1. Ռանչպարների Կանչը

Chapter 25

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ: ՔԱՐԱՅՐԸ

Մոկունք գյուղի կիսամութի մեջ լռությամբ ծխող խորհրդավոր մարդը, որ ներկա էր իմ ուխտին, հայտնի էր Քարայր անունով։ Նա Տարոն աշխարհի սուլթանի բռնակալության դեմ մարտնչող հայդուկային խմբերի առաջնորդն էր։ Նա էր մտցրել սրի և խաչի վրա երդվելու արարողությունը։ Նա էր պահանջել Անդրանիկից և Գևորգ Չաուշից գտնելու Արաբոյի տան նշանավոր ավետարանը, որպես հզոր նախապայման հայդուկի երդման համար։

Քարայրը հայդուկից պահանջում էր լինել գաղտնապահ և անձնազոհ։ Հայ ֆիդային իր բարոյական նկարագրով բարձրագույն կետն էր մարդկային առաքինության, — քարոզում էր նա։ — Ոչ փառք, ոչ հանգիստ, ոչ հաշիվ։ Հայդուկության մեջ մտնողը պետք է իր ետևում թողնի անձնասիրությունը և քանի դեպի ներս առաջանա, այնքան պիտի մերկանա իր եսից ու անձնականությունից։ Հայ ֆիդային ունի միայն մի իդեալ. տառապելով ծառայել հայոց ազատությանը։ Նա պետք է մեռնի գնդակով, կախաղանի վրա կամ բանտի մեջ, եթե հավատարիմ է իր ուխտին։ Ինչին է պետք եսական սերը, երբ կա մի ավելի մեծ սեր — հայրենիքի սերը։ Ֆիդայու անձնական սերը լոկ արգելք է ազատորեն գործելու և հանգիստ մեռնելու ճանապարհին։ Քարայրն ասում էր, որ տոկալն ու համբերելը ֆիդայու համար նույնքան անհրաժեշտ է, որքան պատերազմի դաշտում զենքը ձեռքին կռվելը։ Որովհետև, եթե մեկը ֆիդայի դառնալով մոռանում է սեփական անձը, նրա համար այլևս ի նչ արժեք ունի տառապանքն ու նեղությունը։ Քարայրը խիստ էր ինչպես իր սեփական անձի, այնպես էլ ուրիշների հանդեպ։ Հայդուկային ժուժկալությունը և պարկեշտությունը գերագույն սրբություն էին նրա համար. կարգապահության խախտումը՝ մեծագույն հանցագործություն։ Նա քարոզում էր, որ պետք է արթնացնել հայ գյուղացուն, հասկացնել նրան, որ ինքը ճորտ է, ամրացնել նրա հավատը ապագայի հույսերով և Սասունի ու Տարոնի բովանդակ հայությանը հոգեբանորեն վերափոխելով դարձնել հայդուկ։ Քարայրը դեմ էր ցուցական կռիվներին, այս կամ այն վայրի վրա հանկարծական հարձակումներ գործելուն և կողմ էր միասնական, համածավալ ժողովրդական գրոհին։

Հայություն չեն կազմում նրանք, ասում էր Քարայրը, որոնք շարունակ տերտեր են կոչում, այլ նրանք, որ հավատք ունեն։ Մեզ մոտ է հավատավոր մարդկանց մի ուժեղ սերունդ, որի կոչումն է ծառայել Հայաստանի ազատագրության արդար դատին և ոչ թե այս կամ այն խմբակցության եսական շահերին։

Այսպես էր Քարայրը։

Այս մոլեռանդ քարոզիչը գյուղական շորեր հագած դերվիշի նման թափառում էր գյուղից-գյող, ատելություն սերմանելով դեպի այն ամենը, ինչ վատ էր ու կործանարար, և անձնվեր սեր արծարծելով դեպի այն ամենը, ինչ վեհ էր ու օգտակար հայրենիքի և ընդհանրականի համար։

Քարայրն ուներ կողմնակիցներ, որոնք իր նման տանջվել էին սուլթանի բանտերում։ Նրանցից մեկը մշեցի Կոտո Հակոբն էր, որ նստել էր Սինոպի և Ակրայի բերդերում, իսկ մյուսը՝ Կառնենա Մկրտիչն էր։ Քարայրի և Կառնենա Մկրտիչի թելադրությամբ էր, որ սասունցիները իրենց և Անդրանիկի միջև ծագած վեճը լուծել էին Անդրանիկին զինաթափ անելով։

Քարայրը ֆիդայիների հետ չէր շրջում, այլ միշտ միայնակ, գյուղական աղքատիկ հագուստով և անզեն, իբրև մի խեղճ շինական։ Սովորաբար շրջում էր մութին։ Մի տիկ շալակին և ցուպը ձեռքին, նա գիշերային խավարի միջով անցնում էր գավառից-գավառ, ավանից-ավան, ամենուրեք քարոզելով և կազմակերպելով հայ ժողովրդին զանգվածային մեծ ապստամբության համար։

Սուլթանի բռնակալությունը նա համարում էր աշխարհի մեծագույն չարիքներից մեկը։ Սակայն նա իր դառը փորձով եկել էր այն համոզման, որ եվրոպական պետությունների դռներ բախելը և նրանցից օգնություն հայցելը միամիտ հավատ է, մանավանդ «երկաթե շերեփի» հայտնի իրողությունից և Մոսե Իմոյի դեպի Անգլիա կատարած ուղևորությունից հետո։ Սուլթանի դեմ կռվող հայդուկները, ասում էր Քարայրը, իրենց հույսը պետք է դնեն իրենց և իրենց ժողովրդի սեփական ուժերի վրա, կապվելով Ռոմանովների կայսրությունը սասանող և օրեցօր հզորացող ռուսական հեղափոխական առողջ ուժերի հետ։

Միամտաբար հավատում էինք, թե Անգլիան և ասպետ Ֆրանսիան մեզ պիտի օգնեն, բայց երկուսն էլ մեզ խաբեցին, երկուսի երեսն էլ սև է։ Հայ ժողովուրդ, ես քեզ ասում եմ՝ անգութ է Եվրոպան, քարոզում էր Քարայրը։ Չհավատաս նրան երբեք։

Տարոնի ժողովուրդը սիրում էր համեստ արտաքինով այդ խորհրդավոր մարդուն, որ կարծես մեր անցյալի մշուշներից ելած մի ուրվական լիներ։

Երբևիցե կռացած նայե՞լ եք մութ քարայրից ներս։ Կարողացե՞լ եք անմիջապես կռահել, թե նա ինչպիսի խորհրդավոր անցքեր ու ոլորաններ ունի։ Այդպես էր շեկ մազ ու մորուսով, նիհար, ոսկրոտ այդ մարդը։ Նրա զինական անունը Հրայր էր, ոմանք նրան Դժոխք էին ասում, բայց ժողովուրդը նրան կնքել էր Քարայր։ Եվ այդ անունը որքա՜ն հարմար էր նրան։

Իսկապես քարայր էր նա, խորհրդավոր ու մութ։ Հազիվ ծագած՝ իսկույն անհետանում էր։ Ցերեկները նրա տեղը հայ շինականի գոմի կամ մարագի մի մութ անկյունն էր տրեխը հագին, արախչին գլխին, իր շուրջը ժողոված մարդկանց հրեղեն խոսքերով քարոզ կարդալիս, իսկ գիշերները ճամփորդում էր դերվիշի կերպարանքով՝ գավազանը ձեռքին և տիկը շալակին։

Շատ մեծ եղավ իմ զարմանքը, երբ իմացա, որ ինձ ծեծող ոսկրոտ դիմագծերով և փոքրիկ մորուսով այդ մարդը այն միևնույն շինական Արմենակն էր, որից ես մի տուփ ծխախոտ էի վերցրել դրանից մի քանի տարի առաջ Կարմիր Ծառ գնալիս։ Նրա փույթը չէր բնավ, որ ես բանտ էի նստել կամ կյանքս վտանգի տալով Անդրանիկի ձին փախցրել էի վանքի շրջապատումից։

Իմ անզգույշ շարժումով ես արձագանքել էի անծանոթ կնոջ կանչին, երբ նոր էի երդվել սրի, ավետարանի և խաչի վրա, որի համար էլ նա ինձ ենթարկել էր անողորմ պատժի։

Եվ նա ինձ պատժել էր այն միևնույն գավազանով, որ իմ ներկայությամբ պոկել էր իրենց անտառի կարմրածառից, որի ամուր փայտից մեր նախնիները հին ժամանակներում նետեր էին շինել ինքնապաշտպանության համար։

Comments