Chapter 19
Տասնիններորդ գլուխ - Ռոբինզոնը նորից փորձում է հեռանալ իր կղզուց
Կղզու վրա մնալու մինչև վերջին օրը այդպես էլ չիմացա, խորտակված նավից որևէ մարդ ազատվե՞ց, թե ոչ։
Նավի կործանումից մի քանի օր հետո խորտակված տեղի դիմաց ծովափին գտա մի խեղդված պատանու դիակ։ Ես նրան նայում էի անկեղծ վշտով։ Նա այնպե՛ս դուրեկան, միամիտ մանկական դեմք ուներ։ Գուցե, եթե կենդանի մնացած լիներ, կսիրեի նրան և իմ կյանքը շատ ավելի երջանիկ կանցներ։
Սակայն պետք չէ շատ մորմոքվել այն բանի համար, ինչ անցած է անդառնալիորեն։ Ես երկար շրջեցի ծովափին, ապա նորից մոտեցա ջրահեղձին։ Նրա հագին քաթանե կարճ վարտիք էր, կապույտ քաթանե շապիկ և նավաստիական բաճկոն։ Ոչ մի նշանով չէր կարելի որոշել նրա ազգությունը․ գրպաններում գտնվեցին երկու ոսկեդրամ և մի ծխամորճ, ուրիշ ոչինչ։
Փոթորիկը դադարել էր, և ես շատ էի ուզում մակույկը վերցնել ու հասնել խորտակված նավին։ Չէի կասկածում, որ այնտեղ շատ օգտակար բաներ կգտնեմ, որոնք պետք կգան։ Սակայն ինձ հրապուրողը միայն այդ չէր․ ամենից ավելի ինձ հուզում էր այն միտքը, թե կարող է նավի վրա մնացած լինի որևէ կենդանի էակ, որի կյանքը կփրկեմ ես։
«Եվ եթե նրան փրկեմ, ― ասում էի ինքս ինձ, ― իմ կյանքը շատ ավելի ուրախ ու պայծառ կդառնա»։
Այս միտքը համակեց իմ ամբողջ էությունը․ զգում էի, որ գիշեր ու ցերեկ հանգիստ չեմ ունենա, մինչև չգնամ խորտակված նավը։ Եվ ինքս ինձ ասացի․
«Ինչ ուզում է լինի, պիտի փորձեմ գնալ այնտեղ։ Ինչ գնով էլ լինի, պետք է ծով դուրս գամ, եթե չեմ ուզում, որ խիղճս տանջի ինձ»։
Այս որոշումով էլ շտապեցի վերադառնալ իմ ամրոցը և սկսեցի պատրաստվել դժվարին ու վտանգավոր ուղևորության։
Հետս վերցրի հաց, մի մեծ կուժ ջուր, մի շիշ ռոմ, մի զամբյուղ չամիչ և մի կողմնացույց։ Այդ ամբողջ թանկարժեք բեռը շալակելով գնացի այն ափը, որտեղ իմ մակույկն էր գտնվում։ Մակույկի միջի ջուրը դուրս թափելով, բոլոր իրերը դարսեցի մեջը և վերադարձա նոր բեռ բերելու։ Այս անգամ հետս վերցրեցի մի մեծ պարկ բրինձ, մի մեծ կուժ ջուր, մի երկու տասնյակ գարու բլիթ, մի շիշ այծի կաթ, մի կտոր պանիր և հովանոցս։
Այս ամենը մեծ դժվարությամբ հասցրի մակույկս և ծով դուրս եկա։ Սկզբում առաջ էի գնում թիավարելով և աշխատում էի հնարավորին չափ ափին մոտ մնալ։ Հասնելով կղզու հյուսիս֊արևելյան ծայրին, երբ հարկավոր էր առագաստը բանալ ու բաց ծովը մտնել, կանգ առա վարանմունքի մեջ։
«Գնա՞լ, թե՝ ոչ», ― հարցնում էի ինքս ինձ։
Նայեցի ծովային արագընթաց հոսանքին, որը պտտվում էր կղզու կողքով, հիշեցի, թե ինչպիսի վտանգի ենթարկվեցի իմ առաջին ուղևորության ժամանակ, և վճռականությունս քիչ֊քիչ թուլացավ։ Այստեղ երկու հոսանքները միանում էին, և ես տեսնում էի, որ հոսանքներից, որի մեջ էլ ընկնելու լինեմ, ինձ տանելու է շատ հեռու, դեպի բաց ծովը։
«Ախր իմ մակույկն այնքան փոքրիկ է, ― ասում էի ինքս ինձ, ― որ ամենափոքր քամու դեպքում էլ իսկույն կուլ կգնա ալիքներին, և այն ժամանակ մահն անխուսափելի է ինձ համար»։
Այս մտքերի ազդեցության տակ բոլորովին երկչոտացա և արդեն պատրաստ էի հրաժարվելու իմ ձեռնարկությունից։ Մտա մի փոքրիկ ծովախորշ, ափ դուրս եկա, նստեցի մի քարի վրա և խոր մտքերի մեջ ընկա, չիմանալով թե ինչ անեմ։
Սակայն շուտով մակընթացություն սկսվեց, և ես տեսա, որ դրությունս այնքան էլ վատ չէ․ պարզվեց, որ տեղատվության հոսանքը գնում է կղզու հարավային կողմից, իսկ մակընթացությունը՝ հյուսիսային կողմից, այնպես որ, եթե խորտակված նավից վերադառնալիս ուղղություն վերցնեմ դեպի կղզու հյուսիսային ափը, ողջ ու անվնաս կմնամ։
Նշանակում է՝ վախենալու բան չկա։ Նորից սիրտ առա և որոշեցի մյուս օրը լուսսաբացին ծով դուրս գալ։
Գիշերը վրա հասավ։ Ես գիշերեցի մակույկի մեջ, ծածկվելով նավաստիական բուշլատով, իսկ առավոտյան ճանապարհ ընկա։
Սկզբում ուղղվեցի դեպի բաց ծովը, ուղիղ դեպի հյուսիս, մինչև որ ընկա դեպի արևելք տանող հոսանքի մեջ։ Հոսանքն ինձ շատ արագ տարավ, և երկու ժամ չանցած՝ արդեն նավի մոտ էի։
Մռայլ տեսարան բացվեց իմ աչքի առաջ։ Նավը (որ ըստ երևույթին իսպանական էր) խրվել էր երկու ժայռերի արանքը։ Նավախելը փշրվել էր, անվնաս էր մնացել միայն քիթը։ Ե՛վ միջնակայմը, և՛ առաջակայմը կտրված էին մինչև հիմքը։
Երբ նավակողին մոտեցա, տախտակամածի վրա մի շուն երևաց։ Ինձ տեսնելով, նա սկսեց ոռնալ ու վնգստալ, իսկ երբ նրան կանչեցի, նետվեց ջուրը և լողալով հասավ ինձ։ Նրան մակույկի մեջ առա։ Նա ծարավից ու քաղցից սատկում էր։ Մի կտոր հաց տվի, և նա այնպես հարձակվեց հացի վրա, ինչպես ձմեռվա քաղցած գայլ։ Երբ հացից կշտացավ, նրան ջուր տվի, և նա սկսեց այնպես ագահաբար լակել, որ երևի կպայթեր, թե թողնեի ուզածի չափ խմեր։
Հետո բարձրացա նավը։ Առաջին բանը, որ տեսա, երկու դիակ էին։ Նրանք ընկած էին մի խցիկում, ձեռքերով ամուր բռնած միմյանց։ Հավանաբար, երբ նավը խցկվել է երկու ժայռերի մեջ, վիթխարի ալիքները շարունակ հարվածել են նրան, որովհետև սոսկալի ուժեղ փոթորիկ էր, և այդ մարդիկ վախենալով, թե ալիքները իրենց կքշեն֊կտանեն, պինդ բռնել են միմյանց և այդ վիճակում էլ խեղդվել։ Ալիքներն այնքան բարձր են եղել և այնքան հաճախ են հարվածել տախտակամածին, որ փաստորեն նավը շարունակ ջրի տակ է եղել, և ում որ ջուրը չի տարել, նրանք էլ խեղդվել են նավախցերի մեջ։
Բացի շնից, նավի վրա ոչ մի կենդանի արարած չէր մնացել։
Իրերի մեծ մասը ջուրը նույնպես քշել տարել էր, իսկ մնացածներն էլ թրջվել էին։ Ճիշտ է, նավամբարում գինով թե օղիյով լի տակառներ կային, բայց այնքան խոշոր էին, որ տեղից շարժելու փորձ էլ չարի։
Կային էլի մի քանի սնդուկ, որոնք երևի պատկանում էին նավաստիներին։ Երկու սնդուկ տարա իմ մակույկը, նույնիսկ չփորձելով բանալ դրանք։ Եթե նավի քթի փոխարեն ողջ մնացած լիներ նավախելը, հավանորեն ինձ շատ բարիք կմնար, որովհետև նույնիսկ այդ երկու սնդուկում հետագայում հայտնաբերեցի շատ արժեքավոր իրեր։ Ըստ երևույթին նավը շատ հարուստ էր եղել։
Բացի սնդուկներից, նավի վրա գտա մի ինչ֊որ ոգելից խմիչքով լի տակառ։ Այդ տակառի պարունակությունը քսան գալլոնից ավելի չէր լինի, բայց և այնպես մեծ դժվարությամբ փոխադրեցի իմ մակույկը։ Նավասենյակում գտա մի հրացան և մի մեծ վառոդաման, բայց նրա մեջ մի չորս ֆունտ վառոդ կար։ Հրացանները թողի, որովհետև ինձ հարկավոր չէին, իսկ վառոդը վերցրի։ Վերցրի նաև ածուխի թիակը և բուխարու ունելին, որոնց կարիքը ես շատ էի զգում։ Վերցրի երկու հատ պղնձի կաթսա և մի պղնձե սրճաման։
Այս ամբողջ բեռը և շունը վերցնելով՝ ես հեռացա նավից, որովհետև արդեն մակընթացությունն սկսվում էր։ Միևնույն օրը գիշերվա ժամը մեկին մոտ կղզի վերադարձա ծայրահեղորեն հոգնած ու տառապած։
Որոշեցի իմ այս ավարը փոխադրել ոչ թե քարանձավ, այլ նոր քարայրը, որովհետև այն ավելի մոտիկ էր։ Գիշերը դարձյալ անցկացրի մակույկի մեջ, իսկ առավոտյան մի քիչ բան ուտելուց հետո բերած իրերս ափ հանեցի և սկսեցի մանրամասն զննել։ Տակառի մեջ ռոմ էր, բայց ճիշտն ասած՝ բավական վատը, շատ ավելի վատը, քան մենք խմում էինք Բրազիլիայում։ Բայց դրա փոխարեն սնդուկների մեջ շատ օգտակար և արժեքավոր իրեր գտա։
Նրանցից մեկի մեջ, օրինակ, կար մի շատ գեղեցիկ ուղետուփ։ Այդ տուփի մեջ շատ շշեր կային՝ գեղեցիկ, արծաթե խցաններով։ Յուրաքանչյուր շշի մեջ կլիներ առնվազն երեք պինտ հիանալի, բուրումնավետ լիկյոր։ Այնտեղ կար նաև չորս տուփ հիանալի անուշ՝ պատրաստված շաքարով։ Դժբախտաբար դրանցից երկուսը փչացել էին ծովի ջրից, բայց երկուսն այնպես ամուր էին փակված, որ նրանց մեջ ոչ մի կաթիլ չէր թափանցել։ Այդտեղ գտա նաև մի քանի բոլորովին նոր շապիկ, և այդ ինձ շատ ուրախացրեց։ Ապա գտա մեկ ու կես դյուժին գունավոր վզնոց և նույնքան սպիտակ քաթանե թաշկինակ, որ մեծ ուրախություն պատճառեց ինձ, որովհետև շատ հաճելի բան է շոգ օրերին քրտնած երեսը սրբել քաթանե նուրբ թաշկինակով։
Սնդուկի հատակում գտա երեք պարկ, որոնց մեջ կար դրամ և մի քանի կտոր ձուլածո ոսկի, որոնց քաշը կարծում եմ, կլիներ մոտ մեկ ֆունտ։
Մյուս սնդուկում կային բաճկոններ, վարտիկներ ու կամզոլներ, որոնք կարված էին էժանագին կտորից և բավական մաշված էին։
Պետք է խոստովանել, որ երբ գնում էի այդ նավը, կարծում էի, որ այնտեղ շատ ավելի օգտակար ու արժեքավոր իրեր կգտնեմ։ Ճիշտ է, բավական մեծ գումարով հարստացա, բայց չէ՞ որ փողը ինձ համար անպետք աղբ էր։ Իմ ամբողջ փողը սիրով կտայի երեք֊չորս զույգ ամենասովորական ոտնամանի և գուլպայի, որպիսիք ես վաղուց արդեն չէի ունեցել։
Այդ բոլոր իրերը մի հուսալի տեղ դարսելուց հետո նորից մակույկ նստեցի և ափի երկարությամբ թիավարելով՝ վերադարձա տուն։ Արդեն կեսգիշեր էր, երբ տեղ հասա։ Տանը ամեն ինչ կարգին էր, խաղաղ, հանգիստ ու հաճելի։ Թութակը սիրալիր խոսքով ողջունեց ինձ, իսկ ուլիկները վազեցին ինձ մոտ այնպես ուրախ, որ ես չէի կարող չփաղաքշել նրանց և համեղ հասկեր չտալ։
Այդ ժամանակից սկսած իմ երկյուղը կարծես թե չքացավ, և սկսեցի ապրել առաջվա պես հանգիստ, մշակելով իմ դաշտերը, խնամելով իմ կենդանիներին, որոնց հետ կապվեցի ավելի սիրով, քան առաջ էր։
Այսպես ապրեցի էլի մի երկու տարի լիովին գոհ ու առանց զրկանքների։ Բայց այդ երկու տարիների ընթացքում մտածում էի միայն այն մասին, թե ինչպես հեռանամ կղզուց։ Այն րոպեից, երբ տեսել էի ինձ փրկություն խոստացող նավը, իմ մենակությունն ավելի անտանելի էր դարձել ինձ համար։ Գիշեր֊ցերեկ երազում էի այս բանտից փախչելու մասին։ Եթե իմ տրամադրության տակ լիներ, ասենք, այնպիսի մի բարկաս, որով փախա մավրերի մոտից, առանց երկար ու բարակ մտածելու ծով դուրս կգայի, նույնիսկ չէի հոգա, թե ուր կտանի ինձ քամին։
Վերջ ի վերջո եկա այն համոզման, որ ես ազատության հասնել կարող եմ միայն այն դեպքում, եթե ինձ հաջողվի ողջ֊ողջ բռնել իմ կղզին այցելող վայրենիներից որևէ մեկին։ Շատ ավելի լավ կլինի բռնել այն անբախտներից մեկին, որոնց բարբարոսները բերում էին այստեղ հոշոտելու և ուտելու համար։ Ես կփրկեմ նրա կյանքը և նա ինձ կօգնի ազատության հասնել։ Բայց սա շատ վտանգավոր ու դժվարին ցանկություն էր․ չէ՞ որ ինձ հարկավոր վայրենուն բռնելու համար պետք է հարձակվեի մարդակերների բազմության վրա ու կոտորեի բոլորին, մինչև վերջին մարդը, իսկ այդ հազիվ թե հաջողվեր ինձ։ Բացի դրանից, իմ հոգին ցնցվում էր այն մտքից, որ այդքան մարդկային արյուն պիտի թափեմ թեկուզ և իմ փրկության համար։
Երկար ժամանակ իմ մեջ պայքար էր տեղի ունենում, բայց վերջապես, ազատության բուռն ծարավը հաղթեց բոլոր դատողություններին ու խղճի խայթին։ Որոշեցի ինչ գնով էլ լինի, բռնել վայրենիներից մեկին, հենց որ նրանք կերևան կղզում։