1. Ռոբինզոն Կրուզո

Chapter 17

Տասնյոթերորդ գլուխ - Ռոբինզոնը համոզվում է, որ իր կղզու վրա մարդակերներ են լինում

Երկու տարի անցավ այն օրից, երբ ես ավազի վրա տեսա մարդու ոտնահետք, բայց իմ հոգեկան խաղաղությունն այնպես էլ չվերադարձավ։ Վերջացավ իմ անխռով կյանքը։ Նա, ով երկար տարիներ շարունակ տանջալից ահ ու երկյուղ է ապրել, կհասկանա, թե որքան տխուր ու մռայլ էր դարձել իմ կյանքը։

Մի անգամ կղզում թափառելու ժամանակ հասա նրա արևմտյան ծայրը, որտեղ երբեք չէի եղել։ Դեռ ափին չհասած՝ բարձրացա մի թմբի գլուխ։ Եվ հանկարծ ինձ թվաց, թե հեռվում, բաց ծովում մի նավակ է երևում։

«Երևի տեսողությունս է խաբում ինձ, ― մտածեցի ես։ ― Չէ՞ որ այս երկար տարիների ընթացքում, երբ ամեն օր նայում էի ծովային տարածություններին, ոչ մի անգամ այստեղ նավակ չեմ տեսել»։

Ափսոս, որ դիտափողն ինձ հետ չէի վերցրել։ Ես մի քանի հատ դիտափող ունեի, որոնք գտել էի նավից փոխադրված սնդուկներից մեկում։ Բայց, դժբախտաբար, դրանք մնացել էին տանը։ Ես չկարողացա որոշել, թե արդյոք դա իրո՞ք նավակ էր, թեև այնքան երկար նայեցի ծովին, որ աչքերս ցավեցին։ Բլուրից դեպի ափն իջնելով այլևս ոչինչ չտեսա․ և այդպես մինչև հիմա էլ չգիտեմ, թե այդ ինչ էր։ Ստիպված եղա հրաժարվել հետագա դիտումներից։ Բայց այդ ժամանակից ինքս ինձ խոսք տվի՝ երբեք առանց դիտափողի տանից դուրս չգալ։

Հասնելով ափը, ― իսկ այդ ափին, ինչպես ասացի, երբեք չէի եղել, ― համոզվեցի, որ մարդու ոտնահետքերն այնքան էլ հազվագյուտ բաներ չեն իմ կղզում, ինչպես ինձ թվացել է այս տարիների ընթացքում։ Այո, համոզվեցի, որ եթե ապրելիս լինեի ո՛չ արևելյան ափին, որտեղ չէին գալիս վայրենիների մակույկները, վաղուց արդեն կիմանայի, որ վայրենիներն այստեղ հաճախ են լինում, և որ կղզու արևմտյան ափերը նրանց ծառայում են ոչ միայն որպես մշտական նավահանգիստ, այլև մի տեղ, ուր նրանք իրենց անողոք խնջույքների ժամանակ սպանում և ուտում են մարդկանց։

Այն, ինչ ես տեսա բլուրից իջնելով ու ափը հասնելով, ցնցեց ու շշմեցրեց ինձ։ Ծովափին ամենուրեք թափված էին մարդկանց ոսկորներ՝ գանգեր, կմախքներ, ձեռքի ու ոտքի ոսկորներ։

Ես գիտեի, որ վայրենի ցեղերը միշտ կռվում են իրար հետ։ Նրանք հաճախ ծովային ճակատամարտեր են ունենում․ մի մակույկը հարձակվում է մյուսի վրա։

«Երևի, ― մտածում էի ես, ― ամեն անգամ կռվից հետո հաղթողները բոլոր ռազմագերիներին բերում են այստեղ և իրենց անմարդկային սովորության համաձայն սպանում և ուտում են, որովհետև նրանք բոլորն էլ մարդակերներ են»։

Քիչ հեռու նկատեցի մի կլոր հրապարակ, որի մեջտեղը խարույկի մնացորդներ էին երևում։ Հավանորեն այստեղ են նստում այդ անողոք արարածները, երբ իրենց գարշելի խնջույքի ժամանակ խժռում են իրենց նմանների միսը։

Այս զարհուրելի տեսարանն այնքան ապշեցրեց ինձ, որ առաջին րոպեներին մոռացա այն վտանգը, որին ենթարկվում էի մնալով այդ ափին։ Այդ խայտառակ գազանությունների առաջացրած վրդովմունքը իմ հոգուց դուրս էր մղել ամեն մի երկյուղ։

Վայրենիների այսպիսի դաժանությունների մասին հաճախ էի լսել, սակայն երբեք ինքս չէի տեսել։ Զզվանքով երես դարձրի այդ տեսարանից։ Սիրտս խառնում էր։ Քիչ մնաց պիտի ուշաթափվեի։ Թվում էր, թե ահա, կընկնեմ։ Իսկ երբ ուշքի եկա, զգացի, որ ոչ մի րոպե այստեղ մնալ չի կարելի։ Բարձրացա բլուրը և վազեցի հետ, դեպի իմ տունը։

Արևմտյան ափը շատ հեռու էր մնացել, բայց դեռ չէի կարողանում վերջնականապես ուշքի գալ։ Վերջապես կանգ առա, մի փոքր ուշքի եկա և սկսեցի մտքերս ժողովել։ Այդ արհամարհելի մարդիկ, որքան համոզվեցի, երբեք չէին գալիս կղզի՝ ավար ձեռք բերելու նպատակով։ Երևի նրանք ոչ մի բանի կարիք չունեին կամ գուցե հավատացած էին, որ այստեղ որևէ արժեքավոր բան գտնել չի լինի։

Ոչ մի կասկած չէր կարող լինել, որ նրանք շատ անգամ են եղել իմ կղզու անտառապատ մասում, սակայն, հավանորեն, այնտեղ այնպիսի բան չեն գտել, որ իրենց պետք գար։

Նշանակում է, հարկավոր է միայն զգուշություն պահպանել։ Եթե մոտ տասնութ տարի կղզում ապրելով, մինչև վերջին ժամանակներս այստեղ ոչ մի անգամ մարդկային հետք չեմ գտել, ապա թերևս էլի մի տասնութ տարի կապրեմ և վայրենիների աչքին չեմ երևա, եթե միայն պատահաբար չհանդիպեմ նրանց։ Բայց այդպիսի պատահականությունից վախենալու հարկ չկա, որովհետև սրանից հետո իմ միակ հոգսը պետք է լինի՝ որքան կարելի է լավ թաքցնել իմ հետքերը կղզում։

Ուրիշ բան է, եթե կղզում երևան եվրոպացիներ, բայրացակամ, իսկական քաղաքակիրթ մարդիկ, որոնք միշտ պատրաստ են օգնել թշվառության մեջ ընկած իրենց նման մարդկանց։ Բայց այդպիսի բախտի մասին երազել անգամ չէի համարձակվում։

Ես, եթե ցանկանայի, կարող էի մի որևէ տեղ թաքնվել ու տեսնել վայրենիներին, բայց նույնիսկ նայել չէի ուզում նրանց վրա, այնքան զզվելի էին ինձ համար այդ արյունարբու գիշատիչները, որոնք գազանների պես հոշոտում են միմյանց։ Հենց միայն այն միտքը, որ մարդիկ կարող են այդքան անմարդկային բարքեր ունենալ, ճնշող ազդեցություն էր գործում ինձ վրա։

Էլի մոտ երկու տարի ապրեցի կղզու այն մասում, որտեղ գտնվում էին իմ տիրապետությունները՝ լեռան ստորոտի ամրոցը, անտառի քողտիկը և այն անտառային բացատը, որտեղ ցանկապատած արոտներ էի պատրաստել իմ այծերի համար։ Այդ երկու տարվա ընթացքում ոչ մի անգամ չգնացի իմ մակույկը տեսնելու։

«Ավելի լավ է ինձ համար նոր նավ կառուցեմ, ― մտածում էի ես, ― իսկ նախկին մակույկը թող մնա այնտեղ, որտեղ գտնվում է այժմ։ Նրա հետևից գնալը վտանգավոր է։ Ծովի այն ափերին մարդակեր վայրենիները կարող են հարձակվել ինձ վրա և անկասկած, կհոշոտեն ինձ, ինչպես իրենց գերիներին են հոշոտում»։

Բայց անցավ էլի մոտ մեկ տարի, և ես վերջ ի վերջո որոշեցի այնտեղից դուրս բերել իմ մակույկը։ Չէ՞ որ նորը շինելը շատ դժվար էր։ Բացի այդ, նոր մակույկը կարող էր պատրաստ լինել միայն երկու֊երեք տարուց հետո, իսկ մինչ այդ առաջվա պես զրկված պետք է լինեի ծովում նավարկելու հնարավորոյթյունից։

Comments