Chapter 6
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ: ՏԵՐԳԵՂԱՆՔԻ ԳԻՇԵՐԸ
Ծծմակի գագաթի մոտ մի բարձր քարաժայռ կար։ Մագլցեցի վեր և նստեցի այդ ժայռին։ Կողքիս մի խոր կիրճ էր բացվում, երևում էին վիհեր, անձավներ։ Այդ կիրճն ու վիհերը համարվում էին Մշո դաշտի բուք ու բորանի որջերը։ Այդտեղից էին ամպրոպն ու մրրիկը որոտմունքով խուժում դաշտի վրա։
Ծծմակը հայտնի էր իր կաքավներով, որոնք վաղ արևածագից մինչև ուշ մայրամուտ կվկվում էին ձորերի ու ծերպերի մեջ, իրենց գունագեղ փետուրները ժայռերին թափելով։
Վարժապետ Սենեքերիմը պատմում էր, որ երբ Մշո դաշտի հեթանոս տաճարները կործանվեցին, նրանց քրմերն ու քրմուհիները քարակաքավներ դարձան ու թռան դեպի ապառաժոտ բլուրները։ Նրանց մի մասը թաքնվեց Ծծմակա Քթի ծերպերի մեջ։
Ահա նրանք խմբերով բխում են Ծծմակի քարուտներից և, խախաբալով ու զգույշ պտույտներ գործելով արևի տակ՝ մայրամուտից առաջ շտապում են թաքնվել իրենց խոռոչներում։ Մի քանիսը ուղղակի իմ ոտքի տակից թռան և ոլորապտույտ գլորվեցին դեպի ձորը։ Ես նայում եմ նրանց և մի տեսակ սրբազան ղող է պատում ինձ. մի՞թե իսկապես դրանք այն հին քրմերի ու քրմուհիների վերափոխված մնացորդներն են։
Բարձր քարաժայռին նստած ես երկար նայեցի Մշո դաշտին։ Բայց դաշտի առաջին բնակիչները, ըստ ավանդության, եղել է Սիմ նահապետի սերունդը, որ ջրհեղեղից հետո բնակություն է հաստատել Մշո թիկունքի լեռներին, որոնք նրա անունով այնուհետև կոչվեցին Սիմ։ Սիմ նահապետի կրտսեր որդի Տարբանին բաժին ընկավ այդ լեռների առաջ տարածված հարթությունը. այն էլ նրա անունով կոչվեց Տարբանի կամ Տարոնի դաշտ։
Մի ուրիշ բան էլ էր պատմում պարոն Սենեքերիմը։ Ոչ, սխալվեցի, այդ պատմողը Մելքոն վարժապետն էր, «Ռանչպարների կանչի» հեղինակը։ նա ասում էր, որ Մաշտոցի գրերից առաջ Հայաստանում եղել են քարե հեթանոս մատյաններ։ Երբ թշնամին մտել է Տարոն և սկսել է դրանք ջարդել, նրանց միջի բոլոր գրերը մի ակնթարթում դարձել են մեղուներ և աղմկալի դուրս փախչելով քարե մատյաններից՝ պարս են կապել Ծծմակի և Ծիրնկատարի ապառաժներին։
— Գնացեք դեպի Ծծմակի կողմերը։ Առաքելոց վանքի ճանապարհին, ուր Արաբոյի քարն է, — աչքերը սրբելով ասաց մի անգամ Մելքոն վարդապետը, — իր մոլեգին սլացքի մեջ անշարժացած մի գագաթ կա թուխ ժայռերով, որ կոչվում է Մեղրի քարեր։ Դա մեղրաճանճեր դարձած մեր հին ու հալածական գրերի հավերժական բնակավայրն է։ Իմաստության փոխարեն նրանք այժմ որձաքարերի խոռոչներից կախված մեղր են շինում մարդկանց համար։
Ծծմակա Քթի մեծ ժայռին նստած նայում եմ Մեղրի քարերին։ Մեղուները մայրամուտի ցոլքերի մեջ վերջին պտույտներն են գործում իրենց քարե փեթակների շուրջ։
Ալվառինջ գյուղը իմ աչքի առաջ է։ Դեպի աջ Տերգեվանքն է, իմ մորաքրոջ գյուղը։ Գինեվարդ մորաքույրս խաշած ցորեն է փռել տանիքին։ Սարի կողերով շինականներ են իջնում դեպի գյուղ։ Առաքելոց վանքից են գալիս։ Գնացել են մոմեր վառելու Դավիթ Անհաղթի գերեզմանին։ Մորաքույրս ինձ մի օր վանքում տեսնելով՝ ասաց. «Դու էլ մի մոմ կպցրու Անհաղթի խաչքարին»։ Ես ասացի՝ թող տերգեվանքցիք կպցնեն, իրենց գյուղումն է ծնվել։ «Ինչի, դու հայ չե՞ս», նեղացավ վրաս Գինեվարդ մորաքույրս և մի դեղնամոմ վառելով՝ տվեց ձեռքս, ինձ տանելով դեպի վանքի արևելակողմը և չոքեցնելով մի հին խաչքարի առաջ։
Այնքան հափշտակված էի Ծծմակից դեպի Մեղրի քարերը և Ալվառինջ ու Տերգեվանք գյուղերը բացվող տեսարանով, որ աննկատելի իջավ երեկոն։ Նախ թանձր մթնեց, ապա երկնքի չորս կողմը առկայծեցին աստղերը, ասես իրարից լույս առնելով։
Գեղեցիկ է գիշերը Մշո դաշտում։
Ահա իմ գլխավերևում կանգնած է Հակոբի ցուպը։ Կաթնագույն Հարդագողի եզերքին հետզհետե կամար կապեցին Լուծքն ու Կշեռքը։ Մեկը Հավատամք լեռան ետևից ելավ, մյուսը՝ Մանազկերտի բերդի։ Լուծքի աստղերը ես հիանալի զանազանում եմ իրարից։ Դրանք յոթ սանամոր աստղերն են՝ Մեծ Արջը։ Յոթից առաջինը Մաճկալն է, մի զույգ գոմեշ և մի զույգ եզ լծած։ Վեցերորդը՝ Հոտաղն է Լուծքին նստած, իսկ յոթերորդը՝ զատվորն է, որ մաճկալի և հոտաղի համար հաց է բերել դաշտ։ Զատվորի կողքին հազիվ նշմարվող մի ուրիշ աստղիկ էլ կա, դա էլ զատվորի շնիկն է։
Շուտով կերևա Բույլքը։
Ուղիղ իմ դիմաց կարմրավուն փայլով շողշողում է մի սիրուն աստղ, որ մի քիչ առաջ Նեմրութի թիկունքից ցատկեց երկինք։ Դու նրան մի շփոթիր Լուսաստղի հետ։ Դա Քարվան-Կորուսն է, որով շատերն են մոլորվել ճանապարհներին։
Ցուլի պարանոցի վրա վառվեցին Բույլքի աստղերը։ Լուսինն ու Լուսաստղը ելան։ Ծծմակի քթին նստած տեսնում եմ, թե ինչպես Լուծքն ու Կշեռքը, Լուսաստղն ու Քարվան-Կորուսը փայլփլելով դանդաղորեն շարժվում են Մշո դաշտի վրայով։
Մի աստղիկ դեմ է առել Մեղրի քարերին և շունչը պահած նայում է Սիմ լեռան քերծերից իրեն ժպտացող մի ուրիշ աստղի։
Ուշ գիշեր է։ Ինչ-որ մեկը իր արտն է վարում դիմացի լանջին։ Երևի Ալվառինջի շինականներից է։ Այնպես պարզ լսվում է գութանի ճռռոցը գիշերային խաղաղության մեջ։ Եզները հոգնած շարժվում են լեռան կողերով։ Ես տեսնում եմ նրանց կարճ ու կեռ եղջյուրները, որ մերթ ստվերի մեջ են ընկնում և մերթ ուժգին փայլում լուսնի տակ։
Գնացի բռնեցի գութանի մաճը և մինչև լուսադեմ վարեցի։ Բույլքը այնպես պայծառորեն շողում է երկնքում։ Այդ այն ժամն է, երբ ուղևորները ասում են իրար, «Վե՛ր կացեք, Բույլքը ելել է, ճանապարհ ընկնելու ժամանակ է»։
Բայց ես ու՞ր պիտի երթամ և ո՞րն է իմ ժամը ճանապարհ ընկնելու։
Երբ վեջին անգամ նայեցի դեպի երկինք, Մաճկալն անհետացել էր՝ իր հետ տանելով զույգ լծկանին, հոտաղին և զատվորին։ Շնիկն էլ չկար։ Կշեռքն ու Լուսինն էլ չէին երևում։ Մնացել էր միայն Լուսաստղը։ Ես Ալվառինջի շինականին թողեցի իր կարճ եղջյուրներով եզների հետ և Լուսաստղի լույսով շարժվեցի Ծծմակն ի վեր։