1. Ռանչպարների Կանչը

Chapter 11

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ: ԿՐԱԿՈՑ ԳԵԼԻ ԳՅՈԻՂՈԻՄ

Արաբոյի մահից հետո Սասունում իր քաջագործություններով անուն էր հանել Գևորգ անունով մի անվեհեր երիտասարդ։

Գևորգը Սասնո Բսանք գավառի Մկթինք գյուղից էր, Արաբոյի և Սերոբ Աղբյուրի հին զինվորներից մեկը։

Սրա հայրը հայտնի որսորդ էր։ Որդուն տվել էր Առաքելոց վանք, որ քահանա դառնա։ Մի օր որդին վանքից գալիս է տուն։ Տեսնում է պատից մի չախմախլի հրացան կախված և տակը թախտին մի հսկա քնած՝ սև արան հագին, երեսով դեպի պատը։

— Կա չկա սա իմ հայրն է, — ասում է Գևորգը, աչքը պահած պատից կախված զենքին։

Արթնացնում է հսկային ու ասում.

— Ես չորս տարի կարդացի վանքում։ Ինձ մի թվանք տուր՝ գնամ միանամ Արաբոյի խմբին։

— Կորի՛ր, լակոտ, դու ու՜ր, Արաբոն ու՜ր։ Զենքը քո բանը չէ, — սաստում է հայրը և պահանջում է, որ որդին վերադառնա վանք և Մաշտոց ու շարական կարդա։

Գևորգը խռոված փախչում է տնից։

Գյուղամիջով անցնելիս տեսնում է երկու բագրևանդցի քուրդ իրենց եկեղեցու ծառերից սաստկորեն վայր են թափում ընկույզները» Գևորգը հարձակվում է նրանց վրա և սկսվում է ուժեղ ծեծկռտուք։ Վախեցած գյուղացիները օգնության չեն հասնում և Գևորգը մի լավ ծեծ կերած, գլուխը կապած հեռանում է գյուղից։

Բսանցի հայ գյուղացիների պանդխտության վայրը գլխավորապես Հալեպն էր, որտեղ նրանք աշխատում էին հացի փռերում և ջրաղացներում։ Այդ երկրի մեչ արաբները սասունցիներին ուրիշ Հայերից տարբերելու համար սուսանի էին անվանում։

Գևորգը գտնում է դեպի Դամասկոս գնացող մեկ-երկու բազրկան և նրանց հետ գնում է Հալեպ։

Բազրկանները քաղաքի դռներին հասնելով՝ ասում են.

— Հալեպ, որ կասեն՝ սա է, մենք գնացինք։

Գևորգը անծանոթ քաղաքի դռանը շվար կանգնած, չի իմանում ինչ անի։

Մտածում է, որ, երևի Արաբոն էլ Հալեպ մշակության գնալիս առաջին օրը այդպես շվար կանգնած է եղել անծանոթ քաղաքի դռանը։

Տափարակ կտուրների միջից մի գմբեթ է երևում։

— Էդ եկեղեցու անունը ի՞նչ է, — հարցնում է մի արաբի։

— Սուրբ քառասնից մանկանց։

— Ո՞վ է շինել։

— Մի սուսանի։

— Շինողը ո՞ղջ է։

— Իր շինածը կա, ինքը չկա։ Հազար տարվա եկեղեցի է։ Դամասկոսի մեծ խալիֆը, — շարունակում է ծերունի արաբը, — մի օր Դամասկոսից գալիս է Հալեպ։ Ոչ ոք չի դիմավորում նրան, բացի մի կաշեգործ սասունցուց։

Խալիֆը հուզված հարցնում է սասունցուն.

— Ի՞նչ բարիք ես ուզում, որ քեզ անեմ։

— Ես Սասունի Բսանաց գավառի Գոմք գյուղից եմ, մեծդ խալիֆ, — ասում է կաշեգործը։ — Մեր գյուղում Քառասուն Մանուկ անունով մի եկեղեցի կար։ Եթե ուզում ես ինձ բարիք անել, մի կտոր հող տուր ինձ, որ դրա նման մի եկեղեցի շինեմ Հալեպում ապրող սասունցոց համար։

— Ինչքա՞ն հող ես ուզում, — հարցնում է խալիֆը։

Սասունցու թևատակին մի եզան կաշի է լինում։ Պարզում է գետնին և ասում. — էս եզան փոստի չափ։

— Արածիգ համեմատ քո ուզածը շատ քիչ է, — նկատում է խալիֆը և եզան կաշին վերցնելով սրեմում է ծայրեծայր և նրա թելերի բռնած տարածության չափով հող է տալիս սասունցուն քաղաքի կենտրոնում։

Եվ սասունցին շինում է իր եկեղեցին։

Առավոտյան ժամկոչը զանգակները քաշելիս տեսնում է մի կապած գլուխ տղա իրենց վանքի շեմքին պառկած։

— Ո՞վ ես, — հարցնում է ժամկոչը քնածին արթնացնելով։

— Ես Բսանաց Գևորգն եմ։

— Ղարիբ ես, ուրեմն։

— Ղարիբ եմ ու գլուխս կոտրած։

Հալեպի հայերը գալիս են աղոթքի։ Մեկ-երկուսը ճանաչում են Գևորգի ծնողներին և հարցնում են, թե ինչի համար է եկել։

— Եկել եմ, որ մի քիչ փող վաստակեմ, մի հրացան առնեմ ու երթամ Սասունն ազատեմ սուլթանի լծից, — ասում է Գևորգը և պատմում գյուղում իր գլխին պատահած դեպքը։

Սասունցի մի քանի հացթուխ և ջրաղացպան մտածում են, որ իրենք մի բան չդարձան, գոնե այդ ծուռ տղայից մի բան դուրս գա։ Փող են հավաքում և Գևորգի համար մի հրացան առնելով, նրան Հալեպից ճանապարհ են դնում դեպի Սասուն։

— Դե, գնա ազատիր հայոց ազգին։

Մի ծեր հացթուխ երկմտում է. — էս տղան, — ասում է նա, — Սասունից ճղված գլխով եկավ Հալեպ։ Ընկույզի համար երկու քրդից ծեծված մարդը ինչպես կարող է մի ամբողջ ազգ ազատել սուլթանի լծից։

— Իսկ դու կհավատայի՞ր, որ գոմքեցի մի խեղճ ու կրակ կաշեգործ ընկներ Հալեպ և մեն-մենակ մի եկեղեցի շիներ քաղաքի կենտրոնում։ Մինչև մարդու գլուխը չճղվի, նա ազգի ցավը չի հասկանա, — առարկում է նրան երկրորդ հացթուխը։

— Կտրիճ տղա է երևում, թող երթա իր բախտը փորձի, — վրա է բերում մի երրորդ պանդուխտ սասունցի։

Գևորգի հայրն ու մայրը սպասում են մի շաբաթ, երկու շաբաթ՝ որդին չկա։

— Վա՜յ, մեր խեղճ տղան կորավ, — ասում են ու գլխներին տալիս։

Գևորգը մի քանի հորեղբայր ուներ։ Սրանք կասկածում են, թե երևի, Հալեպ է գնացել։ Որոշում են, որ իրենցից մեկը գնա Հալեպ, տղային գտնի բերի։

— Յա բարի լուսո քաղցրիկ Քրիստոս, — ասում է մեծ հորեղբայրը և բռնում Հալեպի ճամփան։ Ու դեռ հորեղբայրը Հալեպ չհասած, Գևորգը զինված մտնում է Սասուն։ ճանապարհին որսում է մի քարայծ և ուսին դրած գալիս է տուն։ Տու՜ն, ի՜նչ տուն, որձաքարից շինված մի բերդ։ Որսը դնում է ցած և մեկնվում թախտին՝ երեսով դեպի պատը։

Հայրը մտնում է ներս, տեսնում է անծանոթ մարդ թախտին քնած, գլխավերևում՝ հրացան, կողքին՝ մի սպանված քարայծ։

— Կա չկա սա իմ տղան է, — ասում է հայրը և արթնացնում քնած երիտասարդին։

— Վատ հարևանը մարդուս գործիքի տեր կդարձնի, — ասում է Գևորգը և հրացանն առնելով նույն օրը գնում միանում է Արաբոյի խմբին։

Արաբոյից հետո զինվոր է դառնում Սերոբ Աղբյուրին։ Կռիվներից մեկում սպանում է սուլթանի ազդեցիկ չաուշներից մեկին և շուտով հայտնի դառնում Գևորգ Չաուշ անունով։

Միջահասակից քիչ ցածր էր Գևորգը, թուխ ու թիկնեղ և աչքերը բոցավառ։ Վարսերը սև գանգուր էին, հոնքերը խիտ ու գեղագծված։ Արաբոն ինձ շատ էր պատմել նրա մասին, բայց տեսած չկայի։ Իսկ Սերոբն ասում էր, որ նա մեծ համբավ է ձեռք բերել քրդական աշիրեթների մեջ և այնպես վարժ է խոսում քրդերեն, որ դժվար է նրան տարբերել քրդից։

Սասունում աղջիկ փախցնելը խստորեն արգելված էր օրենքով, որպեսզի հայ գյուղերի համերաշխությունը չքայքայվի։

— Ձեր մորուքները կնտել կտանք, եթե աղջիկ փախցնողին պսակեք, — զգուշացրել էին սասունցիք իրենց քահանաներին։

Երբ Սերոբ Աղբյուրը Տեր Քաջի տանն էր, լուր եկավ, որ Գևորգ Չաուշի հորեղբայրներից մեկը կին է փախցրել Սասնո Աղբիկ գյուղից։ Գյուղացիները փախցնողին հետապնդելով բռնել բերել էին նեմրութի Ասլանի մոտ, որ նա դատն անի։ Նրան բերեցին այն ժամանակ, երբ ես Սերոբ Աղբյուրի զենքերն էի մաքրում։

Հասակավոր մարդ էր, մեծ բեղերով և գոմշե տրեխներով։

— Ու՞մ համար էիր փախցնում այդ կնոջը, — հարցրեց Սերոբը։

— Ինձ համար, — համարձակ պատասխանեց հորեղբայրը։

— Ու՞ր տեսար առաջին անգամ նրան։

— Առաքելոց վանքում։

— Ո՞ր գյուղից էր և ինչու՞ էր գնացել վանք։

— Դաշտի գյուղերից էր, բայց հարս էր տրված Սասուն։ էրիկը տաս տարի է, ինչ պանդխտության է գնացել և ոչ մի օգնություն ցույց չի տալիս իրեն։ Խեղճ կինը դիմել էր Մշո Առաջնորդարանին, որ ինքը նեղության մեջ է։ Առաջնորդարանը նամակ էր գրել վանքի վանահայր Հովհաննես վարդապետին, որ նրան վանք ընդունի, պայմանով, որ աշխատի իբրև հավաքարար և օգտվի վանքի հացից։

— Դու ի՞նչ էիր անում վանքում։

— Ես վանքում տնտես էի։

— Այդ կնոջը գյուղի՞ց փախցրիր, թե վանքից։

— Գլուղից։

— Որտե՞ղ է գտնվում այդ գյուղը։

— Ծովասարի վրա։

— Աղբիկցիները ձեզ որտե՞ղ բռնեցին։

— Բսանաց ճանապարհին։

— Այդ կինը ամուսին ունի, դու ի՞նչ իրավունքով փախցրիր նրան։ Չէ՞ որ դու ծեր ես, իսկ նա՝ ջահել։

— Մեր երկիր հազար բան կպատահի, փաշա, թող դա էլ լինի հազար ու մեկը, — պատասխանեց սասունցին։

— Շիտակ խոսիր, դու այդ կնոջը քե՞զ համար փախցրիր, թե Գևորգի։

— Ինձ համար փախցրի, փաշա։

— Չգիտեի՞ր, որ Սասունում կին փախցնելը օրենքով արգելված է։

— Գիտեի, բայց եղավ...

Մարդուն մի կողմ տարան, կնոջը ներս բերին։

— Դու այդ մարդու հետ ինչու՞ փախար, — հարցրեց փաշան։ — Ու՞մ համար կերթայիր՝ նրա՞, թե ուրիշի։

— Ես էդ մարդու հետ կերթայի իրեն համար։ էրիկս էս տաս տարի զուրբաթ է գնացել, ու ես մնացել եմ վանքի սեղանին։

Երկրորդ օրը նորից հարցաքննության բերեցին։ Աղբիկցիները համառորեն դատաստան էին պահանջում։ Սերոբը կանչեց Աղբիկ գյուղի ռեսին, գելեցի մի քանի իշխանների և Տեր Քաջին։ Նրանք գլուխ տվին երկրի մեծին ու միաձայն ասին նրան.

— Դրանց դատաստանը դու մեզ հանձնիր, փաշա։

Այդ ժամանակ եկան ասացին, թե Գևորգ Չաուշը Տաղվրնիկ է հասել։ Սերոբը իր զինվորներից երկուսին ուղարկեց, որ նրան իր մոտ կանչեն։

Երկար գյուղ էր Գելին և թաղերը իրարից շատ հեռու։ Թաղից թաղ մարդ կանչելու համար պետք է բոռային։

Դեպի Ծովասար իջնող մի սար կար Անդոկի մոտ, անունը Խտան։

Զինվորները ելան Խտանա կածը և բոռացին.

— Գևորգ Չաու՜շ, Տեր Քաջի տուն արի, — բոռաց առաջին զինվորը։

— Քո հորեղբայրը կի՜ն է փախցրել Աղբիկ գյուղից, — բոռաց երկրորդ զինվորը։

Գևորգ Չաուշը վերցրեց հրացանը և Խտանա կածը անցնելով եկավ իր հայդուկապետի մոտ։

Տեր Քաջի տանը շատ մարդիկ կային։ Մեծամեծ իշխաններ, քահանա և ռամիկ։

Սոսեն էլ ներկա էր։

Բարև տվեց բոլորին և հրացանը սյունից կախելով նստեց։

Եվ Նեմրութի Սերոբը դիմեց նրան՝ ասելով.

— Ինչպես է, որ դու՝ ամենահին զինվորը այս երկրի, ուր օրենք է դրված, որ սասունցին իրավունք չունի աղջիկ փախցնելու, թույլ ես տվել, որ քո հորեղբայրը կինարմատ փախցնի Սասնո աշխարհից։

Գևորգը պատասխանեց.

— Դու սերն ու մածունը կերել ես, չորթանի՞ն ես ինձ կանչել։

Ասաց ու նայեց Սոսեի աչքերին։

— Եթե դու փոքր չափով պատիվ ունենայիր մեծավորիդ հանդեպ, չէիր հանդգնի ինձ այդպիսի խոսք ասել։ Ես ի՞նչ սեր ու մածուն եմ կերել, — դիմադարձեց Սերոբը և սաստիկ առնված ձեռքը նետեց դաշույնին։

Սոսեն բռնեց Սերոբի թևը։

Գևորգը ոտքի ելավ։

— Իմ հորեղբայրը այդ հանցանքը կատարել է ինձանից ծածուկ, — ասաց նա։ — Դու ես երկրի մեծը և դատն ու դատաստանը քո ձեռքին է, ինչպես ուզում ես, այնպես էլ վճռիր։

— Եթե դատն ու դատաստանը իմ ձեռքին է, ուրեմն այս գործը ես քեզ եմ հանձնում, Արաբոյի հին զինվորիդ, որ այժմ իմ զինվորն է։ Գնա և ինքդ դատիր, — ասաց Աղբյուր Սերոբը և նույնպես ոտքի ելավ։

— Ի՞նձ ես հանձնում։

— Այո, քեզ։

Գևորգ Չաուշը առանց պատասխանի, զենքը վերցնելով՝ գլխահակ հեռացավ Տեր Քաջի տնից։

Ես հետաքրքրությունից գնացի նրա ետևից դեպի այն մարագը, ուր փակված էին Գևորգի հորեղբայրը և աղբիկցի կինը։

Մոլեգին էր Գևորգը և անկշռադատ։

Նրա ինքնասիրությունը վիրավորված էր։ Կանգնեց շեմքին և Հալեպից բերված հրացանը որոտաց հորեղբոր կրծքին։ Երկրորդ գնդակով սպանեց աղբիկցի կնոջը և, հրացանը վիզը գցելով, մռայլադեմ հեռացավ դեպի Շուշնամերկի անտառները։

Գևորգը այլևս չվերադարձավ Սերոբի խմբի մեջ։

Ես առաջին անգամ էի հրազենի կրակոց լսում այդքան մոտիկից և այդպիսի ուժգնությամբ։

Ես այդ ժամանակ ընդամենը տասնյոթ տարեկան էի։

Comments