Chapter 17
փով միրաբել
Պատերը սպիտակ են։ Անհանգստացնող կերպով անթերի են, կարծես ինչ-որ մեկը հատուկ հետևում է, որ դրանց վրա ոչ մի հետք չմնա։ Բայց ես վստահ եմ, որ եթե երկար նայեմ, կտեսնեմ անցյալի ուրվականները, որոնք ոչ մի սպիտակ ներկով չեն ծածկվի։
Նստած եմ անկողնու վրա, ձեռքերով գրկել եմ ծնկներս։ Մարմինս սառած է, բայց մտքերս վառվում են։ Ես միշտ պատերին պատմում եմ այն, ինչ ուրիշ ոչ ոքի այլևս չեմ կարող պատմել։
-Նա ինձ սիրել էր, գիտե՞ս․․․-շշնջում, եմ։
Պատերը լսում են։ Ես գիտեմ։ Նրանք միայն սառն ու դատարկ չեն, նրանք հիշողություններ են պահում։ Ես նրանց պատմել եմ Սիէնայի մասին՝ ինչպես էր նա ծիծաղում, ինչպես էին կարմիր մազերը փայլում արևի տակ, ինչպես էր ձեռքս բռնում փողոցն անցնելիս, չնայած, որ արդեն մեծ աղջիկ էր։
Իմ աղջիկը կարմիր մազեր ուներ ու ես խենթանում էի դրանց համար։ Մազերից երբեմն ծխախոտի հոտ էր գալիս։ Մի օր, երբ խոստովանեց, որ ծխում է, ասացի, որ գիտեմ։ Կարիք չկա բացատրելու, արդարանալու, ես հասկանում եմ։ Ինձ համար նորմալ է, և հետո, դա իր կյանքն է, ոչ թե իմը։ Այո՛, ես հասկանում եմ, որ վատ է առողջության համար, ու լիքը նման բաներ, բայց ո՛չ ես, ո՛չ էլ Սիէնան չենք սիրում այս կյանքի կանոնները։
-Նրանք կարծում են, որ ես գիժ եմ, բայց ես ուղղակի տեսնում եմ ավելին, քան իրենք,-ծիծաղում եմ, ձայնս խուլ է, գրեթե տխուր։
Մի պահ լռում եմ, փակ աչքերով զգում եմ օդում ծխախոտի բույրը, բայց այստեղ ծխել չեն թողնում։ Գուցե միայն հիշողություն է, կամ էլ պատերը պահել են բույրը ինչ-որ մեկից, ով ժամանակին այստեղ է եղել։ Կարծում եմ Ջիյոնից է մնացել։ Ջիյոնը․․․գեղեցիկ տղա է։ Լավ բժիշկ է, բայց չի կարողանում իրեն բուժել։ Ես կարծում էի, թե նրան կարող եմ պատմել ամեն ինչ, մինչև այն պահը, երբ գիտակցեցի, որ ճանաչում է Սիէնային։ Կարծում եմ մինչև օրս էլ բոլոր պատմածներս փոխանցում է, բայց ախր Սիէնան ոչինչ չպետք է իմանա։ Երեխաները մեղավոր չեն, որ իրենց հայրիկը կամ մայրկիը դադարում է սիրել դիմացինին, կամ, որն ավելի վատ է երկուսն էլ դադարում են սիրել միմյանց։
Մի անգամ Սիէնան ինձ հարցրեց․
-Ինչու՞ են որդեգրված երեխաներին ավելի սիրում։
-Որովհետև նրանց ընտրում են։ Դա կոչվում է գիտակցված ընտրություն։
-Իսկ ե՞ս։
-Դու մեր ամուսնությունից ծնված աղջիկն ես, Սիէնա՛։
-Նշանակում է ինձ չե՞ք սիրում։
-Նշանակում է՝ ես քեզ բոլորից շատ եմ սիրում։
Ափսոս չկարողացա այդ ժամանակ ասել, որ <<Հայրդ ինձ չի սիրում>>։ Սկզբում սիրում էր․․․
Երբ նայում էի Սիէնայի հորը, միշտ կանգ էի առնում աչքերին հասնելիս։ Դրանք ուղղակի երկու զույգ աչքեր չէին։ Աչքերը կանաչ էին՝ ոչ թե պարզապես կանաչ, ինչպես խոտը կամ տերևը, այլ այնպիսի մի կանաչ, որ թվում էր՝ հենց բնությունն է ներս քաշել իրեն։ Երբ նայում էի նրա աչքերին, չէի կարողանում որոշել՝ ծովի՞ կանաչն է անձրևոտ օրերին, թե՞ անտառի խորքերում թաքնված մշուշոտ երանգ, որտեղ լույսը հազիվ է թափանցում։
Հիշում եմ հայաքը։ Նրա աչքերը ոչ թե նայում էին դեմքիս, այլ կարծես տեսնում էին ներսս՝ իմ թաքուն մտքերը, վախերը, ցանկությունները։ Երբ նայում էր Սիէնային, աչքերը փափկում էին՝ դառնում կանաչի ամենաջերմ երանգը, կարծես գարնան սկիզբ լիներ աչքերի մեջ։ Իսկ երբ նայում էր ինձ, մի բան փոխվում էր։ Ես չեմ կարող բացատրել։ Աչքերը դառնում էին ավելի խորն ու սառը։
Նրա բույրը ինձ միշտ շփոթեցրել է։ Սկզբում անորոշ էր՝ մի տեսակ ծանոթ, բայց անբացատրելի։ Երբ նա անցնում էր կողքովս, օդում մի անտեսանելի շերտ էր մնում, ինչպես գիշերային քամին՝ մի պահ համբուրելով մաշկդ ու անհետանալով։ Դա սովորական բույր չէր։ Ավելի շատ նրա բույրը նման էր թարմ անտառին, թաց խոտերի բույրն ուներ։
Երբ նա խոսում էր ինձ հետ կամ պարզապես լուռ նստում, ես զգում էի, թե ինչպես է այդ բույրը համակում սենյակը։ Ու ինքս ինձ բռնում էի այն պահին, երբ սկսում էի ավելի խորը շնչել։ Չէ՛, ոչ թե նրա համար, որ ուզում էի հիշել բույրը, այլ որովհետև այդ հոտը ինձ դարձնում էր ավելի զգայուն։ Այն ինձ հիշեցնում էր, որ ես կարոտում եմ իրեն։
Ամեն ինչից անկախ՝ նրա բույրը ապրում էր։ Ամեն օր մի փոքր փոխվում էր։ Երբեմն ավելի հստակ էր՝ մի քիչ անտառի թարմություն ու թաց խոտ, երբեմն՝ գրեթե անհետացած՝ մեղմ ու բարակ, ինչպես երեկոյան վերջին լույսը։ Բայց երբեք չէր կորում։ Նույնիսկ երբ նա հեռանում էր, նրա բույրը մնում էր ինձ հետ՝ հագուստիս, մազերիս։
Լավ է, գոնե էս հոգեբուժարանում դեղերի ու խոնավության հոտը գերակշռում են։ Այստեղ նրա բույրը չեմ զգում, առավելևս ներկայությունը։
Նայում եմ առաստաղից կախված լամպին, եթե ոտքեր ու ձեռքեր ավելացնենք, կարող է գեր մարդ դառնալ։ Սկսում եմ ծիծաղել ու խոսել հետը․
-Գիտե՞ս, հոգեբուժարանում լավ է։ Սենյակները չեզոք են ու գունատ, բայց գոնե ոչ մեկը քեզնից ոչինչ չի ուզում։ Գոնե այստեղ ոչ ոք ինձ չի նայում այնպիսի աչքերով, ասես սպասում է, որ ես լվանամ ամանները, վերնաշապիկներ արդուկեմ, ժպտամ․․․
Հոգեբուժարանում ամեն ինչ պարզ է։ Ճաշը նույն ժամին է։ Ջիյոնն անընդհատ նույն հարցերն է տալիս, ես էլ սովորական ձևով պատասխանում եմ։ Երբեմն ստում եմ, երբեմն՝ լռում։ Բայց գոնե ոչ ոք չի փորձում կոտրել իմ լռությունը։ Այստեղ լռությունը պաշտպանված է, ոչ ոք չի ստիպում խոսել, եթե չեմ ուզում։
Այստեղ ամեն բան չափով է, ու եթե չես համապատասխանում այդ չափերին, ուրեմն խելագառ ես։ Բայց այստեղ․․․ այստեղ նույնիսկ խելագառ լինելը կարգին է։ Հենց դա է <<նորմալը>>։ Ու դա ինչ-որ իմաստով ազատություն է տալիս քեզ։ Հոգեբուժարանից դուրս միշտ ստիպված ես ձևացնել, թե իբր ուժեղ ես, ընդամենը հոգնած ես, քունդ է տանում, բայց այստեղ՝ ներսում, քո տեղն ունես, ոչ թե որպես լավ մարդ կամ խելացի մարդ, այլ ուղղակի՝ որպես Միրաբել։
Տասներկու տարուց ավել է ինչ այստեղ եմ, բայց երբեք չեմ ներկայացել։
-Հարգելի՛ պատեր, հատկապես դու, որ վրադ սև գծով ճաք կա, ես Միրաբելն եմ։ Գաղափար չունեմ ինչու է անունս Միրաբել, բայց արդարության համար կասեմ, որ անունս ինձ դուր է գալիս։ Չգիտեմ կհավատա՞ք, եթե ասեմ, որ տարիքս էլ չգիտեմ։ Այստեղ չեն նշում ծննդյան օրերը։ Այս փաստը սկզբում տարօրինակ թվաց, հետո՝ ցավալի, հետո դարձավ սովորական։ Ես ինչ-որ մի ամիս ծնվել եմ, ինչ-որ մի տարի, բայց այստեղ դա ոչ ոքի պետք չի։ Մի անգամ բուժքրոջը հարցրի, թե ինչու՞ ծնունդներ չենք նշում, իսկ նա պատասխանեց․ <<Այստեղ մարդիկ չեն ծնվում, այստեղ մարդիկ վերածնվում են, իսկ վերածնունդը մենակ է լինում>>։ Ու ես հասկացա՝ այստեղ օրացույցն ուրիշ է։
Հոգեբուժարանում տարին սկսվում է դեղատուփի լուռ շշնջոցից, շարունակվում բժշկի հարցերից, ու ավարտվում երկար ու անվերջանալի գիշերվա լռությամբ։
Երբ դու հոգեբուժարանում ես՝ այս պատերի ներսում, ուրեմն քո ծնունդը մոռացվում է։ Ոչ ոք չի բերելու տորթը՝ վրան մոմեր։ Ոչ ոք չի հարցնելու՝ քանի՞ տարեկան դարձար։ Քո տարիքը դառնում է թիվ, որը գրվում է բժշկական քարտիդ վրա։ Լավ, եկեք այսպես ձևակերպեմ՝ ես ծնվել եմ այն ժամանակ, երբ հայրս ու մայրս որոշել էին սիրելով զբաղվելու փոխարեն սիրով զբաղվել։
Դադարել եմ մազեր կտրել, թող իրենց համար երկարեն, միայն թե կյանքիս չխառնվեն։ Կարծում եմ այս սպիտակ շորերը սազում են ինձ, երանի այստեղ շատ մեծ հայելի դրված լիներ։
Կանգնում եմ, քայլում դեպի դիմացի պատը։ Շատ մեծ հայելի, այնպիսին, ինչպիսին պարի դասասենյակում է լինում։ Ես նայում եմ այդ հայելու մեջ՝ բոբիկ, սպիտակ հագուստովս, մազերս մի քիչ խառը, բայց աչքերս նայում են ուղիղ հայելուն՝ առանց խուսափելու։ Ու ես սկսում եմ շարժվել։ Ոչ թե խելահեղ, ինչպես ներսս է փոթորկվում, այլ դանդաղ՝ շշուկի պես։ Ձեռքս բարձրացնում եմ, երազում եմ ձյանը դիպչել։ Ոտքս հետ եմ քաշում՝ կիսաշրջվում։
Ու ես պարում եմ։
Պարում եմ այնպես, ինչպես ներսումս լռությունն է շարժվում։ Պարում եմ բոլոր այն բառերի փոխարեն, որ չեմ ասում։ Այդ հայելին այստեղ է, որ ինձ հիշեցնի՝ ես դեռ մարմին ունեմ։ Ես դեռ գեղեցիկ եմ, թեկուզ երբեմն մոռանում եմ դա։ Հետո մղձավանջը վերադառնում է, իրականությունը ձգվում է ինձ վրա ինչպես ծանր վերարկու, ու հայելին անհետանում է։ Ես ընկնում եմ հատակին ու սկսում բղավել։
-Կորե՛ք բոլորդ, բոլորիդ ցանկանում եմ նույն ցավը։