Chapter 10
Տասներորդ գլուխ - Ռոբինզոնը հետախուզում է իր կղզին
Ես շատ անգամ փորձեցի կողով հյուսել ինձ համար, բայց այն շիվերը, որ կարողանում էի ճարել, այնպես շատ էին կոտրվում, որ բան դուրս չէր գալիս։
Դեռ երեխա ժամանակ շատ էի սիրում գնալ մի զամբյուղագործի մոտ, որ ապրում էր մեր քաղաքում, և դիտել, թե ինչպես է աշխատում։ Եվ այժմ այդ ինձ պետք եկավ։ Բոլոր երեխաները սիրում էին դիտել և մեծերին օգնել։ Զամբյուղագործի աշխատանքը դիտելով՝ ես շուտով հասկացա, թե ինչպես են հյուսում և իմ ուժերի չափ օգնում էի իմ բարեկամ զամբյուղագործին։ Քիչ֊քիչ սովորեցի զամբյուղ հյուսել նրանից ոչ վատ։ Այնպես որ, այժմ ինձ պակասում էր միայն նյութը։ Վերջապես մի օր միտքս եկավ, թե արդյոք այս գործի համար պիտանի չե՞ն լինի այն ծառերի շիվերը, որոնցից ցանկապատի ցցերն էի շինել։ Երևի նրանց շյուղերը ճկուն կլինեն մեր ուռենու ճյուղերի նման։ Եվ որոշեցի փորձել։
Հենց մյուս օրը գնացի իմ ամառանոցը, կտրեցի մի քանի ճյուղ, ընտրելով ամենաբարակները, համոզզվեցի, որ նրանք շատ հարմար են զամբյուղ հյուսելու համար։ Հետևյալ անգամ ես կացինը բերի, որպեսզի միանգամից շատ ճյուղեր կտրեմ։ Երկար որոնելու կարիք չունեի, քանի որ այդ ծառից այստեղ շատ կար։ Կտրատած ճյուղերը տարա իմ քողտիկի ցանկապատի ներսը և պահեցի։
Հենց որ անձրևների ժամանակաշրջանն սկսվեց, նստեցի աշխատանքի և շատ զամբյուղներ հյուսեցի։ Դրանք ինձ ծառայում էին զանազան կարիքների համար․ Դրանցով հող էի կրում, մի քանիսի մեջ զանազան իրեր դարսեցի և այլն։ Ճիշտ է, մի փոքր կոպիտ զամբյուղներ էին ստացվում, չէի կարողանում գեղեցիկ տեսք տալ, բայց և այնպես դրանք իրենց դերը լավ էին կատարում, իսկ ինձ հենց միայն այդ էր հարկավոր։
Դրանից հետո հաճախ էի զամբյուղներ գործում․ հները կոտրվում էին կամ մաշվում և հարկավոր էին լինում նորերը։ Պատրաստում էի զանազան տեսակի զամբյուղներ, և՛ խոշորներ, և՛ մանրեր, բայց գլխավորապես պատրաստում էի խոր ու ամուր զամբյուղներ՝ հացահատիկ պահելու համար։ Ուզում էի, որ նրանք ինձ ծառայեն պարկերի տեղ։ Ճիշտ է, այժմ դեռ հացահատիկ չունեի, բայց չէ՞ որ մտածել էի մի քանի տարվա ընթացքում մեծ պաշար ստեղծել։
Արդեն ասել եմ, որ շատ էի ուզում շրջել ամբողջ կղզին և մի քանի անգամ հասել էի գետակին ու դեռ ավելի վերև, որտեղ շինել էի իմ քողտիկը։
Այստեղից ազատորեն կարելի էր գնալ կղզու հակադիր ափը, որը դեռ երբեք չէի տեսել։ Վերցրի մի հրացան, մի կացին, վառոդի, կոտորակի և գնդակի մեծ պաշար, վերցրի նաև երկու կտոր պաքսիմատ ու մի մեծ ողկույզ չամիչ և ճանապարհ ընկա։ Ինչպես միշտ ինձ հետ եկավ նաև շունը։
Իմ քողտիկին հասնելուց հետո առանց կանգ առնելու քայլեցի դեպի արևմուտք։ Եվ հանկարծ, մի կես ժամ գնալուց հետո իմ առաջ տեսա ծովը, իսկ ծովում ցամաքի մի շերտ, որ ինձ շատ զարմացրեց։
Պայծառ, արևոտ օր էր։ Ցամաքը լավ էի տեսնում, բայց չկարողացա որոշել, կղզի է, թե մայր ցամաք։ Դա մի բարձր սարահարթ էր, ձգված արևմուտքից հարավ և գտնվում էր կղզուց շատ հեռու, իմ հաշվով մոտ քառասուն մղոն, եթե ոչ ավելի։
Ես չգիտեի, թե դա ինչ երկիր է։ Մի բան հաստատ էր․ անտարակույս դա Հարավային Ամերիկայի մի մասն է, որն ամենայն հավանականությամբ գտնվում է իսպանական տիրապետություններից ոչ հեռու։ Շատ հնարավոր է, որ այնտեղ մարդակեր վայրենիներ են ապրում, և եթե այնտեղ ընկած լինեի, իմ դրությունը շատ ավելի վատ կլիներ, քան հիմա է։
Այս միտքը ինձ շատ ուրախացրեց։ Նշանակում է՝ իզուր եմ անիծել իմ բախտը։ Նա կարող էր շատ ավելի տխուր լինել։ Նշանակում է՝ բոլորովին իզուր եմ ինձ տանջել ապարդյուն ափսոսանքով, թե ինչու փոթորիկն ինձ գցեց հատկապես այս կղզին և ոչ թե մի որևէ ուրիշ տեղ։ Նշանակում է, ես պետք է շնորհակալ լինեի իմ բախտից, որ այդպես ողորմածաբար է վարվել ինձ հետ։
Այսպես խորհելով դանդաղորեն առաջ էի գնում և ամեն մի քայլափոխի համողվում էի, որ կղզու այս մասը շատ ավելի լավն է, ավելի հրապուրիչ, քան այն, որտեղ ես կառուցել էի իմ առաջին բնակարանը։ Այստեղ ամենուրեք կանաչ մարգագետիններ էին՝ զարդարված սքանչելի ծաղիկներով, փարթամ պուրակներ էին, որտեղ գեղգեղում, դայլայլում էին թռչունները։
Ես նկատեցի, որ այստեղ շատ թութակներ կան, և ուզեցի մեկը բռնել․ հույս ունեի ընտելացնել և խոսել սովորեցնել։ Մի քանի անհաջող փորձից հետո վերջապես ինձ հաջողվեց բռնել մի ջահել թութակ․ փայտով խփել էի նրա թևին, այնպես որ թռչել չէր կարող։ Իմ հարվածից շշմել էր, բայց ես ուշքի բերի նրան և տարա տուն։ Հետագայում ինձ հաջողվեց սովորեցնել նրան կանչել իմ անունը։
Ծովի ափը հասնելով նորից համոզվեցի, որ բախտը ինձ գցել է կղզու ամենավատ մասը։
Այստեղ ափը լիքն էր կրիաներով, իսկ այնտեղ, ուր ես էի ապրում, մեկ ու կես տարվա ընթացքում միայն երեք կրիա էի գտել։ Այստեղ ամեն տեսակի անթիվ անհամար թռչուններ կային։ Կային և այնպիսիները, որպիսիք երբեք չէի տեսել։ Մի քանիսի միսը շատ համեղ դուրս եկավ, թեև չգիտեի, թե ինչպես են կոչվում դրանք։ Ինձ հայտնի թռչունների մեջ ամենալավը պինգվիններն էին։
Եվ այսպես, կրկնում եմ, կղզու այս ափն ամեն տեսակետներից ավելի հրապուրիչ էր իմ ափից։ Չնայած դրան, այստեղ փոխադրվելու ոչ մի ցանկություն չունեի։ Մոտ երկու տարի ապրելով իմ վրանում՝ արդեն վարժվել էի այն տեղերին իսկ այստեղ ինձ զգում էի որպես մի ճանապարհորդ, մի հյուր, ամեն ինչ մի տեսակ խորթ էր և ձգտում էի տուն։
Ափ հասնելուց հետո շուռ եկա դեպի արևելք և անցա մոտ տասներկու մղոն։ Այդտեղ մի բարձր ձող խրեցի գետնի մեջ, որպեսզի նշան անեմ, որովհետև որոշեցի հաջորդ անգամ այստեղ գալ մյուս կողմից, և ճանապարհ ընկա դեպի տուն։
Ուզեցի վերադառնալ ուրիշ ճանապարհով։
«Կղզին այնքան փոքր է, որ այտեղ մոլորվել չի լինի, ― մտածում էի ես։ Ծայրահեղ դեպքում կբարձրանամ մի լեռան գլուխ, կնայեմ շուրջս և կտեսնեմ, թե որտեղ է գտնվում իմ հին տունը»։
Սակայն ես մեծ սխալ գործեցի։ Ծովափից երկու֊երեք մղոն հեռանալով՝ աննկատելիորեն մտա մի ընդարձակ հովիտ, որի երկու կողմերից նեղ ձգաված էին խիտ անտառապատ բլուրներ և ոչ մի հնարավորություն չկար որոշելու, թե որտեղ եմ գտնվում։ Ես կարող էի առաջնորդվել արեգակով, բայց դրա համար հարկավոր էր ճշգրիտ իմանալ, թե այդ ժամերին որտեղ է գտնվում արեգակը։
Ամենից վատն այն էր, որ այն երեք֊չորս օրվա ընթացքում, երբ թափառում էի հովտում, ամպամած եղանակ էր և արեգակը բոլորովին չէր երևում։ Վերջ ի վերջո ստիպված եղա նորից իջնել ծովափ, այնտեղ, ուր գտնվում էր իմ տնկած ձողը։ Այնտեղից տուն վերադարձա նախկին ճանապարհով։
Քայլում էի առանց շտապելու և հաճախ նստում էի հանգստանալու, որովհետև շատ շոգ եղանակ էր, իսկ ես ծանր իրեր էի կրում՝ հրացանը, լիցքը, կացինը։