Chapter 18
ջութակ
Նստում եմ Ջիյոնի դիմաց։ Ջութակը ձեռքին է պահել այնպիսի հանգստությաբ, կարծես այն մարմնի մի մասն է՝ ապրող ու շնչող։
Նրա մատները՝ երկար ու բարակ, մի փոքր ցնցվող, դանդաղ բարձրացան մինչև լարերը։ Ու երբ աղեղը դիպավ ջութակին, մի պահ մոռացա՝ ով եմ, որտեղ եմ։ Ջիյոնը ոչ թե երաժշտություն է նվագում, այլ խոսում է ինձ հետ։ Ու ամեն ձայն, ամեն տոն ուղղված է ինձ․ ես դա զգում եմ։
Ջիյոնը չի նայում ինձ, նրա աչքերը փակ էին։ Ես ուզում եմ լուռ ներսս լցնել հնչյուններով՝ այնքան շատ, որ ինձ ոչ մի դատարկություն չմնա, որ մոռանամ բոլոր կոտրված բաները, որ մի պահ ամբողջանամ նրա երաժշտության մեջ։ Աղեղը սահում է լարերի վրայով՝ սահուն, ինչպես աշնան տերևը քամու ձեռքով։ Երաժշտությունը մեղմ է, մելամաղձոտ, ուրիշ ոչինչ էլ չկա՝ ո՛չ ժամանակ, ո՛չ վախեր, ո՛չ խոսքեր։ Միայն նա, ես ու այդ աղմկոտ լռությունը, որ նրա մեղմ հնչյուններով է լցվում՝ ասես տանիքից կաթող անձրև։
Ես փակեցի աչքերս։ Ուզում եմ հավիտյան այսպես ապրել՝ նրա երաժշտության մեջ խեղդված, նրա հոգու ներսում։ Մտածում եմ՝ արդյո՞ք Ջիյոնը գիտի, որ իր ջութակով ինձ փրկում է, որ ամեն անգամ, երբ աղեղը դիպչում է լարին, իմ ներսում ինչ-որ բան սկսում է բուժվել, որ նրա երաժշտությամբ ես սովորում եմ նորից ապրել։ Գուցե նա չի գիտակցում դա, կամ գուցե զգում է։ Ջիյոնն այդպիսին է՝ բառերով քիչ, բայց հնչյուններով անսահման։
Ջիյոնի շուրթերը մի փոքր բաց են՝ ինչպես արտաշնչվող աղոթք։ Ես ուզում եմ մոտենալ, շշնջալ նրա ականջին՝ <<շարունակի՛ր>>, բայց չեմ կարողանում շարժվել, իմ բոլոր զգայարանները կապված են նրա շարժումներին։ Կարծես ժամանակը ձգվում է, ու յուաքանչյուր նոտա տևում է մի ամբողջ հավերժություն։
Հանկարծ նա կանգ առավ։Ձայնը լռեց։ Ջութակը դանդաղ իջավ, բայց Ջիյոնը դեռ չէր բացել աչքերը։ Դանդաղ մոտեցա նրան։ Բացեց աչքերը, սկսեց նայել ինձ՝ լուռ պարզ հայացքով։ Գաղափար չունեմ՝ ի՞նչ է տեսնում այստեղ՝ արցունքներո՞վ լցված աղջիկ, թե՞ մեկը, ով կարողանում է լսել այն, ինչ ոչ ոք չի կարողանում։ Բայց ես գիտեմ՝ ես տեսնում եմ մի մարդու, ով առանց խոսքի ասում է ամենակարևորը։ Ու հենց հիմա եմ հասկանում՝ ես սիրահարված եմ Ջիյոնին։
Նրա հայացքը դեռ սահում է ինձ վրա՝ հանգիստ, ինչպես երեկոյան մեղմ քամին։ Զգում եմ, որ ներսումս փոթորիկ է՝ լուռ, սակայն ուժգին։ Ես պետք է ինչ-որ բան ասեմ, եթե լռեմ երաժշտությունն ուղղակի կցնդի՝ հետք չթողնելով։ Բայց բառերը խրվել են կոկորդումս։ Շուրթերս թեթև բացվեցին՝ չիմանալով, թե ինչ ձև կստանա նրանց արտաբերած խոսքը։
-Երբ նվագում ես․․․ինձ ստիպում ես հավատալ, որ աշխարհում դեռ գեղեցիկ բաներ կան։
Ձեռքս առանց մտածելու բարձրացավ ու դիպավ Ջիյոնի ձեռքին, որն իջած էր ջութակի կողքին։ Նրա մատները մի պահ ցնցվեցին, հետո հանդարտվեցին։ -Ջիյո՛ն, ես ուզում եմ քեզ հետ Միլան գնալ։ Ուզում եմ ցույց տալ, որ Սիենան Միլանից 293կմ հեռու չէ, ինչպես քո սրտից և Սիէնան Միլանում է, ոչ քո սրտում։