Chapter 55
ԵՐՐՈՐԴ ՄԱՍ: ԿԱՐՈՏ, ԽԱՉՔԱՐԻ ԱՌԱՋ
Ընդհարվելով Արարատյան հանրապետության վարիչների հետ և հեռանալով Հայաստանից, Շապինանդը բնակություն էր հաստատել Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում։ Նա իր տան ներքնահարկը վերածել էր հյուրանոցի։ Պատին կախված էին իր սուրը, մոսինի հրացանը և զինվորական վերարկուն։
Այնտեղ էր պահում նաև իր ձին, որ Ամերիկա էր բերել շոգենավ դրած։
Այդ զենքերը, զինվորական վերարկուն, մոխրագույն փափախը, սև սապոգները և մի ասլան նժույգ — այս եղավ նրա անձնական ողջ հարստությունը ամբողջ կյանքի ընթացքում։
Այլևս իր գործը զենքի հետ չէր։ Պարապ ժամերին Շապինանդը իր հյուրանոցում փոքրիկ աթոռներ էր շինում և շատ մարդիկ ամերիկյան ոճավոր բազկաթոռները մերժելով, նրա շինած թամբաձև հասարակ քուրսիներն էին տանում տները, ոմանք գործածության, ոմանք էլ պարզապես հիշատակի համար։
— Ո՞վ է շինել։
— Զորավար Անդրանիկը։
— Հատ մ ալ ես վերցնեմ։
Ասում էին իրար և շտապում դեպի Շապինանդի արհեստանոցը։
Այդ աթոռներից մի քանիսը հասել էին մինչև նոր Զելանդիա և Ավստրալիա։
Մի օր բոլորովին անսպասելի վայրէջք կատարեց Խարզո անունով մի երևելի հայ գորգագործ։ Մելքոն վարժապետի աշակերտ «Յա Մարաթուկն» էր, Սասնո Բսանաց գավառակի Ջրտնիք գյուղից։ Լսել էր զորավարի աթոռների մասին և Մանչեստերից ինքնաթիռով շտապել էր Ֆրեզնո։
«Յա Մարաթուկ» Խարզոն Մշո ս. Մարինե դպրոցն ավարտելուց հետո միառժամանակ ապրել էր Հալեպում իր հորեղբոր մոտ։ Այնուհետև առևտրական հատուկ կրթություն ստանալով Ֆրանսիայում, մոտ երկու տասնյակ տարի գործել էր Աֆրիկայի խորքերում, այնտեղ հիմնելով առևտրական մի խոշոր տուն և գրասենյակ, իր հիմնական բնակավայրը դարձնելով Անգլիայի Մանչեստեր քաղաքը։ Այդ երիտասարդ սասունցին զորավարի թամբաձև աթոռներից մեկը ինքնաթիռով հասցրել էր Գանայի Ակրա քաղաքը, իսկ այնտեղից՝ Մանչեստեր։ Օտարության մեջ «Յա Մարաթուկը» իր կնոջ հետ «Գորանի» և «Յարխուշտա» էր պարում և հաղթական բազմելով թամբաձև աթոռին ոգևորությամբ երգում էր «Տալվորիկի զավակն եմ քաշ» երգը։
Մոլի ծխող էր Շապինանդը։ Բարկօղին, սև սուրճը և ծըխախոտը նրա միակ սփոփանքն էր օտարության մեջ։ Սիրում էր այն ծխախոտը, որ ուղարկում էին իր զինվորները Հայաստանից։ Հատկապես սիրում էր Մշո թութունը։ Իսկ այդպիսի թութուն կար Ուջան գյուղում և նա գնացող–եկողների միջոցով կապված էր այդ գյուղի հետ։
Աթոռներ շինելիս Անդրանիկը կարոտով հիշում էր Մառնիկի անտառի կաղնեփայտը։ Հատակին թափվող օղակաձև սպիտակ տաշեղները նրա միտքը ուղղում էին դեպի ս. Կարասւետի պուրակները։ Վերհիշում էր Սասունը, Մուշը, Առաքելոց վանքի նշանավոր կռիվը։ Հայրենիքի կարոտն էր տանջում նրան, իր կորցրած հեռավոր ծննդավայրի մորմոքը։ Վաղուց լսել էր, որ Սև Բեքիրի զորքերը ետ էին շպրտվել Ալեքսանդրոպոլից։ Ախուրյանից դեպի արևելք կազմավորվել էր մի նոր Հայաստան՝ մուրճն ու մանգաղը ճակատին՝ մի փոքրիկ, սակայն ապահով անկյուն, ուր պետք է ապրեին և հավաքվեին աշխարհի բոլոր հայերը։ Այդ փոքրիկ երկրի՝ Սովետական Հայաստանի գոյությունը սփոփում էր նրա վըշտացած հոգին։
Նա շատ բան չէր իմանում այդ երկրի մասին։ Քար առ քար շինվում, բարգավաճում էր նոր Հայաստանը։ Ոռոգվում էին նրա անջրդի դաշտերը, ամենուրեք լսվում էր մուրճի զնգոցը, և նա հաճախ մենության մեջ կամ խմբական հավաքույթներում այդ աշխատավորական երկրի կենացն էր խմում, խանդավառված նրա զարգացման և վերելքի պայծառ հեռանկարներով։
Այդ հեռաստանից նա ուշի–ուշով հետևում էր նաև Մասիսի թիկունքում ծավալվող ապստամբական շարժումներին, որոնց առաջնորդը Զելիմ խան անունով մի հին հայդուկ էր։
Ով գալիս էր իր արհեստանոցը, նստացնում էր մոտը և երկար պատմում էր Սասունի կռիվներից։ Ու՞ր են սրբազան նպատակի համար կռված իր զենքի ընկերները։ Ու՞ր է Մախլուտոն։ Որքա՜ն կուզենար նա աչդ պահին տեսնել իր զինվորներից մեկն ու մեկին։
Զորավարը հաճախ էր այցելում «Ղարիբ Մշեցի» պանդոկը; Ոչ միայն պանդոկի տնօրենը, այլև պանդոկի դռնապահը և վարսավիրը մշեցի էին, եկող–գնացողները մեծ մասամբ ռանչպար մարդիկ, իսկ նա խորին սեր ուներ հատկապես դեպի հաչ գյուղացին։ Հենց որ Անդրանիկը մոտենում էր պանդոկին, հաստաբեղ մշեցին լայնորեն բաց անելով դուռը և հարգալիր խոնարհվելով՝ գոչում էր. «Համեցեք, զորավար», իսկ Վանի Ալյուր գյուղացի գլխավոր խոհարարը հապճեպով խորովածի շամփուրներն էր դասավորում կրակին։
Ու թնդում էր նվագը ղարաբաղցիների, և երգում էր խընուսցի Սաֆարը, և պանդոկը վերստին աշխուժանում էր քաջահաղթ երգերից։
Զորավարը քաշվում էր ճաշարանի մի անկյունը, ուր պատից կախված էր Կթուն մայրիկի մեծ նկարը։ Միշտ այդտեղ էր նստում, այդ նկարի տակ։ Այդ պահերին նա ավելի շատ իր մտքերի հետ էր, քան շրջապատի։ Ծխում էր և գլուխը բարձրացնելով նայում էր պատից կախված նկարին։ Այդպիսի հազարավոր հայ մամիկներ կային Արևմտյան Հայաստանում։ Դրանցից միայն մեկը տարիներ առաջ հրաշքով ընկել էր Ամերիկա և չէր ընկճվել այդ ամենակուլ միջավայրում, չէր ձուլվել օտարին, դիմադրել էր ճնշմանը և կրկնապատկելով իր բազուկների ուժը և հոգու կորովը պահպանել էր իր օջախի տաք հացը և նույնքան տաք մայրենի լեզուն։
Այդ մտքերը նրան տանում էին դեպի Կարս։ Մինչև Սասուն գնալը Անդրանիկը երկար տարիներ չափչփել էր Սարիղամիշի և Կարսի ճանապարհները։ Ու այժմ էլ նստած է նա պանդոկի ճաշարանի նույն անկյունում։ Հենց նոր ներս մտավ։ Խմեց մի քանի գավաթ բարկօղի։ Մեկը մյուսի ետևից ծխիկներ վառեց և թաղվեց մտքերի մեջ։ Կապտագույն ծուխը վերստին պարուրեց նրա դեմքը։ Դեպի լայն ճակատը ձգվող զույգ կնճիռները դարձան խոր ակոսներ։ Վառվռուն, ժպտուն աչքերը և գորշ ընչանցքներից անջատված երկու խիտ, սպիտակած մազափունջը, որ օղակներ էին կազմել այտերի վրա, կորան երազաչին մշուշում։
Գլուխը ճերմակած էր։
Հիշեց, թե ինչպես առաջին անգամ Պոլիս գնալիս ճանապարհին կուլ տվեց վտանգավոր թուղթը։ Հրշեջ է Պոլսում։ Որտեղ ծուխ, կրակ, իրարանցում ու աղետ կա՝ այնտեղ է ինքը։ Ահա վազում է հրշեջների ետևից։ Հասավ հրդեհի վայրը, համարձակ նետվեց ծուխ ու բոցի մեջ։ Տունը փուլ եկավ, ինքը մնաց տակը և գրեթե կիսամեռ իրեն դուրս նետեց բոցերի միջից։ Բեռնակիր դարձավ։ Սեբաստացի Մուրադի հետ բեռներ է կրում։ Դոլմաբախչայում կառուցվող զինապահեստները հիշեց, ուր ինքը ծառայության մտավ որպես ատաղձագործ, և թե ինչպես ցախավելը պահակի աչքը կոխելով և նրա զենքը վերցնելով՝ փախավ Կարսի բանտից։ Սերոբ Աղբյուրը 1895–ին Սարիղամիշում տրեխներ կարեց իր համար և հագցրեց իր ոտքը, որ միասին Սասուն գնան։
Ու գնացին։
Այն ժամանակ ինքը դեռ բոլորովին երիտասարդ Էր։ Ճանապարհին արտերի միջից իր դեմ մի աղվես ելավ։ Սերոբն ասաց՝ «Լավ նշան չէ»։
Հիշեց Գելի գյուղը ձորի մեջ Անդոկ լեռան ստորոտում և Տեր Քաջի տունը։ Մտքերը նրան տարան Ղարիբշան, Տաղվըրնիկ, ուր ինքը հրացանի կոթեր Էր նորոգում, գոմի մութ անկյունում նստած։ Մեկառմեկ հիշեց այն բոլոր ձորերը, որոնց տաք ավազներին ինքը պառկել Էր անօգնական, մենակ։
Հիշեց իր գիշերային զրույցները իմաստուն ծերունի Գյալշո Մանուկի հետ։
Հիշեց, թե ինչպես ալիանցիք և շենիքցիները իրեն զինաթափեցին և ինքը իր յոթ հայդուկների հետ փախավ Սեմալ։
Պայթող Աղբյուրի փոթորկալի ժողովը հիշեց և տալվորիկցիների գրոհը իր վրա։ Ինքը դիտավորությամբ գրգռեց նըրանց, որ որոշի իր հենարանը Սասունում։ Գևորգ Չաուշի հետ նստած Է Մոսե Ւմոյի պատի տակ, և Հլողինքի ռեսը իր տոհմիկ խրթին բարբառով հարց է տալիս իրեն կոթանի և սև օձի մասին.,, «... Դուք իմա՞լ պիտի սպանեք վիշապ օձին, որ ոչ կոթանին վնաս էղնի, ոչ ձագերին»։ Այդ տարիներին ինքը խնդում էր ռեսի վրա, բայց ինչպե՜ս կյանքը ապագայում ճշգրտեց այդ պարզամիտ շինականի խոսքը։ Իրենք զարկեցին սև օձին և մեջտեղ կոթանը գնաց իր ձագերով։ Այդ ձագերից մեկը եղավ արիասիրտ Քարայրը, որ առաջինը զոհ գնաց Ծովասարի և Անդոկի կռիվներին։ Ահա նրա մերկ դիակը ձյուների մեջ ընկած, խոցոտված զենքերից ու փամփուշտներից։
Հանկարծ մշուշի պես եկավ և իր աչքերի առաք կանգնեց Խաչենի գումանը, Ձեռքը տարավ դեպի ճակատը և այդ շամանդաղը ցնդեց։ «Ափսոս, այդ հին ֆիդային կենդանի չըմնաց, որ մեզ ղեկավարեր կամավորական շարժումների ընթացքին», — հառաչեց նա։
Հիշեց Դիլմանի կիրճը, Խլաթ, Դատվան, Բաղեշ։ Մարցի անտառը հիշեց։ Իր հրամանով զորքը վրան զարկեց հաստաբուն կաղնիների տակ։ Բոլորովին անսպասելի իր դիմաց կանգնեց Դրոն։ Կարծես Մարցի անտառից ելավ։ Հիշեց, թե ինչպես նրա հետ ընդհարվելով, իր զորամասով մտավ Էջմիածին և Մայր տաճարի պատերի տակ ավարտվեց իր ռազմական ուղին։ Այդտեղ վերջացան իր պատերազմները։ Այդտեղից իր հեծյալները ցրվեցին ամեն մեկը մի ուղղությամբ։ Որտե՞ղ են այժմ Պայթող Աղբյուրի այդ հրեղեն ռազմիկները։
Մի կումով դատարկեց բարկօղու գավաթը և նորից գլուխը ծանրորեն իջավ ձեռքերի վրա, ձեռքերը՝ սեղանին։ Ի՞նչ եղան իսկապես իր հայդուկ զինվորները։ նրանցից մի քանիսը իր հետ հասան մինչև Ամերիկա։ Մեկը խոհարար դարձավ պանդոկում, երկրորդը նպարեղենի խանութ բաց արեց Ֆրեզնոյում։ Ոմանք էլ մեռան։ Մանազկերտի իր կամավորներից մեկը տուն դրեց Վաշինգտոնում՝ Սևանի կճաշեն գյուղից բերած գեղեցկուհի Վարդանուշի հետ։
Իսկ ի՞նչ եղան այն զինվորները, որոնք մնացին Հայաստանում։ Առաջին տարիներին մեկ–երկուսը նրանցից երբեմն ծխախոտ էին ուղարկում իրեն Կալիֆոռնիա եկողների հետ։ Վերջում այդ կապն էլ խզվեց։ Ի՞նչ եղավ, օրինակ, խոտորջուրցի հիսնապետ Թորգոմը, որի ձիու պայտը կորավ Տաթևի կիրճում։ Հարությու՞նն ինչ եղավ, որին ինքը Էջմիածնի հիվանդանոցում հրաժեշտ տվեց։
Լսել էր, որ Հայաստանում մնացած իր զինվորներից մեկը խելագարվել էր։ Դա ցից բեղերով հռչակավոր Կայծակ Անդրեասն էր, մեկը իր այն յոթ զինվորներից, որ իր հետ Շենիքից փախել էին դեպի Սեմալ։ Անդրեասին նա Լոռվա սարերից սուրհանդակ էր ուղարկել Թալին, շտապ վերադարձի պայմանով, և այնուհետև այլևս չտեսավ նրան։
Շապինանդի միակ մխիթարությունը իր փոքրիկ արհեստանոցն էր և իր տան պարտեզը։ Չլիներ այդ զբաղմունքը և չլիներ «Ղարիբ Մշեցի» պանդոկը, նա էլ կարող էր խելագարվել իր զինվորի նման։ Եվ խելագարվելու պատճառները շատ էին։ Այդքան արյուն թափել, այդքան հայ և ռուս զինվոր ու Դոնի կազակ պառկեցնել Արևմտյան Հայաստանի դաշտերում, և հաղթանակի արշալույսին այդ ամբողջ երկիրը նորից տեսնել թշնամու կրունկի տակ և այն էլ վերադիր վճարով. այդ վշտից ոչ թե մի մարդ, այլ մի ամբողջ ժողովուրդ կարող է խելագարվել։
Որքա՜ն ճիգ գործադրեց ինքը այդ տարիներին հայ գործիչներին համոզելու՝ հավատ չընծայել երիտասարդ թուրքերին, մանավանդ օսմանյան սահմանադրությունից հետո։ «Դրանցից ոչ մեկուն չեմ կրնար հավատալ, եթե անիկա երկինքեն իսկ իջած ըլլա», — ասում էր բոլորին։ «Շունին լավը չըլլար, կխածնե օր մը»։ Չլսեցին իրեն։ Ոչ միայն չլսեցին, այլև միտք հղացան իրեն տանել Պոլիս և ընտրել Օսմանյան Պառլամենտի անգամ։
— Դուք հաշտվեցեք անոնց հետ, — կրկնում էր շարունակ, — բայց ինձ թույլ տվեք անհաշտ մնալու։ Ես ձեզ մի գուշակություն պիտի անեմ և կուզեմ, որ լսեք. եթե այս հեղափոխական կոչված երիտասարդ թուրքերը ձեզ չկախեցին մի օր, ես մարդ չեմ։ Օր պիտի գա, որ նրանք ալ պիտի դառնան սուլթան Համիդի պես մի գազան և բոլորիդ պիտ հոշոտեն։
Եվ հոշոտեցին։
Ինչ լավ է, որ «Ղարիբ Մշեցի» պանդոկի այցելուների թվին ավելացավ զորավար Մախլուտոն, իր զենքի և գաղափարի մարտական ընկերը։
Այժմ ինքը բոլորովին մենակ չէ։
Անդրանիկը սթափվեց իր մտքերից և երկու հայդուկապետներ իրար գրկած գավաթ բարձրացրին, խմելով հեռավոր Հայաստանի կենացը։
Նրանց գլխավերևում կանգնած էր պարոն Լևոնը, իսկ ավելի վերևում՝ պատի վրա, կթուն մայրիկի լուսանկարն էր։
ԽԱՉՔԱՐԻ ԱՌԱՋ
Կեսգիշերին սանդուղքներով վեր ելնելիս Մախլուտոն նկատեց մի տղամարդու, որ մի փոքրիկ խաչքարի առաջ ծունկի իջած, ձեռքերը կրծքին աղոթում էր ճրագի աղոտ լույսի տակ։
Դիմագծերը կարծես գերմանացու լինեին։ Երեսին սպի կար։
Մեհմեդ էֆենդին էր։
Աստված իմ, ինչպիսի՜ ահավոր կերպարանափոխությունների է ենթարկվում մարդ էակը այս կարճատև երազային կյանքում։ Դա այն միևնույն տղամարդն էր, որ ճըրագը ձեռքին առաջնորդել էր իրեն դեպի «Ղարիբ Մշեցի» պան դոկը ։ Մթության մեջ չէր կարողացել նրա դիմագծերը որսալ։
Ւսկ ձայնը փոխված էր։
Մեհմեդ էֆենդին խաչքարի առաջ և այն էլ որտե՞ղ, հեռավոր Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում։ Նույնիսկ հագուստն էր փոխված։
Նա այժմ հագած էր իր գիշերային սև զգեստը և կարծես ձուլվել էր այդ սևացած փոքրիկ խաչքարին։ Դեպի վեր ուղղված անմեղ նայվածքը և ձեռքերի խոնարհ ծալվածքը կըրծքի վրա այնպիսի արտահայտություն ունեին, կարծես Քրիստոսն էր աղոթում մ հնության մեջ։ Միայն այդ ծնկաչոք վիճակը բավական էր իր բոլոր մեղքերը քավելու, եթե արդարև մեղք ուներ գործած։ նա բոլորովին նման չէր այն մարդուն, որ Բաղեշի արգելանոցի թախտին ծալապատիկ նստած հավատափոխության գիմում էր գրում սուլթանին։ Այժմ նա մոլեգին ճիգով քանդում, ջնջում էր շատ տարիներ առաջ գործած հանցանքը, եռանդով աշխատում էր մոտենալ այն լուսավոր կետին, որից հեռացել էր։ Ճգնում էր վերագտնել իր խախտված հավատքի սյուները։
Շատ փոթորիկներ էին անցել Մեհմեդ էֆենդու գլխով։ նրա վզից անհետացել էր սպիտակ սավանը, այտերից՝ կարմրությունը։ Դիմագծերը ավելի նուրբ էին ու բարի։ Առաջվա պես, սակայն, թիկնեղ էր, կուրծքը դուրս ցցված և գլուխը բարձր։ Եվ խոնարհվել էր այդ հսկա մարդը վերասլաց կոթողի տեսք ունեցող մի խաչքարի առաջ ու եռանդագին աղոթում էր գիշերային լռության մեջ։
Ինչե՜ր չէր արել նա ի սեր իր ժողովրդի։ Ուրացել էր իր հավատքը և իբրև քողարկված ֆիդայի թափանցել էր սուլթանի բերդը։ Համոզված էր, որ եթե ինքը այդ բերդի դուռը ներսից բաց չանի, հեղեղն անգամ անզոր կլինի դրսից քանդել այդ անիծյալ ուժը։ Անկեղծորեն օգնել էր ֆիդայիներին, կանգ չառնելով ոչ մի միջոցի առաջ։ նույնիսկ վանքի կռվին ներկայանալով իբրև սուլթանի բանագնաց, նա իր ատրճանակը թողել էր «պետքարանում», որ Գևորգ Չաուշը զինվի նրանով։
Սահմանադրությունից հետո Մեհմեդ էֆենդին բոլորովին հիասթափվեց։ Հուրիաթը, ըստ նրա, եկել էր դժողք դարձնելու ժողովուրդների կյանքը։ նա գտնում էր, որ Հուրիաթի հռչակած ազատության, հավասարության և եղբայրության կոչերը կեղծ էին, և այն պատվանշանները, որ ինքը մինչև սահմանադրությունը հպարտությամբ կրում էր իր վրա, սահմանադրությունից հետո փուշ էին դարձել իր համար։ Հին և նոր կարգերի տարբերությունը այն էր, ասում էր Մեհմեդ էֆենդին, որ հին կարգերի ժամանակ հայ ֆիդայիները խիստ աչալուրջ էին և զինված կռվում էին սուլթանի բռնակալության դեմ, իսկ նորի ժամանակ նրանք զենքերը վայր դրեցին և հարբած քնած են։
Մեհմեդ էֆենդին մեկն էր նրանցից, որ գաղտնաբար խորհուրդ էր տալիս հայդուկներին զենքերը վայր չդնել, չզինաթափվել։ Քարոզում էր, որ արթուն մնան, վերջնականապես համոզվելով, որ Հուրիաթը մի միջոց էր մոլորեցնելու և ազգովին գլխատելու հայ ժողովրդին։
Սահմանադրության շրջանում Մեհմեդ Խալըթը մի քանի տարի պաշտոնավարեց Վանում։ Ամուսնացավ Անգին անունով մի հայ կնոջ հետ, որից անեցավ յոթ զավակ։ Այդ երեխաները մեծացան և սկսեցին հարցնել իրենց հորը, թե իրենք ինչ ազգի ծնունդ են։ Հայրը անհարմար կացության մեջ ընկնելով նրանց ուղարկում էր իրենց մոր մոտ իմանալու այդ հարցի պատասխանը։ Հետզհետե գիտակցելով, որ իրենք հայ են, բայց թուրքական դպրոց են գնում և իրենցից ոմանք օտար անուններ են կրում, խմբովին ըմբոստացան հավատափոխ հոր դեմ։ Նրանք փշրեցին իրենց դռան օտարագիր ցուցանակը և տեղը հայերենը դրեցին։ Տանը խոսակցական լեզուն հայտարարեցին հայերենը։ Իրենց ֆեսերն ու հագուստը դեն շպրտելով, հագան հայկական տարազ։ Միայն հայրն էր դիմադրում տակավին իր գլխի վրա պահելով կարմիր ֆեսը։
Մի օր Մեհմեդի որդիներից մեկը՝ Ալին, կարդացել էր անգլիական պաշտոնական մի տեղեկագիր,
— Նրանք, — ասված էր այդ տեղեկագրում, — միայն առաջին համաշխարհային պատերազմի տարիներին սպանել են երկու միլիոն հայ, կործանել են կես միլիոն տուն ու ապարանք և պատմական հուշարձան, երկու հարյուր երեք վանք ու ճեմարան և երկու հազար հիսուն եկեղեցի, իսպառ անապատ դարձնելով երեք հազարամյա շեն մի երկիր…։
— Եվ այդքանից հետո դու դեռ համարձակվում ես ծառայե՞լ այդ բարբարոսներին և կարմիր ֆե՞ս կրել գլխիդ, — զայրացած գոչել էր Ալին հարձակվելով հոր վրա։
Իզուր փորձեց հայրը որդիներին համոզել, որ ինքը այդ ծառայությունը հանձն է առել հայերին օգնելու նպատակով, որ ինքը եղել է ծպտված ֆիդայի։
Մեհմեդ էֆենդին իր զավակներից վախենալով որոշեց փախչել արտասահման։ Բայց խիղճը տանջում էր իրեն։ Ինչպե՞ս ազատվել նրանց հետապնդումից, ինչպե՞ս դուրս գալ այդ անելանելի վիճակից։ Այդ մտմտուքի և հոգեկան խռովքի ժամանակ նրա պաշտոնը բարձրացրին և Վանից տեղափոխեցին Հալեպ, ապա Դամասկոս։
Առաջին աշխարհամարտի վերջում իր ավագ որդին կանչվեց բանակ և անգլիացիների դեմ կռվելով սպանվեց Եգիպտոսի ճակատում։ Հայ տարագիրներին ցույց տված օժանդակության համար Մեհմեդ էֆենդին երիտասարդ թուրքերի իշխանավորների կողմից կասկածի տակ առնվեց և իբրև դաշնակից տերությունների աջակից, անգլիացիների օգնությամբ տեղափոխվեց Պոլիս։ Պոլսում Մեհմեդ էֆենդին հայոց առաջնորդ Զավեն պատրիարքի միջոցով մկրտել տվեց իր զավակներին։ Իր աղջիկներից մեկին, որ ամուսնացած էր թուրք սպայի հետ, ապահարզանով բաժանել տվեց և մի հայ գործավորի հետ ամուսնացնելով, և ապա մնացած բոլորին էլ Պոլսից հանելով ուղարկեց ոմանց Պարսկաստան, ոմանց էլ՝ Ֆրանսիա։
Շուտով Մեհմեդ էֆենդու կինը մեռավ Պոլսում, իսկ ինքը բոլորովին լքված ու միայնակ մնալով, մի քանի տարի անց Պոլսից ընդմիշտ տեղափոխվեց Ամերիկա և աշխատանքի մըտավ «Ղարիբ Մշեցի» պանդոկի տնօրեն պարոն Լևոնի մոտ։ Միառժամանակ նա գրեթե ծպտված էր ապրում Ֆրեզնոյում, իբրև պարոն Ավետիս։ Սակայն պարոն Լևոնը տեղեկանալով Մեհմեդ էֆենդու պատմությանը և հոգեկան տառապանքներին, նրան մի առանձին սենյակ հատկացրեց պանդոկի մեջ, ականատես դառնալով իր ծերացած հայրենակցի վերածնության տենդագին ճիգերին։
Իրեն հատկացված այդ խուցի մեջ, որ գտնվում էր սանդուղների տակ, Մեհմեդ էֆենդին հաստատել էր մի հին խաչքար։ Ո՞ր քարգործ վարպետի կերտածն էր և որտեղի՞ց էր բերված՝ հայտնի չէր։ Ձեռք էր բերել նաև մի աղոթագիրք։ Հավատացնում էր, որ դա Կարմիր իրիցու տան տոհմական ավետարանն էր, որի վրա հայդուկներ էին երդվել։ Մեջտեղի թերթերից մեկի ճակատին գրված էր՝ «Բարով արժանանաք կարմիր գնդակի հրեղեն համբույրին»։ Ինքը, պանդոկի տնօրեն պարոն Լևոնը չէր հավատում ոչ աստծո գոյությանը և ոչ էլ խաչի ու ավետարանի զորությանը, բայց չէր խանգարում, եթե մեկը հավատքով փարված էր դրանց և անկեղծ ապաշխարանքով ուզում էր շտկել իր խոշտանգված հոգին։
Մեհմեդը իսպառ քաշվել էր քաղաքականությունից և զբաղված էր միայն դրանով։ Ամեն երեկո, քնելուց առաջ նա ծունկի իջնելով պատի մեջ ագուցված խաչքարի առաջ և ավետարանը բաց անելով, սկսում էր աղոթել։ «Ես աշխարհի ամենադժբախտ մարդն եմ, — ասում էր Մեհմեդ էֆենդին, — որովհետև ես կորցրի ամեն ինչ. և առողջություն, և զավակներ, և՛ կին, և՛ մնացի բոլորովին մենակ։ Ես վանքից ելած եմ և մեջիտի մեջ էլ տեղ չունեմ։ Բայց ես միաժամանակ ամենաազատ մարդն եմ, բոլորովին ազատ, քանի որ իմ տե՛րը ոչ այլ ոք է, քան իմ ներքին մարդը։ Ինձ ուժը հարկադրեց դուրս ելնել շիտակ ճանապարհից։ Թեև գիտեմ, օգուտ չունի նորից այդ ճանապարհին դառնալը, որովհետև շատ ուշ է, բայց կուզեմ մխիթարել իմ ներքին մարդը և նվազեցնել ատելությունը իմ անձի հանդեպ»։ Եվ ամեն անգամ իր աղոթքն ավարտում էր այսպես. «Դառնամ աղոթարան սուրբ էջմիածին, աստված, երկինք, գետինք ես հայ եմ»։
Ավետարանի և խաչքարի կողքին էր դրված այն կանթեղը, որով նա գրեթե ամեն երեկո գնում էր հոգնած, մոլորված հայ տարագիրներ որոնելու պանդոկի շրջակայքի ամայի տարածություններում։
Ոչ ոք չէր այցելում Մեհմեդ էֆենդու այդ առանձնարանը, որ ներքուստ մի փոքրիկ մատուռի տպավորություն էր թողնում։ Այդտեղ էր քնում, պատի երկայնքով դրված ցածլիկ թախտի վրա։ Այդտեղ էր ճաշում, այդտեղ էր խմում իր սուրճը։ Այդտեղ էր աղոթում ու ապաշխարհում, հեռու աշխարհի աղմկալի առօրյայից։ նորանոր սուլթաններ ու թագավորներ հերթով ելնում ու իջնում էին իրենց գահերից։ Մի բռնապետ հաջորդում էր մյուսին, իսկ նա անհաղորդ այդ ամենին շարունակում էր վառել դեղին մոմերը խաչքարի առաջ։
Մի հին սևացած խաչքար։ Կառչել էր դրան ու պոկ չէր գալիս։ Այդ էր դարձել այժմ իր հավատքի և հույսի միակ հենարանը։ Երազի պես իր աչքերի առջևով գալիս անցնում էին Մանազկերտի Իկնա գյուղի պատկերները, իր ծննդավայրի ոսկեղեն օրերի թովիչ տեսարանները, երբ ինքը երիտասարդ վարժապետ էր պարոն Ավետիս անունով։
Հիշում էր և ուշագնաց ընկնում խորանին, իր արցունքով հանգցնելով մաշված խաչքարի առաջ առկայծող դեղնամոմերը։