Chapter 8
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ: ԴԵՊԻ ԿԱՐՄԻՐ ԾԱՌ
— Կարմիր Ծառ, ու՛ր ես, եկա՛, — ասացի ու ելա ոտքի։ Ծծմակից իջա Մշո դաշտ և դեպի արևմուտք գնալով՝ Աջմանուկ և Քարձոր գյուղերի տակով հասա Խորոնք։ Խորոնքի վերևում Կարմիր Ծառն էր, որին օտարները Ղզլաղաճ էին ասում։ Նստած էի Խոզմա լեռան ստորոտում։ Աջ կողմը մի սիրուն անտառ կար կարմրատերև ծառերով։ Երևի այդ էր պատճառը, որ այդ գյուղը Կարմիր Ծառ էր կոչվում։
Ես այդտեղ հասա հետևյալ օրր. Արաբոյի մահվան լուրը առնելուց հետո։ Դեռ գյուղ չմտած, զգացի, որ ականջներս լավ չեն լսում։ Մի խուլ ու խոր շառաչ է գալիս Զանգակ սարի կողմից։ Ես այդ ձայնը առել էի Քարձորի տակով անցնելիս։ Որքան մոտեցա Կարմիր Ծառին, այնքան այդ գոռոցը ուժեղացավ։ Վերջում հիշեցի, որ դա Գուռգուռա կոչվող ջրվեժի գոռոցն է Առածանու վրա, Խոզմո սարի տակ, որի թնդյունը լսելի էր շատ հեռուներից, մանավանդ պարզկա գիշերներին և վաղ առավոտյան։ Արաբոն նրա մասին ասում էր» «Էդոր համար կըսեն Գուռգուռ, որովհետև ձեն կիտա ու իր ձեն երեք օրվա ճամփա կերթա»։
Քիչ-քիչ ականջներս ընտելացան այդ ջրվեժի որոտին և ես Արաբոյի ծխատուփը ծոցս դրած, մտա Կարմիր Ծառ։ Այդ վայրի թութունը հռչակավոր էր։ Հիշում եմ, թե ինչպես Մելքոն վարժապետը հաճախ շուկա էր գնում, որ այդ գյուղի ծխախոտից առնի։
Ամբողջ գյուղում ընդամենը մի հատիկ ծառ կար և այն էլ տնկված եկեղեցու բակում։
Առաջին իսկ հարցումից, թե որ տան ծխախոտն է հարգի, ինձ հեռվից ցույց տվեցին Արմենակ անունով մի գյուղացու, որ իրենց ասելով ամենահայտնի ծխախոտ մշակողն էր։ Ասացին, որ նա Սասունի Ահարոնք գյուղից է գաղթել Կարմիր Ծառ։ Երկար տարիներ եղել է Ռուսաստանում և նոր է ազատվել Կարինի բանտից։
Անցա մի քանի տնկարաններ և հասա այն տունը, որ հեռվից մատնացույց էին արել։ Իմ տեսածը փոքրահասակ մի գյուղացի էր, նիհար ու ոսկրոտ կազմվածքով, գլխին կարմիր արախչի։ Իր որոշ դիմագծերով նա ինձ հիշեցրեց Արաբոյին։
Բայց ինձ այդ պահին ոչ մի բան չէր հետաքրքրում։ Շտապում էի իմ տուփը լցնել ծխախոտով և ելնել ճամփա։
Արմենակը ինձ նախ իր ծխախոտի մարգերը ցույց տվեց, ապա տարավ չորանոց և ամենաընտիր ծխախոտի շարանները ցույց տալով՝ հարցրեց.
— Ինչքա՞ն թութուն է քեզ պետք։
— Ընդամենը մի տուփ, — պատասխանեցի։
— Մի տուփ թութունի համար Կարմիր Ծա՞ռ ես եկել, — ծիծաղելով հարցրեց նա և սաստիկ զարմացավ, որ ես մի փոքրիկ տուփ իմ ծոցից հանելով՝ մեկնեցի նրան։ Նա տուփը շուռ ու մուռ տվեց, ուշադրությամբ նայեց մաշված նախշերին, կարծես ինչ-որ բան էր ուզում վերհիշել կամ մտաբերել և դժվարանում էր։ Երկու անգամ աչքի տակով խորհրդավոր նայեց ինձ։ Հազաց։ Նորից նայեց։ Ապա տուփը լցրեց ծխախոտով, մատներով ամուր սեղմեց և կափարիչը փակելով ու ինձ հանձնելով՝ ասաց.
— Երևի մի նպատակ ունես, որ ընդամենը մի տուփ թութուն է քեզ հարկավոր։
Ուզեցի հայտնել, որ իմ նպատակը բարի է, բայց աչքերս, չգիտեմ ինչու, հանկարծ լցվեցին արցունքով և նա հասկացավ, որ մի վիշտ է ինձ տանջում։ Նա ինքն էլ հուզվեց և առաջարկեց գնալ իրենց տուն, բայց ես կարևոր համարեցի ճանապարհ ընկնել։
Կարմիր Ծառի Արմենակը մինչև գյուղի ծայրը եկավ ինձ հետ։ Փոքրիկ, վտիտ մարդ էր, շատ քչախոս։ Ավելի շատ իր մտքերի հետ էր, քան թե իր շրջապատի։ Երբեք չհարցրեց, թե որտեղից եմ գալիս և դեպի ուր եմ գնում։ Եվ արդյոք որևէ տեղ ունե՞մ գնալու։
Անտառը հրաշալի բուրում էր։ Իրար կողք-կողքի կամ իրար թիկնած հպարտ կանգնած էին բոդախին, լուսանը, կաղամախին։ Բայց անտառին իշխողը կարմրատերև նորքենին էր։
— Սրա ամուր, ծանր ու փայլուն փայտից մեր պապերը նետեր են շինել ինքնապաշտպանության համար, — ասաց Արմենակը ծառերից մեկին մոտենալով։ Այդ եղավ նրա ամբողջ խոսակցությունը։ Նա այդ ծառից մի ճյուղ պոկեց, հավանորեն ձեռնափայտի համար, և դանդաղ վերադարձավ գյուղ, իսկ ես մի քանի քայլ անելուց հետո՝ վարանած կանգ առա անտառի եզրին։ Ուղղակի շփոթված էի։ Կանգնած մտածում եմ. ու՞ր գնալ։ Մի քանի անգամ հոտ քաշեցի՝ Արաբոյի կարոտը առնելու համար, ապա տուփը դրեցի ծոցս և ինձ նետեցի դեպի Դաշտի գյուղերը՝ հայացքս Խլաթի սարերին պահած։
Որքան հեռացա Կարմիր Ծառից և Զանգակ սարից, այնքան Գուռգուռայի գոռոցը նվազեց և ականջներս, Արածանու զայրագին թնդյունից խաղաղվելով՝ անձնատուր եղան Մեղրագետի հանդարտիկ հոսանքին։
Միայն մի տեղ կանգ առա. այդ Սողգոմն էր, հռչակված իր սոխով և անուշահամ շաղգամով։ Այդ գյուղի մոտակայքում իմ հայրենի քաղաքի գետակը գալիս միանում էր Մեղրագետի ջրերին։ Այդտեղ հասնելով նա սպառում էր իր կյանքը՝ խառնվելով ավելի մեծին, դառնալով անճանաչելի ու անըմբռնելի։
Իմ կյանքն էլ այդ գետակի նման էր։
Ես գնում էի դեպի Խլաթ, հեռանալով իմ ծննդավայրից և խառնվելով ավելի մեծին ու անծանոթին։ Եվ արդյոք երբևիցե վերադարձ կլինե՞ր դեպի Մուշ։