Chapter 59
ԵՐՐՈՐԴ ՄԱՍ: ՎԵՐՋԻՆ ԺԱՅՌԱԳՆԱՑԸ,
1962 թվականի վաղ աշնանը Մակու քաղաքի կողմից դեպի Արարատի գագաթն Էր մագլցում մի հանդուգն ժայռագնաց։
Լեռան արևելյան լանջը խիստ ապառաժոտ Էր։ Աշխարհի ոչ մի ճանապարհորդ դեռ փորձ չէր արել այդ կողմով վե՛րելքն սկսել։ Բայց այդ խիզախ լեռնագնացը որոշել էր Մեծ Մասիսը նվաճել հարավից բարձրանալով։
Մենակ էր ու մի ուսապարկ շալակին, ձեռքին ալպինիստի գավազան։
Ու՞ր էր գնում և ի՞նչ էր որոնում այդ խենթ ուղևորը։ Փա ոք։ Այդ հասակու՞մ։
Երկար մաքառելուց հետո կեսօրից առաջ հասավ ձյունի սահմանին։ նայեց դեպի աջ — Փոքր Մասիսը իրենից ցածր էր կանգնած։
Ակոռին չէր երևում, ոշ էլ ս. Հակոբի աղբյուրը։ Թուխ, կապույտ երկինքը կախված էր գլխի վրա։ Հոգնած էր։ Նըստեց մի ցից ժայռի հանգստանալու, ապա սկսեց վերելքը։ Հսկա մի սառցաշերտ պոկվեց իր ոտքի տակից և դղրդոցով ներքև գլորվեց։ Փշրվեց մի երկրորդն էլ, երրորդն էլ։ Որքան վեր էր ելնում, տեսարանը դառնում էր վեհատեսիլ, իսկ վերելքը՝ դժվարին։ Նա կպած էր մի ձյունեղեն բարձունքի, որի ետևից մի ավելի մեծ ու բարձր գագաթ էր երևում։
Գիշերը քնեց այդ բարձունքին կպած։ Լուսադեմին Արցախի կապույտ լեռների և Փոքր Մասիսի թիկունքից բարձրացավ արևը։ Բայց շուտով փոթորիկ սկսեց և ձյուն տեղաց կարկաախառն։ Քամին հռնդյունով հարվածեց նրա մեջքին, կամենալով անդունդ գլորեր Մի ճայթյուն լսվեց փոթորիկի մեջ։ Կայծակն էր, որ օձապտույտ անցավ իր մոտով։ Քամին հանդարտվեց և թանձր մառախուղը ծածկեց հյուսիսային գագաթը։
Դարձավ ետ նայեց։ Դիմացի խոր ձորի մեջ երևաց Թադեի վանքը։ Նրանից դեպի արևմուտք տարածված էր գեղանի մի ծով, իսկ ծովից այնկողմ իր ծննդավայրն էր։
Մի քանի օր առաջ նա անցավ Մշո դաշտով։ Եղավ նաև Սասունի կողմերը։ Մի անծանոթ հայ կնոջ հետքերով էր գնում։ Լուր էր առել, որ այդ կնոջը քրդերը գերի են տարել, բայց թե որտեղ հայտնի չէր։
Հարցուփորձով հասավ Բաղեշ։ Բաղեշի դռանը օտարական մի հայի տեսավ, որ հեռվից երեք անգամ բարձրաձայն «Բիթլիս, Բիթլիս, Բիթլիս» գոչեց։ Մի տարեց բիթլիսցի նրան ցույց տվեց երկհարկանի քարաշեն կիսավեր մի տուն «Ավելի մեյդան» թաղամասում, բարձունքի վրա։ — Սրանք ձեր սենյակներն են, — ասաց ծերունին։ Գրագետը կանգուն մնացած պատի լուսամուտը ձեռքով մաքրեց։ Հետո գետնից քարեր առավ շոյեց, ծաղիկներ քաղեց և, ելնելով իր հորենական տան փլատակներին, ասաց. «Ապրելու համար շատ գեղեցիկ տեղ է։ Հիսունհինգ տարի այս վայրկյանը ապրեցի, այլևս փույթ չէ, եթե մեռնեմ»։
Երեք անգամ «Բիթլիս» աղաղակող հայը Ամերիկայում էր ծնված։
Իսկ ի՞նքը։ Ինքը, որ ծնվել էր Մշո դաշտում, ի՞նչ աներ ինքը։ Քանի" անգամ գռռար «Մուշ»։
Որոնեց, բայց չգտավ կնոջը։ Վաղեմի մի իղձ էր մնացել անկատար, մի սրբազան ուխտ, և նա վճռեց վերադարձից առաջ իրականացնել այն։
Չորս անտեսանելի ուժեղ բազուկներ ետևից հրում էին նրան դեպի Մասիսի հավերժական ձյուները։
Հյուսիսային գագաթի մառախուղը գլորվեց դեպի արևմըտյան լանջերը։ Մի քանի պալան ս. Հակոբի կիրճով իջան Մեծ Մասիսի ստորոտը, լիզելով այն խանձված քարերը, որտեղ Մորուք Կարոն և Զնգլիկ Պետռն մեծ խարույկ էին վառել տարիներ առաջ։
Քիչ առաջվա քամին ավլել էր արևելյան լանջերի ձյունը։ Բարձրում պսպղում էր մի հսկայական սառցագագաթ՝ արևի ճաճանչներով ողողված։ Նա դեպի արևոտ գագաթն էր ձըգտում, աչքերը հառած ցնորական բարձունքին։
Ստիպված էր սառույցի վրա աստիճաններ փորել։ Ուսապարկը ամրացրեց մեջքին և գավազանի բրիչով սկսեց սառույցը ջարդել, որ ոտքի համար հենարան շինի։ Կոտրեց ու մագլցեց վեր։ Միշտ դեպի վեր։ Լայնորեն տեսնելու համար պետք է բարձրանալ։
Արևը մոտենում էր մուտքին, իսկ գագաթը թվում էր անհունապես հեռու։
Նորից կոտրեց սառույցը և նորից մագլցեց վեր։ Կոտրեց ու բարձրացավ։ Մութ է, այլևս չի տեսնում։ Շեկ Ղավիթին հիշեց, քրդական տարազ հագած խնուսցի այն հմուտ ուղեցույցին, որ միշտ գիշերով էր շրջագայում, և որի աչքերը խավարին վարժված լինելով ազատորեն կողմնորոշվում էին մթության մեջ։
Հիշեց Տավրոսի բուքը և աջ ոտքը զգուշությամբ սառցե հենակին դնելով, բրիչը վերջին անգամ բարձրացրեց հարվածի համար։
Ահա և գագաթը։ Այլևս տեղ չկա բարձրանալու։ Վերևում երկինքն է և ինքը՝ կանգնած մեծ լեռան վրա։ Նայեց ետև։ Ե՞րբ նվաճեց այս ահռելի բարձունքը։ Սեպ զառիթափով այնքան էր առաջ անցել կյանքը վտանգի տալով, որ գրեթե հասել էր գագաթի կենտրոնին։
Գագաթը քիչ ուռուցիկ շրջանաձև հրապարակի էր նման։
Հենց այդտեղ էլ նա մի կետ ընտրեց։ Բրիչով փոս պատրաստեց սառցի մեջ և ծոցից ինչ–որ բան հանելով, ամրացրեց այնտեղ։
Մինչև այդ բարձրացողները խաչ էին տնկել լեռան գագաթին, իսկ իր տնկածը խաչ չէր, այլ մի գունագեղ պաստառ, վրան երեք գիր միայն՝ Ս. Մ. Տ., այսինքն Սրապ, Մախլուտո և Տիգրան։ Առաջին երկուսը վաղուց չկային։ Նրանցից մեկը հանգչում էր Բասենի դաշտում Ալեքսանդրոպոլցի Պոգվալի Վաղոյի հետ անանուն մի քարակույտի տակ, իսկ մյուսը՝ Գայանեի վանքի զավթում ։ «Մեր երեքի կողմից» երկյուղածությամբ շշնջաց նա պաստառի ճոթը համբուրելով։
Ու կանգնած էր նա երկնահաս լեռան գագաթին, ամպերից ու աշխարհից բարձր, անհասելի բարձր։ Մենակ էր, ուսապարկը մեջքին և ցրտից ու քամուց այրված դեմքին բերկրանքի արցունքներ։
Բայց այս ի՞նչ բան է. պաստառը շառագունեց։ Մատների ծայրերը կարմրեցին։ Գավազանը նույնպես։ Դեմքի վրա շողերի փայլ զգաց։ Բրդյա գլխարկը կարծես տաքացավ։ Արշալու՞յս է։ Ա՞րևն է ծագում։ Այս ի՞նչ լույս է ցոլանում դեպի երկինք՝ պատռելով գիշերային խավարը։ Հրաշք էր։ Սարսափած ետ–ետ գնաց։ Ապա նորից մոտեցավ և շոշափեց պաստառը։ Պաստառը իր տեղումն էր, բայց կարծես բոցերով բռնկված։
Որտեղի՞ց է այդ հրացոլքը։
Ամբողջ հասակով կանգնեց խավարի մեջ և նայեց դեպի լեռան հակառակ կողմը։ Լույսը այնտեղից էր բխում։ Վազեց դեպի լույսը։ Նա ներքևում տեսավ մի նոր աշխարհ և հրճվանքից գոռալով ուշաթափ ընկավ Արարատի գագաթին։ — Այդ քո լույսերն են, Երևան։ Մի՞թե դու ապրում ես։ Կա՛։ Հայաստանը կա՛։ Հայաստանը ապրում է։ Հզոր, լուսավոր, մեծավոր Հայաստանը։ Եվ ողողված էր նրա դեմքը իր նոր հայրենիքի — Սովետական Հայաստանի լույսերով։
Այս անսովոր վերելքի հաջորդ օրը արտասահմանյան լըրագրերում երևաց այսպիսի մի հաղորդագրություն, «Հին հայդուկապետ Գևորգ Չաուշի զինվորներից մեկը, որ հայդուկապետի մահից հետո նրա կնոջը և երեխային փախցրել էր դեպի Վան և Պարսկաստան և երկար տարիներ ապրել էր Ավստրալիայում, Մշեցի Տիգրան անունով, վերջերս մի անօրինակ վերելք է կատարել դեպի Արարատի գագաթը։
Իր հայդուկապետի առասպելական կնոջ հետքերով գնալով, նպատակ ունենալով նրան գտնել Արևմտյան Հայաստանի լեռնաբնակ քրդերի մեջ, նա իր ծննդավայրն է եկել աշխարհահռչակ գրագետ Վիլյամ Սարոյանի վերջերս դեպի Բիթլիս կատարած հայտնի ուղևորության օրերին և անցնելով Սուլուխի նշանավոր կամուրջը, Մակու քաղաքի վրայով մոտեցել է աստվածաշունչ լեռանը։
Հավատավոր լեռնագնացը և ուխտյալ զինվորը իր երեք հայդուկ ընկերների անունից գիշերով մի պաստառ է տնկել Արարատի գագաթին։ Այդտեղից նա տեսել է վերածնված Հա՛յաստանի լույսերը և ուրախությունից անդունդ գահավիժե՛լով անհայտացել է բիբլիական լեռան սառույցն երի մեջ։
Վերջին խելահեղ ժայռագնացն էր նա իր հանդուգն սերընդի։