1. Ռոբինզոն Կրուզո

Chapter 16

Տասնվեցերորդ գլուխ - Անսպասելի տագնապ։ Ռոբինզոնն ամրացնում է իր բնակարանը։

Շուտով պատահեց մի դեպք, որը բոլորովին խանգարեց իմ կյանքի խաղաղ ընթացքը։

Կեսօրվա մոտ էր։ Ծովափով գնում էի դեպի իմ մակույկը, մեկ էլ հանկարծ ավազի վրա պարզ նկատեցի բոբիկ մարդու ոտնահետքեր, որն ինձ շատ զարմացրեց և սարսափեցրեց։

Կանգ առա և այլևս տեղիցս շարժվել չէի կարողանում, կարծես շանթահար էի եղել, կարծես ուրվական էի տեսել։

Սկսեցի ականջ դնել և շուրջս նայել, բայց կասկածելի բան չտեսա և ձայն չլսեցի։

Ես վերև վազեցի դեպի ափի բարձունքը, որպեսզի շրջապատն ավելի լավ տեսնեմ, նորից ցած իջա, անցա ծովափի երկարությամբ, բայց ոչ մի տեղ ոչինչ չգտա․ բացի այդ միակ հետքից, ուրիշ ոչ մի նշան չկար, որ այդտեղ նորերս մարդ է եղել։

Ես նորից վերադարձա միևնույն տեղը։ Ուզում էի իմանալ, թե ուրիշ հետքեր չկա՞ն։ Բայց ուրիշ հետքեր չկային։ Գուցե աչքի՞ս է երևացել։ Գուցե սա մարդու՞ հետք չէ։ Բայց ո՛չ․ չեմ սխալվել։

Դա, անկասկած, մարդու ոտնահետքեր էին․ պարզ երևում էին կրունկի, մատների, ներբանի տեղերը։ Ինչպե՞ս էր այստեղ ընկել։ Որտեղի՞ց էր ելել։ Ես խճճվել էի ենթադրությունների մեջ, որոնցից ոչ մեկի վրա կանգ առնել չէի կարողանում։

Սոսկալի տագնապի մեջ, ոտքիս տակ գետինը չզգալով շտապեցի տուն, դեպի իմ ամրոցը։ Մտքերը խռնվում էին գլխիս մեջ։ Ես ահ ու սարսափի մեջ էի։

Ամեն մի երկու֊երեք քայլափոխում հետ֊հետ էի նայում, վախենում էի ամեն մի թփից, ամեն մի ծառից։ Ամեն մի կոճղ հեռվից ինձ մարդ էր թվում։

Անկարելի է նկարագրել, թե իմ բորբոքված երևակայության մեջ ինչպիսի զարհուրելի ձևեր էին ստանում բոլոր առարկաները, ինչպիսի հրեշավոր մտքեր էին անցնում գլխովս և ինչպիսի անհեթեթ որոշումներ էի կայացնում ճանապարհին։

Հասնելով իմ ամրոցը (ինչպես այդ օրվանից սկսեցի կոչել իմ բնակարանը), մի ակնթարթում ներս ընկա ցանկապատից, կարծես ինձ հալածում էին։

Ես նույնիսկ չեմ կարողանում հիշել, թե ես սովորականի պես շարժական սանդուխքո՞վ ներս մտա, թե՞ դռնով, այսինքն այն մուտքով, որ ես փորել էի լեռան մեջ։ Նույնիսկ մյուս օրը չկարողացա հիշել այդ։

Ոչ մի նապաստակ, ոչ մի աղվես շների ոհմակից փրկվելիս այնքան չի շտապել դեպի իր բունը, ինչպես ես։

Ամբողջ գիշերը քնել չկարողացա, և հազար անգամ ինքս ինձ միևնույն հարցն էի տալիս, թե ինչպե՞ս կարող էր մարդ ընկնել այստեղ։

Երևի դա պատահաբար կղզին ընկած վայրենի մարդու ոտքի հետք է։ Կամ գուցե վայրենիներ շատ են եղել։ Գուցե նրանք իրենց պիրոգայով ծով են դուրս եկել, և հոսանքը կամ քամին նրանց այստեղ է քշել։ Շատ հնարավոր է, որ նրանք եղել են այն ափին, բայց հետո նորից ծովն են գնացել, որովհետև ըստ երևույթին, նրանք նույնպես քիչ ցանկություն են ունեցել մնալու այս ամայի կղզում, ինչպես ես ցանկություն չունեի նրանց հարևանությամբ ապրելու։

Իհարկե, նրանք իմ մակույկը չեն նկատել, հակառակ դեպքում գլխի կընկնեին, որ կղզում մարդիկ են ապրում, և կսկսեին որոնել ու անկասկած, կգտնեին ինձ։

Բայց այստեղ ինձ ցնցեց մի զարհուրելի միտք․ «Իսկ եթե նրանք մակույկը տեսած լինե՞ն»։ Այս միտքը տանջում ու մորմոքում էր ինձ։

«Ճիշտ է, ― ասում էի ինքս ինձ, ― նրանք նորից ծովն են գնացել, բայց այդ դեռ ոչինչ չի ասում․ նրանք կվերադառնան, անպայման կգան ուրիշ վայրենիների ամբողջ հրոսակախմբով և ինձ կգտնեն ու կուտեն։ Իսկ եթե ինձ գտնել չհաջողվի էլ, միևնույն է, կտեսնեն իմ դաշտերը, իմ ցանկապատը, կոչնչացնեն իմ ամբողջ հացը, կքշեն իմ այծերի հոտը, և ես ստիպված կլինեմ սովից մեռնել։

Իմ այս զարհուրելի հայտնագործությունից հետո առաջին երեք օրը քիթս էլ չէի հանում ամրոցից, այնպես որ նույնիսկ սկսեցի սոված մնալ։ Տանը մթերքի մեծ պաշարներ չէի պահում, և երրորդ օրը ինձ մոտ մնացել էին միայն գարու բլիթներ ու ջուր։

Ինձ տանջում էր նաև այն միտքը, որ հիմա առանց կթելու են մնացել իմ այծերը, որոնց սովորաբար կթում էի ամեն երեկո (դա իմ ամենօրյա հաճելի զբաղմունքն էր)։ Ես գիտեի, որ դրանից խեղճ կենդանիները շատ են տանջվելու։ Բացի դրանից, վախենում էի, որ նրանք կարող են կաթից կտրվել։ Եվ իմ երկյուղն արդարացավ․ այծերից շատերը հիվանդացան և համարյա դադարեցին կաթ տալ։

Չորրորդ օրը սիրտ արի դուրս գալ։ Այդ ժամանակ իմ մեջ ծագեց մի միտք, որը վերջնականապես վերադարձրեց իմ նախկին արիությունը։ Իմ երկյուղի ամենաբուռն պահին, երբ ենթադրությունից ենթադրության էի անցնում և ոչ մեկի վրա կանգ առնել չէի կարողանում, հանկարծ մտքովս անցավ, թե արդյոք ինքս չե՞մ հնարել մարդու հետքի այդ ամբողջ պատմությունը, և իմ սեփական հետքը չէ՞ր արդյոք իմ տեսածը։ Չէ՞ որ այդ հետքը ավազի վրա կարող էր մնացած լինել այն ժամանակից, երբ ես նախավերջին անգամ գնացել էի իմ մակույկը տեսնելու։ Ճիշտ է, սովորաբար ուրիշ ճանապարհով էի վերադառնում, բայց այդ վաղուց էր եղել և ես կարո՞ղ էի վստահությամբ պնդել, թե այն ժամանակ անցել եմ այսինչ ճանապարհով և ոչ թե մյուսով։

Ես աշխատում էի ինքս ինձ համոզել, որ հենց այդպես էլ եղել է, որ տեսածս իմ սեփական հետքն է եղել և նմանվել եմ այն հիմարին, որը զարհուրելի պատմություններ է հնարել դագաղից վեր կացող մեռելի մասին և հենց ինքն էլ վախեցել է իր պատմածից։

Այո, անտարակույս այդ իմ հետքն է եղել։

Այս համոզմունքից սիրտ առած՝ սկսեցի զանազան տնտեսական գործերով դուրս գալ տանից։ Նորից ամեն օր լինում էի իմ ամառանոցում, կթում էի այծերին և խաղող էի հավաքում։ Բայց եթե դուք տեսնեիք, թե ինչպես վախվխելով էի գնում այնտեղ, ինչպես էի շարունակ շուրջս նայում՝ պատրաստ ամեն րոպե նետելու իմ զամբյուղը և փախչելու, անպայման կմտածեիք, թե սա մի մեծ վճրագործ է, որին հալածում է խղճի խայթը։

Սակայն անցավ էլի երկու օր, և ես ավելի սրտապնդվեցի։ Վերջնականապես համոզվեցի, որ իմ բոլոր տառապանքները անհեթեթ սխալի արդյունք են եղել, սակայն, որևէ կասկած չմնալու համար, որոշեցի մի անգամ էլ գնալ այն ափը և խորհրդավոր հետքը համեմատել իմ ոտքի հետքի հետ։ Եթե երկու հետքերն իրար չափ լինեն, կարող եմ համոզված լինել, որ ինձ վախեցրել է իմ սեփական հետքը, որ վախեցել եմ հենց ինձանից։

Այս որոշումով էլ ճանապարհ ընկա։ Բայց երբ հասա այնտեղ, ուր խորհրդավոր հետքն էր, ինձ համար, նախ, պարզվեց, որ այն անգամ նավակից դուրս գալուց հետո տուն վերադառնալիս, ես ոչ մի կերպ այդտեղ ընկնել չէի կարող և, երկրորդ, երբ համեմատության համար ոտքս դրի հետքի վրա, տեսա, որ իմ ոտքը բավական փոքր է։

Սիրտս նոր վախով լցվեց․ դողում էի տենդ ունեցողի պես։ Նորանոր ենթադրությունների փոթորիկ սկսվեց իմ գլխում։ Տուն վերադարձա լիովին համոզված, որ այնտեղ, ծովափին մարդ է եղել և գուցե ո՛չ մեկը, այլ՝ հինգը կամ վեցը։

Ես նույնիսկ պատրաստ էի ենթադրելու, որ դրանք ամենևին էլ եկվորներ չեն, այլ կղզու բնակիչներ են։ Ճիշտ է, մինչև այժմ կղզում ոչ մի մարդ չէի նկատել, բայց հնարավոր է, որ նրանք վաղուց արդեն թաքնվում են այստեղ և, ուրեմն, ամեն րոպե կարող են անակնկալի բերել ինձ։

Երկար ժամանակ գլուխ էի կոտրում այն հարցի մասին, թե ինչպե՛ս պաշտպանեմ ինձ այդ վտանգից, բայց և այնպես ոչ մի բան հնարել չկարողացա։

«Եթե վայրենիները գտնեն իմ այծերին ու տեսնեն իմ հասկակալած արտերը, ― մտածում էի ես, ― միշտ էլ կգան կղզին՝ նոր ավար տանելու, իսկ եթե նկատեն իմ տունը, անպայման կսկսեն որոնել նրա բնակչին և վերջ ի վերջո կգտնեն ինձ»։

Դրա համար էլ մտածեցի քանդել իմ արոտների ցանկապատը և արձակել անասունները, ապա երկու դաշտերս փորփրելով ոչնչացնել բրնձի ու գարու ծիլերը, քանդել իմ քողտիկը, որպեսզի թշնամին մարդկային ոչ մի հետք չնկատի։

Այս ծրագիրն իմ մեջ ծագեց այն զարհուրելի հետքը տեսնելուն պես։ Վտանգ սպասելը միշտ էլ ավելի սարսափելի է, քան վտանգը, և չարիք սպասելը տասն հազար անգամ ավելի վատ է, քան չարիքը։

Ամբողջ գիշեր քնել չկարողացա։ Բայց լուսադեմին, երբ անքնությունից թուլացել էի, քնեցի խոր քնով և արթնացա այնպես թարմ ու առույգ, ինչպես վաղուց ի վեր չէի զգացել ինձ։

Այժմ սկսեցի ավելի հանգիստ դատել և ահա թե ինչ որոշման հանգա։ Իմ կղզին աշխարհիս ամենասքանչելի տեղերից մեկն է։ Այստեղ հիանալի կլիմա կա, շատ որս և հարուստ բուսականություն։ Եվ քանի որ այդ կղզին մայրցամաքից հեռու չէ, զարմանալի բան չէ, որ այնտեղ ապրող վայրենիներն իրենց մակույկներով մոտենում են կղզու ափերին։ Ասենք հնարավոր է նաև, որ նրանց այստեղ են քշում հոսանքը կամ քամիները։ Իհարկե, մշտական բնակիչներ այստեղ չկան, բայց եկվոր վայրենիներ, անտարակույս, լինում են։ Սակայն տասնհինգ տարի այստեղ ապրելով՝ ես երբեք, մինչև այժմ, մարդկային հետքեր այստեղ չեմ տեսել։ Հետևապես, եթե վայրենիները գալիս էլ են, երբեք այստեղ երկար չեն մնում։ Իսկ եթե մինչև այժմ նրանք ձեռնտու ու հարմար չեն համարել շատ թե քիչ երկար մնալու այստեղ, ապա պետք է կարծել, որ առաջիկայում էլ այդպես կլինի։

Հետևապես ինձ կարող է սպառնալ միայն մեկ վտանգ․ հանկարծ հանդիպել վայրենիներին, երբ նրանք հյուր են լինում իմ կղզում։ Բայց եթե նույնիսկ նրանք գալու լինեն, հազիվ թե մենք հանդիպենք միմյանց, որովհետև, նախ, վայրենիներն այստեղ անելիք չունեն, և ամեն անգամ այստեղ գալուց հետո շտապում են տուն վերադառնալ, երկրորդ, կարելի է վստահությամբ ասել, որ նրանք միշտ իջնում են կղզու այն կողմում, որը հեռու է իմ բնակարանից։

Եվ, քանի որ շատ հազվադեպ եմ գնում այն կողմերը, ուրեմն առանձնապես առիթ չունեմ վայրենիներից վախենալու, թեև, իհարկե, հարկավոր է մտածել ապահով ապաստանի մասին, որտեղ կարողանայի թաքնվել, եթե նրանք նորից երևան կղզու վրա։

Այժմ արդեն ես դառնորեն զղջացի, որ իմ քարանձավն ընդարձակելիս նրա ելքը ցանկապատից դուրս եմ բաց արել։ Հարկավոր էր մի կերպ ուղղել այդ սխալը։ Երկար մտածելուց հետո որոշեցի իմ տան շուրջը մի նոր ցանկապատ էլ կառուցել այնպիսի հեռավորությամբ, որ քարանձավի ելքը մնա ցանկապատի ներսը։

Ասենք նոր պատ դնելու կարիք էլ չեղավ, որովհետև ծառերի այն երկտակ շարքը, որ մի տասներկու տարի առաջ կիսաշրջանաձև տնկել էի հին ցանկապատի երկարությամբ, այնքան էր խիտ և այնպես փարթամորեն էին աճել այդ ծառերը, որ արդեն ինքնըստինքյան հուսալի պաշտպանություն էր հանդիսանում։ Մնում էր միայն ցցեր տնկել ծառերի միջև, որպեսզի այդ ամբողջ կիսաշրջանը ամուր պատ դառնա։ Եվ այդպես էլ արի։

Այժմ իմ ամրոցը շրջապատված էր կրկնակի պարիսպով։ Բայց դրանով իմ գործը չվերջացավ։ Արտաքին պարսպից դուրս ամբողջ տարածության վրա տնկեցի այն նույն ծառերից, որոնք նման էին ուռենու։ Դրանք շատ լավ էին կպչում և աճում էին խիստ արագ։ Կարծում եմ առնվազն քսան հազար ծառ տնկեցի։ Բայց այդ պուրակի և պարսպի միջև բավական մեծ տարածություն թողեցի, որպեսզի կարելի լինի հեռվից նկատել թշնամիներին, հակառակ դեպքում նրանք կարող էին ծառերի տակ թաքնված՝ գաղտագողի մոտենալ իմ պարսպին։

Երկու տարի հետո իմ տան շուրջը աճեց մի ջահել պուրակ, իսկ հինգ֊վեց տարուց հետո էլ ինձ բոլոր կողմերից շրջապատեց բոլորովին անանցանելի, խիտ անտառը․ ի՜նչ զարմանալի չտեսնված արագությամբ էին աճում այդ ծառերը։ Ոչ մի մարդ, վայրենի լիներ թե սպիտակամորթ, այժմ չէր կարող գլխի ընկնել, որ այդ անտառի հետևը տուն է թաքնված։

Իմ ամրոցը մտնելու և այնտեղից դուրս գալու համար օգտվում էի շարժական սանդուղքից, որը դեմ էի տալիս լեռանը (քանի որ անտառում ծառուղիներ չէի թողել)։ Երբ սանդուղքը վերցված էր, ոչ մի կենդանի մարդ չէր կարող իմ ամրոցը մտնել՝ առանց իր վիզը կոտրելու։

Ահա թե ինչպիսի ծանր աշխատանք էի դրել իմ ուսերին հենց միայն նրա համար, որ ինձ թվում էր, թե ինձ վտանգ է սպառնում։ Մարդկային հասարակությունից հեռու այսքան տարի ճգնավորի պես ապրելով՝ ես քիչ֊քիչ խորթացել էի մարդկանցից, և մարդիկ սկսել էին ինձ բոլոր վագրերից ու ընձառյուծներից ավելի սարսափելի թվալ։

Comments