Chapter 24
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ: ԵՐԴՈՒՄ ԵՎ ՊԱՏԻԺ
Վանքի կռվից հետո Գևորգ Չաուշը ինձ տարավ Մոկունք գյուղը Իգնատիոս անունով մի շինականի տուն։ Դեռ ներս չմտած, Չաուշն ասաց. «Ինչ-որ տեսնես ու լսես, այնքան գաղտնի պիտի պահես, որ շապիկդ անգամ չիմանա։ Դու պիտի մոռանաս այն դեմքը, որ տեսար, այն խոսքը, որ լսեցիր և այն շեմքը, ուր ոտք կոխեցիր»։
— Մոռացա, — գոչեցի ես։
Հացատան ամբարների մոտով մենք մտանք մշեցու օդան։ Բուխարիկի մոտ կանգնած էր մի երիտասարդ քահանա առաջը սեղան, վրան՝ ծածկված մի գիրք։
— Ծանոթացի՛ր, սա այն զինված քահանան է, որ մշեցի հայ կանանց հետ դիրք էր փորում վանքի պաշտպանության համար։ Խասգյուղացի է և անունը Տեր Քերոբ։ Մարտական անունը՝ Տեր-Փոթորիկ։
Իսկապես նա էր այն զինված մորուքավոր մարտիկը, որին տեսել էի վանքի փոքր դռան առջև քլունգով խրամատ փորելիս։
Օդային կից էր գոմը։ Գոմի մթության մեջ շեմքի մոտ կանգնած էին երեք տղամարդ մազոտ աբաներով։ Մեծի դեմքը ես չէի տեսնում։ նա լուռ ծխում էր, մեջքով դեպի մեր կողմը դարձած։
— Ո՞րն է քո սիրեցյալը, — շարունակեց Գևորգ Չաուշը մոտենալով և հենվելով գոմի պատին։
— Կինն է, — հարեց կիսամթում կանգնածներից մեկը։
— Ոչ, որդին է, — հեգնեց Տեր-Փոթորիկը։
— Հայրենիքն է, — գոչեցի ես։
— Ապրես, որդիս, — ասաց Գևորգ Չաուշը քաջալերված իմ պատասխանից։ — Դրա համար էլ դու չպետք է ուրիշ սիրեցյալ ունենաս, որ միշտ նրան սիրես, նրան նվիրվես, նրան պաշտես։ Քո սիրուհին Հայաստանն է, — շարունակեց Չաուշը։ — Նա շղթաների մեջ է։ Դու պետք է փշրես այդ շղթաները և նրան ազատ արձակես։ Հայաստանը մի առասպելական նժույգ է, որին չարքերը դարերով կաշկանդել են մութ զնդանում։ Դու պետք է նրան այդ զնդանից հանես այն նժույգի նման, որ փակված էր Առաքելոց վանքի ներքնահարկում։ Այն ամենը, որ դու մինչև այժմ տեսար ու տոկացիր, միայն մի փոքրիկ վարժոց էր այդ ազատագրության ճանապարհին։ Մեկ անգամից, — ասաց նա, — հնարավոր չէ փրկել մի ժողովրդի, որ վեցհարյոլր տարի տանջվում է օտարի լծի տակ։ Հարկավոր է աստիճանաբար գնալ դեպի նպատակի իրագործում։ Հարկավոր է զգուշությամբ իջնել այն ստորերկրյա նկուղը, ուր այդ ազնիվ նժույգն է կաշկանդված, գտնել նրա սանձերը, որոնել, սալաքարի տակից դուրս բերել նրա թամբը։ Դու չպետք է ունենաս քո սեփականը, որ այդ մեծ ընդհանրականի բաղձանքը ունենաս։ Դու պետք է լինես քո ծառան և քո ընկերոջ ծառան։
— Ես եկել եմ մատղվելու։ Եթե չկարողանամ նահատակ դառնալ, թող դառնամ գոնե մի պարզ զոհաբերում հայրենիքի համար, — ավելացրի ես։
Դրանից հետո Չաուշն ինձ հրավիրեց, որ ես իր ներկայությամբ երդում տամ խաչի, ավետարանի և սրի վրա։
Տեր-Փոթորիկը ծածկոցը քաշեց։
Սեղանի վրա դրված էր Կարմիր իրիցու տան «Կոճղեզ» ավետարանը, որ ես Թաղվձորից բերելով հանձնել էի Առաքելոց վանքին։
— Հին հայերը այս գրքի վրա են երդվել։ Նա կորած էր և դու գտար, — ասաց Տեր-Փոթորիկը և «Կոճղեզի» աջ ու ահյակ կողմերում մեկական մեղրամոմ վառեց և մեծ լանջախաչը հանելով դրեց նրա վրա։ Չաուշն իր դաշույնը դրեց խաչի վրա։ Սև աբավոր այրերից երկուսը գոմից ելնելով տեղ գրավեցին սեղանի շուրջ, իսկ երրորդը, որ ծխում էր՝ հենված մնաց գոմի պատին, կիսամութի մեջ։ Ես սեղանին պլպլացող կանթեղների առաջ ծունկի գալով՝ երդվեցի.
— Երդվում եմ իմ պատվի և ազգության վրա, — ասացի ես, — իմ բոլոր ուժով, եթե հարկ լինի նաև իմ արյունով, ծառայել Հայաստանի ազատագրության ղատին ընդդեմ սուլթանի բռնակալության։ Այսուհետև իմ բարձը Հայաստանի լեռները կլինեն և իմ ամենամեծ բաղձանքը՝ Հայրենիքի համար մեռնելը։ Բարով արժանանամ հրեղեն գնդակի համբույրին։
— Երդումդ ի կատար, — հնչեց Տեր Փոթորիկի ձայնը։ Եվ նա խաչը սեղանից վերցնելով, արձանի պես պահեց օդում։ ու ես ոտքի ելնելով ու սեղանին կռանալով, համբուրեցի նախ սուրը, ապա «Կոճղեզ» ավետարանը և վերջում՝ օդի մեջ պարզած խաչը։
— Անու՞նդ։
— Կնքանունս Մամիկոն է, բայց տատս ինձ Սմբատ էր կոչում։
— Մոռացիր այդ երկուսն էլ։ Այսուհետև քո զինական անունը կլինի Մախլուտո։ Կրկնիր նոր անունդ, — կարգադրեց Տեր Փոթորիկը։
— Մախլուտո՛։
Առաջին գործը, որ հանձնարարվեց ինձ՝ շալակատարի պաշտոնն էր։ Այդ պաշտոնը կատարողը պետք է ֆիզիկապես ուժեղ լիներ, իսկ ես թիկնեղ էի, ամուր կազմվածքով և մեջքով տոկուն։
— Դու հրաշալի շալակատար կլինես, — ասաց Գևորգ Չաուշը, — այսինքն՝ հեղափոխության բեռնակիր։
— Ի՞նչ պետք է շալակեմ, — հարցրի ես։
— Կարևորը շալակելը չէ, — ասաց նա, — այլ շալակածը զգուշությամբ տեղ հասցնելը։ Շալակատարի աշխատանքը ամեն մարդու չի կարելի վստահել։ Հավատարիմ մարդիկ են պետք, որոնց թիվը տակավին քիչ է մեզ մոտ։
Այս խոսքերը ինձ մխիթարեցին։ Ուրեմն ես գտնվում էի հավատարիմների ցանկի մեջ։ Եվ առաջին բեռը, որ կրեցի իբրև շալակատար, մի ծանր արկղ էր, որ նույն գիշերը Մշո տակի այգիներից տեղափոխեցի Մոկունք։
Բեռը իջեցնելուց հետո, թոթվեցի հոգնած ուսերս և ինձ զգացի անսահման հպարտ։ Շատ բեռներ էի կրել մեջքով, իսկ այս մեկը ուրիշ էր։ Այդ իմ առաջին ծառայությունն էր հայրենիքին ֆիդայական երդումից հետո և իմ առաջին սրբազան պարտքը Սերոբ Աղբյուրի թարմ հիշատակի հանդեպ։
Հաջորդ օրը նոր կարգադրություն եղավ, որ ես այդ արկղը Մոկունքից տեղափոխեմ Սուլուխ։ «Չէ, ասացի, սրանք ուզում են ինձ վարժեցնել երկար ճանապարհի բեռնակրության»։
— Սուլուխ չհասած, քեզ դիմավորելու կգա Ջնդո անունով մի երիտասարդ Արտոնք գյուղից, — զգուշացրեց Գևորգ Չաուշը։
— Քու՞րդ է, — հարցրի։
— Հայ է, բայց քոլոզ կա գլխին։
Վերցրի իմ բեռը և ճանապարհ ընկա։
Մոկունքից բավական հեռացել էի, երբ ականջիս կանացի մի ձայն դիպավ.
— Մախլուտո՛, դու՞ էլ եկար ֆիդայի դարձար։
Հազիվ էի նայել շուրջս տեսնելու, թե ո՞վ էր այդ կինը, երբ կարճ մորուքով մի վտիտ տղամարդ գյուղացու հագուստով և մի տիկ շալակին, ետևից գալով ձեռքի գավազանով ամուր հարվածեց մեջքիս։
— Շան տղա, դու շալակատա՞ր ես, թե սովորական անցորդ։
Այնքան սպառնական էր նրա հայացքը, որ ես շփոթվեցի։ Ես ծնրադիր երդում էի տվել հավատարմորեն ծառայելու ժողովրդի ազատագրության դատին։ Դարձել էի հայդուկ, իսկ հայդուկին օրենքով բանադրված էր անծանոթ կնոջ հետ խոսելը։ Հայդուկը իրավունք չուներ ամուսնանալ, քանի դեռ հայրենիքը ազատագրված չէր բռնակալության լծից։
Ո՞վ էր այդ կինը։ Նույնիսկ չիմացա, թե որտեղից էր գալիս և դեպի ուր էր գնում։ Դեմքն էլ կանոնավոր չտեսա։ Միայն քայլվածքից կռահեցի, որ բարձրանում էր դեպի լեռներ։ Գուցե կապ ուներ ֆիդայիների հետ։ Բայց ինչպե՞ս իմացավ իմ անունը։ Չլինի՞ թե Զմոն էր։ Ու մի սարսուռ եկավ վրաս։ Իսկապես, որտեղից գիտեր, որ իմ անունը Մախլուտո է։ Միևնույն է, ով էլ լիներ նա, ես կատարել էի ծանր հանցանք։ Կարծում էի, թե այդ մի հարվածով ամեն ինչ վերջացավ։ Ուզում էի արդարանալ, ասելով, թե այդ կնոջը չեմ ճանաչում, բայց դեռ բերանս չբացած, ձեռնափայտի երկրորդ հարվածը իջավ նույն տեղը։ Երրորդն էլ իջավ, չորրորդն էլ։ Աստված իմ, ինչպե՞ս էր ծեծում։ որքան ուժ կար այդ պոքրիկ վտիտ մարմնի մեջ։ 0՜, ինչ դժվար բան է հայդուկությունը։ Երդվել մի սրբացած գրքի վրա, որ մաքրված, լուսավորված էր ամպրոպների փայլով, և այդպիսի դաժան պատժի՞ ենթարկվել։ Իզուր, ուրեմն, Թաղվձորի սպիտակամորուս ծերոլնին այդ ավետարանը յոթ անգամ պահեց Մարաթուկի կայծակների դեմ։ Երևի դա այն գիրքը չէր, որի վրա ես երդվեցի և աստված ինձ պատժում էր այդ մեղքի համար։ Ինչու՞ ես կուլ չգնացի նեմրոլթի ավազներին, Փրե-Բաթմանի կամուրջից չնետվեցի Սասնա գետի մեջ։ Երանի թե մեռած լինեի Բաղեշի բանտի ներքնահարկում, կամ Արծվի քարից գահավիժեի անդունդ և չտեսնեի այդ սև օրը։
Հարված հարվածի ետևից իջնում էր վրաս, իջնում էր անողորմ կերպով, սաստկորեն։ Իջնում էր մերկ ոտքերիս, մեջքիս, գլխիս։ Ստիպված իմ բեռը վայր դրեցի։ Ուզում էի գոռալ, բայց զսպում էի ինձ, հպարտությունս թույլ չէր տալիս։ Իսկ նա, իմ լռությունը անտարբերության վերագրելով, ավելի ուժգին էր հարվածում։ Արյունս եռ էր գալիս, աչքերս մթնել էին, և այդ ամենը մի անիծյալ կնոջ պատճառով։ Այո, Զմոներ ամեն տեղ կան։ Փորձիր կատարել երդման կամ մաղթանքի որևէ սուրբ արարողություն և սատանան անտեսանելի կպած է ծնկներիդ։ Ու ես չիմացա, թե ինչպես իմ բեռը շալակած դիմեցի դեպի Սուլուխ։ Կարծեմ, այդ միևնույն տղամարդն էր օգնել ինձ բեռը մեջքիս բարձրացնելու, ինձ դաժանորեն պատժող վտիտ մարմնով, փոքրիկ մորուսով այղ տղամարդը։ Իմ կոպերից արյուն էր ծորում։ Փորձեցի աչքերս բանալ, բան չէի տեսնում։ Կուրացա՞ միթե։ Ու զարհուրելի երկյուղը պաշարեց ինձ։
Այդ դրության մեջ էի, երբ մի տղամարդ մեջքը դեմ տվեց իմ շալակին։
— Դու Ջնդո՞ն ես, — հարցրի։
— Այո, Դաշտի Արտոնք գյուղից։
Ձեռքով շոշափեցի, գլխին քոլոզ կար։
— Ջնդո, — կանչեցի ես, — գիշե՞ր է, թե ցերեկ։
— Ցերեկ է, — պատասխանեց Ջնդոն։
— Թե ցերեկ է, ինչու՞ աչքերս չեն տեսնում։
— Երևի բեռը ծանր է եղել։
Ջնդոն շալակեց բեռը և ինձ առաջնորդեց Սուլուխ։
Իջանք Մեսրոպ անունով մի գյուղացու տուն, որ Սուլուխի հայտնի տներից էր։ Ինձ պառկեցրին այդտեղ և ծածկեցին վերմակով։ Այդ միջոցին ներս մտավ նույն տղամարդը դերվիշի կերպարանքով և տեսնելով իմ վիճակը, կարգադրեց, որ մնամ այդտեղ, իսկ ինքը Անդոյին առնելով՝ անհայտացավ։
Մի ամբողջ օր աչքերս փակ մնացին։ Ոտքերիս ու գլխիս ցավը տանջում էր ինձ։ Ծեծված, ջարդված ընկած էի սուլուխցի Մեսրոպի տանը, աչքերս արյունոտ, գլուխս ուռած։
Ու հիշում էի։
Հիշում էի, թե ինչպես դուրս թռա դպրոցի լուսամուտից և հետևյալ օրը վաղ լուսաբացին հեռացա քաղաքից։
Հիշեցի Մելքոն վարդապետին, նրա արցունքոտ աչքերը, և հայոց պատմության ուսուցչին՝ պարոն Սենեքերիմին, որ եկել էր Փրե Կամուրջի կողմը՝ գետակի սառը ջրով լվացվելու։
Իմ քեռի Բդեին հիշեցի։
Կրակների մեջ վառվում էի։ Ջերմությունս չէր անցնում։ Որոշեցին լողացնել։ Գոմի մեչ տաշտակով տաք չուր դրեցին, լողացրին ինձ և անկողին տանելով, ծածկեցին մի քանի վերմակով։ Աշխարհում ամեն տեղ բարի պառավներ կան։ Չարերն էլ կան, բայց բարիներն ավելի շատ են։ Յուղաբեր էր Մեսրոպի մոր անունը։ Յուղաբերը կանչեց իր թոռներից մեկին և կարգադրեց, որ գիշերով ս. Ստեփանոսի պուրակը երթա և ուռենու դալար ճյուղերից մի խուրձ բերի՝ լուսաբացի շաղը վրան։ Զգուշացրեց այնպես բերել, որ ցողը չթափվի տերևներից։
Շուտով Խուրշուդը (այդպես էր թոռան անունը) կանաչ ուռիների ցողապատ մի խուրձ գրկած եկավ։ Քանդեցին այդ խուրձը, ինձ պառկեցրին մեջը և ծածկեցին վերմակով։ Ուռենու տերևները սկսեցին տաքանալ և ջերմությունս ու գլխիս ցավը լուսադեմին անցավ։
Հաջորդ առավոտյան բոլորովին առողջ էի։ Երբ աչքերս բացի, իմ առաջ կանգնած էր Գևորգ Չաուշը և քահ-քահ ծիծաղում էր.
— Քեզ ծեծողը ո՞վ էր, — հարցրեց։
— Մի դերվիշ էր գյուղացու հագուստով և տիկը շալակին։
— Այդ դերվիշը Արմենակն էր, որ ներկա էր քո ուխտին։
— Ո՞ր Արմենակը։
— Մոկնաց գոմի կիսամութի մեջ կանգնած տղամարդը, որ լուռ ծխում էր պատին հենված։
— Հրայր-Դժո՞՚խքը։
Գևորգ Չաուշը մատը դրեց բերանին, որ նշանակում էր թե՝ լռիր։
Կարո՞ղ էի հակաճառել այն մարդուն, որ իմ ներկայությամբ գնդակի մի հարվածով գետին էր տապալել իր աժդահա հորեղբորը։
Իհարկե ոչ։
Եվ ես լռեցի։