ խանգարում էր վազել։ Բայց կարծես չէի զգում այդ և ամբողջ ուժով սլացա առաջ, ուղիղ դեպի թշվառ եվրոպացին, որը, ինչպես արդեն ասացի, պառկած էր ավազոտ ափին, ծովի ու վայրենիների խարույկի միջև։ Նրա կողքին ոչ մի մարդ չկար։ Այն երկուսը, որոնք ուզում էին մորթել նրան, փախել էին առաջին իսկ կրակոցների ժամանակ։ Անասելի սարսափով նրանք վազեցին դեպի ծովը, նետվեցին մակույկի մեջ և սկսեցին թիավարել։ Այդ նույն նավակի մեջ թռան մյուս երեք վայրենիները ևս։

Ես դարձա դեպի Ուրբաթը և հրամայեցի հաշիվ տեսնել դրանց հետ։ Նա իսկույն հասկացավ իմ միտքը, մի քառասուն քայլ վազելով մոտեցավ մակույկին և կրակեց նրանց վրա։

Հինգն էլ թափվեցին մակույկի հատակին։ Կարծեցի, թե բոլորն էլ սպանվեցին, բայց երկուսը իսկույն նորից վեր թռան։ Ըստ երևույթին ընկել էին միայն վախից։ Մյուս երեքից երկուսն սպանված էին, իսկ երրորդն այնպես ծանր էր վիրավորվել, որ տեղից վեր կենալ չէր կարող։

Մինչ Ուրբաթը կրակում էր թշնամիների վրա, ես գրպանիցս հանեցի դանակս և կտրտեցի գերու ձեռքերի ու ոտքերի կապանքները։ Ապա նրան օգնեցի վեր կենալ և պորտուգալերեն հարցրի, թե ով է։ Նա պատասխանեց․

― Էսպանոլե (իսպանացի)։

Շուտով նա մի փոքր ուշքի եկավ և սկսեց ձեռքի շարժումներով իր ջերմ շնորհակալությունը հայտնել ինձ իր կյանքը փրկելու համար։

Օգնության կանչելով իսպաներեն լեզվի իմ բոլոր գիտելիքները նրան ասացի․

― Սենյոր, մենք հետո կխոսենք, իսկ այժմ հարկավոր է կռվել։ Եթե դուք դեռ փոքր֊ինչ ուժ ունեք, ահա ձեզ թուր և ատրճանակ։

Իսպանացին շնորհակալությամբ ընդունեց երկուսն էլ և իր ձեռքերում զենքն զգալով՝ կարծես մի ուրիշ մարդ դարձավ։ Եվ որտեղի՜ց երևան եկավ այդքան ուժ։ Մրրիկի նման նա կատաղաբար հարձակվեց չարագործների վրա և մի ակնթարթում երկուսին կտոր֊կտոր արեց։

Ասենք՝ դրա համար առանձին ուժ պետք էլ չէր․ խեղճ վայրենիները կրակոցների որոտից շշմած այնքան էին վախեցել, որ ոչ փախչել էին կարողանում, ոչ պաշտպանվել։ Շատերն ընկնում էին հենց սարսափից, ինչպես այն երկուսը, որոնք Ուրբաթի կրակոցներից ընկել էին մակույկի հատակին, թեև գնդակները նրանց կողքով էին անցել։

Քանի որ թուրն ու ատրճանակը տվել էի իսպանացուն, ինձ մոտ մնացել էր միայն մուշկետը։ Մուշկետը լցրած էր, սակայն լիցքը պահում էի ծայրահեղ կարիքի համար, ուստի և չկրակեցի։

Թփուտում, այն ծառի տակ, որտեղից մենք առաջին անգամ կրակել էինք, մնացել էին մեր որսորդական հրացանները։ Ես կանչեցի Ուրբաթին և հրամայեցի վազել, բերել դրանք։

Նա մեծ արագությամբ կատարեց իմ հրամանը։ Մուշկետը տվի նրան, իսկ ինքս սկսեցի մյուս հրացանները լցնել, իսպանացուն և Ուրբաթին ասելով, որ գան ինձ մոտ, երբ իրենց հրացան պետք լինի։ Նրանք իմ հրամաններին ենթարկվելու լիակատար պատրաստակամություն արտահայտեցին։ Մինչ հրացաններն էի լցնում, իսպանացին արտակարգ անվեհերությամբ հարձակվեց վայրենիներից մեկի վրա, և նրանց միջև կատաղի կռիվ սկսվեց։

Վայրենու ձեռքին մի հսկայական փայտե սուր կար։ Վայրենին շատ լավ էր տիրապետում այդ զենքին։ Հենց այդպիսի մի սրով էին նրանք ուզում սպանել իսպանացուն, երբ նա պառկած էր խարույկի մոտ։ Այժմ այդ սուրը նորից էր բարձրացել նրա գլխին։ Ես ամենևին չէի սպասում, որ իսպանացին այդքան քաջ կլինի․ ճիշտ է կրած տանջանքներից հետո նա դեռևս թույլ էր, բայց կռվում էր մեծ համառությամբ և իր թրով թշնամու գլխին երկու սոսկալի հարված իջեցրեց։ Վայրենին շատ ուժեղ ու վիթխարի մարդ էր։ Հանկարծ նա դեն նետեց իր թուրը և նրանք սկսեցին ձեռնամարտը։ Իսպանացու բանը շատ վատացավ․ վայրենին նրան իսկույն գետին տապալեց, ընկավ վրան և փորձեց թուրը դուրս քաշել ձեռքից։ Այդ տեսնելով ես վեր թռա և վազեցի օգնության։ Բայց իսպանացին իրեն չէր կորցրել․ նա թուրը բաց թողեց ձեռքից, գոտկից հանեց ատրճանակը, կրակեց վայրենու վրա և տեղնուտեղը ցած գլորեց։

Մինչ այդ Ուրբաթը հերոսի համարձակությամբ հետապնդում էր փախչող վայրենիներին։ Նրա ձեռքին միայն կացին կար, ուրիշ զենք չուներ։ Այդ կացնով նա արդեն սպանել էր երեք վայրենու, որոնք վիրավորվել էին մեր առաջին կրակոցից, և այժմ էլ չէր խնայում ոչ մեկին, ով իր առաջն էր ընկնում։

Իսպանացին հաղթելով իրեն սպառնացող հսկային՝ վեր թռավ տեղից, վազեց ինձ մոտ, վերցրեց իմ լցրած որսորդական հրացաններից մեկը և նետվեց երկու վայրենիների հետևից։ Նա երկուսին էլ վիրավորեց, բայց որովհետև վազելու ուժ չուներ, երկու վայրենիներն էլ կարողացան թաքնվել անտառում։

Նրանց հետևից իր կացինը թափահաարելով վազեց Ուրբաթը։ Չնայած իր վերքերին՝ վայրենիներից մեկը նետվեց ծովը և սկսեց լող տալ դեպի մակույկը, որի մեջ եղած երեք վայրենիները արդեն կարողացել էին մակույկը հեռացնել ափից։

Մակույկի մեջ եղած երեք վայրենիները թիավարում էին ամբողջ ուժով, աշխատելով շուտ հեռանալ կրակոցների տակից։

Ուրբաթը երկու թե երեք անգամ կրակեց նրանց հետևից, սակայն կարծես չդիպավ։ Նա սկսեց ինձ համոզել, որ մակույկներից մեկը վերցնենք ու հետապնդենք նրանց, քանի դեռ ափից շատ չէին հեռացել։

Ինքս էլ չէի ցանկանում, որ նրանք փախչեն։ Վախենում էի, որ եթե իրենց ցեղակիցներին պատմեն մեր հարձակման մասին, անթիվ֊անհամար վայրենիներ կգան այստեղ, և այն ժամանակ մեր բանը վատ կլինի։ Ճիշտ է, մենք հրացաններ ունենք, իսկ նրանք միայն նետեր ու փայտե սրեր, բայց եթե մեր ափին մոտենա թշնամու մի ամբողջ նավատորմիղ, մեզ, իհարկե, կբնաջնջեն։ Դրա համար էլ զիջեցի Ուրբաթի թախանձանքներին, վազեցի դեպի մակույկները և նրան էլ հրամայեցի հետևել ինձ։

Բայց որքա՜ն մեծ եղավ իմ զարմանքը, երբ մակույկի մեջ ցատկելով՝ այնտեղ էլ մարդ տեսա։ Դա մի ծերունի վայրենի էր։ Նա պառկած էր մակույկի հատակին՝ ոտքերն ու ձեռքերը կապկպած։ Երևի նրան էլ պիտի ուտեին խարույկի մոտ։ Չհասկանալով, թե ինչ է կատարվում շուրջը (նրան այնպես ամուր էին կապկպել, որ նույնիսկ մակույկից դուրս նայել չէր կարողանում), խեղճը քիչ մնաց վախից մեռներ։

Իսկույն դանակս հանեցի, կտրատեցի նրա կապանքները և փորձեցի օգնել նրան վեր կենալու։ Բայց նա ոտքի վրա կանգնել չէր կարողանում։ Նույնիսկ խոսելու ուժ չուներ, այլ միայն նվում էր աղիողորմ․ երևի թշվառը կարծում էր, թե իր կապանքներն արձակել են, որպեսզի մորթեն և ուտեն։

Այդ ժամանակ մոտ վազեց Ուրբաթը։

― Ասա այս մարդուն, ― դիմեցի Ուրբաթին, ― որ նա ազատ է, որ մենք ոչ մի վնաս չենք տա իրեն, և որ իր թշնամիները ոչնչացված են։

Ուրբաթն սկսեց խոսել ծերունու հետ, իսկ ես մի քանի կաթիլ ռոմ լցրի նրա բերանը։

Ազատության ուրախալի լուրը կենդանացրեց թշվառին․ նա բարձրացավ մակույկի հատակից և ինչ֊որ բան ասաց։

Անկարելի է պատկերացնել, թե ինչ տեղի ունեցավ Ուրբաթի հետ։ Ամենաքարասիրտ մարդն անգամ կարտասվեր, եթե տեսներ նրան այդ րոպեին։ Հենց որ նա լսեց ծերունու ձայնը և տեսավ նրա դեմքը, սկսեց համբուրել, գրկել նրան, լաց էր լինում, ծիծաղում, սեղմում էր կրծքին, գոռում, հետո սկսեց թռչկոտել նրա շուրջը, երգել, պարել, հետո նորից լաց եղավ, ձեռքերը թափահարեց, սկսեց ծեծել իր գլուխն ու երեսը, մի խոսքով կարծես խելագարված լիներ։

Ես հարցրեցի նրան, թե ի՞նչ է պատահել, բայց երկար ժամանակ ոչ մի բացատրություն ստանալ չէի կարողանում։ Վերջապես մի փոքր ուշքի գալով՝ ասաց, որ այդ մարդը իր հայրն է։

Չեմ կարող արտահայտել, թե որքան զգացվեցի որդիական սիրո այդպիսի արտահայտությունից։ Երբեք չէի կարող մտածել, որ կոպիտ վայրենին կարող է այդպես ցնցվել և ուրախանալ իր հորը հանդիպելուց։

Բայց միաժամանակ չէի կարող չծիծաղել այն անմիտ ցատկրտոցների ու շարժումների վրա, որոնցով նա արտահայտում էր իր որդիական զգացմունքները։ Մի տասն անգամ նա դուրս ցատկեց մակույկից և նորից ներս ցատկեց․ մերթ հետ էր քաշում բաճկոնը և հոր գլուխն ամուր սեղմում իր մերկ կրծքին, մերթ սկսում էր շփել նրա փայտացած ձեռքերն ու ոտքերը։

Տեսնելով, որ ծերունին բոլորովին փայտացել է, խորհուրդ տվի ռոմով շփել նրան, և Ուրբաթն իսկույն գործի անցավ։

Փախստականներին հետապնդելու մաասին մենք, իհարկե, մառացանք մտածել անգամ։ Մինչ այդ նրանց մակույկն այնքան էր հեռացել, որ համարյա կորել էր տեսողությունից։

Մենք նույնիսկ չփորձեցինք հետապնդել և, ինչպես հետո պարզվեց, շատ էլ լավ վարվեցինք, որովհետև մի երկու ժամ հետո այնպիսի կատաղի քամի բարձրացավ, որը, անկասկած, շուռ կտար մեր նավակը։ Քամին փչում էր հյուսիս֊արևմուտքից, ճիշտ և ճիշտ փախստականների դիմացից։ Դժվար թե նրանք կարողանային հաղթահարել այդ փոթորիկը և, ինչպես ենթադրում եմ, զոհ գնացած կլինեն ալիքներին, առանց տեսնելու իրենց հայրենի ափերը։

Անսպասելի ուրախությունն այնպես ուժեղ էր հուզել Ուրբաթին, որ չուզեցի նրան անջատել հորից։ «Պետք է թողնել, որ կարոտն առնի», ― մտածեցի ես և կանգնեցի մի կողմ, սպասելով, մինչև իջնի նրա ուրախության փոթորիկը։

Ուրբաթը շուտ չհանգստացավ։ Վերջապես կանչեցի նրան։ Նա մոտ վազեց ցատկոտելով, ուրախ ծիծաղով, գոհ ու երջանիկ։ Հարցրի, թե հաց տվե՞լ է հորը։ Նա տխուր գլուխն օրորեց․

― Հաց չկա․ զզվելի շունը ոչինչ չի թողել, ամբողջն ինքն է կերել։

Այս ասելով նա ցույց տվեց իրեն։

Այն ժամանակ պայուսակիցս հանեցի իմ ունեցած ամբողջ պաշարը՝ մի փոքրիկ բլիթ և երկու թե երեք ողկույզ չամիչ ու տվի Ուրբաթին։ Նա հոգատար քնքշությամբ սկսեց կերակրել հորը ինչպես փաքրիկ երեխայի։ Տեսնելով, որ նա հուզմունքից դողում է, խորհուրդ տվի ռոմի մնացորդներով ամրապնդել իր ուժերը, բայց ռոմն էլ նա տվեց հորը։

Մի րոպե անց Ուրբաթն արդեն կատաղածի պես վազեց, չգիտեմ ուր։ Ընդհանրապես նա շատ արագ էր վազում։ Իզուր էի կանչում նրա հետևից, որ կանգնի ու ինձ ասի, թե ուր է գնում։ Նա անհետացավ։

Բայց մի քառորդ ժամ չանցած՝ նա վերադարձավ, և նրա քայլերը զգալիորեն ավելի դանդաղ էին։ Երբ նա մոտեցավ, տեսա, որ մի բան է բերում։ Դա խմելու ջրով լի մի կավե կուժ էր, որ բերել էր հոր համար։ Նա վազել էր տուն, մեր ամրոցը և, հետը բերել էր նաև երկու հաց։ Հացերը նա ինձ տվեց, իսկ ջուրը տարավ ծերունուն, ի դեպ, թողնելով, որ մի քանի կում խմեմ, որովհետև ես էլ շատ ծարավ էի։ Ջուրը ծերունուն ավելի ուժ տվեց, քան ոգելից խմիչքը․ նա մեռնում էր ծարավից։

Երբ ծերունին կուշտ խմեց, Ուրբաթին կանչեցի և հարցրի, թե կժի մեջ ջուր չի՞ մնացել։ Ասաց, որ մնացել է։ Ես կարգադրեցի ջուր տալ նաև խեղճ իսպանացուն, որը ծարավից ուժասպառ էր եղել ոչ պակաս, քան վայրենին։ Ես իսպանացուն նաև մի հաց ուղարկեցի։

Իսպանացին դեռևս շատ էր թույլ։ Նա նստել էր մի ծառի տակ, բոլորովին ուժասպառ։ Վայրենիներն այնպես պինդ էին կապկպել նրան, որ նրա ձեռքերն ու ոտքերը ուռել էին։

Երբ նա թարմ ջրով ծարավը հագեցրեց և հաց կերավ, մոտեցա նրան և մի բուռ չամիչ տվեցի։ Նա գլուխը բարձրացեց և նայեց ինձ մեծագույն երախտագիտությամբ, հետո ուզեց վեր կենալ, բայց չկարողացավ, որովհետև ուռած ոտքերը ցավում էին։ Նայելով այդ հիվանդ մարդուն՝ դժվար էր երևակայել, որ նա այդպես հոգնած լինելով՝ հենց նոր կարողացավ այնպես քաջարի կռվել այնքան ուժեղ թշնամու դեմ։ Ես նրան խորհուրդ տվեցի նստել ու չշարժվել և Ուրբաթին հրամայեցի նրա ոտքերը տրորել ռոմով։

Մինչ Ուրբաթը կատարում էր իմ հրամանը՝ ես ուշադիր զննում էի նրան։ Երկու րոպեն մեկ, գուցե և ավելի հաճախ, նա շուռ էր գալիս, որ տեսնի, թե իր հորը որևէ բան հարկավոր չէ՞։ Ուրբաթը տեսնում էր միայն ծերունու գլուխը, որովհետև նա նաստած էր մակույկի հատակին։ Հանկարծ մեկ էլ հետ նայելով նա տեսավ, որ գլուխն անհետացել է։ Նույն ակնթարթին Ուրբաթը ոտքի վրա էր։ Նա ոչ թե վազում էր, այլ՝ թռչում․ թվում էր, թե նրա ոտքերը գետնին չեն առնում։ Բայց երբ մակույկի մոտ վազելով տեսավ, որ հայրը պառկել է հանգստանալու և անվնաս պառկած է մակույկի հատակին, իսկույն վերադարձավ մեզ մոտ։

Այն ժամանակ իսպանացուն ասացի, որ իմ բարեկամը նրան կօգնի վեր կենալ և կտանի մինչև մակույկը, որով մենք նրանց կհասցնենք մեր բնակարանը։

Բարձրահասակ ու ամրակազմ Ուրբաթը նրան բարձրացրեց երեխայի պես, շալակն առավ ու տարավ։ Հասնելով մակույկին՝ նա զգուշությամբ իսպանացուն իջեցրեց և նստեցրեց հոր կողքին։ Հետո ափ դուրս եկավ, մակույկը հրեց ջրի մեջ, նորից ցատկեց մեջը և թիակները ձեռքն առավ։

Ուրբաթը հիանալի թիավարող էր և չնայած ուժեղ քամուն՝ մակույկն այնպես արագ էր սլանում ափի երկարությամբ, որ ես չէի կարողանում հասնել հետևից։

Ուրբաթը հաջողությամբ մակույկը հասցրեց մեր նավահանգիստը և հորն ու իսպանացուն այնտեղ թողնելով՝ ծովափով հետ վազեց։

― Այդ ու՞ր ես վազում, ― հարցրի ես, երբ նա անցնում էր իմ մոտով։

― Գնում եմ մյուս մակույկն էլ բերելու, ― պատասխանեց նա վազելով և քամու պես առաջ սլացավ։

Ոչ մի մարդ, ոչ մի ձի չէր կարող հասնել նրա հետևից, այնքան արագ էր վազում։

Դեռ նոր էի հասել մեր ծովախորշին, երբ նա վերադարձավ մյուս մակույկով։ Ափ ցատկելով՝ նա սկսեց մեր նոր հյուրերին օգնել դուրս գալու մակույկից, բայց նրանք երկուսն էլ այնպես էին թուլացել, որ ոտքերի վրա մնալ չէին կարողանում։

Խեղճ Ուրբաթը չգիտեր, թե ինչ անի։

Ես ևս մտքի մեջ ընկա։

― Սռայժմ նրանց թող ափին, ― ասացի ես, ― և եկ իմ հետևից։

Գնացինք մոտակա անտառը, երկու֊երեք ջահել ծառ կտրեցինք և հապճեպ մի պատգարակ պատրաստեցինք, որով և հիվանդներին փոխադրեցինք մինչև մեր ամրոցի արտաքին պարիսպը։

Այստեղ արդեն մենք բոլորովին մոլորված մնացինք՝ չիմանալով, թե ինչ անենք։ Երկու մեծահասակ մարդկանց այդպիսի բարձր ցանկապատի վրայով անցկացնել չէի ուզում։ Ստիպված եղա դարձյալ ուժ տալ խելքիս և նորից հնարը գտա։ Ես և Ուրբաթը գործի անցանք, և մի երկու ժամից արդեն պատրաստ էր մի կարգին առագաստե վրան, որի վրա խիտ ճյուղեր էինք լցրել։

Ահա հենց այդ վրանում էլ մենք երկու անկողին պատրաստեցինք բրնձի ծղոտից և չորս վերմակից։

Comments