1. Քեզ ապրելու վերջին հատիկը

Chapter 15

մայր

Մեր միջև քիմիա չկա։ Մեզ մոտ միայն ֆիզիկան է իր օրենքներով։ Օրինակ Նյուտոնի առաջին օրենքը (Իներտության օրենքը)՝ մարմինը պահպանում է իր հանգստի վիճակը կամ հավասարաչափ ուղղագիծ շարժումը, եթե նրա վրա գործող ուժերի արդյունքը զրո է։ 

Մենք հանգիստ ենք, ապրում ենք, եթե մեզ վրա գործող ուժեր չկան։ Կամ օրինակ էներգիայի պահպանման օրենքը ` ընդհանուր մեխանիկական էներգիան պահպանվում է, եթե արտաքին ուժեր չկան կամ նրանք կատարում են պահպանողական աշխատանք։ 

Մեր միջև էներգիան կպահպանվի, եթե մեզ վրա արտաքին աշխարհը չազդի։ 

-Մայրս կարմիր մազեր ուներ։ 

Ջիյոնը սկսում է խոսել ու ես հասկանում եմ, որ մեր պատմության վերջը մոտ է։ Ջիյոնը սկսել է վերջապես խոսել։ Կամ ինչ-որ բան պետք է սկսվի, կամ էլ ամեն ինչ ավարտվի։

-Միշտ երկար շրջազգեստ էր կրում, վերնաշապիկների գույներն ամեն օր փոխվում էին, բայց սպիտակը նրան ամենաշատն էր սազում։ Մուգ կարմիր մազեր ուներ, դրանք սպիտակ ժապավենով հավաքում էր ու հիանում իր երկար վարսերով։ Մինչև գոտկատեղ հասնող մազերից հին գրքի էջերի հոտ էր գալիս։ Միշտ մի թևնոց էր կրում աջ դաստակին՝ բարակ արծաթագույն թևնոց։ 

Ջիյոնը ձեռքը դնում է աջ ականջիս ու փակում աչքերը։ 

Ըստ Ջերմադինամիկայի երկրորդ օրենքի ջերմությունը ինքնաբերաբար փոխանցվում է միայն ավելի տաք մարմնից դեպի ավելի սառը մարմին։ 

Ջիյոնի տաք ձեռքը ջերմացնում է ինձ։ 

Հետ է քաշում ձեռքն ու երիցուկի տեսք ունեցող ականջօղս ընկնում է մոխրագույն գորգի վրա։ 

-Եվ այս ականջօղերն էր կրում, Ջիյոնա՛։ 

-Եվ դու գողացար այն։ 

-Քանի անգամ պետք է ասեմ, որ նա ինքն է ինձ նվիրել։ 

-Մայրս չէր կարող դրանք ուղղակի քեզ նվիրել։ Այդ ականջօղերը ես ու հայրս էինք նվիրել նրան։ 

-Գիտեմ, ինձ պատմել է։ 

Ջիյոնը նայում է աչքերիս։ 

-Յո՛ն։ 

-Մենք լավ ընտանիք էինք։ Ամեն առավոտ միասին նախաճաշում էինք, երեկոյան միասին ընթրում, կիսվում էինք, թե ինչպես է անցել օրը, ու թե ինչպես կարող է անցնել վաղը։ 

Ջիյոնը պառկում է հատակին ու գլուխը դնում ծնկներիս։ 

-Երբ ես ու մայրս տանը մենակ էինք մնում, աթոռներից ու ծածկոցներից թաքստոց էինք պատրաստում։ Փախչում էինք այս աշխարհից ու հավատում, որ կտորից ծածկոցը կարող է մեզ պաշտպանել դինոզավրերից։ Ես կարծում էի, որ հայրիկի ստվերը հսկա դինոզավր է, ումից պետք է մորս պաշտպանեմ։ Դուրս էի թռչում ծածկոցի տակից ու բղավում. 《Մենք քեզնից չենք վախենում》։ Հայրս գրկում էր ինձ ու աշխարհը խաղաղվում էր։ 

Սկսում եմ ձեռքով շոյել Ջիյոնի մազերն ու զգում, որ երկարել են։ 

-Ես սիրում էի, երբ մայրս դաշնամուր էր նվագում մեզ համար: Մայրս կարծես մեղեդու միջոցով ինձ հեքիաթ էր պատմում: Ես գրեթե տասնմեկ տարեկան էի, բայց կարողանում էի այդ երաժշտությամբ լսել այս տան պատերի ներսում մնացած խոսակցությունները: Մորս մատները սահում էին ստեղների վրայով, իսկ հորս աչքերը լուռ հետևում էին նրան՝ պատուհանի մոտ կանգնած, ծխախոտը մատների արանքում պահած: 

-Կուզեի նման ընտանիք ունենալ: 

Զգում եմ Ջիյոնի ժպիտը: 

-Կուզեի՞ր ծնված լինել անհայտ մեկից, բայց քեզ պահեր ուրիշ տղամա՞րդ: Ամեն օր հասկանայիր, որ մեղավո՞ր ես, որովհետև մայրդ ստիպված է քեզ սիրել, ու միակ պատճառն այն է, որ դու նրա երեխա՞ն ես: 

-Յո՛ն, բայց երկուսն էլ սիրել են քեզ, չէ՞: 

-Ըհը՛: Դրա համար էլ շնորհակալ եմ նրանց: 

-Եթե քեզ ասեմ, թե մորդ հետ ինչպես եմ ծանոթացել, ինձ կհավատա՞ս: Ջիյոնը գլուխը բարձրացնում է, բուխարու լույսի տակ տեսնում եմ ինձ նայող դառը շոկոլադի գույն ունեցող աչքերն ու ապրելս գալիս է էս գրողի տարած հայացքից: -Մի գարնանային օր կանգառում կանգնած էի, երբ կողքիս մի կին նկատեցի: Ճիշտ և ճիշտ քո նկարագրածի նման: Մոտեցա ու ասացի.<<Դուք շատ գեղեցիկ եք, ձեր մազերի գույնը շատ գեղեցիկ է>>: Հիշում եմ, թե ինչպես ժպտաց: Հաջորդ օրը նորից հանդիպեցինք, այդ օրը մազերն արձակած էր: Յո՛ն, մայրդ շատ գեղեցիկ էր:

-Գիտեմ: 

-Մի օր հրավիրեցի իմ տուն ու չէի կարծում, որ չի մերժի: Առաջինը մոտեցավ սեղանի վրա դրված կարմիր վարդերով լի ծաղկամանին. <<-Գեղեցիկ են, սիրելի՞դ է նվիրել:

-Չէ՛, ինքս եմ գնել: 

-Երիցուկներ սիրու՞մ ես: 

-Գաղափար չունեմ: Ես բոլոր ծաղիկներն էլ սիրում եմ, միայն կակաչներ տանել չեմ կարողանում, դա էլ երևի խնդիրն իմ մեջ է>>: 

Հանում եմ երիցուկի տեսք ունեցող ականջօղերից մեկը, որ դեռ ականջիս էր:

-Ջիյոնա՛, մայրդ այդ օրը այս ականջօղերը ինձ նվիրեց: Ասաց, որ իր ամուսինը եթե դադարել է իրեն ծաղիկներ նվիրել, հաստատ չի նկատի ականջօղերի բացակայությունը: 

-Բայց նկատեց ու ոչ միայն ականջօղերի բացակայությունը: Այդ օրը մայրս տուն չվերադարձավ, Սիէնա՛: 

-Գիտեմ: 

-Ապրիլի տասնյոթն էր: Այդ օրը սենյակը կիսամութ էր, միայն խոհանոցի լույսն էր վառվում: Ես նստած էի սեղանի մոտ, մատներս անհանգիստ խաղացնում էի բաժակի եզրով: Թեյն արդեն սառել էր, բայց չէի խմում: Հայրս կանգնած էր պատուհանի մոտ՝ թիկունքով դեպի ինձ: Նրա ձեռքը՝ սովորության համաձայն, հանգիստ ընկած էր ծխախոտի տուփի վրա, բայց դեռ չէր վերցրել այն: Նա ոչինչ չէր ասում, բայց ես գիտեի, որ սպասում է: Վերջապես հարցրի.<<Որտե՞ղ է նա>>, հայրս պատասխանեց, որ կգա: Նրա ձայնը հանգիստ էր, բայց այդ հանգստության տակ ինչ-որ բան կար՝ չափազանց զուսպ, չափազանց մտածկոտ: Ես նորից սեղմեցի բաժակը, զգալով, թե ինչպես է ներսումս լարվածությունը կամաց-կամաց ձգվում: 

Ջիյոնը լռեց: Բուխարին արդեն հանգել էր, տունը ցրտել: Ջիյոնը բռնեց ձեռքերս:Սենյակում լրիվ մութ էր, բայց կարող էի հասկանալ, որ ուղիղ աչքերիս մեջ է նայում:

-Մայրս այդ օրը տուն չեկավ, Սիէնա՛: Դու սպանեցիր նրան:

Comments