1. Քեզ ապրելու վերջին հատիկը

Chapter 19

փարիզն ու դու

Կանգնում եմ, քայլում եմ դեպի պահարանն ու վերցնում լուսանկարչական ապարատը։ Վազում եմ ու քաշում Ջիյոնի ձեռքից; 

-Արի՛, կանգնի՛ր, այո՛, հենց այս պատի մոտ։ 

Նայում եմ սպիտակ պատի մոտ կանգնած Ջիյոնին։ Լույսն անցնում էր մեր ձախ կողմի պատուհանից ու լուսավորում նրա դեմքը։ Այդ ոսկեգույն շողերը պարում էին Ջիյոնի մաշկի վրայով ու ընդգծում պարանոցի երակներն ու խալերը։ Ջիյոնը պարզապես կանգնած էր, բայց թվում էր՝ հասկանում է լույսի լեզուն, լույսն էլ իրենը։ Նրա ձեռքերից մեկն իջած է մարմնի երկայնքով, մյուսը մեղմ շոյում է ծնոտը։ Նրա մատները երկար են, ճկուն, այնպիսին, որ կարող են կամ սիրով շոյել, կամ երաժշտություն հանել լռությունից։ Մաշկը բարակ է, գրեթե թափանցիկ, այնքան պարզ, որ երակները երևում են բաց կապույտ երանգով։ 

Նրա սև մազերը մի փոքր խառնված են՝ ինչպես միշտ։ Մի քանի ալիք թեքվել են ճակատին, բայց ես չեմ կարող ինձ ստիպել ուղղել դրանք; Այդ փոքր խառնվածությունն իր մեջ ամբողջ Ջիյոնն է՝ անբացատրելի, անկրկնելի, թեթև մռայլությամբ։ 

Նրա վերնաշապիկը պարզ է՝ սպիտակ, մի փոքր լայն։ Վրան մի փոքրիկ երիցուկի պատկեր կա՝ ձախ գրպանի վերևում, գրեթե աննկատ։ Ջիյոնը սիրում է ծաղիկները, բայց երբեք չի խոստովանում։ 

-Ջիյոնա՛, պատկերացրու, որ մենք Փարիզում ենք՝ Լուվրի դիմաց։ Դու կանգնած ես ապակյա բուրգի առաջ, իսկ ես պատրաստվում եմ լուսանկարել քեզ։ Ջիյոնը զարմացած նայում է ինձ, ապա խորը շունչ է քաշում ու թեթև շրջվում դեպի երևակայական բուրգը, կարծես իրականում այն այստեղ է։ Նրա ուսերը մի փոքր ուղղվում են, իսկ դեմքի արտահայտությունն այնպիսին է, որ թվում է՝ լուսանկարն իսկապես կարևոր է։ 

Հիմա Ջիյոնը կանգնած է իմ դիմաց։ 

-Յո՛ն, արի պատկերացնենք, որ գիշեր է։ Ու կապ չունի, որ հիմա արևի շողերն ուղիղ վրադ են ընկնում։ 

Լույսերը պարուրում են Ջիյոնին՝ ասես գիշերվա մեջ ոչ թե պարզապես կանգնած էր, այլ դարձել էր այդ լուսավորության աղբյուրը։ Նրա մազերը՝ սև ու փափուկ ալիքներով, կլանում են լույսը, բայց միևնույն ժամանակ մի փոքր փայլ են արձակում եզրերին։ Քամին շոյում է մազերը, մի ակընթարթ սևը ոսկեգույն է երևում։ Այդ փայլը հազիվ է նկատվում, բայց բավական է ինձ ստիպելու հիանալ, շնչառությունս պահել, որ հանկարծ ոչինչ չկորցնեմ։ 

Բարձրացնում եմ լուսանկարչական ապարատն ու սկսում օբյեկտիվով նայել ինձ այդքան երազելի էակին։ Լավ է՝ ուղիղ աչքերիս չի նայում։ Սեղմում եմ նկարելու կոճակն ու վերջ՝ առաջին լուսանկարը պատրաստ է։

Խորը շունչ եմ քաշում։ Գնում եմ ու նստում լուսանկարչական ֆոն ծառայող պատի տակ, Ջիյոնը նստում է կողքիս։ Գլուխս դնում եմ ձախ ուսին ու վերնաշապիկը մի փոքր ներքև է քաշվում։ Մի ամբողջ վեպ կարելի է գրել Ջիյոնի վերնաշապիկի տակից երևացող խալերի ու պարանոցի երակների մասին, նախաբանն էլ կլինի ծաղիկների բույրը՝ ծխախոտին ու օծանելիքին խառնված։ 

Փակում եմ աչքերս ու երազում իրոք Լուվրի դիմաց լինել Ջիյոնի հետ։ Լուվրը պարզապես մի շինություն չէ իմ մտքում՝ հայտնի կամ գեղեցիկ լինելու համար։ Լուվրը միշտ էլ եղել է արվեստի տուն՝ լռության մեջ պատմություն պատմող դիմանկարների, ստվերում ապրող հայացքների, գույների, որոնք խոսում են նկարների լեզվով։ 

Ես ուզում եմ, որ Ջիյոնը լինի այդ մթնոլորտի մեջ՝ թեկուզ երևակայական։

-Ջիյո՛ն։ 

Բացում եմ աչքերս ու վերադառնում իրականություն, որտեղ ո՛չ Լուվր կա, ո՛չ էլ առավելևս ինձ սիրող Ջիյոն։ 

-Գիտե՞ս մայրս ուզում էր Փարիզ գնալ, իրեն մի անգամ ասել էին, որ Փարիզը սիրո քաղաք է, ինքն էլ հավատացել էր։ 

-Քեզ նման է՝ ամեն ինչի հավատում է։ 

-Չէ՛, կար մի բան որին այդպես էլ չհավատաց։ 

Դադարում եմ խոսել, կանգնում եմ, քայլում եմ դեպի սեղանն ու վերցնում ծխախոտի տուփը։ Սեղանին եմ դնում լուսանկարչական ապարատն ու գալիս նստում Ջիյոնի կողքին։ 

Հիմա արևի դիրքը փոխվել է՝ ուղիղ մեր ոտքերի վրա է ընկնում։ Հաճելի ջերմություն եմ զգում արևի շողերից ու վառում ծխախոտը։ 

-Եթե Միրաբելը խելագառ չլիներ, կապրեի՞ր նրա հետ։ 

-Ես նույնիսկ ինքս ինձ հետ չեմ ուզում ապրել, Ջիյոնա՛։ 

-Բայց ինձ հետ ուզում ես, չէ՞։ 

-Ըհը։ 

Առաջ եմ նետվում ու համբուրում վիսկիի համն ունեցող շուրթերը։ Վիսկի շոտլանդերենից բառացի նշանակում է կյանքի ջուր, դրա համար էլ Ջիյոնի շուրթերը հենց վիսկիի համն ունեն։

Comments