1. Ռանչպարների Կանչը

Chapter 17

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ: ԱՍՈՐԻ ՑԵՂԱՊԵՏԻ ՁԻՆ

Մենք արագ քայլերով անցանք Հավատորիկի սարերը և թրջվեցինք Քոփ գյուղի վրա։

— Ահա Դուքանե Զեֆրան՝ Շենիքի գլուխը, — ասաց Սպաղանաց Մակարը, ձեռքը ուղղելով դեպի շենիկցիների հեռավոր ամառանոցը Կուրտիք լեռան լանջին։ — էնտեղ եղավ «Յոթ Գդալի կռիվը», — շարունակեց ծերունին։

1882 թվականի ամռանը շենիկցիների ամառանոցից փախցրած յոթ գդալի պատճառով շաբաթներ տևող մեծ կռիվ է ծագում խոշկանցի զինված քրդերի և հայերի միջև։ Շենիքցիներին հաջողվում է իրենց լեռներից վռնդել խոշկանցի աղաներին և վերադարձնել բռնագրաված գդալները։

Քեռի Մակարն ասաց, որ ինքը մասնակցել է շենիկցիների այդ ճակատամարտին և իր թիկունքին երկու հին սպի ունի այգ տարիներից մնացած։

— էն օրվանից չախմախլին իմ ձեռքից չի իջել, — ավելացրեց ծերունին։

Քոփը «Արջնաց երկրի» յոթ գյուղերից մեկն էր և պատկանում էր Խալիլ աղային։

Այդ գյուղի ռեսը և Դհոլ թաղի ռեսը, որ հյուր էր այդտեղ, օջախի մոտ նստած չիբուխ էին ծխում։ Հայտնի էր, որ կատարվածի մասին տեղյակ չէին։

Ձևական բարևից հետո Անդրանիկը դիմեց Քոփի մեծավորին։

— Ի՞նչ լուր կա, ռես։

— Դրսեն եկողը դուք եք, լուրը ձեզ մոտ է, — ասաց ռեսը։ — Ասում են Մուշից զորք պիտի գա Շեկո տան վրա։

— Մենք էլ լսած ենք, ափո, բայց չգիտենք, թե որքան ստույգ է։

— Մեր աղան հիմա Մ ուշ է։ Մեր մարդիկ նրան տվել են երեք հազար զորք, վեց հարյուր ձիավոր և թնդանոթ, որ գա շեկոների վրա։ Ինչու՞ եք եկել էս կողմերը։ Չէ որ Քոփը Խալիլի գյուղն է։

— Ձեր աղան հրավիրել է մեզ։

— Ի՞նչ բանի համար։

— Տեսակցության համար։

— Մեր աղա՞ն, — ասաց Քոփի ռեսը աչքերը զարմանքից մեզ վրա պտտացնելով։

— Այո, ձեր աղան։

— Մեր աղան քո գլուխը կտրելու հրաման է բերած Պոլսեն։ Սերոբի գլխից հետո քո գլուխը կտրելը հեշտացավ։ Տեսակցության մասին խոսք լինել չի կարող։ — Ռեսը լռեց և սկսեց ոտքերով աթոռին զարկել։

— Կփափագե՞ս աղայիդ տեսնել, — հարցրեց Անդրանիկը։

— Աղայի՞ս։ Ինչպե՞ս։

— Եթե կփափագես, կարող ես տեսնել։

Քոփի մեծավորը Անդրանիկի դեմքի պաղարյուն արտահայտությունից սաստիկ շփոթված մերթ մեկիս, մերթ մեկելի դեմքին էր նայում։

— Իրա՞վ է, ռես, որ Խալիլ աղան Քոփ է եկել, — հարցրեց Դհոլ թաղի ռեսը։

— Ինչ կխոսես։ Եթե աղան Քոփ գար, ամբողջ գյուղը պիտի գիտենար։

— Եկել է, — ասաց Գևորգ Չաուշը, և տոպրակը իմ մեջքից առնելով օջախի լույսի առջև գլխիվայր շրջեց։

— Ահա աղադ։

Դհոլ թաղի ռեսը աչքի ծայրով նայեց նրան։ Խալիլի լեզուն ատամների միջից դուրս էր ընկած։ Քոփի ծերունին մեկից շտկվեց նստած տեղից տեսածը ստուգելու։ Հանկարծ Դհոլ թաղի ռեսը չիբուխը վերցնելով սկսեց գլխին զարկել, զայրացած գոչելով.

— ... ուտեիր, լավ չէ՞ր։

Ես իմ բեռը շալակեցի և մենք ռեսի տնից դուրս եկանք։ Բավական հեռացել էինք Քոփից, երբ տեսանք մի քուրդ լեռան գագաթից վազում է դեպի Շենիք և Սեմալ գյուղերը բարձրաձայն աղաղակելով.

— Ուրախացե՜ք, հայեր և Շեկո տան քրդեր, ջան ֆիդայիները Խալիլ աղային սպանեցին։ Բռնաշենի կիրճում հրացանաձգություն էր։ Թոզ ու դումանը երկինքն է բռնել։

— Աչքովդ տեսա՞ր, որ սպանեցին, — արձագանքեց Խալիչի աշիրեթին թշնամի մի ուրիշ քուրդ՝ Յոթ գդալի հակառակ կողմից նրան ընդառաջ վազելով։

— Տեսա՜, տեսա՜։ Մի շուն կանգնած լիզում էր Խալիլի արյունը։ Սև սուգի մեջ են Խալիլի տունը և նրա կնիկը։

— Խալիլի կնիկը եթե սուգի մեջ է, թող ինձ հետ ամուսնանա, ես նրա սուգը կփարատեմ, — պատասխանեց ընդառաջ վազող քուրդը և ետ դառնալով Մրկեմոզանի խոտավետ մարգագետնով սլացավ դեպի Շենիք՝ ուրախալի լուրը բարեկամ քրդերին Հայտնելու։

Շուտով Շեկո տան հարյուրավոր քրդեր ցնծագին աղաղակներով շարժվեցին դեպի մեր կողմը։ Բոլորն էլ գունագեղ տարազ էին հագած, բրդյա սև-սպիտակ քոլոզների շուրջը փաթաթած գույնզգույն թաշկինակներ, ոմանք զենքով, շատերն էլ առանց զենքի։

Առջևից եկողը Շեկո տան մեծավորն էր՝ իր հավատարիմ մարդկանց հետ ձիերը հեծած։ Նրա ազդանշանով բոլորը իջան թամբերից և ձեռքները կրծքներին՝ խոնարհվեցին Գևորգ Չաուշի և Շապինանդի առաջ։

— Խուաշբե Անդրանիկ փաշա, խուաշբե Գևորգ Չաուշ, — գոչեցին միաբերան և երեք անգամ իրենց մեծավորի հետ խոնարհվելով ու բարձրանալով, գոհունակություն հայտնեցին իրենց ամենամեծ թշնամուն ոչնչացած տեսնելու համար։

Տարածել էին, որ Անդրանիկի վզից կախված է Բշարե Խալիլի հմայիլը և նրան կյանքում այլևս ոչ մի գնդակ չի դիպչի։ Մանրամասնորեն պատմում էին, թե ով է կտրել բալաքցի ավազակապետի գլուխը։ Ոմանք ասում էին, թե Շապինանդն է կտրել, մյուսները թե՝ Գևորգ Չաուշը։ — Մի հարվածով դաշույնը մինչև խոսափող իջավ, — պարծենում էր նրանցից մեկը իբրև ականատես։ Բերնեբերան փախցնում էին Սպաղանաց Մակարի և Գալեի անունները, հսկայական քաջություն վերագրելով նաև Մառնկա Պողեին, որ անզգույշ գյուղապետին մի կռուփ տալով ստիպել էր ետ դառնալ, իրենց աշիրեթի կատաղի թշնամուն առաջնորդելով հայդուկների թաքստոցի վրա։

նրանք իրենց հիացմունքի մի փոքրիկ բաժինը հանում էին նմանապես և ինձ համար, զարմացած նայելով իմ պատանեկան խրոխտ դեմքին, հերոսական նշաններ որոնելով այնտեղ։ 0՜, եթե իմանային, որ Խալիլի գլուխը այդ միջոցին գտնվում էր իմ շալակին կապված ալուջի պարկի մեջ։

Ու հանկարծ այդ ամբողջ բազմությունը սկսեց երգել հայ ֆիդայիներին նվիրված մի երգ.

0՜, Սասունի կապուտակ երկինք, մեկ էլ քեզ կտեսնե՞մ իմ գլխիս վերև, մեկ էլ կլսե՞մ այդ երգը կյանքում։

Անդրանիկը, Գևորգ Չաուշը, քեռի Մակարը, Գալեն և Մառնկա Պողեն մանկան անհոգությամբ նայում էին այդ բազմությանը, կարծես այդ երգը ոչ մի առնչություն չուներ իրենց հետ, կարծես այդ երգի հերոսները իրենք չէին։ Պատռված, մաշված էին նրանց հագուստները։ Այնքան հին ու մաշված էին, որ մեկ-երկուսի մարմինը երևում էր միջից։ Եվ անկարելի էր հավատալ, որ այդ գովասանքը նրանց էր ուղղված։

Այդ երգից հետո, բազմությունը ճեղքելով, Անդրանիկին և Գևորգ Չաուշին մոտեցավ մի թիկնեղ ծերունի։ Ասորի էր ազգով։ Մորուքը շատությունից կոխել էր ծոցը։

Մի որդի ուներ և մի ձի։

Ձին տվեց Անդրանիկին, իսկ որդուն՝ Գևորգ Չաուշին և ասաց.

— Ձիուս անունը Ասլան է, որդուս անունը՝ Աբդելո։ Երկուսն էլ սասունցի են, ծնված Խարզանում։ Կարմիր իրիցոց ավետարանում գրված է, որ ս. Աղբերիկի վանքի առաջին վանահայրը եղել է ասորի Աբդելոն։ Իմ տոհմի ծագումը Աբդելոյից է։ Ասորին երեք բան չի կարող զիջել ուրիշի՝ ձի, զենք և զավակ։ Բայց դուք ուրիշ չեք, դուք մերն եք, և ես իմ ձին ու որդին նվիրում եմ ձեզ։ Իմ հայրը սպանվել է «Յոթ գդալի» կռվին, շենիքցիների կողմից կռվելով խոշկանցի զինված աղաների դեմ։ էսօր մեր ամենամեծ օրն է, որովհետև ոչնչացված է մեր և ձեր ամենամեծ թշնամին, որն ուզում էր սուլթանի զորքով և իր աշիրեթով հարձակվել մեր վրա։ Ընդունեք ծերունի ցեղապետիս այս համեստ նվերը հայրենիքը կորցրած բոլոր ասորիների և Շեկո տան քրդերի կողմից և թող հավիտյան անխախտ մնա հայ, քուրդ և ասորի լեռնականների բարեկամությունը։

Բարձրահասակ, գեղադեմ երիտասարդ էր Աբդելոն։ Բայց իմ ուշադրությունը ամենից շատ գրավեց ասորի ցեղապետի ձին։ Սպիտակին խառը կարմրամազ մի մտրուկ էր Ասլանը, կապույտ փուլերով պճնված։ Գլուխը փոքր էր, աչքերը՝ մանր ու խելացի։ Տեսքով վագրի էր նման, ոտքերը բարձր ու բարակ, ռունգները լայն բացված։ Արևի փայլի տակ ամբողջ մորթը կարմիր երանգներ էր ստանում։

Հրաժեշտ տալով մեզ դիմավորելու եկած քրդերի բազմությանը և ասորի ծերունուն ու վերջին անգամ հայացք նետելով Շենիք և Սեմալ գյուղերի ամառանոցներին, մենք դուրս եկանք «Յոթ գդալի» լեռնադաշտից, մեզ հետ տանելով ցեղապետի որդուն և նրա ձիու քուռակին՝ Ասլանին։

ճանապարհին Անդրանիկը կարգադրեց, որ իրենից առաջ շտապեմ Գելի, մի ապահով տեղ պատրաստելու ասորի ցեղապետի ձիու համար։

ԻՆԳԼԻԶԻ ԹԱԳԱՎՈՐԻ ՆՎԵՐԸ

Հազիվ էի քայլ արել դեպի Գելու կողմերը, երբ շատ մոտիկից ձայներ հասան ականջիս։ Նայեցի՝ տեսնեմ մի փոքրիկ բազմություն էր ելնում լեռն ի վեր, իսկ գյուղի կողմից նորանոր մարդիկ էին շտապում ընդառաջ բացականչելով՝ Մոսե Իմոն է եկել։

Բազմության առջևից ընթանում էր իմ ծանոթ քեռի Երանոսի ջորին, վրան մի կին նստած, գրկին մի նորածին բարուրի մեջ։ Ջորու առջևից քայլում էին քեռի Երանոսը և Տեր Քաջի որդի Ադամը։ Ջորու ետևից քայլում էր մի լայնաթիկունք, կաղնու պես ամուր, հաղթանդամ տղամարդ, խոշոր քթով և պալթա բեղերով, սասունցու գդակը գլխին, ձեռքին կեռգլուխ գավազան և մեջքին մի սիրուն օրորոց։

Մոսե Իմոն էր։

Ետևից գալիս էին հանդապահներ, կանայք, երեխաներ։ Ինչքան ջորեպանը, Տեր Քաջի Ադամը և կողքի մարդիկ պնդում էին, որ տղամարդը օրորոցը դներ ջորու վրա կամ տար իրենց շալակելու՝ չէր համաձայնում։ Անգլիայից մինչև Սասնո լեռները, մինչև Գելի գյուղի սահմանը նա այդ օրորոցը բերել էր մեջքին կապած։ Նույնիսկ շոգենավի մեջ շատ քիչ անգամ էր իջեցրել շալակից, այն էլ այն միջոցին, երբ կինը խնդրել էր երեխային դնել մեջը և մի քիչ օրորել, որ քնի։

Բազում ուղևորների ուշադրությունն էր գրավել այդ օրորոցը, թե՛ ծովի վրա, և թե՛ ցամաքի։ Տարբեր ազգերի շատ ամուսիններ էին երազել այդպիսի չնաշխարհիկ օրորոց ունենալ իրենց նորածինների համար։ Բայց որտեղի՞ց։ Միայն գելեցի Մոսե Իմոյին և իր կնոջը՝ իշխանուհի Ալթունին էր բախտ վիճակվել այդպիսի օրորոց ունենալ աշխարհում։

— Ո՞վ տվեց։

— Որտե՞ղ են վաճառում այդպիսի օրորոց, — ամեն լեզուներով, ճանապարհի ամեն քայլափոխին հարցնում էին մարդիկ, խռնվելով Մոսե Իմոյի շուրջ։ Բայց Իմոն Սասնա բարբառից բացի անգետ էր աշխարհի բոլոր լեզուներին և ամենքին իր գիտեցած լեզվով մի կարճ պատասխան էր տալիս։

— Ինգլիզի թագավորը տվեց։

Շատերը «Ինգլիզ» բառից կռահում էին, որ դա անգլիական ապրանք է, կամ ոճից որոշում էին դրա հայրենիքը, իսկ երբ իմանում էին, որ թագավորական նվեր է, զարմացած իրար էին նայում, ոմանք այտերը պայթեցնելու չափ ուռեցնելով, ոմանք էլ հոնքերը վեր ու վար անելով հարցական նշանների պես, ոչ մի առնչություն չգտնելով թագավորի և իրենց մեջքի շուրջ շալե ծանր գոտիներ ոլորած այդ գեղջուկների միջև։

Իրողությունը սակայն այն էր, որ իսկապես այդ օրորոցը Անգլիայի թագավորն էր նվիրել Մոսե Իմոյին։

Իմոյի և նրա կնոջ վերադարձը ամենից շուտ իմացել էին սասունցի հանդապահներն ու նախրապահները։ Սրանք էլ իրենց հերթին լուրը հաղորդել էին համագյուղացիներին, ու կարճ միջոցում մեծ թվով մարդիկ էին շտապել գյուղից դուրս նրանց դիմավորելու։

Ջորին կանգ առավ։ Ջորեպան Երանոսը նստեց մի ցից քարի։ Նրա կողքին նստեց Տեր Քաջի Ադամը։ Կանգ առավ և Մոսե Իմոն, շալակը ձեռնափայտի հետ զգուշությամբ մի ժայռի իջեցնելով։ Նա ծանր շնչեց և կռանալով բրդյա տաբատի ճոթերը քաշեց մինչև ծնկները։ Մոսե Իմոն սովորաբար երկու շալվար էր հագնում, մեջքին ոլորելով հաստ գոտի, որովհետև, ըստ Իմոյի, առողջության տեսակետից կարևորը մարդու համար ոտքերն էին և մեջքը։

Ծխել էր ուզում։ Գոտու տակից հանեց ծխամորճը և քիսան։ Տեր Քաշի Աղամը ծխամորճը լցրեց և տվեց, որ Իմոն ծխի։

Իմոն քաշեց ու պատմեց։

1896 թվականին եվրոպական յոթ պետությունների հյուպատոսները Բիթլիսից գալիս են Սասուն քննելու հայկական կոտորածների չափերը և բողոք ներկայացնելու իրենց տերություններին սուլթանի վրա։ Օսմանյան կառավարողները ոսկով կաշառում են հյուպատոսներին և արձանագրությունները ոչնչացնում։ Տալվորիկի հայերը Գևորգ Չաուշի ն Անդրանիկի առաջարկով մի տոհմիկ սասունցու՝ Մոսե Իմոյին պատվիրակ են ուղարկում Եվրոպա, հայերին սուլթանի բռնապետություններից ազատելու խնդրանքով։ Մոսե Իմոյի հետ իբրև պատվիրակ Եվրոպա է գնում նաև նրա կինը՝ Ալթունը, որի մեջքի թանկարժեք գոտին սուլթանի մարդիկ հափշտակել էին նրա տոհմական սնդուկը ջարդելով։

Մոսե Իմոյին հանձնարարված էր եվրոպական յոթ խառալներից (պետություններից) կնքված երաշխավորագիր բերել, որ իրենք պատրաստակամ են օգնելու Սասնո ապստամբներին։ Իմոն և Ալթունը, սասունցու ավանդական տարազ հագած, մեծ դժվարություններով հասնում են Լոնդոն և ուղևորվում դեպի թագավորական պալատ։ սուլթան Համիդը, տեղեկանալով այդ մասին, շտապ Լոնդոն է ուղարկում երեք գործակալների, որ գողանան Մոսե Իմոյին և իր կնոջը, թույլ չտալով, որ նրանք հանդիպում ունենան Անգլիայի թագավորի հետ։

— Գնացեք Մոսե Իմոյին բերեք՝ իր քաշով ոսկի տամ ձեզ, — ասում է սուլթանը։

Գործակալները հագնում են անգլիացու շորեր և կառք նստելով շտապում են սասունցիներին որոնելու։ Տեսնում են պալթա բեղերով թխադեմ մի լեռնցի և մի իշխանուհի կին զարմանքով նայում են բազմահարկ շենքերին և դանդաղ շարժվում դեպի թագավորական պալատ։ Հագուստից որոշում են, որ դրանք են Սասունից եկած պատվիրակները։

Անգլերեն և ֆրանսերեն լեզուներով հարցնում են. — ինչու՞ եք ոտքով ման գալիս, եկեք կառք նստեք, ձեզ տանենք պալատ, մեզ թագավորն է ձեր ետևից ուղարկել, — ասում են սուլթանի մարդիկ և կառապանին աչքով են անում, որ կառքը մոտ քաշի։

Բայց Մոսե Իմոն հեշտությամբ խաբվող մարդ չէր։ Հոտ է քաշում նրանց մարմնից և տեսնում է, որ ծպտված թուրքեր են։

Գործակալներից մեկը ձեռքը գցում է նրա կնոջը, իսկ մյուս երկուսը ուզում են բռնել Իմոյին և նետել կառքի մեղ։ Մոսե Իմոն աբայի տակ զենք ուներ կապած։ Քաշում է մաուզերը և կրակում։ Մեկին սպանում է, իսկ մյուսին կոխում է գետին ու չոքում վրան։ Երրորդը լեղապատառ փախչում է Լոնդոնի փողոցներով։ Ոստիկանները սուլթանի գործակալներին ձերբա կալում են, իսկ Իմոյին և իր տիկնոջը առաջնորդում են արքունի գանձատուն։ Գանձատան պաշտոնյան կարծելով, թե Մոսե Իմոն և իր կինը ողորմության համար են եկել Անգլիա, մի բուռ ոսկի է լցնում Ալթունի գոգը։ Ալթունը հրում է պաշտոնյայի ձեռքը և ոսկիները նրա երեսին շպրտելով՝ գոչում է. — Առ քեզ, խղճուկ, միայն իմ մեջքի գոտին, որ սուլթանի մարդիկ տարան, արժի քո ամբողջ ղազինան, քո Լոնդոնն էլ հետը։

Սասունցի պատվիրակներին առաջնորդում են պալատ։

— Նստե՛ք, հիմա թագավորն ու թագուհին կգան, — հասկացնում են նրանց։

Մոսե Իմոն և Ալթունը նստում են։

Քիչ հետո՝ բացվում է դուռը և թագավորը ներս է մտնում ձեռքերը թափ տալով։ Ետևից թագուհին է գալիս։ Մոսե Իմոն ոտքի ելնելով բռնում է թագավորի ձեռքը և համբուրում։ Ալթունն էլ թագուհու ձեռքն է համբուրում։ Կամենալով ստուգել, թե դրանք իսկապես սասունցի հայեր են, թագավորը նրանց ցույց է տալիս Սասունի 1896-ի կոտորածներին վերաբերող մի հողված, երեք տղամարդու լուսանկարով, ձեռքով ծածկելով նկարի տակ անգլերեն գրածը։

— Սա Սերոբ Աղբյուրն է, իսկ սա մեր Կարմիր Ծառի Արմենակն է, — բացականչում է Մոսե Իմոն։ Այդ բացականչությունից թագավորը հաստատորեն իմանում է, որ դրանք իրոք սասունցիներ են։

— Ի՞նչ եք ուզում, — հարցնում է թագավորը թարգմանի միջոցով։

— Մենք պատվիրակ ենք Բիթլիսի նահանգի հայության կողմից, — ասում է Մոսե Իմոն և սև աբայի տակից մի թուղթ հանելով, երկարում է Անգլիայի թագավորին։ — Մենք քրիստոնյա ազգ ենք, արքա, ուզում ենք, որ ղուք և եվրոպական մյուս վեց քրիստոնյա խառալները օգնեք մեզ ազատագրվելու սուլթանի լծից։

Մոսե Իմոն և Ալթունը միառժամանակ ապրում են Լոնդոնում իբրև թագավորի հյուր։ Այդտեղ էլ նրանց ծնվում է մի դուստր։ Երեխային կնքում են Լոնդոնի հայկական եկեղեցում և, ի պատիվ Անգլիո թագուհու, անունը դնում են Վիկտորիա։ Թագավորը և թագուհին նրանց նվիրում են մի սիրուն օրորոց և մի կնքված թուղթ հանձնելով, բարի ճանապարհ են մաղթում Տարոնի հայության պատվիրակներին։ Մոսե Իմոն օրորոցը շալակելով և թագավորի թուղթը աբայի տակ պահած, Ալթունի հետ ուղևորվում է Սասուն։

Երբ Իմոն վերջացրեց իր պատմությունը, համագյուղացիներից մեկը ուրախացած գոչեց.

— Իշալլահ, մեր յոթ վիլայեթների հարցը լուծված է։

— Փեչատած թուղթը իմ ծոցի մեջ է, — հաստատեց Իմոն, ծխամորճի կրակը բորբոքելով։ Ու ամեն կողմից հարցեր տեղացին.

— Թագավորն ինչու նկարի տակի գրածը ձեռքով ծածկեց։

— Որ չկարգամ։ Կըսես, թե Իմոն անգլերեն գիտի։

— Թագավորի քյոշկը Լոնդոնի մե՞ջ էր, թե Լոնդոնից դուրս։

— Յոթ փարսաղ հեռու էր քաղաքից։

— Քեռի Իմո, թագավորի կնիկ սիրու՞ն էր, — վրա բերեց մի երիտասարդ։

— Վալլահ շատ խորոտ էր։ Անունը Վիկտորիա էր։

— Քանի՞ անգամ պագեցիր թագավորի ձեռքը։

— Մեկ անգամ։ էն էլ հայ ազգի խաթեր, թե չէ Իմոն տղամարդու ձեռք պագող չէր։

— Չէ, մեր հողերի հարցը հաստատ լուծված է, — գոչեց մի ծերունի և ինքն էլ իր չիբուխի կրակը բորբոքեց։

Մի հարց էլ ես տվեցի։

— Քեռի Իմո, Անգլիո թագավորը գիտի՞, որ Բիթլիսի մեջ բանտ կա։

— Վա՜յ, քու տունը սուքվի, ապա էս խոջա աշխարհքի տերը չգիտի՞, որ Բիթլիս քաղաք կա ու մեջն էլ բանտ կեղնի։

— Սուլթանն ինչպե՞ս իմացավ, որ դու Անգլիա ես գնացել ու էդքան շուտ քո ետևից լրտեսներ ուղարկեց, — լսվեց մի ձայն։

— Հալբաթ նա էլ թագավոր է, նա էլ նազիր-վեզիրներ ունի։

— Իսկ ինչպե՞ս եղավ, որ ձեր երեխան Լոնդոնի մեջ ծնվեց։

— Եղավ էլի, դրան էլ կասեն ինչպես եղավ, — ասաց Իմոն, շալվարի ճոթը իջեցնելով։

Ու ճանապարհի եզրին, ժայռերին նստած գյուղացիները սկսեցին բազմաթիվ թեր ու դեմ կարծիքներ հայտնել Մոսե Իմոյի դեպի Անգլիա կատարած պատմական ուղևորության մասին։ Մի փորձված ծերունի մեծ իմաստ վերագրեց Անգլիայի մեջ սասունցի երեխա ծնվելու փաստին։

Ջորին շարժվեց։

Մոսե Իմոն օրորոցը շալակին թափորով շարժվեց դեպի Գելի։

Տեր Քաշի Ադամը ինձ առանձին տեսնելով ասաց.

— Վաղը Գելիում մեծ ժողով կա, — ու ինձ իր կողքին առած՝ թափորի հետ մտանք Գելի։

Comments