Chapter 20
իտալիան ու ես (փով ջիյոն)
Սիէնան կանգնում է, վազում է դեպի պահարանն ու վերցնում լուսանկարչական ապարատը։ Վազում է ու քաշում ձեռքիցս․
-Արի՛, կանգնի՛ր, այո՛, հենց այս պատի մոտ։
Նայում եմ դիմացս կանգնած Սիէնային։ Լույսը գալիս է ձախ կողմից, ընկնում է նրա մազերի վրա։ Այդ կարմրավուն երանգը, որ սովորաբար մեղմ է, հիմա պայծառ շողերի մեջ բռնկվում է։ Սպիտակ, բարակ ու թափանցիկ վերնաշապիկի վերևի երեք կոճակներն արձակած են, իսկ թևերը ծալված մինչև արմունկները։
Այսօր ջինսե շորտ է հագել, հրաշալի է, կարող եմ հիանալ նրա գեղեցիկ ոտքերով։ Ոտաբոբիկ է՝ արևի շողերի տաքությունը ոտքերի մաշկին նստած։
Երիցուկի տեսք ունեցող ականջօղերը սազում են նրա պարանոցը գրկող երիցուկով վզնոցի հետ։ Իսկ դաստակին բարակ արծաթագույն թևնոց է, որը լույսի տակ փայլում է։ Նրա բույրը տարածվել է սենյակում, բայց նարինջների փոխարեն նրանից հիմա թարմ լվացքի հոտ է գալիս։
Ուզում եմ մոտենալ ու համբուրել էս կնոջ պարանոցը, բայց կանգ եմ առնում։ Չէ՛, չե՛ս կարող, հիմա պետք չէ, պահը չփչացնե՛ս։
-Ջիյոնա՛, պատկերացրու, որ մենք Փարիզում ենք՝ Լուվրի դիմաց։ Դու կանգնած ես ապակյա բուրգի առաջ, իսկ ես պատրաստվում եմ լուսանկարել քեզ։
Զարմանում եմ, բայց մտքումս արդեն պատկերացնում եմ մեզ Իտալիայում՝ Սիենա տաճարի դիմաց։
-Յո՛ն, արի պատկերացնենք, որ գիշեր է։ Ու կապ չունի, որ հիմա արևի շողերն ուղիղ վրադ են ընկնում։
Չէ՛ Սինա, ինձ համար հիմա արևածագ է։ Արևի առաջին շորերը դանդաղ սահում են Սիենայի տաճարի սպիտակ ու սև գծերով պատերին։
Սիէնան կանգնած է արևածագի մեջ՝ լուսանկարչական ապարատը ձեռքին։ Նրա մազերը փոքր-ինչ ծալվում են առավոտյան քամուց, իսկ աչքերի մեջ կրակ կա՝ այն նույն կրակը, որ միշտ ստիպում է ինձ լռել։
Սիէնան բարձրացնում է լուսանկարչական ապարատը, ու ես լսում եմ ոսպնյակների սեղմման ձայնը։ Այդ պահին Սիէնան մի ամբողջ աշխարհ է պահում իր տեսանկյունից։ Գալիս է ու նստում հատակին, նստում եմ կողքին ու խորը շունչ քաշում։ Գլուխը դնում է ուսիս ու ես նկատում եմ Սիէնայի հայացքը ուղղված պարանոցիս։ Հետո փակում է աչքերը։ Աշխարհի ձայները խլացան․ մնացին միայն նրա շնչառության մեղմ ռիթմը ու իմ սրտի անհանգիստ բաբախը։
Զգում եմ Սիէնայի մազերի բույրը, որ շոյում են պարանոցս, ինձ թվում է՝ եթե շարժվեմ, եթե նույնիսկ ավելի խոր շունչ քաշեմ, կարող եմ փչացնել այս անդորրը։
Փակում եմ աչքերս մեկ վայրկյանով՝ լսելով Սիէնայի շնչառությունը, պատկերացնում եմ, թե ինչքան գեղեցիկ կլիներ կյանքը, եթե մենք իրոք Սիենայում ապրեինք։ Ներսումս ինչ-որ բան ասում է․ <<Մի՛ բացիր աչքերդ, Սիէնան մի աբողջ աշխարհ է>>։
-Ջիյո՛ն։
Ախ այս կինը։ Բացում եմ աչքերս ու հասկանում, որ աշխարհի ոչ մի քաղաքում Սիէնան ինձ չի սիրելու։
-Գիտե՞ս մայրս ուզում էր Փարիզ գնալ, իրեն մի անգամ ասել էին, որ Փարիզը սիրո քաղաք է, ինքն էլ հավատացել էր։
-Քեզ նման է՝ ամեն ինչի հավատում է։
-Չէ՛, կար մի բան որին այդպես էլ չհավատաց։
Ի՞նչ գիտես, թե մայրդ ինչերի է հավատում, Սիէնա՛։ Նա դեռ հավատում է, որ կարելի է հոգեբուժարանի սպիտակ պատերը նկարներով ծածկել, առաստաղից կախված լամպին մարդկային կերպարանք տալ, նա հավատում է, որ աշխարհում ինչ-որ մի տեղ ու ինչ-որ մի ժամանակ սիրել են իրեն։
Կանգնում է ու քայլում դեպի սեղանը, վերցնում է ծխախոտի տուփը։ Սեղանին է դնում լուսանկարչական ապարատն ու գալիս նստում է կողքիս։
Հիմա արևը ուրիշ է։ Արևի շողերը սահում են հատակին ու դիպչում Սիէնայի ոտքերին։ Ես նայում եմ, թե ինչպես է լույսը գրկում նրա սպիտակ ոտքերը։ Ջինսե շորտից ցած թափվող ստվերները խաղում են նրա մաշկի հետ, իսկ ոտաբոբիկ Սիէնան անպաշտպան է թվում ու միևնույն ժամանակ անսահման ազատ։
Աջ ոտքը զարդարում է բարակ, արծաթագույն շղթան․այնքան նուրբ, որ թվում է՝ լույսն ինքն է կախվել նրա սրունքի շուրջ։ Ամեն շարժման հետ շղթան փայլում է՝ հիշեցնելով, որ ես սիրում եմ այս կնոջը։
Նստած եմ Սիէնայի կողքին ու չեմ կարողանում աչքերս կտրել նրանից։ Հնարավոր չէ որոշել՝ արև՞ն է գեղեցկացնում նրան, թե՞ նա է արևին դարձնում ավելի պայծառ։ Ու ես ուզում եմ, որ ժամանակը մնա այս հատակին, այս լույսի մեջ, նրա ոտքերի շուրջ խաղացող շողերի մեջ։ Մտքումս մի բան կա․ եթե գեղեցկությունը երբևէ կարելի է սահմանել, ապա դա հենց այս տեսարանն է։
-Եթե Միրաբելը խելագառ չլիներ, կապրեի՞ր նրա հետ։
-Ես նույնիսկ ինքս ինձ հետ չեմ ուզում ապրել, Ջիյոնա՛։
Իսկ ես ուզում եմ ապրել քեզ հետ, Սիէնա՛։ Ես ուզում եմ ամեն առավոտ տեսնել քեզ այս հագուստով, ոտաբոբիկ։
-Բայց ինձ հետ ուզում ես, չէ՞։
-Ըհը։
Համբուրում եմ մեղրի համն ունեղող շուրթերը։ Կարծես նարնջի հյութը մի պահ անցնում է լեզվիս վրայով։ Ու ես հասկանում եմ, որ Սիէնայի հանդեպ ունեցած բոլոր ցանկություններս հաղթում են ինձ։