1. Ռանչպարների Կանչը

Chapter 22

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ: ԹԱՂՎԶՈՐԻ ԿՐԱԿԸ

Բայց ես պետք է Արաբոյի ավետարանը պղծությունից մաքրեմ, չէ՞ որ այդպես էր պատվիրել Հրեղեն ձին։ Վերջում իսկապես մի հիշատակարան կար, որի առաջին թերթիկի վրա ճանապարհին կարդացի. «Եթե ինձ պիղծ մարդոց և անսրբության մեջ տեսնես՝ սրբիր Թաղվձորի կրակով»։

Հիշեցի, որ Թաղվձոր անունով մի գյուղ կար Խութի մեջ, ուստի թողեցի Դաշտի ճանապարհը և շարժվեցի դեպի Խութ։

Այդ գյուղը ձորի բերանին էր, առաջը բաց։ Դիմացը Մարաթուկն էր, իսկ կողքով Բռնաշենի ջուրն էր անցնում։ Բնակիչների կեսը հայեր էին և բոլորի տները հազարաշեն։ Մյուս կեսը Շեկո քրդերն էին։ Հողը շեկոների ձեռքին էր, բայց կիսովի։

Իմ ետևում մի ոտնաձայն լսվեց։ Մի տղամարդ քայլերն ինձ հավասարեցնելով առաջ անցավ և շարունակեց ճանապարհը, ոչ մի ակնարկ չնետելով վրաս։ Թևի տակ ճերմակ կտավի մի փաթեթ կար և մի գործիք։ Շուրջը չէր նայում։ Գնում էր փոքր-ինչ կռացած և աչքերը միշտ գետնին, կարծես մտովի իր քայլերն էր հաշվում։

Այն ակնթարթում, որ իմ աչքը դիպավ նրան, խղճի խայթից և հուսահատությունից ամենավտանգավոր միջոցին դիմելու մի արտահայտություն կարդացի նրա դեմքին։ Կամ մարդ էր սպանել, կամ մարդ սպանելու էր գնում, որովհետև հայացքը խիստ վճռական էր։

Սպիտակ գլգըլի և գավարսի արտերի միջով նա հասավ գյուղի առաջին տնակին և դուռը բախեց.

Խութեցի մի կին բացեց դուռը։

Մարդը թևատակի կտավն ու գործիքը դրեց կնոջ առաջ, շեմքի վրա և ծունկի իջավ նրա դեմ։

— Ահա այն գործիքը, որով սպանեցի ձեր ամուսնուն և ահա այն կտավը, որով ես պետք է պատանքվեմ ու թաղվեմ։ Ես կատարել եմ աններելի հանցանք և մեղքս քավելու համար իմ ոտքով ու պատանքով եկել եմ ձեր շեմքը։ Իմ արյունը տալիս եմ ձեր հարազատի արյան դիմաց և իմ կյանքը հանձնում եմ ձեզ։ Սպանել կամ ներել՝ իմ դատաստանը ձեր ձեռքին է։

— Իմ վիշտը մեծ է, բայց ինքս լեռնցի եմ և տմարդությամբ իմ շեմքը չեմ պղծի, — ասաց խութեցի կինը իր առջև ծունկի իջած տղամարդուն դիմելով։ — Իմ ամուսնու արյան դիմաց նույնիսկ տասնյակ տարիներ հետո տասնյակ կյանքեր կպահանջեի, բայց քանի որ դու պատանքով ես եկել իմ տուն, իմ լեզուն փակվեց և իմ վրեժը մեղմացավ։

— Եթե ներված եմ, ուրեմն թույլ տուր ձեր թոնրի կրակի վրա մի խոստովանություն անել և մի խանձող տանել իմ հանգած կրակը վառելու համար։

— Այդ խոստովանքի տեղը Թաղվու տան կրակն է, — ասաց խութեցի կինը։ — Երթանք Հոնկա պապի տուն։ Ես այս տարի իմ հին կրակը չկարողացա փոխել։

Տղամարդը վերցրեց իր կտավն ու գործիքը, և նրանք շարժվեցին դեպի գյուղի հյուսիսային կողմը։

Միանգամայն պարզ դարձավ, որ իմ որոնածը նույնպես այդ երևելի տան կրակն Էր, ուստի վստահ քայլերով հետե" վեցի նրանց։

Հոնկա պապի հազարաշեն տունը թիկնած Էր մի ապառաժոտ բլրի։ Թիկունքին գյուղի անտառն Էր հոշի ծառերով։

Թաղվձորի այդ գերդաստանը ծագում Էր խութեցի Հովնանի հռչակավոր տոհմից։ Այդ տան առաջ, ըստ ավանդության, թաղված Էր գյուղի հիմնադիր ռանչպար Հովնանի խոփը և խութեցի շինականները գարնանը վարի գնալիս իրենց լծկանը անպայման քշում Էին այդ տան մոտով, իբրև հարգանք երկրագործ Հովնանին։

Հոնկա պապի տան կրակի մասին հրաշքներ Էին պատմում։ Ասում Էին, որ այդ նահապետական տան առաջին կը– րակը վառել Է խութեցի Հովնանը իր կայծքարի արձակած կայծերով։ Եվ այդ օրվանից այդ կրակը սրբություն Է համարվել ոչ միայն Թաղվձորի, այլև հարևան գյուղերի հայ և քուրդ բնակիչների համար։

Տան ամենատարեց անդամը միշտ ներկա Էր կրակի կողքին, հսկելով որ այդ հուրը անմար մնա։ Հենց որ բարակել էր թե կմարի՝ նա մի շալակ ցախ կամ հսկա կոճղ անտառից բերելով, նետել Էր կրակի մեջ։ Այդպես, տաս տղամարդ կամ տաս կին իրար հաջորդելով, մինչև խոր ծերություն անտառի դանդաղ այրվող կոճղերով հազար տարի անընդհատ անշեջ Էին պահել երկրագործ Հովնանի վառած հուրը։ Այժմ Հոնկա պապի՝ տասնմեկերորդ սպիտակամորուս ծերունու հերթն Էր։

Խութեցիները տարին մի անգամ պարտադիր կերպով փոխում Էին իրենց օջախների կրակը։ Այդ կատարվում Էր ամեն տարի փետրվարի 14-ին։ Այդ օրը ամեն ընտանիք, իր տան առաջ կամ տանիքին, վառում Էր տոնական կրակ — տերնդեզ, և այդ կրակից իր օջախը տանելով՝ փոխում, նորոգում Էր իր օջախի հին կրակը։

Հոնկա պապի տան տղամարդիկ առաջինն Էին վառում տերընդեզի կրակը իրենց գյուղում։ Այդ համարվում Էր ազդանշան, որին հետևելով բոլոր տների կամ թաղերի տերնդեզները սկսում Էին վառվել։ Հոնկա պապի տերընդեզի վրայով նախ թռչում Էր ինքը՝ պապը, հետո Հոնկա պապի որդի ջուլհակ Հակոբը, հետո պապի թոռներ Սիմոնը, Դավիթը և Մուշեղը։ Իրիկնամուտին ամբողջ գյուղը լուսավորվում Էր, տերընդեզների բոցերով։ Երբ կրակները հանդարտվում էին, Հոնկա պապի որդիներն ու թոռները տերընդեզի հրավառ խանձողերը վերցնելով, շպրտում Էին իրենց արտերին՝ բացականչելով. «բարաքեն վերին արտին՝ ցորենը շատ լինի», «բարաքեն սպիտակ գլգըլի արտին՝ հասկերը խոշոր լինեն», «կաթը ցուլան լինի», ասում էին ու խանձողերը տանիքից շպրտում ձյունածածկ գոմերի պատերին իրենց լծկանին զորություն և կովերին կաթի առատություն ցանկանալով։

Հոնկա պապի տան հարսանիքներից մեկում նվազել էր Բսանաց գավառի հռչակավոր փողփուչ Նատորա Արեն, որը դրանից մի տարի առաջ Մարաթուկի ուխտին քսանչորս ժամ անընդհատ փող փչելու պայմանով, տոսափից շինված յոթ սրինգ էր պայթեցրել գովընդ պարի մեջ։ Մեկ օրվա մեջ յոթ սրինգ պայթեցրած կորովի փողփուչի անունը ավելի հռչակավոր էր դարձրել Թաղվձորի այդ նահապետական տունը։

Հոնկա պապի տան կրակը վառ Էր, երբ մենք ներս մտանք։ Կրակի կողքին աղվեսի մորթու վրա նստած Էր սպիտակամորուս ծերունին։ Տան առանձին մի անկյունում, ուր հավի թառն Էր կախված, եռանդով իր մաքոքն Էր աջ ու ձախ դարձնում ջուլհակ Հակոբը։

Պատանքով տղամարդուն և նրան ուղեկցող սևազգեստ կնոջը տեսնելով, հազարաշեն տան նահապետը ոտքի ելավ։

— Հոնկա պապին մեր գյուղի մուխսին է և այս կրակը՝ մեր բոլորիս սրբությունը։ Քո խոստովանքը այս կրակի առաջ կատարիր, — ասաց խութեցի կինը, դիմելով պատանքով տղամարդուն։

— Մեծ մեղք եմ գործել, մուխսի պապի, և եկել եմ իմ սպանածի արյան դիմաց իմ արյունը վճարելու։ Իմ տան կրակն էլ, ճրագն էլ հանգած է։ էս կրակը վկա, այդ սպանությունը կանխամտածված չի եղել։ Ուզում եք սպանեք ինձ, իսկ եթե ներում եք, մի խանձող տվեք ձեր կրակից, որ իմ օջախի հանգած կրակը վառեմ, — ասաց լեռնցին, ճերմակ կտավը և գործիքը ծերոլնու առաջ դնելով։

Սպիտակամորուս ծերոuնին, որ տեղյակ էր այդ սպանությանը, կռացավ և իր թվեքի բոցկլտուն կրակից մի խանձող հանելով, երկարեց նրան.

— Գնա, վառիր քո օջախը։

Տղամարդը վերցրեց պատանքն ու գործիքը և սևազգեստ կնոջ հետ դուրս եկավ Հոնկա պապի տանից, իր հետ տանելով Թաղվձորի կրակը։

Հերթը հասավ ինձ։

Ես էլ այդ կրակի համար էի այդ Գյուղը եկել։ Ականատես չլինի այդ տեսարանին, միգուցե թերհավատ մնայի, թե աշխարհում կգտնվի մի կրակ, որ կարող է վատահամբավ կնոջ ձեռքի պղծությունը մաքրել։

Ուրեմն ճիշտ էր ասել Պայթող Աղբյուրի հրեղեն ձին։

Ես լռությամբ «Կոճղեզ» ավետարանը իմ թևատակից հանելով, մեկնեցի Հոնկա պապին։

— Քանի՞ տարվա պղծություն կա վրան, — հարցրեց ծերունին իմ միտքը կռահելով։

— Յոթ տարվա։

— Պղծողը կի՞ն է, թե՞ տղամարդ։

— Զմո անունով մի անառակ կին է Տատրակ գյուղից։

Հոնկա ծերունին Արաբոյի գիրքը դրեց մի սակառի մեջ և կախեց իր երդիկի տակ։

Յոթ օր Թաղվձորի կրակի կապույտ ծուխը անցավ նրա վրայով։ Վերջին անգամ նա սակառը առաստաղից իջեցնելով տարավ դրեց այն քարի վրա, որի տակ խութեցի Հովնանի խոփն էր թաղված։ Լուսադեմին կանչեց իր որդի ջուլհակ Հակոբին և իր թոռներին՝ Սիմոնին, Դավթին ու Մուշեղին, և «Կոճղեզ» ավետարանը սակառից հանելով, դրեց ամեն մեկի կրծքի վրա առանձին-առանձին, ապա առավ դրեց իր կրծքին և ինքը առաջն ընկած, որդին ու երեք թոռները ետևից, յոթ անգամ գնացին մինչև անտառի խորքը և վերադարձան։

Ապա քաղեց յոթ տարբեր ծաղիկ և յոթ տարբեր տերև և հավասար հեռավորությամբ դրեց գրքի թերթիկների մեջ։ Երբ երկինքը թխպեց, նա «Կոճղեզը» յոթ անգամ պահեց Մարաթուկի կայծակի փայլատակումների դեմ և յոթ տարբեր բացականչություն արեց, որ միայն իրեն էր հասկանալի։ Ամենավերջին անգամ մտավ տուն և ծաղիկներն ու տերևները թափեց իր կրակի մեջ։

Երբ պղծությունը իսպառ մաքրվեց, ես Կարմիր իրիցու «Կոճղեզ» ավետարանը թևատակիս՝ դիմեցի դեպի Առաքելոց վանք։

Comments