1. Ռանչպարների Կանչը

Chapter 19

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ: ԽՐԹԻՆ ՀԱՐՑ

Անդրանիկը դեռ չէր նստել, երբ հանկարծ տեղից շարժվեց Հլողինքի ռեսը, որն ամբողջ ժամանակ գլուխը ծնկներին կախած լուռ ծխում էր և ուշադիր լսում խոսողներին։

— Հարց ունեմ։

— Հլողինքի ռեսը հարց ունի, — լսվեցին ձայներ այս ու այն կողմից։

— Տո՛ւր, — ասաց Անդրանիկը։

Բոլորն իրենց հայացքներն ուղղեցին տալվորիկցի մեծ տանուտերին։

Անդրանիկը, որ ուրիշ գավառից էր եկել Սասուն, դժվարանում էր այդ լեռնականների բարբառը հասկանալ։ Խրթին խոսողներից մեկը Հլողինքի ռեսն էր։ Հենց որ այդ տալվորիկցին սկսում էր խոսել, Շապինանդը աչքով էր անում Գևորգ Չաուշին, թե թարգմանիր։

Այս անգամ էլ հարկ եղավ, որ Գևորգը թարգմանի նրա խոսքը։

Կազմվածքով ջղուտ մարդ էր Հլողինքի ռեսը։ նա նախ ծխամորճը թխկթխկացրեց իր նստած քարին, նոր ծխախոտ լցրեց մեջը, չախմախը զարկեց և մեկ-երկու բերան քաշելով՝ ասաց.

— Կրթանը նստած է իր ձագերի վրա, — ռեսի հարցը թարգմանեց Չաուշը։ — Սև վիշապ օձը փաթթել է կրթանի չորս կողմը և գլուխը դրել է կրթանի կրծքին։ Դուք ինչպե՞ս պետք է սպանեք վիշապ օձին, որ ոչ կրթանին վնաս եղնի, ոչ ձագերին։

Տալվորիկցին բթամատով ոլորեց մինչև ականջները սրված բեղերը և վառված ծխամորճը նորից մոտեցրեց բերանին։

— Դժվար հարց տվիր, ռես, — ասաց Անդրանիկը։ — Վա՜յ այն կրթանին, որի կրծքին սև օձի գլուխ է դրված։ Այդ հարցին պատասխանելուց առաջ, ես ձեզ մի իրական պատմություն անեմ։ Անցյալ տարի ես քնած էի Կիրո Օսմանի գլգըլի արտում։ Արթնացա տեսնեմ մի օձ նստել է կրծքիս։ Օսմանը գլգըլն էր ջրում։ — Օսման, — ասացի, — օձ է նստել կրծքիս։ — Մինչև Օսմանը իր թիակով հասավ, օձը իմ վրայից իջավ և խաղաղ սողալով գնաց։

— Օսման, զարկ օձին, — ասացի։ Օսմանն ասաց. «Կրծքիդ նստած թշնամին եթե քեզ վնաս չի տալիս և խաղաղ հեռանում է, նրան չեն սպանում»։ Ես Օսմանից սովորեցի ոչնչացնել այն թշնամուն, որ խրամատ է մտնում քեզ սպանելու համար։ Հիմա դառնանք քո հարցին։ Եթե վիշապը թողնի կրթանին և հեռանա, մենք նրան չենք ոչնչացնի, իսկ եթե օղակը սեղմեց, մենք այնպես պետք է անենք, որ վիշապը սպանվի և կրթանն ու ձագերը ազատվեն։

— Այդ հնարավոր չէ, — նկատեց սեմալցի իշխաններից մեկը։

— Այդ պարագային ձագերից մի քանիսը կազատվեն գոնե։

— Երեխա, տաքգլուխ երեխա, — հեգնանքով բացականչեց Հլողինքի ռեսը։ Նա Սասնո մեծերին հիշեցրեց դրանից մեկ և կես տասնամյակ առաջ Ահրոնք գյուղի մեջ գումարված նույնանման մի ժողով, ուր ներկա էին եղել շենիքցի իշխան Գրքոն, գելիգուզանցի Պետոն և Տեր Քաջը, տալվորիկցի իշխան Թաթարը, Խիանքից իշխան Վարդանը, նաև Խուլբի գավառակի բոլոր հայ մեծավորները։

Չախմախլի հրացանի Ժամանակաշրջանն էր և ժողովը վճռել էր զինվել չախմախլի հրացաններով, Տիգրանակերտի կողմից վառող և կապար տեղափոխել «Արջնաց» գավառի և Տալվորիկի գյուղերը և զինվել սուլթանի դեմ։ — Արդյունքն այն եղավ, բացատրեց Հլողինքի ռեսը, որ վիշապն իր պոչը ցնցեց, սպանվեց շենփքցի Գրքոն, պատճառ դառնալով տասնյակ բնակավայրերի ավերակության։ — Մնացել է մի քանի գյուղ, էն էլ դու և Գևորգ Չաու՞շն եք ուզում ավերել։ Մեզ ոչ ձեր երկաթե շերեփն է հարկավոր, ոչ ձեր հարիսան։

— Բաբանըն ջանընա, — փոխադարձեց Անդրանիկը տեղից վեր ցատկելով և ձեռքը դեպի դաշույնը տանելով։

Լեռնականներն իրար անցան։

— Քաչալ շան որդի, ղու ո՞վ ես, որ եկել ես Սասուն և խանչալ ես քաշում տալվորիկցու վրա, — բացականչեց ջրտուքավար Ֆադեն, թիակը ձեռքին սպառնալի առաջանալով դեպի Շապինանդը։ Դրանից քաջալերված տալվորիկցի իշխանները միահամուռ հարձակվեցին Գևորգ Չաուշի և Անդրանիկի վրա։

— Նստեք ձեր տեղը, — գոռաց Կիրո Օսմանը, որ հին հայդուկ էր և որի տանը Անդրանիկը հաճախ էր հյուրընկալվել։ Այդ ազդանշանին երկաթագործ Համզեն, ռես Թաթարը և Տալվորիկցի մյուս իշխանները ետ քաշվելով նստեցին իրենց տեղերը։ Ջրտուքվար Ֆադեն նույնպես հանդարտված՝ վերադարձավ իր քարին, թիակը բաց ծնկների մեջ առնելով։

Մյուս գավառակների իշխանները սկսեցին աղմկալի վիճել, չհնազանդվելով իրենց մեծերի կարգադրություններին։ Վիճում էին Խիանքն ու Խաբլջոզը, Մոտկանն ու Խութ-Բռնաշենը։ Բսանքից և Խարզանից եկածները տաքացած հարձակվեցին իրար վրա։ Վեճը բորբոքվել էր օձին սպանելու եղանակի շուրջը, խստորեն շոշափելով Եվրոպայի իսլամացած թագավորների մորուքը, որ պատճառ էին դարձել Հլողինքի ռեսի դժվարին հարցին։ Ալիանցոց մի մասը, վերստին պնդեց, որ Անդրանիկը պատժվի սասունցոց վրա դաշույն քաշելու համար, իսկ մի մասն էլ իր ողջ զայրույթը թափեց Ֆադեի վրա, որ համարձակվել էր բոբիկ ոտքերով ներկայանալ մեծերի ժողովին և իր բահով սպառնալի խառնակություն ստեղծել։ Նրանք պահանջեցին Ֆադեին հեռացնել ժողովից։ Ոմանք այդ վեճից այնպես շոգեցին, որ աբաները հանելով ծալեցին իրենց տակ։

Խոսքը Ինդլիզի թագավորի, ջրաղացպան Միրոյի ալրոտ մատների և Ֆադեի բոբիկ ոտքերի վրայով անցավ Սասունում շինված զորանոցներին և պտույտ գործելով Անդրանիկի դաշույնի շուրջը, դարձյալ եկավ դեմ առավ վիշապ օձին։

Տալվորիկցու վրա դաշույն քաշելու այս հանդուգն միջադեպը, որ կարող էր ծանր հետևանքներով վերջանալ, Սասնո ժողովրդին ճանաչելու մի լուրջ փորձաքար եղավ Անդրանիկի համար։ Նա նկատեց, թե ինչպես նույնիսկ իշխան Մակարը և Գալեն վճռական շարժում կատարեցին իր վրա, մինչդեռ մյուս վայրերի մարդիկ տարաձայնեցին։

Երբ տալվորիկցիները Կիրո Օսմանի ձեռքի մի շարժումով նստեցին իրենց գահերին, նա Գևորգ Չաուշի ականջին թեքվելով՝ ասաց.

— Սասունցին քաջ է, բայց Սասնո մեջ ամենաքաջ և միաբան ժողովուրդը տալվորիկցիներն են։ Երբ ես անզգուշությամբ նրանցից մեկի խաթրին դիպա, ձեռքս տանելով դեպի իմ դաշույնը, բոլորը ինձ քաչալ շան որդի անվանելով, մի ջրտուքվարի գլխավորությամբ հարձակվեցին վրաս։ Մի ուրիշն ասաց. «Նստեք ձեր տեղը», և նրանք իրենց մեծին հարբելով, մեկ մարդու պես ետ քաշվեցին։ Այսպիսի ժողովրդի հետ կարելի է աշխատել և լուծել նաև այն խրթին հարցը, որ Հլողինքի ռեսը տվեց։ Տալվորիկցիներն ազատագրական կռվի մակարդ են։ Ես Հայաստանում գտա Սասունը, իսկ Սասնո մեջ՝ Տալվորիկը։

Comments