1. Քեզ ապրելու վերջին հատիկը

Chapter 3

Բաժանվե՞լ

-Սպասի՛ր, Ջիյոնա՛, ախր մենք պետք է հաշվենք վայրկյանները, հետո նոր բաժանվենք: 

-Վեց: 

-Երեք: 

-Երկու: 

-Երկու: 

-Մեկ: 

Կանգնում է ու շրջվում դեպի դուռը: 

…………………………………………………………………………………………………․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Ջիյոնից պետք է մեկ անգամ բաժանվել՝ մարդավարի, առանց ավելորդ գրկախառնությունների ու արցունքների: 

Կյանքում ոչ թե բաժանման պահերն են տխուր ու դժվար, այլ բաժանումից հետոները: Բաժանումից երկու ամիս է անցել, բայց ես դեռ շարունակում եմ թեյի երկու բաժակներն էլ լցնել: Ու հա բաժակներից մեկի թեյն անպայման  քաղցր պետք է լինի, չէ՞ որ Ջիյոնը թեյը քաղցր է խմում: Իսկ սուրճ պատրաստելու կարիքն ընդհանրապես չկա, ո՞վ է խմելու: 

Անսովոր է բաց վարագույրներով ապրելը, ամեն առավոտ վերնաշապիկներ չարդուկելը, սուրճ չպատրաստելը, բայց ապրելը միևնույն է սովորական է: Նայում եմ թեյի սառնությունից բողոքող բաժակին ու հասկանում, որ այն այդպես էլ չի դատարկվելու: Ինչպես մտքերս չեն դատարկվում քեզնից, ամեն անգամ հիշողության գդալով խառնելուց հետո: Ինչևէ, թող չդատարկվի: Վերցնում եմ սեղանին դրված բանալիներն ու դուրս գալիս: 

Մարդիկ քայլում են փողոցով ու չեն էլ զգում աշնան սառնությունը: Շատերը երևի տուն են շտապում, առանց հասկանալու, որ հենց մենք ենք փոքրիկ տնակներ: Մենք փոքրիկ քայլող տնակներն ենք, մենք ինչ-որ մեկի տունն ենք՝ տաք, հարմարավետ, գուցե մի քիչ թափթփված, բայց սիրելի: Փողոցի անցումներն էլ հաստատ նրա համար են, որ տուն շտապելուց մի պահ կանգ առնենք, խորը շունչ քաշենք, նայենք մեր շուրջն ու հասկանանք, որ գուցե մեր տնակը մեր կողքին է ու ուղղակի պետք է գրկել և վերջ, դու տանն ես: Մի պահ ես էլ եմ կանգ առնում, չէ, նրա համար չէ, որ փողոցն անցնելու խնդիր կա, պարզապես անցումներից դուրս էլ պետք է մի պահ կանգ առնել ու շուրջը նայել: Շարունակում եմ քայլել ու պատահաբար կանգնում եմ ինձ ընդառաջ եկող սև կոշիկներով ոտքերին: 

-Կներե՛ք, ես տուն շտապողներից չեմ: 

Ծանոթ բույր եմ զգում, բայց համարձակությունս չի հերիքում գլուխս բարձրացնելու ու նրա աչքերին նայելու համար: 

-Գիտե՞ք, Ձեր կոշիկներից երևում է, որ դուք մաքուր ու հավաքված տնակ եք: Ի դեպ Ձեզնից ծաղիկների հոտ է գալիս: 

-Ծխախոտին ու օծանելիքին խառնվա՞ծ: 

-Ի՞նչ: 

Բարձրացնում եմ գլուխս ու նորից հանդիպում ինձ հարազատ հայացքին:

-Ութ տարի առաջ տնակներից չխոսեցիր: 

-Բայց ծաղիկների բույրը՝ ծխախոտին ու օծանելիքին խառնված, նույնն է:

-Ամեն ինչն էլ նույնն է, փողոցը, մազերիդ գույնը, ոտքերիս կանգնելը:

-Բայց մենք նույնը չենք, Ջիյոնա՛: ՄԵՆՔ ՆՈՒՅՆԸ ՉԵՆՔ: 

-Իսկ թիթեռնե՞րը: 

-Ի՞նչ թիթեռներ, Ջիյոնա՛: Մեր մեջ միայն սարդոստայններ են, այն էլ առանց սարդերի: Մեր մեջ թիթեռներ չեն թռչում, նույնիսկ սարդեր չկան, որ շարժվեն ու զգաս, որ դեռ ողջ ես: Մեր մեջ միայն սարդոստայններ են, որոնք շարժվում են, երբ մի թեթև քամի է լինում: Մեր մեջ սարդոստայններ են առանց սարդերի: Հասկանում ես, չէ՞: 

-Չէ: 

-Գիտե՞ս ինչ, արի նորից չփչացնենք ամեն ինչ ինչպես ութ տարի առաջ:

-Թեյ կուզե՞ս: 

-Արդեն փչացնում ես: 

Շարունակում եմ ճանապարհս՝ Ջիյոնին հետևումս թողնելով: Մի քանի քայլ անելուց հետո կանգ եմ առնում, շրջվում եմ ու նայում, թե ինչպես է հեռանում: Էս քաղաքը Ջիյոնի բույրն ունի, Ջիյոնի աչքերի գույնն ու Ջիյոնի սառը հայացքը: 

Ջիյոնին տեսնելուց հետո ոտքերս ակամա ինձ իր տան մոտ են տանում, բայց ներս մտնելու համարձակություն չունեմ՝ չնայած տան բանալին ունենալուն: Երբեք մտքովս չի անցել Ջիյոնի տան դուռը բացել, ներս մտնել: Չեմ ուզում իր տանն իմ բույրը տարածվի, նման դեպքերում ավելի դժվար կլինի հետո տունը կարգի բերելը: 

Ութ տարի անց վերջապես համարձակվում եմ բանալին պտտել ու բացել Ջիյոնի տան դուռը: Ներս եմ մտնում ու տեսնում բազմոցին նստած Ջիյոնին:

-Փաստորեն, դու տուն շտապողներից ես: 

-Փաստորեն, դու էլ ուրիշի տուն շտապողներից ես: 

Պայուսակս դնում եմ պահարանի վրա: Քայլում եմ դեպի մութ հյուրասենյակը, բացում եմ վարագույրներն ու լույսը ընկնում է ուղիղ Ջիյոնի վրա: Միանգամից փակում է աչքերը: 

-Ի՞նչ ես անում: 

-Տունդ եմ կարգի բերում: 

-Ամբողջ օրն ինչ-որ տնակներից ես խոսում: Մի՞թե բացակայությունս այդքան ազդել է: 

-Պարզապես դու թափթփված տնակ ես, գուցե դրսից մաքուր ու կոկիկ ես,բայց ներսդ թափթփված է, իսկ այս դեպքում չեմ կարող ներսդ հավաքել: Յուրաքանչյուրս պետք է ինքներս մեր տնակը կարգի բերենք, ուրիշը չի կարող:

Գնում եմ խոհանոց ու սկսում լվանալ սուրճի բաժակները: Մեջքիս հետևում զգում եմ Ջիյոնի բույրը: Սառը ձեռքերը, որոնք գրկում են ինձ: Շունչը, որը նման է սառը քամու, մինչև ականջներիդ ծայրը զգում ես, ու ականջներդ սկսում է կարմրել ցրտից: Փակում եմ աչքերս ու փորձում ստիպել ինքս ինձ, որ չպտտվեմ ու փոխադարձ չգրկեմ: 

-Բաց թող: 

-Պետք չի, ես գիտեմ, որ դու ատում ես սուրճի բաժակներ լվանալը:

-Ոչ այնքան, ինչքան քեզ: 

Բաց է թողնում, ու ես սկսում եմ շնչել: Չեմ շրջվում, որ չհանդիպեմ սառը հայացքին, չնայած գուցե հայացքը փոխվել է: Բայց գրկելը չի փոխվել, Ջիյոնի

գիրկը երիցուկներով այգի է: Ջիյոնը երկու ձեռքերով է գրկում, ամուր: Ու երևի աշխարհում ոչ մի ուրիշ գիրկ չի կարող փոխարինել նրա գրկին: Բաժակները լվանալուց հետո զգում եմ, որ ձեռքերս սառել են: Գնում եմ ու նստում բազմոցին: Ջիյոնը գալիս է ու նստում կողքիս: Վերցնում է ձեռքիցս ծխախոտն ու սկսում ծխել: 

-Էյյյ, դա իմն է: 

-Կարծում էի թողել ես ծխելը: 

-Ծխելը դեռ ոչինչ, քեզ չեմ կարողանում թողնել: 

Ու լռում ենք: Ջիյոնի լռությունը նման է աշնանը ծառից ընկնող տերևին: Ընկնում է ու թվում է վերջ, բայց հանկարծ մեկը ոտքը վրան է դնում, ու տերևը փշրվում է: Այս դեպքում էլ մեր լռությունը փշրողը հենց ինքն էր:

-Վերնաշապիկներս կարոտել են ձեռքերիդ: 

-Իսկ դու՞: 

-Ես ի՞նչ: 

-Դու կարոտե՞լ ես: 

Կանգնում է, մոտենում է պատուհանին ու փակում է սպիտակ վարագույրները: Վարագույրներից կարելի է հասկանալ, որ չափից շատ է ծխում, ծուխը բարձրանում է ու կախվում վարագույրների կոկորդից: Հնարավոր է՝ խեղդում է, բայց վարագույրներն էլ ինձ նման դիմանում են Ջիյոնի բնավորությանը: Թվում է, թե Ջիյոնը հարցերից փախչող է, բայց ոչ, ուղղակի պետք է նրա լռությունը լսել կարողանալ: 

Քայլում եմ դեպի ննջասենյակը, ձեռքս դնում եմ դռան բռնակին, շրջվում, նայում եմ Ջիյոնին: Հայացքով թույլ է տալիս բացել դուռն ու ներս մտնել: Երբեք չէի պատկերացնի, որ Ջիյոնի անկողինը կարող է սպիտակ լինել, ինչպե՞ս կարող է իմ սևի պատկերացումն այսքան շատ սպիտակ իրեր պահել տանը: Նստում եմ անկողնու վրա ու միանգամից զգում նրա բույրը՝ ծխախոտի հոտը՝ ծաղիկներին ու օծանելիքին խառնված: 

Քայլում եմ դեպի պահարանը, բացում եմ պահարանի դուռը, կողտոտ ու չարդուկած վերնաշապիկներն ընկնում են վրաս: 

-Ջիյոնա՛: 

Ջիյոնը ներս է մտնում ու սկսում ծիծաղել: 

-Բա որ ասում էի՝ ներսից թափթփված ես, մի կողմ քաշվի՛ր: 

Վերցնում եմ վերնաշապիկներն ու դուրս գալիս ննջասենյակից: Գնում եմ ու սկսում ձեռքով լվանալ բոլորը: Ջիյոնը գալիս է ու նստում գետնին, սկսում է հայացքով սահել ձեռքերիս վրայով: 

-Ինչու՞ ես ձեռքով լվանում, ձեռքերդ կսառեն: 

-Միևնույն է չես հասկանա: 

Լվանում եմ բոլոր վերնաշապիկներն ու սկսում արդուկել չորացնելուց հետո: Նորից մեջքիս հետևում զգում եմ նրա շունչը: 

-Չգրկե՛ս: 

Հետ է քաշվում, նստում է դիմացս ու սկսում ծխել: Սառը, երկար մատներով այնքան նուրբ է բռնում ծխախոտի հատիկը, որ երբեմն ուզում ես ծխախոտի վերածվել: 

-Հերիք է ինձ նայես: Վերնաշապիկս հիմա կայրվի:

Ուշքի եմ գալիս: Վերնաշապիկները դասավորում եմ պահարանում ու գնում հյուրասենյակ: Վերցնում եմ վերարկուս,ու Ջիյոնը բռնում է ձեռքս:

-Մի՛ գնա: 

-Չեմ ուզում մնալ, հետո գնալն ավելի դժվար է լինելու: 

Քաշում եմ ձեռքս, հագնում վերարկուս ու բացում դուռը: 

-Ես հետդ եմ գալիս: 

Երբ մի պահ քեզ թվում է, թե արդեն կարող ես հաղթել Ջիյոնին ու նրա հանդեպ զգացածիդ, սխալվում ես: Ջիյոնը պարտվողներից չէ, իսկ դու միայն նրան ես պարտվում: 

…………………………………………………………………………………………………..․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

-Ների՛ր, մի քիչ ցուրտ է: 

Ջիյոնը մոտենում է ու գրկում: 

-Էլ ցուրտ չի: 

Ազատվում եմ ինձ տուն հիշեցնող գրկից ու քայլում դեպի խոհանոց: Թեյնիկը դնում եմ գազօջախին ու հենվում խոհանոցի սեղանին: Ջիյոնը ներս է մտնում, սև վերնաշապիկով, բայց սպիտակ ժպիտով, մոտենում է ու ես մոռանում եմ շնչելու մասին: Մեր միջև տարածություն չլինելու պատճառով փակում եմ աչքերս: Երկու սառը ձեռքեր գրկում են իրանս ու Ջիյոնն էլ ավելի է մոտենում: Մեր շուրթերի միջև եղած հեռավորությունը նույնիսկ միլիմետրերով դժվար կլինի չափել: 

Ու լսվում է եռացող թեյնիկի ձայնը: Բացում եմ աչքերս ու հանդիպում դառը շոկոլադի գույն ունեցող աչքերին: Ջիյոնը հետ է քաշվում, չգիտեմ էլ այս դեպքում արժի՞ թեյնիկին շնորհակալություն հայտնել, թե՞ բողոքել:

Մոտենում է սեղանին դրված ծաղկամանին: 

-Ինչու՞ է դատարկ: 

-Ծաղիկներ նվիրող չունեմ, ինքս էլ ծուլանում եմ գնել: 

-Ասում էիր մենք տնակներ ենք, չէ՞: 

-Ըհը: 

-Կարծում էի ներսումդ ամեն ինչ իր տեղում է, մաքուր ու հավաքված տնակ ես: -Իրականում այդպես է, Ջիյոնա՛, պարզապես մոռանում եմ երբեմն փոշիները սրբել: 

Գնում եմ խոհանոց ու վերցնում կարմիր գինին: Բերում եմ ու դնում սեղանին: Բացում եմ ու սկսում շշով խմել: Ջիյոնը ժպտում է, գալիս է ու նստում է կողքիս:

-Կուզե՞ս խմել: 

-Ես խմելու ուրիշ ձև գիտեմ: 

Մոտենում է շուրթերիս ու նորից ես մոռանում եմ շնչելու մասին: Զգում եմ Ջիյոնի տաք շուրթերի հպումը: Նրա համբույրը նման է աշնան անձրևին: Սկզբում մի քանի թեթև կաթիլներ ընկնում են, հետո միանգամից սկսվում է հորդառատ անձրևը: Քեզ համար սկզբում հաճելի է, ակամա դառնում ես այն մարդկանցից, ովքեր անձրևից չեն փախչում ու կանգառներում թաքնվում: Հպարտ սկսում ես քայլել անձրևի տակով, մի քիչ մրսում ես, հետո մի պահ ամբողջ մարմնով սկսում դողալ: 

Բացում եմ աչքերս ու փորձում հետ քաշվել: 

-Գինու համն ունես:

-Իսկ դու դառը սև սուրճի, մի քիչ էլ վիսկիի: 

-Բայց դու երկուսի համն էլ չգիտես,չէ՞: 

-Չգիտեմ: Բայց ես կպատկերացնեմ, որ սև սուրճը հենց քո համն ունի, Ջիյոնա՛: Ու մի բան էլ, դու իմ տնակն ես, իմ թափթփված ու տաք տնակը: Ու ես մրսում եմ առանց քեզ: 

…………………………………………………………………………………………………..․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Իմ ու քո բաժանումն ընկած է գետնին նետված ծախկեփնջի ու ասֆալտիարանքում: Ես քեզ նման չեմ, դու, ծխախոտներն աղբամանը նետելով, փրկումես ինքդ քեզ խելագարվելուց, իսկ ես ծաղկեփունջը նետելով՝ փրկում եմ ինձքեզնից: Ինքս ինձ համոզում եմ, որ ծաղկեփունջը նետելով, քեզ էլ եմ նետումկյանքիցս՝ երբեք չվերցնելու պայմանով:

Comments