1. Քաջ Նազարը

Chapter 5

V

Էս ժամանակ մի վագր է լուս ընկնում էս երկրում ու սարսափ է գցում ժողովրդի վրա։ Ո՞վ կսպանի վագրին, ո՞վ չի սպանիլ։ Իհարկե, Քաջ Նազարը կսպանի։ Էլ ո՞վ սիրտ կանի վագրի դեմ գնա։ Ամենքն էլ Նազարի երեսին են մտիկ տալի, վերևը՝ մի աստված, ներքևը՝ մի Քաջ Նազար։

Վագրի անունը լսելուն պես Նազարը վախից դուրս է վազում, ուզում է փախչի, ետ գնա իրենց տունը, իսկ կանգնածները կարծում են, թե վազում էր, որ գնա վագրին սպանի։ Նշանածը բռնում է, կանգնեցնում, թե՝ ո՞ւր ես վազում էդպես առանց զենքի, զենք առ հետդ, էնպես գնա։ Զենք է բերում տալիս իրեն, որ գնա իր փառքի վրա մի քաջություն էլ ավելացնի։ Նազարը զենքն առնում է, դուրս գնում։ Գնում է, անտառում մի ծառի բարձրանում, վրեն տապ ​անում, որ ոչ ինքը վագրին պատահի, ոչ վագրը՝ իրեն։ Ծառի վրա կուչ է գալի ու Նազարն ո՞վ կտա— հոգին դառել է կորկի հատ։ Հակառակի նման անտեր վագրն էլ գալիս է, հենց էս ծառի տակին պառկում։ Նազարը որ վագրին չի տեսնո՜ւմ, լեղին ջուր է կտրում, աչքերը սևանում են, ձեռն ու ոտը թուլանում են ու, թրը՛մփ, ծառիցը ընկնում է գազանի վրա։ Վագրը սարսափած տեղիցը վեր է թռչում, Նազարն էլ վախից կպչում է սրա մեջքին։ Էսպես զարհուրած Նազարը մեջքին կպած՝ էս խրտնած վագրը փախչում է, ո՜նց է փախչում, էլ սար ու ձոր, քար ու քոլ չի հարցնում։

Մարդիկ մին էլ տեսնում են, վա՛հ, Քաջ Նազարը վագրին նստած քշում է։

— Հա՛յ—հարա՛յ, եկե՜ք, հա եկե՜ք, Քաջ Նազարը վագրին ձի է շինել, հեծել․․․ տվե՛ք, հա տվե՛ք․․․

Սրտավորվում են, ամենքը մի կողմից հարայ—հրոցով, հռհռոցով հարձակվում են՝ խանչալով, թրով, թվանքով, քարով, փետով տալիս են սպանում։

Նազարը որ ուշքի է գալի, լեզուն բացվում է․ «Ափսո՛ս,— ասում է,— ընչի՞ սպանեցիք, զոռով մի ձի էի շինել, նստել․․․ էնքան պետք է քշեի ո՜ր․․․»։

Լուրը գնում է, հասնում է ամրոցը։ Մարդ, կին, մեծ, պստիկ՝ ժողովուրդը դուրս է թափում Նազարին ընդունելու։ Վրեն երգ են կապում ու երգում։

Էս աշխարհքում,

Մարդկանց շարքում

Ո՞վ կըլինի քեզ հավասար,

Ո՜վ Քաջ Նազար։

Ինչպես ուրուր,

Կայծակ ու հուր,

Բարձր բերդից թռար հասար,

Ո՜վ Քաջ Նազար։

Ահեղ վագրին

Արիր քո ձին,

Հեծար անցար դու սարեսար,

Ո՜վ Քաջ Նազար։

​

Մեզ փըրկեցիր,

Ազատեցիր,

Փառք ու պարծանք քեզ դարեդար,

Ո՜վ Քաջ Նազար։

Ու պսակեցին Քաջ Նազարին հսկաների գեղեցիկ քրոջ հետ, օխտն օր, օխտը գիշեր հարսանիք արին, երգերով գովեցին թագավորին ու թագուհուն։

- Լուսընկան նոր սարն ելավ,

Էն ո՞ւմ նըման էր։

- Լուսընկան նոր սարն ելավ,

Էն Քաջ Նազարն էր։

- Արեգակ նոր շաղեշաղ,

Էն ո՞ւմ նըման էր։

- Արեգակ նոր շաղեշաղ,

Էն իր նազ֊յարն էր։

Մեր թագավորն էր կարմիր,

Իրեն արևն էր կարմիր,

Թագն էր կարմիր, հա՜յ կարմիր,

Կապեն կարմիր, հա՜յ կարմիր,

Գոտին կարմիր, հա՜յ կարմիր,

Սոլեր կարմիր, հա՜յ կարմիր,

Թագուհին կարմիր, հա՜յ կարմիր,

Կարմիր թագուհուն բարև,

Կարմիր թագվորին արև։

Շնորհավոր, շնորհավոր,

Քաջ Նազարին շնորհավոր,

Իր նազ–յարին շնորհավոր,

Ողջ աշխարհին շնորհավոր։

Comments