Chapter 10
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ: ՆԵՄՐՈԻԹԻ ՎՐԱ
Սողորդը Նեմրութ լեռան բարձրադիր լանջին էր։ Գտա իմ որոնած տունը և դուռը ծեծեցի։
— Ու՞մ ես փնտրում, — հարցրին։
— Աղբյուր Սերոբին։
— Դու սար պիտի երթաս, — ասացին։ — Ինքն էլ, Աղբյուր Սոսեն էլ սարն են։
Տեսան, որ իմ ոտքը բոբիկ է, դես-դեն ընկան, որ մի հարմար ոտնաման գտնեն՝ չգտան։ Ստիպված իմ ունեցածն էլ թողեցի այդտեղ, որ ազատ քայլեմ և տանից հաց առնելով ընկա ճամփա։
Խեղճ հայրս ինչ իմանար, որ իր սոլկար որդին մի օր առանց ոտնամանի կմնար։
Անցա գերեզմանոցի մոտով, որ պատով բաժանված էր գյուղից և շարժվեցի սարն ի վեր։ Իմ բախտից ամբողջ լեռը ծածկված էր գինարբուկի կապույտ ծաղիկներով և թովիչ կանաչով։
Սերոբ Աղբյուրին ես գտա Նեմրութի քարոտ լանջին, մի ժայռի նստած։ Սերոբն ավելի հաղթահասակ էր, քան Արաբոն և ավելի լավ զինված։ Արաբոյի ունեցածը մի հասարակ բերդանկի էր, իսկ Սերոբի ձեռքին մոսինի կար։ Մեջքի շուրջը փաթաթված կաշյա փամփշտակալները ուսերից իջնելով լայն խաչկապ էին կազմել կրծքի վրա։ Դեմքը թուխ էր, երկու խոշոր աչքերով լուսավորված։ Գլխին ոլորված էր մոխրագույն թաշկինակ՝ ծայրերն արձակ։
— Եկել ես ճնճղու՛կ տեսնելու, — հարցրեց Աղբյուրը, ոտքից-գլուխ չափելով իմ հասակը։
Այդ օրերին ճնճղուկ էին անվանում այն հայ շինականներին, որ ըմբոստանալով բռնության դեմ, բարձրանում էին սար, ի նկատի ունենալով նրանց թափառիկ, ոստոստուն կյանքը։
— Ոչ, եկել եմ ճնճղուկ դառնալու, — համարձակ պատասխանեցի ես և իմ ծոցից հանելով ծխախոտով լի տուփը՝ մեկնեցի նրան։
Սերոբը տուփը մոտեցրեց քթին։
— Կարմիր Ծառի թութուն է։ Ծխու՞մ ես։
— Ոչ։
— Ապա ի՞նչ գործ ունի այս տուփը քեզ մոտ։
— Տուփը Արաբոն տվեց, իսկ ծխախոտը Կարմիր Ծառից վերցրի։
— Դու Արաբոյին տեսե՞լ ես։
— Ուղիղ մեկ տարի նրա մոտ եմ ծառայել, — հպարտությամբ նկատեցի ես։
— Նրա ձիու անունը ի՞նչ էր։
— Տիլիբոզ։
— Որ էդպես է, տուփը քեղ մոտ պահիր, իսկ թութունը տուր ինձ։ — Այս ասելով Սերոբ Աղբյուրը ծխախոտը դատարկեց իր տոպրակի մեջ և տուփը վերադարձրեց ինձ։
— Դու դեռ շատ փոքր ես զենք բանեցնելու համար, — ասաց Աղբյուրը, կամենալով ինձ ետ ուղարկել։
Ուզեցի ասել, որ ես հրացան գործածել գիտեմ, բայց նա հանկարծ իր զինափողին նայելով՝ ասաց.
— Կարո՞ղ ես ոզնի բռնել։
— Ինչու՞ չէ, — ասացի, — դրանից էլ հեշտ բան։
— Դե գնա ոզնի բռնիր։
Ես անմիջապես գնացի սար և մի քանի ոզնի բռնելով եկա իր մոտ։
— Ապրես։ Ինձ մեկն էր հարկավոր, իսկ դու միանգամից մի քանիսը բերիր։ Դե հիմա ոզնու ճարպով մաքրիր իմ զինափողը։
Սերոբ Աղբյուրի հրացանի փողը երկար էր և օղակավոր։ Ես նրա ներկայությամբ մաշկեցի ոզնիներից մեկին, հանեցի ճարպը և սկսեցի նրա զինափողը զգուշությամբ մաքրել։ Շատ եռանդուն էի աշխատում և նրան դուր էր գալիս իմ պատրաստակամությունը։
Զենքը մաքրելուց հետո Սերոբը դարձավ ինձ.
— Կուզե՞ս ինձ մոտ մնալ։
— Արաբոյից հետո իմ միակ փափագն է ձեզ հետ լինել, — ասացի ես։
Ու ես մնացի Նեմրութի վրա, Սերոբ Աղբյուրի մոտ։
Մինչև իմ նեմրութ գալը այս ռանչպարը արդեն հայտնի էր դարձել բռնակալության դեմ մղած իր կռիվներով։ Ինքը և իր կին Սոսեն տասնվեց զինվորներով փայլել էին մանավանդ Բաբշենի նշանավոր ճակատամարտում և մտել երգերի մեջ։
Ռանչպար Սերոբը ընտանիքով էր հալածական սուլթանից։ «Իմա՞լ էնենք, սանդուղք չկա, որ դնենք էլնենք երկինք աստծուն բողոքելու։ Ուզենք-չուզենք սարեր պիտի քաշվենք մեր նամուսն ու կյանքը պաշտպանելու հույսով», ասել էր Սոսեն ու ապավինել Նեմրութին։
Սոսեին ես տեսա հաջորդ օրը արևածագին, երբ Սերոբի հետ հասել էինք լեռնային մի գետակի։ Դիմացի ափին յոթ-ութ զինված տղամարդիկ երևացին։ Նրանք ոտքերը քշտելով, ոտնամանները ուսերից կախ մտան ջուրը։ Նրանցից մեկը իր ետևից եկող մի երիտասարդ զինվորի ձեռքից բռնած, մյուս ձեռքով զենքը պահած, մաքառում էր ալիքների դեմ։ Լեռնային պաղ ջուրը խփում էր ծնկներից բարձր։ Ետևից եկող զինվորը գետակի մեջտեղ հասնելով, ստիպված եղավ վերնավարտիքի ծալքերը մի քիչ ավելի վեր բարձրացնել։ Մեկ-երկուսը զինվորներից, այս բանը նկատելով, երեսները շուռ տվին, իսկ երիտասարդ զինվորի ձեռքից բռնած լեռնականը ուղղակի թևով ծածկեց երեսը։
Ետևից եկող զինվորը Սոսեն էր, արական զգեստով ծըպտված։ Բոլորը թրջված դուրս եկան ջրից։ Սոսեն առանձնացավ և, տաբատի ծալքերը իր սրունքների կապույտ երակներին իջեցնելով, սկսեց ոտնամանները հագնել։ Տեսա, թե ինչպես մի զինվոր Սերոբ Աղբյուրի կողքով անցնելիս խուլ տրտնջաց.
— Չեղա՜վ, չեղա՜վ, փաշա։
Խարտյաշ, գեղեցիկ կին էր Սոսեն, վայելուչ սլացիկ հասակով, վարդագույն դեմքին մի հպարտ ժպիտ։ Բայց նա ավելի հպարտ ու գեղեցիկ էր իր հայդուկային զգեստի մեջ, մազերը կրծքին և մեջքը փամփուշտներով գոտեպինդ։
Սերոբ Աղբյուրը միացավ իր «ճնճղուկներին» և խումբը շարժվեց։
Ոչ միայն Սոսեն, այլև Սերոբի երկու ռանչպար եղբայրները և մեծ որդին, սուլթանի բռնակալությունից փախչելով, նույնպես դեգերում էին լեռներում։
Սերոբի զինվորները լեռնցի և դաշտեցի գյուղացիներ էին։ Մի քանիսի անունները առաջին օրը նույնիսկ սարսափ ազդեցին վրաս. Առյուծ Ավագ, Փալաբեխ Կարապետ, Զուլումաթ Օհաննես, Կայծակ Անդրեաս, Լոլո Հաջի, Կարկուտ Թադե։
Նեմրութի վրա մնալով ես դարձա անբաժան Սերոբ Աղբյուրի «ճնճղուկներից»։ Ոզնի էի բռնում սարերում, մաքրում-յուղում էի նրանց զինափողերը, հովիվներից հաց ու կաթ էի բերում նրանց համար։
Այդ յոթ-ութ զինվորները միշտ միասին էին և Սոսեն նրանց հետ էր։ Նրանք երբեմն անհետանում էին խմբով և ես չգիտեի, թե որ ուղղությամբ գնացին և ինչով են զբաղված։
Հայ շինականները հաճախ էին սար գալիս — «Սերոբ, հասնանցի քրդերը մեր նախիրը տարան, օգնության հասիր։ Սերոբ, Արաբոն չկա, մեր տերը դու ես, Իկնա գյուղի վարժապետին նորից բանտ տարան»։
Ու ամեն տեղ էր ռանչպար Սերոբը։ Բոլորի սրտի ծարավը կոտրում էր, դրա համար էլ անունը Աղբյուր Սերոբ էր։
Փետրվարյան մի ձյունոտ օր, երբ մենք Սողորդում էինք, սուլթանի զորքը հանկարծ պաշարեց գյուղը։ Փնտրում էին հայդուկապետին և նրա խմբին։ Սերոբը վերցրեց հրացանը և մեն-մենակ ելավ գյուղից, որ կոտորածի պատճառ չդառնա։ նա հագած էր լաքան և հանգիստ գնում էր ձյուների վրայով։ Սուլթանի զինվորները չէին կարողանում ետևից հասնել, որովհետև ձիերը մինչև գավակները խրվում էին ձյան մեջ։ Սերոբը երբեմն-երբեմն ետ էր դառնում և կրակում։ Երեք ռոմի ձիավոր սպանվեցին։ Նա բարձրացավ Նեմրութ լեռը և աչքով ինձ էր որոնում, իսկ ես մի կապոց հաց շալակած արդեն հասել էի լեռան գագաթը և հանգիստ նստած սպասում էի նրան։ Ոստիկանները կարծելով, թե Սերոբը խեղդված է նեմրութի դաշտերի մեջ, թողել հեռացել էին գյուղից։
Սերոբ Աղբյուրը ինձ իր հետ առնելով հասավ լեռան հրաբխաբերանը, որի լայնածավալ խորքի մեջ տաք ջրեր կային՝ շեկ գոլորշիների ամպով ծածկված։
Երբ ամենքը, հայ թե թուրք և քուրդ համարել էին Սերոբին զոհ գնացած Նեմրութի ձյուներին, հանկարծ Խլաթի գյուղերում հայտնվեց Սողորդի հերոսը, և մարդիկ սկսեցին նրա շուրջը առասպելներ հյուսել և նրան կոչել Նեմրութի ասլան։ Այդ անունը մտավ քրդական երգերի մեջ և հասավ սուլթանի ականջին։
Այդ նույն տարվա սեպտեմբերին Սոսեն անհետացավ։ Բագրեվանդի հայ գյուղացիները ըմբոստացել էին սուլթանի դեմ։ Սոսեն բարձրացել էր Բագրեվանդի լեռները և ղեկավարել ըմբոստ շինականների ապստամբությունը։
Սակայն Նեմրութի Սերոբի՝ կնոջ հետ սարերում թափառելը դուր չէր գալիս իր խմբի զինվորներին։ Սոսեն քաջ էր, բայց քաջերի քաջին վայել չէ կնոջը խմբի հետ ման ածել թեկուզ տղամարդու հագուստով։
Սոսեի պատճառով Սերոբից արդեն բաժանվել էին մի քանի զինվորներ, որոնցից մեկը իր հին զինվոր Անդրանիկն էր։
Բողոքողներից երեքը Սերոբի երեք ամենասիրած զինվորներն էին. մեկը Կայծակ Անդրեասն էր, Խլաթի Շամիրամ գյուղից։ Սա միշտ խմբի առջևից էր գնում և պատասխանատու էր նրա երթի համար։ Սարսափազդու դեմք ուներ Անդրեասը, ոչխարենու մի ահագին գդակ գլխին և բեղը մինչև ականջները սրած։
Մյուսը Լոլո Հաջին էր կամ Հաջի Գևոն, որ մասնակցել էր Խանասարի և Բաբշենի կռիվներին և հավատարիմ թիկնապահն էր Սերոբի։ Երրորդը Կարկուտ Թադեն էր, Սասունի Փեթար գյուղից։ Սա մանուկ հասակից էր զենք վերցրել իր հոր կողքին մասնակցելով սասունցի իշխան Գրքոյի և իշխան Պետոյի գլխավորությամբ մղած հերոսական կռիվներին։
Անհանգիստ զինվոր էր Թադեն, սատիկ արագաշարժ ու անհամբեր։ Կռիվը չսկսած, սա միշտ առաջինն էր պայթեցնում գնդակը։ Հրացանը շտկում էր ու բլթակը քաշում։
Մի օր սա առանց հրամանի նետվեց մի ժայռի ետև և փակաղակը արագությամբ բացում ու փակում էր չխկոցով։
— էդ ի՞նչ կենես, Թադե, — հարցրեց Սերոբ Աղբյուրը հեռվից մոտենալով։
— Գյուլեքի սերտն ու փուլը կջոկեմ, փաշա, — պատասխանեց Թադեն և բեղը խածնելով՝ բլթակը նորից քաշեց։
Սերոբը բարկացավ, փակաղակը ձեռքից առավ և սպառնաց, որ եթե շարունակի խախտել կարգապահությունը և առանց հրամանի կրակել՝ կհեռացվի խմբից։
— Չեղա՜վ, չեղա՜վ, փաշա, — այս խոսքերը հաճախ էին կրկնում Կայծակ Անղրեասը, Լոլո Հաջին և Կարկուտ Թադեն, երբ լեռնային հորդ գետակներն անցնելիս՝ ստիպված էին լինում հերթով բռնել Սոսեի դաստակից։
Ու մի օր նրանք ասացին Սերոբին.
— Սոսեին ուղարկիր Սասուն, իսկ դու մնա Նեմրութի վրա։
— Ջուր անցնելու ժամանակ նա ի՞նչ իրավանք ունի մեր ներկայությամբ տկլորանալու։ Մեղք է նրա ոտքերին նայելը։
— Սոսեի պատճառով մի օր կարող է փորձանք գալ մեր գլխին։
Սերոբի հոգին Բաբշեն էր, իսկ սիրտը՝ Սասուն։
Սասնո Գելի գյուղում նա Տեր Քաշ անունով մի հին բարեկամ ուներ։ Տեսավ, որ իր զինվորների խոսքը արդար էր, վերցրեց Սոսեին ու տարավ Գելի։
Ինձ էլ իր հետ տարավ։
Գելին կամ Գելիեգուզանը ձորի մեշ էր և գետակով բաժանված երկու մասի։ Այդ Գյուղը շատ թաղեր ուներ և ամեն թաղը մի անուն։ Գյուղի ետևը Անդոկ սարն էր։ Բոլոր տները շինված էին Անդոկի թեք լանջին, ամեն մեկը մի ժայռի վրա ու մի թաղի մեջ։ Գլխավոր թաղերն էին՝ Տաղվրնիկ, Հարսնգոմեր, Ղարիպշան, Մխիթար, Տեղ, «Գյուղ» կամ Գելի։
Տեր Քաշի տունը «Գյուղի» մեշ էր։
Ծեծեց Տեր Քաջի դուռը և ասաց. «Սոսեին քեզ մոտ պահիր, իսկ ինձ լուսաբացին դիր ճանապարհ»։
Տեր Քաջն ասաց. «Եկ դու էլ մնա Սասուն։ էսքան ժամանակ Խլաթ եղար, մի քանի տարի էլ մեզ մոտ ապրիր»։
Խութեցիք ընկան ոտքը՝ ասացին.
— Արաբոն չկա, եկ տեր կանգնիր Արաբոյի երկրին։
Ու Սերոբի մի գիշերը դարձավ շաբաթ, շաբաթը՝ ամիս։
Տեսնելով, որ Նեմրութի Ասլանը Ուշանում է, իր զինվորներն էլ եկան Սասուն։
Սերոբը մի որդի ուներ Խլաթում, անունը՝ Հակոբ և երկու եղբայր՝ Մխո և Զաքար։
Երեքն էլ հայդուկ էին։
Նրանք էլ եկան Սասուն։