1. Քեզ ապրելու վերջին հատիկը

Chapter 7

Փով Ջիյոն

Սիէնան գեղեցիկ է։ Նա կանաչ թեյի բույրն ունի` խառնված լիմոնին ու նարինջներին։ Բայց այդ բույրի հետ սրճագույն աչքեր ունի։ Սիրում եմ նրա աչքերը, փայլում են, երբ ինձ է նայում ու մեռնում են, երբ ես եմ սկսում դրանց նայել։ 

Սինան միշտ բողոքում է, որ մեզ խանգարողը թեյնիկի ձայնն է, առանց հասկանալու, որ ես ինքս եմ որոշում թեյնիկը գազօջախին դնել։ Գալիս է ու սեղանից իր այդքան սիրելի նարինջը վերցնում։ 

-Յո՜ն։ 

Ես երբեք չեմ պատասխանում, երբ իմ անունն է տալիս։ 

Ջիյոն նշանակում է կյանք։ Մայրս վստահ էր, որ Ջիյոն անունը կրելով, ես կսիրեմ կյանքը։ Բայց ես կյանքի փոխարեն ընտրեցի Սինային։ Իսկ Սինան…

-Ջիյոնա՛, թեյնիկը եռում է։ 

Անջատում եմ թեյնիկն ու գնում հյուրասենյակ։ Նստում եմ բազմոցին ու վառում ծխախոտը։ Սիրում եմ, երբ ծուխը տարածվում ու կախվում է նրա տան վարագույրներից, ինչպես նա է ինձնից կախվել։ 

Գալիս է ու նստում կողքիս։ Չնայած աչքերս փակ լինելուն` զգում եմ որ ուզում է մազերս ետ տանել, բայց հետ է քաշվում։ Դե՛, Սինա՛, գոնե մի անգամ համարձակություն ունեցիր ու արա՛ դա։ 

Սիէնան հմայիչ է, բայց հոգնեցնող։ Ութ տարի է անցել մեր առաջին հանդիպումից, բայց Սինան չի փոխվել։ 

Փոխվեցին միայն մազերի գույնն ու տան ծախկամանի ծաղիկները։ Սինային դուր է գալիս, երբ իրեն երիցուկներ եմ նվիրում, առանց իմանալու, որ միշտ ցանկացել եմ սպիտակ վարդեր նվիրել։ 

Ասում է, որ ես երիցուկների բույրն ունեմ, ուրեմն թող այնքան զգա այդ բույրը, մինչև սկսի խեղդվել։ 

-Ջիյոնա՛, որտեղ ես վնասվել։ 

Բռնում է ձեռքս ու ես նկատում եմ, որ արյուն է գալիս։ Երբեք ֆիզիկական ցավ չեմ զգում նման դեպքերում։ Ես հոգեբույժ եմ, իսկ հոգեբույժների մոտ հոգու ցավը զգալն ավելի շատ է։ 

Խենթանում եմ, երբ Սիէնան վերքերս է մշակում։ Վերցնում է սպիրտով բամբակը, նստում է գետնին ու ձեռքս բռնում։ Մոտեցնում է բամբակն ու ես փակում եմ աչքերս։ Չէ՛, չի ցավում։ Պարզապես Սիէնան նման դեպքերում մորս է հիշեցնում։ Մայրս տխրում էր ամեն վերքերս մշակելուց ու ձեռքերս արյունոտ տեսնելուց` առանց հասկանալու, որ ներսի վերքերն ավելի ցավոտ են։ Բացում եմ աչքերս ու հանդիպում ոտքերիս մոտ նստած Սիէնայի հայացքին։ Գիշերվա ծով հիշեցնող հայացք ունի, խորը գնալու դեպքում կխորտակվես, իսկ ափին մնալու դեպքում ալիքները քեզ կտանեն ու կխորտակեն։ Երկու դեպքում էլ պարտվող ես։ 

Մազերը կարմիր են մայրամուտի արևի նման։ Իր հետ ապրելու ժամանակ էլ կյանքդ է մայր մտնում։ 

Հետ եմ տանում մազերն ու ձեռքս այտին դնում։ Փակում է աչքերը։

-Սինա՛։ 

Սկսում է նայել ինձ ու ես հասկանում եմ, որ նա կյանքումս հանդիպած ամենագեղեցիկ կինն է։

Սիէնան իմ նկարչուհին է։ Նա կարող է բոլորի համար լուսանկարիչ լինել, բայց ինձ համար նա նկարիչ է։ Սիրում է գույներն իրար խառնել, ինչպես կյանքս է խառնում մինչ օրս։ Բայց Սինան խենթացնող է, նա վրձինի նման նուրբ է, կտավի նման սպիտակ, իսկ հոգին ասես ներկապնակ լինի։ Խառը գույներ կան հոգում, տեսնում ես, բայց չես հասկանում ինչպես է ստացել դրանք։ Երբ առաջին անգամ հանդիպեցինք, վստահ էի, որ Սիէնան իր դերն ունի իմ կյանքում։ Չէ՞ որ սպանել է մորս։ 

Եթե 8 տարի առաջ չթողներ, որ մայրս ինքնասպան լինի ու չվերցներ ականջօղերը, գուցե ես նրա հետ երջանիկ լինեի։ 

Սիրու՞մ է ինձ։ Չգիտեմ… 

Առհասարակ այդ սեր կոչվածն ո՞վ է հորինել։ Երբ հանդիպեցինք, խոստացա, որ չեմ սիրելու Սիէնային, նա էլ ինձ։ Պարզապես մենք պետք է պարզեինք, թե ինչպե՞ս էր մայրս մահացել։ Իսկ ի՞նչ արեց Սինան… 

Սկսեց ամենասովորական դառը սուրճ պատրաստելուց, հետո անցավ գինիներին։ Չէ՞ որ գինուց հետո միշտ սկսում են գլխացավերս։ Ամեն առավոտ արթնանում եմ այն հույսով, որ այս անգամ դեղահաբերն իրոք գլխացավի համար կլինեն։ Սիէնան գեղեցիկ է, բայց հիմար։ Ես հոգեբույժ եմ, նա չի հասկացել, որ այս ութ տարիների ընթացքում դեղահաբերն աղբամանում էին հայտնվում, որովհետև գլխացավի համար չէին, այլ ինձ սպանելու։ Գիտեմ, թե ինչու՞ է ուզում սպանել ինձ, ու նաև գիտեմ, թե ինչու՞ չի սպանում։ Ուզում է սպանել, որ ես առաջինը չսպանեմ իրեն, ու չի սպանում, որովհետև այս ընթացքում սկսել է սիրել ինձ, գուցե սկսել է… չգիտեմ… բայց այլևս առավոտյան սեղանին դեղահաբեր չեմ գտնում։ 

Ես էլ չեմ սպանում, որովհետև փոխարեն պարզելուն, թե արդյո՞ք նա է սպանել մորս, զբաղված եմ նրան սիրելով։ 

Վեր է կենում գետնից, նստում է կողքիս, վառում է ծխախոտն ու զգում եմ ձեռքերի դողը։ Միշտ այդպես է, երբ կողքիս է։ Սիէնայի մոտ թեյի բույրը ճնշում է ծխախոտին, կարող ես անվերջ շնչել նրանից եկող նարինջների հոտն ու խելագարվել։ 

Ծխախոտը դնում է մոխրամանի մեջ ու սկսում է նայել ինձ։ 

-Յո՛ն, չեմ ուզում, որ գնաս։ 

Գիշերվա լռության մեջ սիրում եմ նրա խնդրող ձայնը։ Երբեմն գնում եմ, թողնելով Սինային իր տան դեղին ու կապույտ պատերի հետ, գիտեմ, որ վախենում է մթությունից, բայց գնում եմ։ Այդպես գոնե փորձում եմ ինքս ինձ համոզել, որ կարող եմ ցավեցնել նրան։ 

-Ինչու՞ այլևս դեղահաբեր չես դնում կողքիս։ 

-Միևնույն է դրանք միշտ աղբամանում են հայտնվում։ Ի՞նչ իմաստ ունի։

Գրկում եմ նրան։ Եթե պարզեմ, որ նա է սպանել մորս, ես էլ նրան կսպանեմ։ Բայց քանի դեռ պարզ չէ, կարող եմ սիրել նրան։ 

Սիէնային գրկելը նման է արևին գրկելուն։ Նրա ձեռքերը միշտ տաք են, երբ գրկում է մեջքիդ ջերմություն ես զգում։ 

-Յո՛ն։ Ուզում եմ, որ խոսես ինձ հետ։ Շունչս կտրվում է լռությունիցդ։

Չեմ սիրում պատասխանել։ Ի՞նչ խոսեմ նրա հետ։ Ասե՞մ, որ ուզում եմ այնպես անել, որ ինքնասպան լինի։ Դրանից հետո գոնե կկարողանամ նրան սպիտակ վարդեր տանել։ 

Բայց չեմ թողնում, որ ինքնասպան լինի, չէ՞ որ եթե պարզեմ, որ Սինան կապ չունի մորս մահվան հետ, ինձ չեմ ների։ Այս ութ տարիների ընթացքում չեմ էլ համարձակվում պարզել, իսկ եթե պարզեմ, ու նա իրոք կապ ունենա՞։

-Սինա՛։ 

Սինա նշանակում է գանձ։ Իսկ Սիէնան իտալական քաղաք է, նաև կարմրանարնջագույնի խարնուրդն է։ Երկուսն էլ սազում է նրան, քաղաքի նման գեղեցիկ է ու ներսում աղմուկ, մազերն էլ քաղաքի գույնն ունեն։

-Կմեռնե՞ս ինձ համար։ 

-Յո՛ն, ի՞նչ է քեզ հետ կատարվում։ 

Ու նորից լռում եմ։ Կուզեի պատմել նրան, որ աշխարհում ամենաշատը կցանկանայի, որ ապրեր ինձ համար, կուզեի, որ մի կողմ դներ իր սիրո մասին բոլոր իմացած հեքիաթներն ու պատմեր ինձ ամե ինչ։ 

Սինային հանդիպելուց հետո կյանքս էլ ավելի է բարդացել։ Սկզբում խնդիրս պարզելն էր, թե արդյո՞ք նա է սպանել մորս, իսկ հիմա, թե ինչու՞ է ուզում ինձ սպանել։ 

-Ոչինչ։ 

Ձեռքս դնում եմ այտին ու սկսում սրճագույն աչքերին նայել։ Հայացքս սահում է դեպի շուրթերը։ Արյան նման կարմիր են ու նարինջների համն ունեն։ Ես քեզ սպանելու համար լավագույն տարբերակ եմ ընտրել, Սինա՛։ Դու կսիրահարվես ինձ, իսկ ես այնպես կանեմ, որ չհավատաս սիրուն։ Կանգնում եմ, քայլում եմ դեպի դուռն ու փորձում հեռանալ։ 

-Ջիյո՛ն, ասեցի՛ր, որ չես գնա։ 

-Իսկ դու ասել էիր, որ չես սիրելու ինձ։ 

Բացում եմ դուռն ու հեռանում։

Comments