1. Ռոբինզոն Կրուզո

Chapter 1

Առաջին գլուխ - Ռոբինզոնի ընտանիքը։ Նրա փախուստը հայրենական տնից

Ամենավաղ մանկությունից ես աշխարհում ամենից ավելի ծովն էի սիրում։ Նախանձում էի հեռավոր նավարկության գնացող ամեն մի նավաստու։ Ժամերով կանգնած էի ծովափին և հայացքս սևեռած՝ նայում անցնող նավերին։

Իմ ծնողներին այդ բանը բոլորովին դուր չէր գալիս։ Հայրս, որ մի հիվանդ ծեր մարդ էր, ուզում էր, որ ես ծանրակշիռ աստիճանավոր դառնամ, ծառայեմ արքունական դատարանում և մեծ ռոճիկ ստանամ։ Բայց ես երազում էի ծովային ճանապարհորդությունների մասին։ Ինձ ամենամեծ երջանկությունն էր թվում ծովերի ու օվկիանոսների վրա թափառելը։

Հայրս գլխի էր ընկնում, թե ինչ է իմ միտքը։ Մի անգամ ինձ կանչեց իր մոտ և բարկացած ասաց․

― Ես գիտեմ, դու ուզում ես փախչել տանից։ Դա հիմարություն է։ Դու պետք է մնաս։ Եթե մնաս, ես քեզ համար բարի հայր կլինեմ, բայց վա՜յ քեզ, եթե փախչես։

Այստեղ նրա ձայնը դողաց, և նա կամացուկ ավելացրեց․

― Մտածիր հիվանդ մորդ մասին… Նա չի դիմանա քեզանից անջատվելու վշտին։

Նրա աչքերում արցունքներ շողացին։ Նա քնքշորեն սիրում էր ինձ և իմ բարին էր ցանկանում։

Ես խղճացի ծերունուն, հաստատորեն որոշեցի մնալ հայրական տանը և այլևս չմտածել ծովային ճանապարհորդությունների մասին։

Բայց, ավա՜ղ, չանցած մի քանի օր՝ իմ բարի մտադրություններից ոչինչ չմնաց։ Ծովի ափերը նորից քաշեցին ինձ։ Նորից սկսրցի երազել կայմեր, ալիքներ, առագաստներ, ճայեր, փարոսների լույսեր։

Հորս հետ ունեցած իմ խոսակցությունից երկու֊երեք շաբաթ անց՝ ես, այնուամենայնիվ, որոշեցի փախչել։ Ընտրելով մի հարմար ժամանակ, երբ մայրս ուրախ էր ու հանգիստ, ես մոտեցա նրան և հարգանքով ասացի․

― Ես արդեն տասնութ տարեկան եմ, իսկ այս հասակում դատարանական գործեր սովորելն ուշ է։ Եթե նույնիսկ որևէ տեղ ծառայության մտնելու լինեմ, միևնույն է, մի քանի օրից հետո կփախչեմ։ Ես այնքան եմ ուզում տեսնել հեռու երկրներ, լինել և՛ Աֆրիկայում, և՛ Ասիայում, որ եթե նույնիսկ որևէ գործի մտնեմ, համբերություն չեմ ունենա մինչև վերջ հասցնելու։ Խնդրում եմ համոզեք հորս, որ ինձ թույլ տա ծով դուրս գալ, թեկուզ կարճ ժամանակով, փորձի համար։ Եթե նավորդի կյանքը ինձ դուր չգա, տուն կվերադառնամ և այլևս ոչ մի տեղ չեմ գնա։ Թող հայրս ինձ հոժարակամ բաց թողնի, թե չէ՝ ես ստիպված կլինեմ տանից հեռանալ առանց նրա թույլտվության։

Մայրս խիստ բարկացավ ինձ վրա և ասաց․

Զարմանու՜մ եմ, թե հորդ հետ ունեցած խոսակցությունից հետո դու ինչպե՜ս ես կարողանում մտածել այդպիսի բաների մասին։ Չէ՞ որ հայրդ պահանջեց, որ դու մի անգամ ընդմիշտ մոռանաս ծովային ճանապարհորդությունների մասին։ Նա քեզանից ավելի լավ է հասկանում, թե դու ինչ գործով պիտի զբաղվես, որ լավ լինի։ Իհարկե, եթե դու ուզում ես քեզ կործանել, գնա թեկուզ հենց այս րոպեիս, բայց կարող ես հավատացած լինել, որ ես ու հայրդ երբեք քո ճանապարհորդուցյանը համաաձայնություն չենք տա։ Եվ իզուր ես հույս դրել, որ քեզ կօգնեմ։ Ո՛չ, ես այսօրվա քո ասածների մասին ոչ մի խոսք չեմ ասի հորդ։ Ես չեմ ուզում, որ հետագայում, երբ կյանքը ծովի վրա քեզ հասցնի զրկանքների ու տանջանքների, դու կարողանաս երբևիցե կշտամբել մորդ, որ նա այդ վիճակին է մղել քեզ։

Հետո, շատ տարիներ անց ես իմացա, որ մայրիկս, այնուամենայնիվ, մեր ամբողջ խոսակցությունը բառ առ բառ հաղորդել է հորս։ Հայրս վշտացել է և հառաչելով ասել նրան․

― Չեմ հասկանում, թե ինչ է հարկավոր նրան։ Հայրենիքում նա հեշտությամբ կարող էր հասնել հաջողության և բախտավոր կյանքի։ Մենք հարուստ մարդիկ չենք, բայց էլի որոշ միջոցներ ունենք։ Նա կարող է ապրել մեզ հետ առանց որևէ բանի կարիք զգալու։ Իսկ եթե սկսի ճանապարհորդել, այնպիսի դժվարություններ կկրի, որպիսին դեռ ոչ մի մարդ չի տեսել։ Ոչ, ես չեմ կարող նրան թույլ տալ, որ ծով դուրս գա։ Հայրենիքից հեռու նա միայնակ կլինի, և եթե նրան փորձանք պատահի, չի ունենա մի բարեկամ, որ մխիթարի նրան։ Եվ այն ժամանակ կզղջա իր արած անմտության համար, բայց ո՜ւշ կլինի։

Այնուամենայնիվ, մի քանի ամսից հետո ես հայրական տանից փախա։ Պատահեց այնպես, որ որ իմ ընկերներից մեկը իր հոր նավով Լոնդոն էր մեկնում։ Նա ինձ համոզեց, որ միասին գնանք, հրապուրելով նրանով, որ ուղևորությունը ձրի կլինի։

Եվ ահա, առանց հայտնելու ո՛չ հորս, ո՛չ մորս, մի չար ժամի, 1651 թվականի սեպտեմբերի 1֊ին ես բարձրացա Լոնդոն մեկնող նավը։

Սա վատ արարք էր․ ես անխղճաբար լքեցի իմ զառամյալ ծնողներին, անտեսելով նրանց խորհուրդները և խախտելով որդիական պարտականությունս։ Եվ շատ շուտով ես զղջացի իմ արարքի համար։

Comments