Chapter 58
ԵՐՐՈՐԴ ՄԱՍ: ԵՍ ԷՆ ՃՐԱԳ ՓՉՈՂՆ ԵՄ
Դռան փոստարկղում մի հաստ ծրար գտավ։ Հալեպի հայ ծերանոցից էր։
Իր հին զինվորներից մեկն էր գրողը։
«Պաշտելի զորավար, լսեցի, որ Մարսելից Հայաստան ես գնացել։ Երանի աչքերիդ։ Բախտը ինձ Բերդակի անտառից քշեց ղարիբության, իսկ ծերությունը ինձ տարավ անկելանոց։
Անգրագետ եմ ու մեկ ուրիշի գրել տվեցի այս նամակը։ Կհիշե՞ս ինձ։ Ես Սերոբ փաշի մոտ գյոււլեքի սերտն ու փուչը ջոկող Թադեն եմ, զորավար։
Վերջերս Ալեքսանդրիա քաղաքի մեջ մեռավ Աղբյուր Սոսեն։ Պոլիսից էր եկել։ Ուխտի էր գնացել Երուսաղեմ և օժտված էր սուրճի բաժակ նայելու շնորհքով։ Անկեղծորեն հավատում էր, որ Սերոբ փաշի մեկ որդին ողջ է և գտնվում է Մարտենի քրդերի մեջ։ Սոսեն ճամփա էր ելել իր կորուսյալը փնտրելու։ Հասել էր Ջեզիրե և ձեռնունայն ետ դարձել, սակայն ոչ հուսախաբ։
Հիշու՞մ ես քաջակորով այդ հայդուկ կնոջը և առաջին հայ կամավորուհուն, ոտքերին ռուսական մույկեր, Աստրախանի փափախը գլխին և մաուզերը կրծքին։
Եվ մեռավ նմանապես մի ուրիշ հայդուկ կին էլ ՖրանկՆորշեն գյուղից՝ անունը Կաքավ։ Ֆրանկ-Մոսոյի կինն էր, որ շալակով հաց էր տանում ֆիդայիներին։ Կաքավն էլ բարի խաբրիկների էր սպասում։ Ունեցել է մի աղջիկ և չորս տղա։ Աղջիկը տարված է Մուշ և ասում են, թե մինչև հիմա հոն է։ ՄԻ տղան կորել է, մյուս երեք տղաները Հայաստանի մեջ են՝ Պետրոս, Սամվել և Բաղդասար։ Վերջին տարիներին խեղճ կինը միշտ ասելիս է եղել. «Ես նման եմ էն հավքին, որ կորցրել է իր ձագերին և չի իմանում, թե ո՛րի ետևից գնա, ո՛ր թփի տակ փնտրի նրանց»։
Մեկ ամիս առաջ մի պոլսահայ պարոն եկավ մեր ծե՛րանոց։ Տեսավ ինձ, իմ նկարը քաշեց և իմ մասին բան գրեց «Հայ ծերանոցի» մեջ, որից մեկ օրինակը նամակիս հետ ուղարկում եմ քեզ։
Զորավարը բաց արեց «Հայ ծերանոցը» և կարդաց.
«Մուշ գավառի Փեթար գյուղեն է Թադո քեռին, ինչպես կկոչեն զինք ծերանոցի մեջ։ Խնամված փալաբեղ մը, փալաբեղին տակ ժպիտ մը և ժպիտին տակ զայրույթն ու հավատքը միասին կընթանան ու կարտահայտվեն զարմանալի կերպով։
— Քանի՞ տարեկան ես, Թադո քեռի, — կհարցնեմ։
— Իննիսուն, հարյուր՝ չեմ գիտեր, աստուծմով կապրիմ իշտե։ Ես բնավ դպրոց չեմ գացած, հաշիվ չեմ գիտեր, լեռնային եղած եմ — հողագործ հովիվ և… ֆիդայի։ Միայն այսչափը գիտեմ, որ վաղ հասակեն լեռները կֆռռայի հորս չագմակլիով (հոս Թադո քեռին պահ մը կբացատրե չագմակլիին ինչ ըլլալը և այն օրերու զենքերուն տեսակները)։ Շատ արագաշարժ էի։ Քեռին կըսեր, որ կամաց քալեմ, որ չհոգնիմ։ Ես կըսեի իրեն. «Եկուր, ես քեզ ալ կշալկեմ, քու զենքդ ալ»։
Ապա հանկարծ, արցունքոտ աչքերով կբացականչե. «Ա՜խ, Մուրադ, Մուրա՜դ»։ Ապա բարձր ձայնով կգոչե. «Ես տասնչորս տարի ծառայած եմ Անդրանիկին, Քեռիին, Սմբատին և Սեբաստացի Մուրադին բանակներուն մեջ, իսկ ավելի առաջ զինվոր եղած եմ Աղբյուր Սերոբին և Գևորգ Չաուշին։ Բիթլիս, Մուշ, Նեմրութ, Ալագյազ… ա՜խ, ա՜խ…»։ Եվ զայրույթեն կդողա, աչքերը արցունքով կէեցվին և պահ մը չի կրնար խոսիլ…
— Քեռի Թադո, Անդրանիկը ի՞նչ տեսակ մարդ էր, — կըհարցնեմ։
— Անդրանիկի պես զորավար մարդ չէ եղած։ Անոր բըմբլե բարձը Սասունի լեռները եղան, անոր պես մարդ կըլլա ։ Միայն երբ ջղայնանար, թուրքերեն կհայհոյեր և բուլղարերեն «նապրեդ» կըսեր։ Երբ փամփուշտ գար մեզի, կըսեր, որ գետին պառկենք, և ինքը միայն ոտքի կկենար և կտեղացներ փամփուշտները։ Ան շարունակ մեզի հետ ճաշի կնստեր և իր կերակուրը մեզի կբաժներ։
— Ամուսնացած ե՞ս, քեռի Թադո։
— Ա՜խ, Զոզան, Զոզան, — կբացականչե Թադոն ակնարկելով իր կնոջը։ — Երկու զավակ ունեցանք, պատերազմի ատեն ինչպես աշխարհ եկան և ինչպես աշխարհեն գացին՝ մենք ալ չգիտցանք։ — Հոս Թադո քեռին դարձյալ կհուզվի, կարտասվի և չի կրնար շարունակել։
— Ուրիշ զավակներ և թոռնիկներ ալ ունի՞ս։
— Շողիկս Հայաստան է, բայց ճիշտ ո՞ր քաղաքը, հիմա չեմ հիշեր։ Հայկանոլշը Հոկտեմբերյան է, չորս կամ հինգ զավակներ ունի։ Զաբելն ալ Էջմիածին է, ան ալ չորս–հինգ զավակներ ունի։
— Նամակ կգրե՞ն քեզի։
— Ամա՜ն, միշտ, միշտ կգրեն։ Կգրեն «Էկո՛ւ, էկո՛ւ, հայրիկ, մենք հարուստ ենք»։
— Է, կուզե՞ս Հայաստան երթալ։
— Աման, ադ ալ խո՞սք է, վաղն ալ ըլլա՝ կերթա մ։ Օգնեցեք ինձի, որ երթամ։ Սա վերջին օրերս գոնե մեյմը հայրենիքս, զավակներս և թոռնիկներս տեսնեմ ու անանկ մեռնիմ։
— Ծ երանոցեն գո՞հ ես, քեռի։
— Պապամ, լավ է։ Մաքուր է։ Ջուրը, լույսը տեղն Է, փառք աստուծո։ Բայց վերջապես անունը ծերանոց է։
Երբ կպատրաստվիմ էրթալու, Թադո քեռին կրկին կպաղատի, — Տղա՜ս, չմոռանաս, ազգը զիս Հայաստան թող ղրկե։
— Ա՜խ, եթե կյանքս գրեի, ասանկ գիրք մը կըլլար, — հառաչեց քեռի Թադոն և ավելացրեց.
— Խոդեդանի հեղինակին ըսեք, թող իմ անուն՛ն ալ դնե գրքի մեջ։ Կըրնա պատահի, որ ես Հալեպի ծերանոցի մեջ մեռնիմ ու Հայաստանը չտեսնամ, մի հիշատակ ալ ինձանից թող մնա։
Եվ թող ուղղե նմանապես Մուսաբեկի մահվան հանգամանքները, տեղը և թվականը։
Յոթ Թամբերու տան Մուսաբեկը (Ղասմբեկի եղբայր) մեռել է 1929–ին Ջեզիրե եղած ժամանակ։ Սա իր տղայի՝ Մատանի պեի հետ 1925-ին կմիանա Սասնա Քոռ Հյուսեին փաշային, որպեսզի երթան քուրդերը ոտքի հանեն թուրքերի դեմ, օգնելով Շեյխ Զիլանի ապստամբներին։ Գործը կվերջանա խարդախությամբ։ Մուսա պեյը Ջեզիրե եղած ժամանակ կմեռնի։ Որդին՝ Մատանի պեյը, Հյուսեին փաշայի հետ ճամփան կշարունակե և գիշեր մը, քնացած տեղը կսպանե Հյուսեին փաշային և կանցնի թուրքերու կողմ (սրանք միշտ քնացած տեղը մարդ կսպանեն)։ Այսօր Մատանի պեյը Մշո դաշտ կբնակի և իր դավաճանության արդյունքովը կապրի։
Բեկ ալ կա, բեկ ալ։ Մոկս գավառի իշխան Մուռթլա բեկն ալ քուրդ էր, բայց երբ կանչվեց Վան, որ հայերին կոտորելու գաղտնի հրահանգ ստանա, ժողովը կիսատ թողեց, գիշերով հեծավ իր ձին և ամբողջ թափով սլացավ դեպի Մոկս։ Իր ձիու սպիտակ փրփուրից խավարը ճերմակել էր։ Մուռթլան ոզմեցի Լաթոյի հետ Մոկաց լեռները պաշարեց և Շատախի և Մոկսի հայերին ազատեց կոտորածից։ Ջեվդետն ուզեց նրան բռնել և կախաղան բարձրացնել Վանում, բայց նա փախավ Քրդստան։ Գնալուց առաջ իր ձին հանձնեց ոզմեցի Լաթոյին իբրև բարեկամության նշան։
Հիմա ցեղասպան ռոմիները գլխարկները փոխած Յոթ Թամբերու տան ժառանգների հետ, մեր հողերի վրա ման կուգան իրենք զիրենք քաղաքակիրթ համարելով։ Բայց քաղաքակրթությունը միայն գլխարկ փոխելով չըլլաը, այլ պետք է գլխարկի տակինը փոխել։ Մեկ–մեկ կփորփրեն մեր հայրենի հողը և երբ գետնի տակ հայի կամ ուռումի ձեռքով շինած մի հին քաղաքի ավերակ կամ քանդված կամուրջ կըգտնեն, կուրախանան ըսելով, թե օսման թուրքն է շինել Քրիստոսից առաջ։ Իմ աչքի առաջ աշխարհի մակարդը փչացավ։ Դավաճանին ու ցեզասպանին մնաց մի ամբողջ երկիր, իսկ ազատատենչ հայդուկին՝ մի նեղ ծերանոց Հալեպի մեջ։ Վա՜յ աշխարհ։ Ես քո արդարությունը…
Սասունցի Թադո քեռին վերստին աղաչական շեշտով մը նայեց ինձ և վերջին խոսքը այսպես ավարտեց, «Կյանքը շատ դաժան եղավ մեզի հանդեպ և մեզի ցրիվ տվավ աշխարհի վրա։ Սերոբ փաշի անունը տվեցի, բայց շատ տարիներ են անցել մեր բաժանումեն ու, թերևս, զորավար Մախլուտոն դըժվարանա հիշել, թե ես ով եմ։ Դու իմ անունից իրեն գրե. «Կհիշե՞ս, զորավար, Բերդակի և Մառնիկի անտառը, և թե ինչպես հինգ ընկերով գնացինք քրդական հարսանիք և ես սպիտակ քոլոզը գլխիս կանգնած էի Մորուք Կարոյի ետև իբրև ճրագ փչող։
Ես էն ճրագ փչողն եմ»։
— Ճրագը, մի՞թե ճրագը մարեց։ Իսկ ի՞նչ եղավ Մշեցի Տիգրանը, — կցկտուր բացականչեց Մախլուտոն և նամակը ձեռքի մեջ դանդաղաքայլ մոտեցավ լուսամուտին։
«ԽԵՆԹԻ» ԿՈՂՔԻՆ
Զարմանալի հանդարտ լուսանում էր Երևանի գարնանային առավոտը։ Ոչ քամի կար, ոչ զեփյուռ էր փչում Քանաքեռի և Նորքի բարձունքներից։
Աբովյան փողոցի ձախակողմյան մայթով փութկոտ քայլերով դեպի վեր է ելնում քաղաքի անքուն բնակիչներից մեկը։
Հայկազյանը սաստիկ զարմացավ հայրենադարձ Ղարիբին իր շեմքի վրա տեսնելով այդ տարաժամ պահին։
— Զորավարը մեռավ, — ասաց Ղարիբը անաղմուկ ներս մտնելով։
— Ե՞րբ։
— Այս գիշեր։ Սմբուլ Արշակն ասաց, որ երեկոյան մի աման Մշո կլուլիկ է կերել, երկար ծխել է և պառկել է քընելու։
— Ուրեմն անկողնու՞մ մեռավ, տարաբախտ մարդ, — բացականչեց Հայկազյանը։ — Իսկ մոտը ո՞վ է եղել վերջին ժամին։
— Ոչ ոք։ Նույնիսկ վանեցի հավաքարարուհին բացակա է եղել։ Մենակ էր ապրում և մենության մեջ էլ մեռավ։
Ղարիբը շտապեց մյուս հայրենակիցներին կոչնակելու, իսկ Հայկազյանը արագ հագնվելով նրա ետևից դուրս եկավ տնից։
Անատոմիկումը մոտ էր իր բնակարանին։ Նույն անտարբերությամբ Մասիսն ընդունում էր իր կրծքին արևի անդրանիկ ճառագայթները, առանց զգալու, թե ով է գալիս և ով է գնում աշխարհից։ Հայկազյանը դանդաղորեն իջավ ցուրտ աստիճաններով և կամաց հրեց նկուղահարկի կիսա՛բաց դուռը…
Նախասենյակի աջակողմյան պատի տակ, դիասեղանի վրա պառկած էր հաղթամարմին մի ննջեցյալ՝ սպիտակ սավանով ծածկված։ Խորքի սենյակում աշխույժ մի տղամարդ եռանդով ետ ու առաջ էր քաշում դատարկ դեասեղանները։
— Ներեցեք, ընկեր հսկիչ, երրորդ մասից այս գիշեր ննջեցյալ բերվա՞ծ է ձեզ մոտ։
— Մեզ մոտ գրեթե ամեն օր ննջեցյալ են բերում, — անփութությամբ պատասխանեց գործավարը առանց իր աշխաւոանքը ընդհատելու։
— Ես ձեզ հարցնում եմ այսօրվա բերածի մասին։
— Անու՞նը։
— Մախլուտո։
— Չէ, այդպիսի ննջեցյալ չկա մեզ մոտ։ Պաշտո՞նը։
— Վերակացու էր Կոմիտասի զբոսայգում։ Խոսքը մի հին զորավարի մասին է։
— Հա՜, այդպիսի մի զորավար կա պառկած այստեղ։ Գուցե սա է, — ասաց պահակը և մոտենալով նախամուտքի սեղանին, ետ քաշեց սպիտակ ծածկոցը։
Նա էր, զորավար Մ ախ լուսան։ Ոչ պսակ կար վրան, ոչ զարդ։ Անշուք, անաղմուկ պառկած էր նա պաղ ներքնահարկում, պաղ սեղանի վրա, պաղ լռության մեջ։
Հաջորդ օրը մարտի 20–ին Հայկազյանը վարորդին կանչեց և կարգադրեց իրեն Էջմիածին տանել։
…Հուղարկավորների մեծ թափորը Երևանից հասել էր Էջմիածին և դագաղը ձեռքերի վրա պահած թեքվում էր դեպի Գայանեի վանքի գավիթը։ Որտե՞ղից և ինչպե՞ս հավաքվեց այդքան ստվար բազմոկթյուն։
Թափորը գնալով ստվարացավ, իր մեջ առնելով էջմիածնի և շրջակա գյուղերի ու ավանների շատ բնակիչների։ Ղադազին գրեթե կպած քայլում էին հարյուրապետ Սմբուլ Արշակը, ձիապան Բարսեղը, հայրենադարձ կարիբը, Հոնկա պապի թոռ Սիմոնը, հանգուցյալի մի քանի ազգականները, ծերացած զինվորներ, հին ֆիդայիներ, հայրենակիցներ։
Ընդհանուր կարգադրիչը երբեմնի հարյուրապետ Սմբուլ Արշակն էր։
Վանքի պատի տակ մի քանի տեղացի հուղարկավորներ էին նստել։ Դրանց կողքին կանգնած էր մազոտ երեսով մի տղամարդ, մեջքը պատին հենած և հեռվից ակնապիշ նայում էր ահռելի փոսին։ Դա այն սևադեմ երիտասարդն էր, որ 1919 թվականին պատրաստվել էր մահափորձ կատարելու Անդրանիկի վրա Էջմիածնում։ նրա դեմքին ցավալի մի արտահայտություն կար։ Խղճի խայթ էր զգում և եկել էր Անդբանիկի մերձավորագույն զինակցի թաղմանը իր մեղքը քավելու համար։
Երբ դագաղը դրվեց թարմ հողաթմբին, առաջին մարդը, որ հայտնվեց նրա գլխավերևում, պատի տակ կանգնած սևադեմ մարդն էր։ Նա կռացավ համբուրեց Մախլուտոյի ճակատը և բազմությունը ճեղքելով հեռացավ։ Ու գլուխը վանքի պատին հենելով դառնորեն արտասվեց, շիթ առ շիթ մաքրելով իր խիղճը, իր հոգու վրայից քերելով տարիների անդարմանելի կոշտուկները։
Վեհափառ հայրապետը բացակա էր, ուստի առաջինը խոսեց նրա տեղապահ Սահակ արքեպիսկոպոսը։ Նա դրվատեց զորավար Մախլուտոյին իբրև մեծ հայրենասերի և զորավար Անդրանիկի մարտական զինակցի։ Հիշատակեց նաև Արաբոյի, Աղբյուր Սերոբի և Գևորգ Չաուշի անունները։
— Հանգուցյալը միայն մի անգամ եկավ ս. Էջմիածին, — ասաց նա, — և այդ մի ամիս առաջ էր։ նա եկավ նորին սուրբ օծության Վեհափառի մոտ և նրան հանձնեց մի փոքրիկ ծրար։ Ապա ծոցից հանելով մի հին գդակ, նվիրեց վանքիս թանգարանին։ — Սա Մշո սուրբ Կարապետի վանահայր Հեսու վարդապետի գդակն է, — ասաց նա և պատմեց այդ գդակի հետ կապված ամբողջ պատմությունը։
Գուցե կհարցնեք թե ինչ էր գրված վեհափառին ուղղված նամակում, ընդամենը երկու խոսք՝ «Հավատքիս համար ինձ կթաղեք ս. էջմիածնում, իսկ քաջությանս համար «Խենթի» կողքին։ Եթե հարմար կդատեք։ Սախլուտո»։
Հավատքի համար Էջմիածինը պատրաստ էր նրան ընդունելու իր ծոցում, իսկ քաջության համար ստացվեց հայրենի կառավարության համաձայնությունը, որին նույնպես նա դիմում էր արել մահից առաջ։
Ապա ֆրանսահայերի կողմից խոսեց հայրենադարձ Ղարիբը։
— Այս մարդը, որ այժմ հանգչում է դագաղում և քիչ հետո պիտի իջնի գերեզման, մեր ժողովրդի քաջարի զավակներից մեկն է, — ասաց նա։ — Դուք ծանոթ եք նրա ֆիդայական անցյալին, բայց չգիտեք, թե ով է եղել նա Ֆրանսիայում երկրորդ աշխարհամարտի տարիներին։ նա մեծ հայրենասեր Միսակ Մանուշյանի մերձավոր բարեկամն էր և Ֆրանսիայի մեր ընդհատակյա հակաֆաշիստ կազմակերպության ազգային կենտրոնի անդամը։ Երբ 1943 թվականի ապրիլին հայ ազգային խորհուրդը և հիտլերյան ռազմական բաժանմունքը նրան հրավիրեցին Բեռլին, առաջարկելով հայ գերիներից և գաղութներից հայկական լեգիոն կազմել և արշավել Սովե՛տական Միության վրա, Մախլուտոն վճռաբար հրաժարվեց այդ գործարքից, հայտարարելով, որ ինքը Ռուսաստանի վրա երբեք զենք չի բարձրացնի։
Զորավար Մախլուտոն հակաֆաշիստ ընդհատակի հետ պայքարեց հիտլերյան Գերմանիայի դեմ, օգնեց նրա շախջախմանը և 1947-ին հայրենադարձների առաջին քարավանով եկավ Հայաստան։ Գնաս բարով, Տարոն աշխարհի քաջակորով հայդուկ և աննման հայրենասեր։ Քո պատմությունը դեռ նոր պիտի գրվի։ Մենք քո և քո սերնդի մոլորությունները կհանձնենք Մասյաց հողմերին, իսկ բռնակալության դեմ մղած ձեր ազատատենչ կորովը և անհողդողդ կամքը՝ դարերին՛. Եվ գուցե այս բրոնզադեմ մանուկը շարադրի քո պատմությունը, որ գլուխը ձեռքերի մեջ առած մտախոհ կանգ Է առել քո տխուր վերջաբանին։
Երբ բոլորը հեռացան և Սմբուլ Արշակն ու ձիապան Բարսեղը վերջինը լքեցին նոր ծածկված շիրիմը, իրենց հետ տանելով խելագար Անդրեասին, բրոնզադեմ մանուկը հանեց ծոցատետրը և ծնկանը դնելով հուշագրեց, «Զորավար Մախլուտոն գերեզման իջավ 1956 թվականի մարտ ամսի 20–ին, երեքշաբթի, երեկոյան Ժամը 6-ին։ Նա թաղվեց «Խենթի» քարից յոթ թիզ դեպի աջ։ Փառք քաջ նախնիների հիշատակին»։
Հաջորդ առավոտյան երրորդ քաղմասի թաղային լիազորը հետը վերցնելով շրջանային սովետի նոտարին և գըլխավոր հաշվապահին, շտապեց դեպի Նաիրի փողոցի այն տունը, որտեղ իր վերջին օրերն էր անցկացրել ծերունի զինվորականը։
Կնիքը քանդեցին և ներս մտան։
Տունը դատարկ Էր։ Թախտի վրա, բարձի տակ հայտնաբերեցին հնամաշ մի պայուսակ և մի նույնքան հնամաշ զինվորական վերարկու։ Նոտարական բաժնում պայուսակը բաց անելիս մեջը գտան պատմական Հայաստանի քարտեզը, պարսկական մի մաշված ձիու սանձ դեզին ծոպերով, Գեորգիևյան երկու ոսկի խաչ, Աղբյուր Սերոբի, Գևորգ Չաուշի և Անդրանիկի լուսանկարները, կամավորական մի խմբանկար՝ Հայկ Բժշկյանը Անդրանիկի և իր կողքին նստած, Մուշ քաղաքի տեսարանը՝ Սիմ լեռը ետևում, դաշտային մի հեռադիտակ, երեք արշին ճերմակ կտավ և մի սևացած փոքրիկ տուփ։ Վերջինը Արաբոյի ծխատուփն էր։ Այնտեղ գտան նաև Բդեի Միսակի «Հիշատակարանի» վերջին գլուխը և մի քանի հաստ տետրեր վրան գրած՝ «Ֆիդայի Մախլուտոյի թղթերը»։
Այդ ամենը նույն օրը հատուկ արձանագրությամբ հանձնըվեց Հայաստանի Պատմական թանգարանին։
Երկու տարի անց Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքից մի ամերիկահայ զբոսաշրջիկ եկավ Երևան։ Դեմքը շիկավուն Էր, աչքերը՝ թաց կապույտ.
— Ես եմ, Մախլուտո։ Ես եմ, քո դասընկեր կոփեցի Լեվոնը, — ասաց նա նետվելով իր հայրենակցի անշուք գերեզմանին։ — Մենք իրարից բաժանվեցինք սրանից վաթսուն տարի առաջ, երբ Մելքոն վարժապետը մեզ սովորեցնում էր անգիր անել «Ռանչպարների կանչը»։ Իմ հայրը կամուրջ շինող Էր Բուլանուխի Կոփ գյուղում, իսկ քո հայրը՝ որմնադիր։ Ինձ բախտը շպրտեց հեռավոր Կալիֆոռնիա, իսկ դու նետվեցիր ֆիդայական շարժումների մեջ, ուխտելով ծառայել Հայաստանի ազատագրության դատին։ Ես մի փոքրիկ պանդոկ շինեցի Ֆրեզնո քաղաքում անտուն և անտեր պանդուխտների համար, իսկ դու քո կյանքը կամուրջ շինեցիր, որ հայ ժողովուրդը անցնի նրա վրայով։ Դու մի խենթ Էիր և եկար թաղվեցիր «Խենթի» կողքին։
Եվ արցունքները թափվում թրջում էին գերեզմանը մեծանուն հայրեն ասերի, որ հանգչում էր Գայանեի վանքի բակում իր պես անհանգիստ ու մեծահամբավ մի ուրիշ քաջի կողքին։
Շուտով Մախլուտոյի հողաթմբին բարձրացավ գրանիտե մի հուշարձան, որի վրա երկաթագիր տառերով դրոշմված էր.
«Տարոնի հայդուկ Մախլոլտոյի (Սմբատ Բորոչան) հիշատակին։ 1872 — 1956 թ.։ Իր դասընկեր Լևոնից, Մշո Կոփ գյուղացի»։