1. Ռանչպարների Կանչը

Chapter 16

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ: ԽԱԼԻԼ

Գևորգ Չաուշը արագ էր քայլում, իսկ ես ուղղակի վազում էի, որ նրան հասնեմ։ Լսել էի, որ նա միշտ ձիով է շրշում, բայց այս անգամ ինչու էր ոտքով և այդպիսի փութկոտությամբ՝ չհասկացա։ Ճիշտն ասած, վախենում էի նրանից։ Իմ աչքի առաջ նա սպանել էր իր հորեղբորը, ականջովս լսեցի, թե ինչպես դաշույնի տակ էր առել գեղաշենցի ռես Ավեին։ Ծուռ սասունցի է, հանկարծ կտա մի ձորի մեջ կսպանի ինձ, անցնում էր իմ մտքով, չնայած ինքս էլ պակաս ծուռ չէի, թեև հասակով շատ փոքր նրանից։

Ամենից շատ մտածում էի, թե նա որտեղից եկավ, և գտավ ինձ ծերունի ջրաղացպանի շողտան մեջ։ Արդյոք դա պատահակա՞ն հանդիպում էր, թե նպատակով։

Հանկարծ կանգ առավ։

— Դու քիչ առաջ որտե՞ղ էիր, — հարցրեց։

— Խութեցի Միրոյի շողտան մեջ։

— Իսկ մինչև ա՞յդ։

— Մի շաբաթ առաջ Կարմրակ վանքի գերեզմանի վրա էի, դրանից մի օր հետո՝ Բաղեշի բանտում։ Այսօր այստեղ եմ, իսկ թե վաղը որտե՞ղ կլինեմ՝ հայտնի չէ։

— Դու այսօրվանից ինձ հետ կլինես, — ասաց Գևորգ Չաուշը և ինձ տարավ դեպի Շմլակի կողմերը։

Երբ այդ գյուղի տակ հասանք, նորից կանգնեց։

— Դու Կիրճի ճանապարհը գիտե՞ս, — հարցրեց։

— Գիտեմ, — ասացի, — Արաբոյի ավետարանը այդ Կիրճի մեջ է կորել։

— Լսիր, ուրեմն, Խալիլ աղան Մուշ է եկել և վաղ առավոտ Խաչուկի սարով պետք է վերադառնա Սասուն։ Այդ այն մարդն է, որ կտրել է Սերոբ Աղբյուրի գլուխը։ Մենք Բռնաշենի անտառի մեջ նրա գլուխը պիտի կտրենք։

Երբեք չկասկածեցի, որ Խալիլի գլուխը պիտի թռչի, որովհետև ասողը Գևորգ Չաուշն էր։

— Ինչո՞վ կարող եմ օգնել, — ասացի։

— Դու այդ Կիրճով գնա դեպի Բռնաշեն։ Շմլակից վերև անտառի մեջ յոթ ջոթ քարեր կան. չորս քարը աջ թևի վրա, երեքը՝ ձախ։ Աջակողմյան նախավերջին ջոթքարը ծակ է։

Այդ քարին նստած սպասիր։ Լուսադեմին քեզ կմոտենան երեք զինված տղամարդ գյուղացու մաշված շորերով, որոնցից մեկի ձեռքին փայտ կա։ Ձեռնափայտ ունեցողի անունը քեզ չեմ ասի, իսկ մյուս երկուսից առաջինի անունը Մակար է, երկրորղինը՝ Գալե։ Մակարը Գալեի քեռին է։ Հենց որ նրանք երևացին, կասես՝ քեռիներ, էսօր ուրբա՞թ է, թե՞ շաբաթ։ Ուրիշ բան չասես։ Քո օգնությունը այդ կլինի։

Շմլակի ճակատին հասնելով մենք բաժանվեցինք։ Գևորգ Չաուշը գնաց դեպի վերին Մառնիկ, իսկ ես դիմեցի դեպի Շմլակի Կիրճը։ Այդ քարերի տեղը ես լավ գիտեի։ Լեռը այդտեղ ոլորապտույտ էր և ճամփան անցնում էր ոլորտների վրայով։ Ներքևը ձոր էր, իսկ վերևը՝ խիտ մացառներով ծածկված անտառ։

Շմլակից դեպի Բռնաշեն տանող ճանապարհի այդ մասը Կիրճ էր կոչվում, և ես Արաբոյի հետ շատ էի գնացել-եկել այդ կիրճով։ Մանավանդ լավ հիշում էի կարմիր ալուջների ձորը։ Կիրճի ամենանեղ տեղից մի կեռման ծառերի տակով բարձրանում էր դեպի Խաչասար։ Ալուջների պուրակը այդ կեռմանի կողքին էր։

Հասա թե չէ՝ որոնեցի գտա այդ յոթ ջոթքարերը և մոտենալով նստեցի աջակողմյան ծակ քարին, ինչպես ասված էր։

նախ երևացին Սպաղանաց Մակարը և փայտ բռնած գյուղացին։ Ապա երևաց Գալեն։ Ձեռնափայտով տղամարդը մի ձեռքով հենված էր Գալեի թևին։ Ես նրան հեշտությամբ ճանաչեցի — «ղոնդաղչի» Անդրանիկն էր։ Աչքի տակ, աջ այտի վրա մի գորշագույն խալ կար։ Դեռ չմոտեցած՝ ես հեռվից ձայն տվեցի. «Քեռիներ, էսօր ուրբա՞թ է, թե շաբաթ»։

Երեքն էլ անմիջապես կանգ առան։

— Աֆերիմ, տղաս, — ասաց Անդրանիկը։ — Այս լեռան անունը ի՞նչ է։

— Խաչասար։

Ինձ թողեցին ջոթ քարի մոտ և երեքով քաշվեցին մի ծառի տակ։

Սպաղանաց Մակարին մեջքից ճանաչեցի։ Դա այն, թիկնեղ ծերունին էր, որին տեսել էի Տաղվրնիկում Չատոյի գոմի պատի տակ՝ մի ձեռքին ծխամորճ, մյուս ձեռքը նեցուկ արած ճակատին» Նույն աժդահա տղամարդն էր, խոշոր, հաստ տրեխներով, աչքերը արնոտ։

Աշիրեթապետ Խալիլ աղայի ազդեցությունը տարածվում էր Սասունից մինչև Մուշ։ Իր կտրածը կտրած էր և կապածը՝ կապած սուլթանի տիրության այդ մասում։ Բողոքողին խոշտանգում էր և տնով-տեղով ոչնչացնում՝ հայ լիներ, թե քուրդ։ Այս ցեղապետը ոչ միայն նենգությամբ սպանել էր Աղբյուր Սերոբին և նրա գլուխը ցույցի դրել Բիթլիսի հրապարակում, այլև դրանից մի քանի ամիս առաջ կառավարության զորքերով քանդել էր Տալվորիկի Սպաղանք գյուղը և սրի քաշել բնակիչներին։

Այդ էր պատճառը, որ ծերունի Մակարի աչքերը արնոտ էին։ Կարծես կատաղած գոմեշ լիներ։ Սպաղանցին Անդրանիկից և Գալեից բաժանվելով, եկավ նստեց ծակ քարին՝ ձեռքը աբայի տակով դաշույնի կոթին դրած։ Նա հանկարծ պոկվեց տեղից և ընկերներին մոտենալով՝ ասաց.

— Տղաներ, մենք սխալ տեղ ենք ընտրել։ Երթանք Ծծմա– կա Քիթը և առաջը կտրենք։

Անդրանիկը առարկեց ասելով, թե Ծծմակում պահվելու տեղ չկա. այդ վայրը Մուշին մոտիկ է, կռիվը կշարունակվի մինչև երեկո, փամփուշտը կվերջանա և իրենք կվրիպեն։

Այդ խոսքի վրա Գևորգ Չաուշը երևաց։

Անդրանիկը հարցրեց.

— Խալիլը Մու՞շ է։

— Մուշից դուրս է եկել։

— Մառնի՞կ է գնացել, թե Ալվառինջ։

— Ալվառինջով բարձրացել է Վերին Մառնիկ։

— Ինչո՞վ է զբաղված։

— Գյուղերից բռնատուրք է հավաքում։

— Ե՞րբ է գալու և ո՛ր ճանապարհով։

— Լուսադեմին դուրս է գալու Մառնիկից և անցնելու է Կիրճի ճանապարհով։

— Մերոնցից ո՞վ կա հետը։

— Ամեն բան կարգադրված է, — ասաց Գևորգը։ — Նրա շքախմբի հետ լինելու է նաև Մառնկա Պողեն և մի քանի հայ մշակներ։

Սպաղանքը քանդելու և Սերոբին սպանելու համար կառավարությունը Բշարե Խալիլին հրավիրել էր Մուշ՝ փաշայական աստիճան տալու և պարգևատրելու սուլթանի ուղարկած պատվանշանով։

Մի ուրիշ պատճառ էլ կար։

Խալիլ աղայի և Շեկո տան աշիրեթները իրար թշնամի էին։ Շեկո քրդերից մեկը վերքին կռվում սպանել էր նալիլի որդուն։ Խալիլը Մուշ էր եկել սուլթանի շքանշանը ստանալու, միաժամանակ կառավարությունից զորք պահանջելու, որ պատերազմ սկսի Շեկոների դեմ։ Շեկո տան քրդերը տագնապի մեղ էին և արդեն գաղտնի տեսակցություն էին ունեցել Անդրանիկի հետ, խնդրելով նրա օգնությունը։

Արևը սկսել էր բարձրանալ, երբ Գևորգը սուլեց։ Ու ես տեսա, թե ինչպես մի քանի նոր վրիժառուներ եկան և Անդրանիկը, Գևորգն ու Մակարը նրանց միացած արագորեն դիրքեր գրավեցին Կիրճի աջակողմում։

Գալեն իբրև անփորձ զինվոր մտավ ջոթքարի ետև, Անդրանիկի կողքին։

Հոկտեմբեր ամիսն էր և օրը, կարծեմ, ուրբաթ։ Անտառը դեղնած էր։ Մասուրն ու վարդալուջը կարմրել, կախվել էին թփերից։

Շատ չանցած երևացին մի քանի զինված ղոլամներ, որոնք գնում էին առջևից իրենց հետ վարելով ավանակների բեռնված մի քարավան։ Շուտով ծառերի միջից երևաց աշիրեթապետի ձիու գլուխը։ Խալիլ աղան թեթևակի կռացած էր դեպի առաջ, բաշլըղի թևերը փաթաթած վզի շուրջ։ Ետևից զինված ձիավորներ էին գալիս, իսկ կողքից քայլում էր Մառնիկ գյուղի տանուտերը երեք հայ ծառաների հետ։

Խալիլի ձին հանկարծ ընդոստ կանգ առավ և տարօրինակ վրնջաց։

— Աղա՛, ես քեզ բան ասացի, արի էսօր մի երթա, ետ դարձիր, քո առաջ փորձանք կա, — խրատեց տանտերը։

— Լաո, որձ ձի է, հազար բան մտքեն կանցնի։ Երթանք, — ասաց աղան, ընթացքը շարունակելով։

Մի քանի քայլի վրա ձին նորից վրնջաց ականջները խաղացնելով։ Տանուտերը դարձյալ զգուշացրեց, որ ետ դառնան։ Այդ ժամանակ հայ ծառաներից մեկը, որի անունը Պողե էր, ետևից ծածուկ մի կռուփ զարկեց տանուտերին, որ նշանակում էր թե՝ լռիր։

— Դե, լավ, ճամփացույցը դու ես, դու առաջնորդիր, Պողե, — ասաց տանուտերը, իր տեղը զիջելով ծառային, իսկ ինքը ետ դարձավ։ Ճամփացույց Պողեն ընկավ Խալիլի ձիու առաջ ու գնացին։ Երբ հասնում էին Կիրճի ամենանեղ տեղը, Պողեն ասաց. «Աղա, դու ուշիկ ձին քաշիր գնա, ես իմ չարուխի թելերը կապեմ ու գամ հասնեմ»։ Այդ պատրվակով Պողեն ետ մնաց։ Հայ և քուրդ ծառաներից մի քանիսը նրան հետևելով գնացին մացառների ետևը ջուր թափելու։

Որտեղից-որտեղ մի անծեղ կռավեց ծառի վրա՝ ճյուզից– ճյուզ թռչելով։ Նույն միջոցին ձին փեքոլ արեց և չէր ուզում առաջ գնալ։

— Չէ, էսօր իմ առաջ հաստատ փորձանք կա, — իր հեծյալ պահապաններին դարձավ Խալիլ աղան և արագությամբ ձիու գլուխը շուռ տվեց, որ փախչի։ Բայց նրանք արդեն խրվել էին Կիրճի ամենանեղ տեղը, որտեղից դուրս պրծնելը հեշտ չէր։

— Փաշա, եթե Խալիլ աղային սպանենք, ինձ մի թվանք կտաս, — թախանձեց Գալեն։

— Իմ առաջին զարկածի հրացանը քոնն է, — ասաց Անդրանիկը։

Սպաղանաց Մակարը անհամբեր էր և առաջինը նա կրակեց։ Հարվածը վրիպեց՝ վայր գլորելով մի հեծյալի։ Խալիլը սարսափահար զարկեց ձիու կողերին, քառասմբակ արշավելով։ Մակարը դիրքը թողած վազեց նրա ետևից։

— Թշվառական, դու իմ ձեռքից չես պրծնի, — գոռաց Անդրանիկը, գլուխը ծակ քարի ետևից հանելով։ Այդ ձայնի վրա աշիրեթապետը ձին կանգնեցրեց, բայց նորից արագությամբ սկսեց վազեցնել։ Ջին էր հեծյալին փախցնողը։ Անդրանիկը կրակեց։ Զին վայր ընկավ։ Խալիլի մի ոտքը մնաց ասպանդակի մեջ։ Այդ վիճակով վիրավոր ձին իր տիրոջը բավական տեղ քարշ տալով տարավ։ Ձիավորներից մեկը հրացանը Անդրանիկին ուղղեց։ Երկրորդ գնդակը կանխեց հարվածը, վայր տապալելով ձիավորին։

— Այդ հրացանը Գալեին տարեք, — կարգադրեց Անդրանիկը երկու զինվորի, որոնցից մեկը Մառնկա Պողեն էր, և զենքը ձեռքին, դաշույնը ատամների մեջ սեղմած խոյացավ Խալիլի վրա։ Նրան տեսնելով Խալիլը վախից աչքերը փակեց։

Աշիրեթապետը ձիու հես։ ընկած էր Կիրճի մեջ՝ անկարող շարժվելու։ Անդրանիկը և Մակարը բռնեցին Խալիլի թևերից, բարձրացրին թամբից, ոտքերը ասպանդակից հանեցին և բերեցին ծակ քարի մոտ։ Բարձրահասակ, լայնաթիկունք տղամարդ էր, հագին չուխա վերարկու, մեջքին մետաքսե գոտի, բաշլըղը վզի շուրջ։

Գևորգ Չաուշն ու Անդրանիկը երդվել էին, որ Սպաղանաց Մակարին է պատկանելու Խալիլ աղային պատմելու իրավունքը, եթե նրան ողջ բռնելու լինեն։

Գալեն Անդրանիկի ուղարկած հրացանը վերցնելով գնացել էր զինված ղոլամների առաջը կտրելու։ Մակարը ուժեղ կրակոցներ լսելով շտապեց Գալեին օգնության։

Անդրանիկը դահճին նստեցրեց ծակ քարին և նրա գլխի երկայն մազերը հավաքեց բռի մեջ։ Հանկարծ հևասպառ Կիրճի մեջ ցատկեց Գևորգ Չաուշը՝ հեռվից գռռալով.

— Մի զարկիր, բան պիտի հարցնեմ։

Անդրանիկը քրդերեն լավ չգիտեր։

— Գևորգ, ինչ որ կասեմ՝ թարգմանիր նրան, — ասաց Անդրանիկը։

— Բշարե Խալիլ որ կասեն՝ դու՞ ես։

— Այո, — պատասխանեց Խալիլը։

— Սերոբ Փաշի գլուխը դու կտրեցիր։

Խալիլը լուռ էր։

— Դու՞ էիր, որ Սպաղանք գյուղը քանդեցիր և սպանված ռանչպարներին Մակարի տան մեջ լցնելով վառեցիր։

Նա դարձյալ լուռ էր և գլուխը կախ նայում էր գետնին։

— Դու՞ էիր, որ պատրաստվում էիր սուլթանի զորքով ու զենքով հարձակվել Շեկո տան քրդերի վրա։

— Բա՛վ է, բա՛վ է, ժամանակս լրացավ, միայն խնդրում եմ իմ դիակը չփչացնեք։

— Դու Սերոբ Աղբյուրի գլուխը մեռած տեղը կտրեցիր, իսկ ես քեզ ողջ բռնելով գլուխդ կկտրեմ։ Գևո՛րգ, մեկդի քաշիր այդ բաշլըղը, — բոռաց Անդրանիկը։

Գևորգը բաշլըղը հանեց Խալիլի վզից։

Եվ քանի որ Մակարն ուշանում էր, Անդրանիկը դաշույնը իջեցրեց...

Մառնկա Պողեն վազեց, որ բռնի, բայց ես ավելի արագությամբ վրա հասնելով, գլուխը բերելով տվեցի Անդրանիկին։ Նրան հանձնեցի նաև իր ձեռնափայտը, որ նետել էր ծառերի տակ։

— Այս Խաչասարը ինձ բոլորովին բուժեց, տղաս։ Իմ հոդացավն անցավ։ Ասկե ետքը ինձ ոչ ձեռնափայտ է պետք, ոչ տաք ավազ։ Իմ ուզածը հիմա մի տոպրակ է։

Մացառներից խշրտոց լսվեց։

Հրացանները այդ կողմը ուղղվեցին։

— Փաշա՛, մի զարկեք, ես հայ եմ, — և տոպրակը ուսին մի գյուղացի թփուտից դուրս գալով, այլայլված կանգնեց մեր առաջ։ Եկել էր անտառ ալուջ ժողովելու։

Այդ լեռան վերևը դեռ քոչվորական վրաններ կային։ Հավարն արդեն ընկած էր և լեռը իրար անցած։

— Հասե՜ք, ջան-ֆիդաները Խալիլ աղուն սպանեցին, — սարե-սար վազելով ձայն էին տալիս քրղերը իրար։

— Գևորգ, այս պատանին կտրիճ տղա է։ Եթե նա չլիներ, Խալիլ աղայի գլուխը գլորվելով մինչև ձորը կերթար, — ապա դառնալով շվարած գյուղացուն՝ ասաց.

— Քո ալուջները ինչպես ուզում ես՝ տար։ Ես քեզ պարտք մնացի մի տոպրակ։

Կիրճից ելավ Գալեն, բերելով Խալիլի ձիու գորգապատ թամբը։ Մի բրդոտ շուն նրա ոտքերի մոտով գետինը հոտոտելով նետվեց Կիրճի մեջ։ Ում շունն էր՝ չիմացանք։

— Գևորգ, դու քո հարցը մոռացար, — հիշեց Անդրանիկը։

— Մեռածին էլ ի՞նչ հարց։

Ես պարկը շալակեցի և մենք ելանք ճամփա դեպի Սասուն։

Comments