Chapter 54
ԵՐՐՈՐԴ ՄԱՍ: ՉՈԼՈՅԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ, «ՂԱՐԻԲ ՄՇԵՑԻ»
Չոլոյին գիշերով ուղիղ Վերին Թալին տարան։ Շրջկենտրոնի գրեթե բոլոր ղեկավար աշխատողները ճանաչում Էին նրան, ոմանք ի պաշտոնե, իսկ ոմանք Էլ պարզապես լսել Էին, որ այդպիսի մի հին ֆիդայի Է ապրում իրենց գավառամասում։
Երբ Չոլոն ներս մտավ, գավառամասի լիազորը զգաստ կանգնած Էր իր գրասեղանի առաջ, ձախ բռունցքը գրասեղանի անկյունին սեղմած, աջ ձեռքի մատները խրած գորշ կանաչավուն վերնաշապիկի տակ, մազոտ բթամատը վերևից խաղացնելով պղնձյա դեղին ճարմանդների հետ։ Մաուզերի կոթը ուռուցիկ գալիֆեի վրայով կախվել Էր մինչև ճտավոր սապոգի ծայրը։ Հայացքը խիստ Էր և հոնքերի թուխպը շատ։ Կապտերիզ գլխարկը, պսպղուն ուսադիրները և կաշվե լայնեզր գոտու վրայով կրծքի և մեջքի կողմից թեքությամբ իջնող փոկերը ավելի դաժան երևույթ Էին տալիս նրա պաշտոնական կեցվածքին։
— Խեր լինի, էս գիշերով ինչու՞ էիր էդքան զորք ուղարկել իմ ետևից, Հեռախոսով կանչեիր՝ կգայի, բրաո, — ասաց Չոլոն մտերմական շեշտ տալով իր խոսքին և խուրջինը ձեռնափայտի հետ շալակից իջեցնելով։
— Երևի գործ կա, որ քո կարիքը գիշերով զգացի։ Կանչել եմ, որ քեզ մկրտեմ։
— Անունդ Մկրտիչ է, իրավունք ունես։ Է՜, մկրտիր տեսնենք։ Ես արդեն մի անգամ մկրտվել եմ Տաշքենդի ավազներում։ Մեկ անգամ էլ թող քո ձեռքով մտնեմ Հորդանան։
— Բայց էս մկրտությունը ծանր է լինելու, իմացիր։
— Մկրտիչ, ղուրբան, — դարձյալ նույն մտերմական շեշտով շարունակեց Չոլոն, — ես գիտեմ, որ դու չես ուզում ինձ կալանավորեր Մի ասա տեսնենք, թե ես ի՞նչ մեղք եմ գործել հայի կամ ուռուսի դեմ։
— Հայի կամ ռուսի դեմ մեղք չես գործել, բայց կոմունիզմի դեմ գործել ես։
— Զորօրինակ ի՞նչ եմ արել, — ասաց Չոլոն նստելով մի խարխլված աթոռի և խուրջինը կողքին քաշելով։
— Դու ծեծել ես կոլխոզի եզներին։
— Իմ միտ չի գա, էդ ես ե՞րբ դարձա եզ ծեծող։ Կամ ո՞վ է տեսել, որ ծեծել եմ։ Չէ որ ես գյուղացի եմ, իսկ լծկանը գյուղացու ախպերն է։
— Դու գյուղացի չես։ Դու ժողովրդի թշնամի ես։
— Ես քառասուն տարի ժողովրդի համար եմ կռվել, հիմա ես դարձա ժողովրդի թշնամի, դուք՝ բարեկա՞մ։ Մեր կռիվը ու՞մ դեմ էր, ղուրբան, բեկերի ու աղաների դեմ։ Խենչալը զարկել էին Հայաստանի մեջքին, ուզում էիք» որ մենք ձեռքներս ծալած նստե՞ինք։ — Չոլոն աթոռը ավելի մոտ քաշեց, արմ ունկները դնելով ուղղակի պետի գրասեղանին։ — Բա Փեթարա Իսրոն ժողովրդի թշնամի՞ էր։ Խեղճը խուրջինը մեջքը գցած որբ երեխաներ էր հավաքում ավերակներից, որ շիթիլ աներ Հայաստանի համար։ Վերջին որբին խաղ ասելով էր առել մի քրդի ձեռքից։ Բա Մորուք Կարոն ժողովրդի թշնամի՞ էր, որ խեղճին ուզեցիք բռնել, թողեց փախավ Շեյխ Զիլանի ապստամբների մոտ։ Ոչ էլ Արծիվ Պետոն էր թշնամի։ Հիմա էլ ընկել եք իմ ետևից։ Ես արդեն, մի քանի անգամ ջուրն եմ ընկել և ձեր հեղեղից վախեցողը չեմ, բրաո։ Չոլոն կոլխոզի եզներին է ծեծել։ Ո՞վ կհավատա էդ պոչավոր ստին, — ցավալի շեշտով բացականչեց սասունցին և խնդրեց, որ իրեն թույլ տրվի մի գլանակ փաթաթել։
— Մի հատի իրավունք կտամ։ Ուրեմն ժխտու՞մ ես քո հանցանքը։
— Իմ պահած լծկանը միշտ կուշտ է եղել, բրաո։ Եվ եթե մեկ–երկու թեթև հարված եմ տվել, չի նշանակում, թե եզապահ Չոլոն լծկան ծեծող է։ Եզներին ծեծելը մահանա է, ղուրբան։ Ձեր միտքը ինձ բռնելն էր ու բռնեցիք։
— Ավելորդ մի խոսիր, բաց արա խուրջինդ, — հրամայեց պետը։
Չոլոն ուսապարկը կողքից վերցնելով դրեց պետի առաջ։
— Մեջը զենք չկա՞։
— Մի հերոն կար՝ արդեն հանեցին։
— Իսկ էս ի՞նչ բան է, բոլորովին նման չէ մեր երկրի ապրանքին, — ասաց Սև–Մկրտիչը շորերի կապոցից դուրս քաշելով արծաթյա կոճակներով մի ելեկ, որ բավական մաշված էր։
— Ի՞նչ անեմ, ախպեր, քուրդն ասում է՝ սոխը ինչքան կճպես, էնքան կճեպ կտա։ Սա Ջեմիլի նվերն է։
— Ջեմիլն ո՞վ է,
— Խութա քուրդ ցեղապետի կինն էր։
— Վրան սիրահարվա՞ծ ես եղել։
— Նա էր մեզ վրա սիրահարված, բայց մենք կյանքը մոռացած տարվեցինք ազգի ու հայրենիքի փրկության գործով։ Մոռացանք թե՛ սեր, թե՛ ընտանիք և թե՝ ուրախություն։ Ամեն բան տվինք ազգին ու հիմա տակը ի՞նչ մնաց. մի բուռ խաշած ձավար։
Չոլոն ելեկը դրեց խուրջինը և զգաց, որ իրեն վերադարձ չկա դեպի գյուղ։
Սև–Մկրտիչը սեղմեց ինչ–որ կոճակ։ ներս մտան երկու աշխատակից։
— Շտապ հասցրեք քաղաք։ Չոլոն խուրջինը շալակեց.
— Ես կերթամ, բայց աշխարհը էսպես չի՛ մնա, ղուրբան, — ասաց նա շեմքից ետ դառնալով և խոսքը ուղղելով պետին, — կգան ավելի խելոք մարդիկ և ձեզ բոլորիդ կդատեն աշխատավոր մարդու հետ էսպես անխղճաբար վարվելու համար։ Արդար կարգ կլինի աշխարհում։ Բայց էդ ժամանակ ոչ ես կլինեմ, ոչ դուք։
Չոլոյին Երևան տարան փակ ավտոյով, հետը դնելով երեք զինված հսկիչ։ Ճանապարհի խորդուբորդից ու պտույտներից Չոլոն զգում էր, թե որտեղ հասան։
Անցան Կաթնաղբյուրը։ Ահա և ավտոն թեքվելով իջավ Դավթաշենի ձորը։ Այդ ձորից վերևը մի մենավոր գերեզման կար։ Չոլոն նստած տեղը ախ քաշեց։
— Ինչու՞ ախ քաշեցիր, — սաստեց հսկիչներից մեկը, անցքից ներս նայելով։
— Իմ ախ քաշելը ձեզ դա՞րդ եղավ, դուք կարող եք ծիծաղել, — նկատեց Չոլոն և հուզմունքից բեղի ծայրը այնպես բարակ ոլորեց, որ կարող էր անցնել ասեղի ծակով։
Ներքևում մնաց Աշնակը, վերևում՝ Ներքին Բազմաբերդը։ Չոլոն հսկիչների խոսակցությունից զգաց, որ Թալինը մոտ է, որովհետև նրանք սկսեցին խոսել Թալինի վանքը քանդելու մասին։ Երկուսը պնդում էին, թե պետք է քանդել, իսկ երրորդը խոհեմաբար դիմադրում էր։
Դեռևս պատանի հասակում շատ սասունցի տղաների և աղջիկների նման Չոլոն էլ պահոցի վերջին օրվա փոխինձի ճաշից մի պատառ տարել ու դրել էր իրենց տանիքին և հեռվից հսկել, թե թռչունը այն կտցելիս ո՛ր կողմի վրա է թռչելու։ Ո՛ր ուղղությամբ թռչեր՝ իր բախտն էլ այդ ուղղությամբ կերթար։ Եկավ մի հավք և Չոլոյի փոխինձը տանիքից կտցելով թռավ դեպի հարավակողմ։ Եվ Չոլոն ամբողջ ժամանակ հավատացած էր, թե իր բախտը հարավից պիտի գար։
Խե՜ղճ Չոլո. թռչունը կտցեց ու թռավ, տարիները գնացին ու տակը մի փլված մատուռ մնաց…
Ձախ թևի ուղղությամբ մնացին Կաքավաձորը և Պարտիզակը, իսկ նրանից վերև, սարալանջին՝ Լեռնարոտը, Պետոյի գյուղը։
Պարտիզակը Չոլոյին ՛հիշեցրեց Գեղաշենի ռես Ավեին, որովհետև այդ գյուղում էր ապրում կոլխոզնիկ Վարդանը։ Դա այն մանուկն էր, որ պատանցքի մեջ թաքնվելով և ոտքից հարված ստանալով, հրաշքով ազատվել էր ռես Ավեի բովանդակ տոհմից։ Վարդանը աջ ոտքից կաղում էր, և բոլորը Թալինում գիտեին, որ դա Գևորգ Չաուշի ցասումնալից հարվածից մնացած դառնագին հիշատակն էր։
Քաղաքին մոտենալիս Չոլոն ձեռքը տարավ բամբակե տաքնոցի տակ և մի պճեղ սխտոր ծոցից հանելով՝ կուլ տվեց։ Հսկիչները վախեցան, թե կալանավորը թույն է ընդունում և շատ ցավեցին, որ լավ չէին խուզարկել նրա կապոցը և տաքնոցի գրպանները։ Բայց Չոլոն իսկույն հանգստացրեց նրանց ասելով, թե իր կուլ տվածը մի պճեղ սխտոր է։ Բացատրեց, որ մեծ քաղաքի մոտենալիս սովորություն ունի սխտոր և կարմիր տաքդեղ կուլ տալու՝ իբրև հականեխիչ վատ օդի դեմ։ Այդպես է պատվիրել հայրը, երբ առաջին անգամ Սասունից Հալեպ է տարել իրեն։
«ՂԱՐԻԲ ՄՇԵՑԻ»
Զորավար Մախլուտոն Պարսկաստանի վրայով Ամերիկա հասավ ձեռքին մի գավազան, հագին զինվորական վերարկու, ուսին՝ խուրջին։
Շատ հարուստ հայեր և հյուրանոցատերեր իրենց դռները բաց արին նրա առաջ, բայց նա մերժեց թե հարուստ տները, և թե՛ շքեղ ապարանքները։ Լսել էր, որ Ֆրեզնո քաղաքի հեռավոր արվարձաններից մեկում, մի անշուք ճանապարհի վրա տարոնցի իր հայրենակիցներից մեկը փոքրիկ պանդոկ ունի շինած անտուն և անտիրական ճամփորդների համար։
Այդ պանդոկը կոչվում էր «Ղարիբ Մշեցի»։ «Ղարիբ Մշեցի»— փուլ եկավ Մախլուտոյի սիրտը այդ անունը հնչելիս։ Եվ որովհետև մութ էր և վայրը անծանոթ, ուստի շփոթված կանգ առավ խավարում անհետացող արահետի եզրին։ Նա գետնին պարզեց իր զինվորական վերարկուն, տոպրակը դրեց գլխատակին և ուզեց մի քիչ ննջել։
«Թող լռեն սոխակները, էլ չծլվլան, Սլացեք կռունկներ դեպի Հայաստան, Լուր տարածեցեք հանուր հայության, Հայոց պաշտպան Քեռին իջավ գերեզման»։
Վերջին բառերը շատ որոշակի լսեց։ Գլուխը բարձրացրեց* թվաց, թե երազ է։ Քեռի՞ն։ Ինչ ծանոթ անուն է։ Քեռի՜ն։ Դա այն նշանավոր հայդուկն էր, էրզրումցի Քաֆթառ Արշակը, որին ինքը տեսել էր Ղարսի արհեստանոցում, մաշված ձիաթամբը նորոգելիս։ Քեռին սպանվել էր Ռևանդուզի կռվին։ Իսկ սա օտար աշխարհ է։ Անկարելի բան է, որ իր լսածը իրողություն լինի։ Ի՞նչ գործ ունի Քեռին այս անհունորեն հեռու աշխարհում։ Ոչ, իր մտքի պատրանքն է դա, մոռացված մի հին երգի խաբուսիկ արձագանքը իր ծերացած ականջների մեջ։
Պատրաստվում էր գլուխը նորից դնել ուսապարկին, երբ մի տղամարդ ճրագը ձեռքին ետևից մոտենալով կռացավ իր վրա։
— Եթե ղարիբ ես, գնանք մեր պանդոկը։ «Ղարիբ Մշեցին» անտուն և անքուն ուղևորների համար է։
Սա արդեն պատրանք չէր։ — Իսկ որտե՞ղ է «Ղարիբ Մշեցին»։
— Այստեղից շատ հեռու չէ, — հնչեց օտարականի ձայնը։ — Ես ձեզ կտանեմ։ Իմ պաշտոնն է գիշերները շրջել ճանապարհներին և անօթևան ուղևորներին առաջնորդել այնտեղ։ Պանդուխտ հայերի համար պանդոկը մեկ շաբաթով ձրի է, իսկ օտարականների համար՝ կես վճարով։ Թույլ կտա՞ք օգնեմ։
— Իմ բեռը շատ թեթև է, — ասաց Մախլուտոն՝ հագնելով վերարկուն և խուրջինը առնելով ուսին։
Ճրագով մարդը ընթացավ առջևից, իսկ Մախլուտոն հետևեց նրան լուռ ու գլխահակ։ Ճանապարհը մութ էր, ավազոտ, և Մախլուտոն շարժվում էր առաջ աչքը պահած առջևից գնացող տղամարդու ոտքերին, որոնք զարմանալի խոշոր էին երևում ճրագի արձակած լույսից։
Հեռվում առկայծեց մի ավելի պայծառ լույս և թնդաց հայդուկային կորովի մի երգ թմբուկի և սրնգի նվագակցությամբ.
Գնդակ որոտաց նոյեմբեր ամսուն, Պաշարված ենք մենք, իմ սիրուն Սոսե։ Հասիր, Անդրանիկ, հասիր օգնության, Սերոբ Փաշեն. կզոհվե ի սեր ազգության։
Մախլուտոն անշարժացավ տեղում։
Որքան որ անակնկալ չէր «Ղարիբ Մշեցի» պանդոկի գոյությունը, անակնկալ էր այդ երգը օտարության մեջ, այդ ուշ գիշերով։ Դրան հաջորդեց Սուլուխի նշանավոր կռվի երգը, որի մեջ հիշատակվեց նաև իր անունը։ Ուրեմն իր սերունդը դարձել է պատմություն, դարձել է երգ ու վիպասանություն, հասնելով մինչև նոր աշխարհի ափերը։ Ո՞վ բերեց այդ երգը այդտեղ։ Որտե՞ղ է գտնվում ինքը։ Ուրեմն Քեռու երգը նույնպես իրողություն էր և ոչ թե պատրանք, ինչպես ենթադրել էր քիչ առաջ։ Ու հպարտության հետ մեկտեղ նրա վրա իջավ մի ծանր թախիծ։ Առանց այդ էլ տրտում էր նա իր մեծ կորցրածի և աստանդական թափառիկ բախտի համար և ահա այդ երգը գալիս էր բոլորովին տակնուվրա անելու իր խռովահույզ հոգին։ Ի՜նչ լավ է, որ մութ է, և ոչ ոք չի կարող նկատել իր արցունքները. ոչ ճրագը բռնած տղամարդը, որ առջևից էր գնում, ոչ աստղերն աղոտ և ոչ էլ այդ գիշերվա ուշացած լուսինը։
Վերջապես պանդոկը երևաց։
Դարձյալ մի քանի քայլ և նրանք պարտեզի միջով կանգ առան երկհարկանի մի շինության առաջ։ Դա արևելյան ոճով շինված մի փոքրիկ հյուրանոց էր ճամփորդների համար։ . Մուտքի ճակատին նկարված էր մշեցի մի հոգնատանջ ճանապարհորդ խուրջինը ուսին, գդակը թևի տակ, որ գավազանի կեռ ծայրով կիսամութի մեջ բախում էր իջևանի դուռը՝ մի տեղ ունենալու ակնկալությամբ։ Տակը կենդանագիր մեծ տառերով գրված էր. «Ղարիբ Մշեցի»։
Ինչպիսի՜ հարազատություն կյանքին։ Որքա՜ն նման է իր վիճակը ցուցանակում պատկերված ուղևորի վիճակին։ Գիշեր էր և ինքն էլ եկել էր բախելու այդ անծանոթ իջևանի դուռը՝ մի տեղ ունենալու ակնկալությամբ։ Ինքն էլ մշեցի էր, և իր ուսին էլ կար ճամփորդական մի խուրջին։.
Թավ, ոլորուն բեղերով մի տղամարդ ներսից բացեց դուռը և ձեռքով ցույց տվեց դեպի աջ։ Նախ մտավ Մախլուտոն, ապա իր առաջնորդը ճրագը ձեռքին, որը նա մարեց շեմքին, հենց որ խավարը վերջացավ։
Միջանցքում երևաց պանդոկի տնօրենը, կոկիկ հագնված շիկահեր մի այր, բարի, արտահայտիչ աչքերով։ Հոնքերը և երկար թարթիչները այնքան երկար էին, որ հիշեցնում էին մետաքսաթելի նրբին հյուսվածք։
— էլ ուրիշ ճամփորդ չմնա՞ց դրսում, — հարցրեց նա մտահոգությամբ դիմելով իր սպասավորին։
— Էս մեկն էր, պարոն Լևոն, ուրիշ ճամփորդ չգտա։
— Կթուն մայրիկի մեղքը քո վիզը, — ասաց տնօրենը և արագ շարժվեց դեպի անծանոթ եկվորը։
— Լևո՛ն։
— Մամիկո՛ն, — միաժամանակ բացականչեցին նորեկն ու պանդոկի տնօրենը և փարվեցին իրար։ Երկար ժամանակ այդպես գրկված մնացին։ Ուրիշ ի՞նչ կերպ կարող են զգալ երկու դասընկեր իրար հանդիպելիս երեսուն տարվա բաժանումից հետո։
Լևոնը Կոփա աղբյուր շինող Աղաջանի տղան էր, որ ս. Մարինեի վարժարանում նստում էր Մախլուտոյի կողքին, վերջին նստարանի վրա։ Սակայն մի օր նա կիսատ թողեց ուսումը և անհետացավ քաղաքից։ Հետագայում տեղեկություն ստացվեց, որ գնացել է Ամերիկա։ Այդ փախուստը կատարվել էր պատմության ուսուցիչ պարոն Սենեքերիմի ապտակից հետո։
— Շան լակոտ, դու ինչու՞ օսմաներեն ավելի լավ ես կարդում, քան հայերեն, — ասել էր պարոն Սենեքերիմը և մի ապտակ դրոշմել նրա ականջներին։ Այդ ապտակից հետո կոփեցի Լևոնը այլևս չերևաց Մուշ քաղաքում։
— Ես Ամերիկա հասա 1892 թվականի աշնանը, — ասաց կոփեցի Լևոնը՝ Մախլուտոյին վերև տանելով և նստեցնելով իր դիմաց, ծաղկավոր բազմոցին։ — Ոտքս բոբիկ էր և ձեռքս դատարկ։
Առաջին հայը, որ գաղթել էր Ամերիկա 1618–ին, եղել էր Ջոն Մարտին անունով մի զինվորական։ Նա հրավիրվել էր մի ամերիկացու կողմից իրենց երկրում ծխախոտագործություն զարգացնելու։ Մի քիչ ավելի ուշ, 1653–ին Վիրջինիա նահանգի կառավար չի հրամանով Ամերիկա էին գնացել երկու պոլսահայ շերամապահներ, տնկելով առաջին թթենիները այդ նահանգում և պատրաստելով առաջին մետաքսը։ Այդ մետաքսից նրանք մի դրոշակ էին հյուսել և նվեր ուղարկել Էջմիածին։ Ավելի ուշ մի հայ գյուտարար (Խաչատուր Սերոբյան) ստեղծել էր դոլարի տպագրության կանաչ ներկը, ընդ՛միշտ վերջ տալով ամերիկյան թղթադրամի կեղծումներին։ Բայց ես ոչ ծխախոտագործ էի, ոչ մետաքս մշակող և ոչ էլ կանաչ ներկի գյուտարար։ Ուժեղ ձեռքերով մի տղա էի, որ կարող էր միայն սևագործությամբ զբաղվել։ Առաջին տարին մշակություն արի սրա նրա մոտ։ Հետևյալ գարնանը վարձվեցի Կալիֆոռնիայի այգիներից մեկում, որտեղ շատ բանվորներ էին աշխատում։ Վերակացուն մի հարուստ տեղաբնակ էր։ Հենց երկրորդ օրն էլ ընդհարվեցի նրա հետ և դուրս եկա աշխատանքից։ Այդ վերակացուն սովորություն էր դարձրել նախատել իր գործավորներին և գոռալ նրանց վրա։ Բոլորովին ականջներիս չհավատացի, երբ հաջորդ օրը նա իմ ներկայությամբ հայհոյեց մի հայ բանվորի և ձեռք թափ տվեց նրա վրա։ Հայհոյում էր անգլերենով, երբեմն էլ հետը խառնելով հայերեն որոշ բառեր և կարճակոթ ծխամորճը բե՛րանի անկյունում անհանգիստ խաղացնելով։
— Շուն հայ, — մի քանի անգամ կրկնեց նա, վրան կուտակելով նորանոր արտահայտություններ իմ մայրենի լեզվով։
Ես թողեցի գործը և մոտենալով վերակացուին ասացի.
— Մյուս անգամ չլսեմ այդ խոսքը։
— Իսկ ի՞նչ կլինի, եթե լսես, — հոխորտաց նա ծխամորճի ծուխը փչելով իմ երեսին։
— Ահա թե ինչ կլինի։ Մենք ձեզ սովորեցրինք ծխախոտ մշակել, թթի ծառեր տնկել և խաղող ուտել և անխարդախ ներկով փրկել ձեր թղթադրամը և դու՛, քո պապերի անարժան որդի, համարձակվում ես այդ ձևով վարվել մեզ հետ, — ասացի ես և մոտենալով կռուփի մի ուժեղ հարված իջեցրի կալվածատիրոջ կզակին։ Նա թավագլոր ընկավ իր կանգնած տեղից մի քանի քայլ այն կողմ։
Գործավորները անմիջապես դադարեցրին աշխատանքը, սպասելով պայթելիք փորձանքին։
Վերակացուն ոտքի ելավ, թափ տվեց շորերը, ծխամորճը դրեց բերանին և լուռ կանգնեց։ Բոլորի կարծիքն այն էր, որ պիտի սկսվի ահեղ կռվամարտ իմ և նրա միջև։ Վերակացուն, սակայն, մոտեցավ ինձ և ձեռքը բարեկամաբար երկարելով՝ ասաց, «Օլ ռայթ, կշնորհավորեմ։ Վարմունքդ թեպետ կոպիտ էր, բայց քեզի պես հայերը կհարգեմ։ Այլևս չպիտի նախատեմ ազգդ, որովհետև տեսա, որ հայությունը պաշտպան ունի։ Կգովեմ ազգային արժանապատվության զգացումդ և կմեծարեմ քեզ։ Օլ ռայթ, — կրկնեց ամերիկացին և վերստին սեղմեց իմ ձեռքը։ Ապա դառնալով բանվորներին՝ ավելացրեց. — Այսուհետև մի արտոնեք, որ վիրավորեն ձեր արժանապատվությունը։ Քաջ իմացեք, որ օտարականի աչքին միշտ հարգանքի արժանի է ա՛յն մարդը, որ պաշտպան է իր ազգին։ Նա, ով կհանդուրժի, որ իր ներկայության հայհոյեն ու ծաղրեն իր ազգությունը և լեզուն, նա ստրուկ է, իսկ ստրուկի հանդեպ չի կարող հարգանք լինել»։
Հետևյալ օրը ես մի հայ մամիկ գտա Ֆրեզնո քաղաքում։ Անունը Կթուն էր։ Կարսեցի կին էր, իր ամուսնու հետ երկար տարիներ ապրած Նորվեգիայում և 1890–ին տեղափոխված Ամերիկա։ Ամուսնու մահից հետո խեղճ կինը մնացել էր անօգնական։ Մի օր ինձ ասաց. «Լևոն, տղաս, օտարության մեջ մենակ ապրելը դժվար է։ Ես քեզ մայր, դու ինձ որդի, եկ ձեռք-ձեռքի տանք ու միասին հոգանք մեր ապրուստը։ Էս քաղաքում մարդիկ չգիտեն, թե ինչ բան է մածունը։ Ես մածուն կմերեմ, իսկ դու տար ծախիր»։ Մամիկի ասածը նստեց խելքիս։ Առաջին օրը Կթուն մայրիկը երկու կճուճ մածուն մերեց։ Մի կճուճը կերանք, իսկ մյուսը տարա շուկա։ Իսկույն վաճառվեց։ Երկրորդ օրը երկու կճուճ մածուն տարա։ Կթուն մայրիկը նաև հիանալի լավաշ թխող էր։ Մի տարի հետո հավաքած փողով թոնիր շինեցինք, ալյուր առանք և սկսեցինք լավաշ թխել։ Առաջին հացը բաժանեցինք անցորդներին։ Մայրիկը թխում էր, իսկ ես լավաշը տաք-տաք տանում էի վաճառքի։ Ու էսպես մածուն մերելով ու լավաշ թըխելով մի քանի տարվա մեջ բավական գումար վաստակեցինք։
Այդ տարիներին Կալիֆորնիայի շատ քաղաքներում երեվացել էին բազմաթիվ հայեր, Արևմտյան Հայաստանի գավառներից եկած։ Ֆրեզնո քաղաքի ճանապարհներին հաճախ կարելի էր հանդիպել պանդուխտ հայերի, որոնք աշխատանք էին որոնում։ Դրանց զգալի մասը օթևան չունենալու պատճառով քնում էր դրսում։ Իսկ հյուրանոցները թանկ էին։ Խարբերդցի մի հայ, Գրիգորյան ազգանունով, երկար ժամանակ օթևան և աշխատանք էր որոնում իր չորս զավակների ապրուստի և ուսման համար։ Մի օր գիշերով տուն գալիս տեսա նրա երկու տղաները քնել էին մեր հարևան ամերիկացու սանդուղներին, գլուխները մի ընդհանուր գլխարկի դրած։ Արթնացրի և տուն տարա։ Եվ նույն առավոտյան էլ ես և Կթուն մայրիկը որոշեցինք մի փոքրիկ պանդոկ շինել Ֆրեզնո քաղաքում մեր հայրենակիցների համար։ Քաղաքի կենտրոնում մեզ տեղ չտվին։ Փող էլ չունեինք այդպիսի հողամաս գնելու համար։ Պանդոկը մենք շինեցինք մի խուլ ու հեռավոր ճանապարհի վրա, որտեղով միշտ ուշացած ճամփորդներ էին անցնում։
Հյուրանոցի անունը դրեցինք «Ղարիբ Մշեցի» և պայմանավորվեցինք, որ իմ և Կթուն մայրիկի հայրենակիցները մեկ շաբաթ անվճար օգտվեն դրանից, իսկ մյուսները՝ կես վճարով։ Մեր հյուրանոցում ամեն երեկո հայկական երգ ու երաժշտություն կա։ Արդեն քսան տարի է, որ «Ղարիբ Մշեցին» կանգնած է այս ճանապարհի վրա, և բոլոր հոգնած ուղևորներն ու ղարիբ հայրենակիցները իրենց առաջին հանգիստը այստեղ են առնում։
— Կթուն մայրիկն էր եփում պանդոկի ճաշը և թխում հաց, — շարունակեց կոփեցի Լևոնը։ — Նրա շնորհիվ Կալիֆոռնիայում տարածվեց լավաշի և հայկական կերակուրների գործածությունը։ Կարելի է ասել՝ առաջին թոնիրը նա է շինել Ամերիկայում և առաջին մածունը նա է մերել այս հողի վրա։ Կարսեցի մայրիկը մեռավ սրանից հինգ տարի առաջ խոր ծերության հասակում, իր վերջին շնչում պարտավորություն դնելով մեզ վրա ճրագով որոնել անտուն և անտեր ճամփորդներին և օթևան տալ նրանց։ «Ղարիբ Մշեցին» խոնարհ խավերի համար է։ Հարուստ դասակարգի մարդիկ այստեղ տեղ չունեն։ Կթուն մամիկը այս պանդոկի ոգին էր և ես այս իջևանը նրա հիշատակով և բարի անունով եմ կառավարում։ ներքևում նվագախումբը թնդաց.
«Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ, Թնդացնում ես երկինք–գետինք տենչավառ, Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար, Հսկա լերինք քեզ ապաստան, Անդրանիկ»։
— Երթա՛նք, զորավարը եկել է, — ասաց պարոն Լևոնը և Մախլուտոյին առաջնորդեց պանդոկի ճաշարանը։