1. Քեզ ապրելու վերջին հատիկը

Chapter 14

Ընտանիք

-Ես բոլորին կսպանեմ, ովքեր խանգարում են քեզ ապրել։ 

Ջիյոնը ժպտում է։ 

-Դու ես ինձ խանգարում ապրել, Սիէնա՛։ 

Վառում եմ լույսն ու նստում կողքին։ 

-Միրաբելը գեղեցիկ է։ 

-Առաջ ավելի գեղեցիկ էր։ Նա միակն է, ում ես չեմ կարողանում կյանք վերադարձնել։ Այս դեպքում Միրաբելն ինձ հաղթում է։ 

-Լավ է, այս աշխարհում կա մեկը, ով կարողանում է հաղթել քեզ։ 

-Եթե հասկանամ որտեղից է գալիս Միրաբելի ցավը, գուցե կարողանամ օգնել նրան։

-Իսկ ե՞ս, ինձ կօգնե՞ս, ես կարող եմ ամեն ինչ պատմել, ինձ կհասկանաս։

Մոտենում է եւ դարակից երկու շիշ գինի վերցնում։ Նստում ենք հատակին՝ մոխրագույն գորգի վրա։ Մեր դիմաց երկու շիշ գինի է, մի տուփ ծխախոտ, դատարկ մոխրաման ու երեսունհինգ տարի չորս ամիս։ 

-Ես Սիէնա՛ն եմ, չգիտեմ ինչու են ծնողներս անունս Սիէնա դրել, բայց գիտեմ, որ իտալական քաղաքի անուն է, իսկ երբ իմացա, որ նաև գույն է՝ 

կարմրաշագանակագույն, մազերս որոշեցի կարմիր ներկել։ Ու դու այսքան տարի կարծում էիր, որ կարմիր են քանի որ ինքդ էիր ասել. 《Գիտե՞ս, կարմիր մազերն էլ վատ չեն》։ 

Ջիյոնը բացում է գինու առաջին շիշը։ 

-Մայրս ինձ լքեց, երբ չորս տարեկան էի։ Չէ՛, չթողեց ու հեռացավ։ Ուղղակի լքեց այնպես, ինչպես օրինակ հին իրերն էր արկղում պահում։ Մենք երեքով էինք ապրում՝ ես, մայրս ու հայրս։ Իրենք միմյանց վաղուց էին լքել, հավանաբար իմ ծնվելուց ինը ամիս առաջ։ Մենք միասին էինք ընթրում, բայց ամեն մեկս մտածում էր, թե երբ է ուտելիքը վերջանալու, որ փակվենք սենյակներում ու դուրս չգանք։ Իմ բախտը բերել էր՝ ես նրանց հետ նույն սենյակում չէի ապրում։ 

Ծննդյան օրերին էլ ավելի տխուր էր, մենք երեք հոգի էինք, բայց ոչ ոք երջանիկ չէր, որ մյուսը ծնվել է։ Դե… այդպես մի նայիր։ Մայր ինձ սիրել է մինչև չորս տարեկանս լրանալը, իսկ մինչև դա չեմ հիշում, բայց կարող եմ ինքս ինձ համոզել, որ սիրել է։ 

Ծխախոտի տուփն արդեն կիսադատարկ է, իսկ մոխրամանը կիսով չափ լիքը։

-Ես մեծանում էի ծնողներիս խնդիրներին զուգահեռ։ 

-Մեծացար ու ինքդ դարձար խնդիր։ 

Չէ՛, ես Ջիյոնից չեմ նեղանում, ինչու՞ նեղանալ, եթե ճիշտն է ասում։

-Ամեն ինչ սկսվեց փոքրիկ դետալներից, Ջիյոնա՛։ Սկզբում ուղղակի մայրս սկսեց չարդուկել հորս վերնաշապիկները, առավոտյան սուրճ չպատրաստեց, իսկ ընթրիքին չպատրաստվեց։ Սկզբում դադարեց տանը գեղեցիկ հագուստներ կրելը, հետո անցյալում թողեց կարմիր շրթներկն ու դեղին մազերը։ 

Վերցնում եմ ծխախոտի մի հատիկն ու վառում։ 

-Հայրս դատարկ ծխախոտի տուփերը երբեք աղբամանը չէր գցում, թողնում էր որտեղ կպատահի՝ սեղանին, աթոռի վրա, իմ պատանեկությունում։ Չէր սիրում, երբ երեկոյան խոսում էինք, ու նաև չէր սիրում, երբ ոչ ոք չէր խոսում։ Ուղղակի ինձ հետ խոսել չէր սիրում։ Ինձ դուր էր գալիս աստղերի մասին խոսելը, պատմելը, թե ինչպես եմ վախենում շներից ու թե ինչու է պիցցայի տուփը քառակուսի։ Իսկ նրան ոչինչ դուր չէր գալիս։ 

Բացում ենք գինու երկրորդ շիշը։ 

-Երբ գրեթե տասնվեց տարեկան էի, հասկացա, որ կորցնում եմ մորս։ Շատ լավ գիտես, թե ինչ է նշանակում Սահմանային անհատականության խանգարում (BPD)։ Այս խանգարման դեպքում մարդիկ կարող են զգալ հանկարծակի փոփոխվող հույզեր, խորը անորոշություն իրենց ինքնության հարցում, ինչպես նաև ունենալ բռնկվող ագրեսիվ վարք։ 

Գինու երկու շշերն էլ արդեն դատարկ են։ 

-Ես այլևս չէի կարողանում ապրել այդ տանը, Ջիյոնա՛։ Շուրջս երբեք խաղաղություն չէի զգում։ Մոտ երեք տարի ապրեցինք այնպես, ասես մայրս ուղղակի բարկացած է, առավոտյան կանցնի։ Ոչինչ էլ առավոտյան չէր անցնում, բացի արցունքներից ու աղբամանում հայտնված իմ ամենասիրելի իրերից։ 

-Սինա՛։ 

-Սպասի՛ր, գիտե՛մ, որ ձանձրալի է, բայց լսի՛ր։ Հայրս ուղղակի հեռացավ, ես շարունակում եմ կրկնել, որ ինքնասպան է եղել, բայց ինքնասպանությունը նրա այդ տանը մնալը կլիներ։ Չգիտեմ էլ կարո՞ղ եմ նրան մեղադրել, բայց նա թողեց մորս խոհանոցում՝ պատրաստած ընթրիքի հետ։ Ջիյո՛ն, ես մորս հոգեբուժարան տարա։ Հասկանու՞մ ես, ես կարծում էի, որ նա խելագար է։ Իսկ, եթե այդպես չէ՞ր, եթե ուղղակի հայրս էր պատճառը ու մենք միասին երջանիկ կարող էինք լինե՞լ։

Զգում եմ Ջիյոնի ինձ գրկող ձեռքերը։ 

-Սիէնա՛, դու ճիշտ ես վարվել։ 

-Չէ՛, տե՛ս, թե ես ինչ եմ արել նրա հետ։ Ես եմ քո սպիերի պատճառը, հասկանու՞մ ես։ Դրանք իմ պատճառով են։ 

-Հանգստացի՛ր։ Սպիերն ինձ սազում են։ 

-Ջիյո՛ն։ 

Կանգնում եմ, մոտենում եմ սեղանին ու վերցնում նոր ծխախոտի տուփը։

-Հերի՛ք է, Սինա՛։ 

-Ես քեզ չեմ խաբում, Յո՛ն։ Ես քեզ երբեք չեմ խաբել, ես չեմ սպանել ոչ ոքի, ես չեմ սպանել մորդ, ես չեմ խախտել մեր իրար չսիրելու կանոնը, ես չեմ սիրել քեզ, ես չեմ կոտրել ծաղկամանը։ 

Երբ Ջիյոնը գրկում է, թվում է, թե աշխարհում ամեն ինչ իր տեղն է ընկնում՝ գնացքները ճիշտ ժամանակին են մեկնում, կանխատեսված ձյունն իրոք գալիս է, իսկ ես խելագար չեմ։ 

-Ես հավատում եմ քեզ, Սիէնա՛։ 

-Ես չեմ հավատում, Ջիյոնա՛։

Comments