Chapter 12
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ: ՍՈՍԵԻ ԿԱՆՉԸ
Սակայն բախտը չժպտաց ինձ։
Շուտով լուր ստացվեց, որ ալիանցի երիտասարդները շենիկցոց հետ միաբանելով խուժել են Տալվորիկ և Անդրանիկին զինաթափ անելով փախցրել Սիմ լեռան կողմերը։
Մուշի մեջ իշխում էր ոստիկանապետ Հյուսնի էֆենդին, իսկ Սասունում ցեղապետ էր Բշարե Խալիլ աղան։ Եվ ճիշտ այն միջոցին, երբ Անդրանիկը զինաթափված էր, սուլթանից հրաման եկավ, ողջ թե մեռած, ձեռք գցել Սերոբ Աղբյուրին։
Սասնո Գեղաշեն գյուղում Ավե անունով մի իշխան կար։ Ավեն ռես էր իրենց գյուղում։ Տեսնելով, որ քաջությամբ անկարող են նեմրութի հերոսին հաղթել, Հյուսնի էֆենդին և Բշարե Խալիլը որոշեցին Ավեի միջոցով Սերոբին թունավորել։ Այդ գործի համար Հյուսնին ռես Ավեին խոստացավ մի կճուճ ոսկի։
Իմացավ Ավեն, որ Սերոբ Աղբյուրը Խլաթից Գելի գալով իր զինվորներին դրել է թաղերի վրա, իսկ ինքը և Սոսեն ապրում են Տեր Քաջի լեռան գոմում։
Ավեն մի քանի անգամ տեսության գնաց Սերոբին ծանոթ իշխանների հետ և ամեն անգամ ջորին բարձած ուտելիք տարավ նրա համար, մինչև որ Սերոբ Աղբյուրի և Տեր Քաջի կատարյալ վստահությունը շահեց։
Վերջապես Մուշից եկավ թունավորելու հրամանը։ Ավեն դարձյալ այցելության գնաց Սերոբ Աղբյուրին, բայց այս անգամ ուտելիքը թունավորված էր։ Հյուսնի թույնը մի այնպիսի բաղադրություն ուներ, որ անմիջապես չէր մեռցնում, այլ ենթակային երեք-չորս օրով պահում էր կիսազգա վիճակում, անկարող շարժվելու։
Սերոբը միամտորեն կերավ ռեսի բերած պանիրը և ծխախոտը քաշեց։ Երբ ամեն ինչ կարգադրված էր, Ավեն լուր ուղարկեց Խալիլ աղային, որ Սերոբը թույնը ընդունել է, ապա գնաց Մուշ և ոստիկանապետի խոստացած մի կճուճ ոսկին առնելով՝ հայտնեց, թե զորքը կարող է շարժվել։ Խալիլն իր հերթին այդ մասին շտապ հայտնեց Բաղեշ։ Եվ նույն գիշերը սուլթանի զորքը Բաղեշից շարժվեց դեպի Բռնաշեն, լուր տարածելով, թե Սասնո ըմբոստ քրդերը ճնշելու կերթա։
Հրամանատարը Ալի բեկն էր։
Միաժամանակ Խալիլի գլխավորությամբ Գելու վրա շարժվեցին Խուլբի և Խիանքի զինված քրդերը։ Սուլթանի զորքը հինգ հարյուր ասկյար էր, աշիրեթը՝ հազար հինգ հարյուր։
Գելին պաշարվեց 1899-ի Հոկտեմբերին, երբ ամբողջ գյուղը քնած էր։ Լեռան գոմի մեջ քնած էր նաև Սերոբ Աղ– բյուրը՝ գլուխը դրած իր հրացանի նոր շինված խզակոթին։
Սոսեն առավոտ շուտ դուրբինն առավ ելավ դուրս։ Նայեց տեսավ Թուխ Մանուկ եկեղեցու մոտով զորք է գալիս։
— Փաշա, — ասաց Սոսեն, — ասկյարն ելավ ժամու դուռ։
Սերոբը շեմք ելավ։ Դուրբինն առավ նայեց, բայց աչքերը ծանր էին, չկարողացավ ջոկել։ Ետ դարձավ, որ մոսինը վերցնի ոտքերը փոթ եղան, վայր ընկավ։ Ձեռքը տարավ դեպի գլուխը մազերը մնացին բռի մեջ։
— Վա՜յ ինձ, Գեղաշենի ռես Ավեն թույն է խառնել իմ հացին, — գոռաց Սերոբն ու գլխին զարկեց։ Ու զղջաց, որ իր գիշերը շաբաթ դարձավ ու շաբաթը ամիս դարձավ Սասունում։
նրա գոռոցից ու անսպասելի հրաձգությունից գյուղը զարթնեց։
Զարթնեց նաև Տեր Քաշը։
Թուխ Մանուկ եկեղեցու մոտով սև զորքը սուրաց դեպի Սերոբի պահված լեռան կողմը։
Սոսեն բռնեց Սերոբի թևից, որ բարձրացնի, բայց ծանրությունից երկուսն էլ վայր ընկան։ Տեր Քաջն ու իր որդի Ադամը փորձեցին՝ նրանք էլ վայր ընկան։
Մի գնդակ եկավ լեռան կողից, և Տեր Քաջն հենց այդպես էլ ընկած մնաց իր դռան շեմքին։
Հանկարծ փոթորիկի պես հայտնվեցին Սերոբի զինվորներից չորս հոգի և Սոսեի հետ Սերոբին իրենց թևերին առնելով թռցրին դեպի Անդոկ։ Ամբարնի կոչվող մի բարձունք կա Անդոկի վրա. նրան այնտեղ դրին։ Սոսեն մոսինը տվեց Սերոբի ձեռքը, բայց նրա թևը մերժեց զենքը վերցնել։ Հայդուկապետը դժվարությամբ մեկ-երկու գնդակ վառեց և թուլացած ընկավ։
Ու Ամբարու վրա հերոսաբար կռվելով նահատակվեցին Սերոբ Աղբյուրի եղբայրները — Մխեն ու Զաքարը և որդին՝ Հակոբը։ Զոհվեցին նաև չորսը այն յոթ զինվորներից, որ Խլաթից եկել էին Սասուն։ Իսկ Տեր Քաջն արդեն սպանվել էր իր պատի տակ։
Տեր Քաջից մի որդի մնաց — Տեր Քաջ Ադամը, Սերոբից՝ մի այրի Սոսե ու մի քանի զինվոր։
Ու գոռաց Սոսեն Անդոկից, որ ձայնը Տալվորիկ հասնի։ Բարձրացավ մի քարաժայռի ու նորից գոռաց. «Անդրանի՜կ, Սերոբը նեղ տեղ է, Գևորգի, Մակարի հետ օգնության հասեք»։ Վերջին անգամ կրակեց Սերոբը և զենքը վայր նետեց զայրույթից։
Սոսեն վերցրեց հերոսի հրացանը, չոքեց մի ժայռի ետև ու սկսեց կատաղորեն կրակել։ Անզորությունից մռնչում էր Սերոբը, աչքերը շանթեր էին արձակում։ Ամբարնու լեռան կողին մեռնում էր Նեմրութի Ասլանը մենակ ու անօգնական։
Երկրորդ անգամ դեպի Տալվորիկ գոռաց Սոսեն։ Ջրտուքվար Ֆադեն հեռվից առավ նրա կանչը և Խտանա կածին կանգնած որոտաց դեպի Տալվորիկ. «Սերոբը նեղ տեղ է, հասե՜ք»։
Հայց ոչ Գևորգն էր այնտեղ, ոչ Անդրանիկն էր օգնության կանչը լսում։ Մեկը Շուշնամերկի անտառները քաշված իր վիշտն էր ողբում մենության մեջ, իսկ մյուսը անզեն և անզոր դեպի Սիմ լեռը փախչելով՝ կաշկանդվել էր Սեմալ գյուղի գոմերում։
Սոսեն բարձրացավ հավասարվեց ջրտուքվար Ֆադեին ու նրանք սարի գագաթին կանգնած միատեղ գռռացին, «Հասե՜ք»։
Անդրանիկն առավ աչդ կանչը Սեմալում, բարձրացավ տանիք ու զայրույթից գնաց ու եկավ տանիքին։ Իր զինվորները փամփուշտ ու զենք կապեցին վրան ու նրա հետ դեպի Սերոբի լեռը շարժվեցին։
ճիշտ այդ միջոցին մի գնդակ վերևից գալով խոցեց Աղբյուր Սերոբին։ Սասնո ցեղապետ Խալիլ աղան հասավ և մեռած հերոսի գլուխը կտրելով ու վիրավոր Սոսեին գերի վերցնելով, հրաման տվեց ավարտի փող հնչեցնել։ Քիչ վերջը թե՛ զորք, թե՛ խուժան լեռներից իջան վար։
Հեծյալ մի ոստիկան Սերոբ Աղբյուրի գլուխը մի ցցափայտի զարկած երեք զինվորով գնում էր Բշարե Խալիլի առջևից։ Ետևից ձիու վրա վիրավոր Սոսեն էր իջնում երկու ոստիկան կողքերից նրա թևերը բռնած, իսկ սանձը բռնած էր ռես Ավեն։ Սոսեի ետևից Ալի փաշան էր շարժվում իր հաղթական զորքով։
Սերոբ Աղբյուրի գլուխը նախ տարան Մուշ, ապա այնտեղից տարան Բաղեշ։ Երկու օր քաղաքի հրապարակի վրա ցուցադրելուց հետո հանձնեցին Բաղեշի հայոց առաջնորդարանին։
Կարմրակ անունով մի վանք կա Բաղեշում։ Հայոց առաջնորդը և վանքի սպասավորը նեմրութի հերոսի գլուխը գիշերով թաղեցին Կարմրակ վանքի արևելյան գավթի մեջ, մի ծեր թթենու տակ։
Թաղեցին և օրհնելով հեռացան։
Գլուխդ Բաղեշ, մարմինդ Անդոկ,
էլ քեզ նման քաջ կծնվի՞ արդյոք,
Ննջիր սուրբ հողում Բաղեշ քաղաքի,
Հին թթենու տակ Կարմրակ վանքի։
Ես Սասունից գնացի Բաղեշ, գտա Կարմրակ վանքը և մի ամբողջ գիշեր արտասվեցի այդ դժբախտ գերեզմանի վրա, ուր մի հատիկ գլուխ էր հանգչում — Սերոբ Աղբյուրի հերոսական գլուխը։
Առաջին մարդը, որ ինձ արթնացրեց այդ շիրիմի վրայից, մի թուրք ոստիկան էր։ նա ինձ գիշերով բանտ տարավ։