Chapter 21
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ: ՄԵՀՄԵԴ ԷՖԵՆԴԻՆ
Մեհմեդ էֆենդու անունը սկսել էր թնդալ Մշո դաշտում։ Բաղեշի կուսակալին ուղղած իր դիմումի մեշ նա ցանկություն էր հայտնել, որ իրեն ուղարկեն Մուշ հասարակ ոստիկանի պաշտոնով։ Այդ ցանկությունը կատարվել էր։ Կարճ ժամանակամիջոցում Սուլթանի թշնամիների դեմ ձեռնարկած իր կտրուկ միջոցառումների համար նա կարգվել էր Մշո գաղտնի ոստիկանապետի օգնական և արդեն լուրեր էին շրջում, թե շուտով փոխարինելու է ոստիկանապետ Հյուսնի էֆենդուն։ Հյուսնին իր գազանություններով սարսափ էր տարածել Տարոնում, ուրեմն ինչպիսի՜ վայրագ հրեշ է լինելու նրան փոխարինողը. չէ որ օրենք է, որ հաջորդը ամեն ինչով գերազանցի նախորդին։
Ու մարդիկ սկսեցին հետաքրքրվել, թե ով էր այդ Մեհմեդ էֆենդին, որ կարճ միջոցում այդքան առաջ գնաց, ինչ ազգ ու ծին ունի և որտեղից հայտնվեց Մշո դաշտում։
Պատմում էին, թե նա Ստամբուլի կողմերից բերված թուրք պաշտոնյա է, մյուսները՝ թե Բիթլիս քաղաքի աղքատ թուրքերից է, որ ժամանակին վարունգ է վաճառել իրենց շուկայում՝ «պէշ թանէ օն փարա, խիար, ալան խիար» գոռալով։ Մեկն ասում էր, թե նրա մայրը հայ է, երկրորդն ուղղում էր, թե մոր կողմից է թուրք։ Երրորդը և չորրորդը նրա ազգակցությունը հանգուցում էին Սուլթան Համիդի տոհմածառին։ Այն աստիճանի հակասական բաներ էին պատմում Մեհմեդ էֆենդու անձի շուրջը, որ նրան անձամբ ճանաչող մի հայ գյուղացի Մշո շուկայում հայտարարել էր, թե Մեհմեդ էֆենդին հավատափոխ հայ է, անունը պարոն Ավետիս, Մանազկերտի Իկնա գյուղից։ Եվ նույնիսկ ավելացրել էր՝ «այդ գյուղի նահապետ Պողոս աղայի փեսան է»։
Դառնալով բաշքոմիսերի (գլխավոր ոստիկանապետի) օգնական, Մեհմիդ էֆենդին իր ձեռքին էր կենտրոնացրել լրտեսական ամբողջ ցանցը։ Նա էր հրահանգում ոստիկանական գաղտնի ջոկատներին և կառավարական զորքերին շարժվել այս կամ այն գյուղի վրա։ Ամբողջ Մշո դաշտում և Սասունում նա հայտնի էր դարձել ֆիդայիներին հետապնդելու և տանջելու իր խստություններով։
Կար սակայն մի բան, որ ոչ ոք չգիտեր։ Մեհմեդ էֆենդին գաղտնի կապեր էր հաստատել հայ ֆիդայիների առաջնորդների հետ։ Իբրև ոստիկանության խուզարկության պետ, նրան հայտնի էին հայդուկներին պատժելու պետության ծրագրերը և միջոցառումները։ Նա այդ մասին ծածկաբար տեղեկացնում էր Գևորգ Չաուշին և Անդրանիկին, բայց հրապարակով դաժանորեն չարչարում էր իր ձեռքն ընկած հայդուկին, նպատակ ունենալով վստահություն շահել թուրքերի շրջանակներում։ Թուրք պաշտոնյաների ներկայությամբ Մեհմեդ էֆենդին իրեն ձևացնում էր մոլեռանդ մահմեդական և շատ ավելի հայատյաց, քան թուրքը։ Հայերը նրան համարում էին «ուրացող», «ազգադավ», «դարձուկ» — իրենց ցեղի ամենավտանգավոր թշնամին, իսկ թուրքերի մեջ առաջին մրցանակն էր շահած իբրև սուլթանին նվիրված ամենահավատարիմ պաշտոնյա։ Դրանից նա չէր խուսափում։ Ընդհակառակը, ինքն էր ուզում, որ հայերը իր մասին միշտ վատ խոսեն, պախարակեն ու հայհոյեն։ Կարևորը այն մեծ նպատակն է, որին նվիրվել է։
Մեհմեդ էֆենդին գաղտնի պայմանավորվել էր ֆիդայիների հետ, որ ինքը բաշքոմիսեր Հյուսնի էֆենդուց և մյուս պաշտոնյաներից ու ոստիկաններից արտաքնապես զանազանվելու համար իր պարանոցի շուրջը սպիտակ սավան է կապելու, որպեսզի հեռվից ճանաչելի դառնա և իր վրա գնդակ չարձակվի։ Այդ սպիտակ շորը վզին փաթաթած, նա իր պատժիչ խմբով շրջագայության էր ելնում, հետազոտելով Մշո դաշտի և Սասունի բոլոր կասկածելի քարափներն ու ծերպերը, որտեղ ենթադրում էին, թե կարող են թաքնված ֆիդայիներ լինել։ Իսկ երբ իր լրտեսները հաղորդում էին, թե այսինչ վայրում հայդուկների խմբեր են երևացել, նա անմիջապես զորք կամ ոստիկանական զինված ջոկատներ էր ուղարկում այդ կողմերը, միաժամանակ գաղտնի տեղեկացնելով հայդուկների առաջնորդներին, որ այդ վայրից շտապ հեռանան։
Մեհմեդ էֆենդին դիմագծերով շատ նման էր գերմանացու։ Ասում էին, թե նա ցերեկը մզկիթ էր գնում, իսկ գիշերը հայ քահանա էր կանչում իր տուն։
Այս մտածությունների մեջ հասել էի Տալվորիկի սարերին, երբ նկատեցի, թե ինչպես դեմից գալիս է քոմիսեր Մեհմեդ էֆենդին երկու զինված ոստիկանի հետ։ Վզի շուրջը սպիտակ սավան կար։ Այդ նա էր, Մեհմեդ Խալըթը։ Ես նրան ճանաչեցի իր դիմագծերից։ Հսկա մարդ էր, մաքուր սափրված և գեղեցկադեմ, պաշտոնական հագուստը վրան և սուրը կողքին։ Բոլորովին նման չէր այն ողորմելի մարդուն, որին տեսել էի Բիթլիսի բանտի մեջ։ Մեկ-երկու անգամ նա սպիտակ վզնոցի ծալքերը հարթեցրեց, որ ավելի տեսանելի դառնա։ Ոչ մի կասկած, որ եկողը Մեհմեդ էֆենդին էր։ Իսկ եթե հանկարծ ճանաչի՞ ինձ։ Բաղեշի բանտում նա մի չոր հայացք էր նետել վրաս և ես վախեցել էի. իսկ այ՞ժմ։ Ինչ էլ պատմեին նրա մասին, այդ տեսքով մարդը սարսափելի է, մանավանդ եթե հավատափոխ է և վրան սուր է կապած։
Սուլթանի հրամանով Սասունում հապճեպով շինված զորանոցը գարնան անձրևներից սկսել էր փուլ գալ։ Հայ որմնադիր վարպետները կանչված էին պատասխանատվության։ Երևի Մեհմեդ էֆենդին այդ գործով էր եկել Սասուն։
Կանգնած մնալը վտանգավոր էր, որովհետև մոտս նամակ կար։ Առաջանալ չէի կարող, ետ դառնալ նույնպես։ Ձախ թևի վրա երկու գահավեժների մեջ սեղմված մի քարայր կար. Արծվի Բույն էր կոչվում։ Տակը անդունդ էր։ Տալվորիկի հայտնի վայրերից մեկն էր և գտնվում էր Հարթք գյուղի մեջ։ Փախստական սասունցիները վտանգի պահին այդ քարաժայռին էին ապավինում։ Այդտեղ էր ապավինել նաև քարոզիչ Միհրանը, որին բռնելով բերել էին Մուշ։ Արաբոն էլ Միհրանի հետ այդտեղ էր եղել։ Արաբոյի հետ ես մեկ-երկու անգամ մագլցել էի դեպի այդ բարձունքը։ Սոսկում ազդող մի գահավեժ բացվածք էր, վրան՝ ցցված մի ժայռ։ Ծառերից պարան կապելով սահում էինք այդ ցցված ժայռին և մտնում Արծվի Բույն։
Այո, միակ միջոցն էր՝ որքան կարելի էր շուտ թաքնվել Արծվի Բնում։ Մեկ անգամ էլ նայեցի եկվորների կողմը և ճանապարհս թեքելով, արագությամբ շարժվեցի դեպի փրկարար քարաժայռը։ Բայց ինչպե՞ս հասնել այնտեղ։ Արծվաքարի տակ ժայռերը բաժանվում էին իրարից, իսկ ինձ մոտ պարան չկար։ Երանի Պայթող աղբյուրի հրեղեն ձին լիներ մոտս, նստեի վրան և նա ինձ թռցներ դեպի այդ անմատչելի բարձունքը, արծիվներից ու ամպերից վեր։ Սակայն վտանգի պահին հաճախ միջոցը ինքն է գալիս ու հրեղեն ձիու պես մտնում ոտքերիդ տակ։ Վերևից մի բարակ, ամուր ծառաճյուղ կռացել էր ցից քարի ուղղությամբ։ Կախվեցի այդ ճյուղից և ճոկանիս ծայրը այդ քարին հենելով, ամբողջ ուժով թափ առած թռա ներքև։
Արծվաբույնը խոր ու ոլորապտույտ մի անձավ էր։ Արդեն կիսով չափ տեղավորվել էի այնտեղ, երբ շատ մոտիկից մի գոռոց լսեցի.
— Ետ դարձիր։
Շուռ եկա, տեսնեմ Մեհմեդ էֆենդին կանգնած է ժայռի գլխին և աշխատում է թռիչք գործելով իջնել ցից քարի վրա։ Կա չկա, նա եկել է ինձ բռնելու կամ տեղեկություն է ստացել, որ Արծվի Բնում թաքնված ֆիդայիներ կան։ Ինձ զարմացրեց, թե ինչպես կարողացավ այդքան արագությամբ հասնել Արծվի քարին, չէ որ քիչ առաջ ես նրան ներքևում տեսա։ Այս ինչ մեծ սխալ էր, որ ես գործեցի։ Հիմա ինչպե՞ս վեր բարձրանամ, ինչպես ազատվեմ Մեհմեդ էֆենդոլ ձեռքից։
Մի քանի տարի առաջ Մշո կառավարիչը և Բաղեշի կուսակալը Խաբլջոզի և Բսանքի կողմերից լեռնային թնդանոթներ բերելով ռմբակոծել էին Արծվի Բույնը, այնտեղ պատսպարված հայ իշխաններին ոչնչացնելու նպատակով։ Այժմ ես տեսնում էի այդ ռմբակոծության հետքերը։ Արծվի Բույնը չէր քանդվել, բայց ավերածություն եղել էր։ Ինձ համար, իհարկե, թնդանոթ չէին բերի։ Բավական էր մի տասնոցի կրակոց, որ ես տապալվեի այդ ժայռի վրա կամ գահավիժեի անդունդ՝ վաղվանից կեր դառնալով արծիվներին ու սողուններին։ Ինձ այդ մահացու գնդակը կարող էր Մեհմեդ էֆենդին ուղարկել, որ ահարկու տեսքով եկել կանգնել էր իմ գլխավերևում, գիշատիչ աչքերը իր որսին հառած։
— Ձեռնափայտդ վեր նետիր, — սպառնաց ոստիկանապետը։
— Ես ձեռնափայտ չունեմ։
— Եթե չես ուզում, որ քո դիակը այս քարաժայռին փռեմ, ձեռնափայտդ վեր նետիր։
Ես վայրկյանապես Անդրանիկի նամակը արագությամբ հանեցի միջից և դատարկ ձեռնափայտը ներքևից շպրտեցի իրեն։ Նա ծայրերը ստուգեց և տեսնելով, որ դատարկ է, ինչ-որ բան դրեց մեջը և ձեռնափայտը նորից արագությամբ շպրտեց իմ կողմը, իբրև թե սաստիկ բարկացած վրաս, որ իրեն խաբել եմ։ Փայտը ուղիղ ձեռքերիս մեջ ընկավ։
Մի փոքր էլ կանգնեց, զայրացած նայեց դեպի Արծվի Բույնը, կռացավ, բռունցք թափ տվեց վրաս և սուրը ուղղելով աջ կրունկի վրա՝ ետ դարձավ։
Երբ նա գնաց, ես ճոկանի գլուխը բաց արի և մեջը գտա մի թուղթ՝ հետևյալ բովանդակությամբ» «Դու մի կարծիր, թե ես քեզ չեմ ճանաչում։ Դու այն տղան ես, որ ինձ հետ բանտ էիր նստած Բիթլիսում։ Բավական էր մի նայվածք, որ քո պատկերը հավիտյան տպավորվեր աչքերիս մեջ։ Քո անունը Սմբատ է և դու այժմ Գևորգ Չաուշի և Անդրանիկի հանձնարարությամբ շտապում ես Զմոյի գյուղ — Կարմիր ավետարանի ետևից։ Արագացրու վերադարձիդ քայլը և հայտնիր Անդրանիկին ու Գևորգ Չաուշին, որ քոմիսեր Մեհմեդ էֆենդին սարերն ընկած նրանց է որոնում։ Զորանոցների գործով եկել եմ Սասուն, բայց աչքս նրանց թաքստոցների վրա է։ Երկուսի գլուխն էլ գնահատված է։ Ամեն մեկը հազար օսմանյան ոսկի։ Բոլորին ասա, որ Մեհմեդ էֆեն դու պես գազան դեռ Հայաստան աշխարհը չի ծնել, որ նա դարձել է հավատարիմ ծառա Սուլթանի գահին և սկսել է բոլոր ապստամբներին մեկ առ մեկ որսալ և քշել դեպի բանտ ու կախաղան։ Այս թուղթը կարդալուց հետո ոչնչացրու»։
Այդ գիշերը ես լուսացրի Արծվի Բնում։ Առավոտյան Մեհմեդ էֆենդու նամակը ոչնչացրի և Անդրանիկի գիրը դնելով ձեռնափայտի մեջ, նույն ծառաճյուղից կախվելով զգուշությամբ վերև բարձրացա։ Շտապում էի Զմոյի գյուղը հասնել։