Chapter 5
Անվերնագիր
Կանգնում է, շրջվում դեպի դուռը:
-Ջիյո՛ն:
Համարձակություն եմ հավաքում նրան մեջքից գրկելու ու զգում եմ նրանից եկող ծաղիկների բույրը:
-Մի՛ գնա:
Շրջվում է, նայում է աչքերիս մեջ ու ժպտում:
-Մի՛ գնա: Ես խոստանում եմ դարակներում հյուրերի համար պահված կոնֆետները քեզ տալ: Թափթփված շորերը կխցկեմ պահարանում, քեզ համար մաքուր ու կոկիկ միջավայր կստեղծեմ: Սեր կքամեմ սեղանին դրված կիտրոնից ու կիտրոնի թթվության չափ բառեր կշռայլեմ: Արի նստենք խոսենք:
Նստում է բազմոցին, վառում է ծխախոտն ու սկսում ձեռք տալ կարմիր մազերիս:
-Ինչպե՞ս են գործերդ:
Ջիյոնի հետ խոսելը նույնն է, թե ինքդ քեզ հետ խոսես: Նա երբեք հարցերին չի պատասխանում:
-Արի սիրենք իրար կիտրոնի թթվության չափ:
-Ի՞նչ ես կպել էդ կիտրոնի թթվությանը:
-Որովհետև այսօրվա գնածդ բոլոր կիտրոնները թթու են:
-Սովորաբար կիտրոնը թթու պետք է լինի:
-Սուրճն էլ դառը, չէ՞:
-Մազերդ՝ կարմիր:
-Աչքերդ՝ դառը շոկոլադի գույն:
Ափսեից մի կտոր լիմոն եմ վերցնում ու սկսում ուտել:
-Ջիյո՛ն:
Նորից սկսում է նայել աչքերիս: Սիրում եմ Ջիյոնի լույսի տակ փայլող աչքերը:
-Ես ուզում եմ, որ մենք մի աղջիկ ունենանք: Կարմրահեր աղջիկ: Ես նրան նկարչության խմբակ կտանեմ ու ճանապարհին իր համար երիցուկներ կգնեմ: Շատ-շատ ու տարբեր գույների ներկեր կնվիրեմ:
Ջիյոնի ձեռքի ծխախոտն իր վերջին վայրկյաններն էր ապրում: Դնում է ծխախոտը մոխրամանի մեջ ու մոխրամանը հաստատ ջերմություն է զգում, այն ջերմությունից, որ մարդիկ իրար գրկելու ժամանակ են զգում:
-Իսկ կարիք կա՞ ինչ-որ մեկի կյանքը փչացնելու:
-Ի՞նչ:
-Մենք՝ ինքներս, մեր կյանքն արդեն փչացրել ենք, կարիք չկա ուրիշին էլ մեզ նման դարձնելու:
-Մեզ ասել են, որ մենք լավն ենք, ու մենք հավատացել ենք դրան:
Վեր է կենում բազկաթոռից, գալիս է ու նստում բազմոցին, ձեռքերը լայն բացում է, ու ես հասկանում եմ, որ գրկելու ժամանակն է:
Ջիյոնի շունչը նման է աշնան քամուն, որը սովորաբար անձրևից առաջ ես զգում: Ջիյոնի քամիներից հետո երբեք անձրև չի գալիս:
Բաց է թողնում, սեղանից վերցնում է ծխախոտի տուփը, բացում է ու մեկնում ինձ: Ներսում երեք հատիկ է, մեկը՝ ինձ, մյուսը՝ նրան, վերջինն էլ… նա երբեք չի թողնում, որ վերջին հատիկի համար կռիվ սկսվի, միշտ գրպանում ավելորդ ծխախոտի տուփ ունի՝ լիքը հատիկներով: Վառում եմ ծխախոտն ու ավելի մոտ նստում Ջիյոնին:
-Դու ապրելուս վերջին հատիկն ես, Ջիյոնա՛:
-Ես քեզ սպանող վերջին հատիկն եմ:
-Ինչու՞ երբեք չես ասում, որ սիրում ես ինձ:
-Բայց սիրու՞մ եմ:
-Չես սիրում։
Մատներիս արանքում վաղուց հանգած ծխախոտը դնում եմ մոխրամանի մեջ ու նայում Ջիյոնի դառը շոկոլադի գույն ունեցող աչքերին։
Իսկ հետո սկսում ենք վիճել, թե մեզնից ո՞վ է ավելի շատ սիրում։ Մի պահ լռում ենք, երևի վերջապես հասկանում ենք, որ իրականում մեզնից ոչ մեկն էլ չի սիրում, էլ ուր մնաց չափաբաժինը որոշենք։
Ջիյոնը պատերամզի է նման։ Մենք պատերազմի ենք նման։ Մեր կռիվներ ժամանակ մահանում են զգացմունքներ․ ծնվում են արցունքներ ու ապրում ափսոսանքներ։
Հեռվում պայթյուն է լսվում։ Չէ, արկ չի, ոչ էլ նռնակ։ Սրտի պայթյունն ուրիշ է, ձայնը նման է լացի, իսկ բեկորները չեն թռչում մինչև 200մ շառավղով, ինչպես նռնակի դեպքում է։ Սրտի բոկորները մնում են իրենց տեղերում, չեն ոչնչացնում ու չեն սպանում ոչ ոքի։ Բայց Ջիյոնը․․․ նրան պետք չեն ոչ նռնակներ, ոչ էլ պատերազմներ, նա առանց դրանց էլ կարող է սպանել ու ոչնչացնել ինձ։
-Ջիյո՛ն։ Նայի՛ր, ժամը 23։52 է, ընդամենը 8 րոպեից քո ծննդյան օրն է։
Ջիյոնը նայում է ժամացույցին ու բռնում ձեռքս։
-Բաց թո՛ղ։ Ես պետք է տորթը մոմերով զարդարեմ։
Ձեռքս բաց է թողնում ու ես շտապում եմ խոհանոց։ Ջիյոնն առհասարակ քաղցր չի սիրում, բայց ծննդյան տորթերի հանդեպ ոչ ոք անտարբեր չի կարող մնալ։ Մոմի վերջին՝ 27-րդ հատիկով ցավեցնում եմ տորթին, վառում եմ մոմերն ու մթության մեջ փորձում գտնել հյուրասենյակը։ Մոտեցնում եմ վառվող մոմերով տորթը Ջիյոնին ու թույլ լույսի տակ տեսնում փայլուն աչքերը։
-Դե՛, երազանք պահի՛ր ու փչի՛ր։
Նայում է աչքերիս, ժպտում, փակում է աչքերն ու ես ավելի եմ սիրահարվում նրա երկար թարթիչներին։ Իմ երազանքներում միշտ Ջիյոնն իր տեղն ունի, բայց ես վստահ չեմ, որ իր երազանքներն ինձ հետ որևէ կապ ունեն։
Բացում է աչքերը, փչում է մոմերն ու մենք հայտնվում ենք ամբողջովին մթության մեջ։ Զգում եմ ինձ մոտեցող տաք շուրթերը։ Ջիյոնի համբույրներն այս տորթի նման քաղցր են։
-Ի՞նչ երազանք պահեցիր։
-Որ մենք մի աղջիկ ունենանք: Կարմրահեր աղջիկ: Դու նրան նկարչության խմբակ տանես ու ճանապարհին իր համար երիցուկներ գնես: Շատ-շատ ու տարբեր գույների ներկեր նվիրես:
-Իսկ դու նրան ջութակ նվագել կսովորեցնես։
Մոտեցնում եմ իր այդքան սիրելի ջութակն ու խնդրում նվագել։ Իր ջութակից էլ է նույն ծաղիկների բույրը զգացվում։ Ես ու Ջիյոնի ջութակը շատ քիչ ենք տարբերվում, մենք չորս լար ունենք։ Փոքր օկտավայի սոլն ինձ մոտ փոքր հիշվող դետալներն են՝ ամսաթվեր, ժամեր, օրեր։ Հաջորդն առաջին օկտավայի ռեն է, ինչպես ռե նոտան է գրվում երկրորդ գծի վրա, այդպես էլ երևի ես Ջիյոնի զգացմունքների երկրորդ գծում եմ, չէ՞ որ առաջին տեղում միշտ ինքն է։ Մյուս լարը լյան է, թվով վեցերորդ նոտան է, ինձ մոտ վերցերորդ տեղում հավանաբար մեր կռիվներն են, սովորաբար բազում գործիքներ լարում են լյա նոտայով, այդպես էլ մենք մեր կռիվներով լարում ենք մեր հարաբերությունները։ Վերջինն երկրորդ օկտավայի մին է, մի նոտան սոլֆեջիոյում երրորդն է, իսկ ինձ մոտ երրորդը միշտ Ջիյոնի ծխախոտներն են։ Ջութակը լռում է։
Քայլում եմ դեպի Ջիյոնն ու գրկում նրան։
-Հիշու՞մ ես, երբ վերջին անգամ բաժանվում էինք ջութակդ ներկա չէր։
-Կարևորը ծխախոտ կար։
-Քեզնից հեշտ է բաժանվելը, բաժանվելուց հետոն է դժվար․․․ քեզնից բաժանվելու դեպքում արցունքների կարիք չկա, ոչ էլ բղավոցների կամ կոտրված իրերի, դու գիտես բաժանվել՝ զուսպ, առանց ավելորդ գրկախառնությունների։
-Բայց մեր մեջ միշտ ծխախոտի մի հատիկ կա։
-Քո ծխախոտները նույնիսկ մեր բաժանման պահերին են ներկա։
Ձեռքից վերցնում եմ գրեթե վերջացած ծխախոտի հատիկը։
-Սա ինձ ավելի շատ է պետք։
-Նորից չսկսես ծխել։
Բացում է ծխախոտի տուփը։
-Լավ է, մի հատիկ մնաց։
-Ախ, այդ մի հատիկ ծխախոտը։
Ջիյոնի աչքերը սովորաբար դառը շոկոլադի գույնն ունեն, բայց այդ օրը ծովի գույն ունեին՝ գիշերվա ծովի, երբ ցանկացած լույսի շող ավելի է փայլում աչքերում։
-Այդ օրվանից ինձ մնաց ընդամենը մի հանգած ծխախոտ, իսկ քեզ ամենաթանկը, որ ունեի՝ ես։
Դուրս ենք գալիս, միանգամից զգացվում է օդի սառնությունը։ Ջիյոնի կողքին քայլելիս կարող ես անվերջ խոսել, չէ՞ որ նա միակն է, ով լսում է քեզ, նույնիսկ, եթե չի արձագանքում։ Խենթանում եմ, երբ նրա բույրը խառնվում է քաղաքիս քամիներին։
Քայլելու ընթացքում փորձում եմ բռնել Ջիյոնի ձեռքը, բայց համարձակություն հերիքում է միայն ձեռքից ծխախոտը վերցնելուն։
-Կարո՞ղ եմ քեզ սեր խոսոտովանել։
-Կարո՞ղ եմ չպատասխանել։
Եթե ինձ հարցնեին, թե արդյո՞ք Ջիյոնն ինձ սիրում է, կպատասխանեի, որ ո՛չ։ Իսկ այն հարցին, թե ինչու՞ եմ ես նրա կողքին, կպատասխանեի, որ ես եմ սիրում։
Ջիյոնը երբեք ինձ անունով չի դիմում, հետևաբար երբեք չի կանչում։
Ու երբեմն ինձ թվում է, թե մեր պատմությունն ավարտվելու է այն ժամանակ երբ Ջիյոնից լսեմ իմ այդքան սիրելի անունը։