1. Քեզ ապրելու վերջին հատիկը

Chapter 13

սպիեր

-Ինչպե՞ս են մահացել ծնողներդ, Սիէնա՛։ 

-Չեմ ուզում խոսել էդ մասին։ 

-Չէ՛, պիտի խոսենք։ 

Սկսեցի քայլել դեպի պատուհանը, բայց Ջիյոնի ձեռքի հպումը զգալով` պտտվեցի։

-Ծնողներս մահացել են, Ջիյո՛ն, հայրս ինքնասպան է եղել, իսկ մորս ես եմ սպանել։ Հասկացա՞ր։ 

Սկսեցի բղավել ու հազիվ զսպել արցունքներս։ 

-Ես բոլորին սպանել եմ, քեզ էլ կսպանեմ, եթե կողքիս մնաս։ Ինչու՞ վերադարձար, հը՞, դու միակն ես, ով վերադարձել է։ Ինչու՞։ 

-Սիէնա՛։ 

Ջիյոնի ձայնը սթափեցնող էր։ Շունչ եմ քաշում, մաքրում եմ արցունքներս ու նայում դառը շոկոլադի գույն ունեցող աչքերին։ 

-Հանգստացի՛ր։ 

Մոտենում է ու գրկում ինձ։ Ջիյոնի գիրկը երիցուկներով այգի է։ Նրա գրկում ամեն ինչ հանգիստ է, ասես քամին շոյում է ծաղիկների թերթերը։ 

Դուռը բացում է մի կին ու բղավում. 

-Ջիյո՛ն, Միրաբելը։ 

Ջիյոնը բաց է թողնում ինձ ու սկսում վազել, գնում եմ հետևից։ 

Վազում ենք հոգեբուժարանի միջանցքով, որը միապաղաղ տարածք է, կյանքի ու հույզերի նշույլ չկա։ Պատերը ներկված են մոխրագույնով, որոնց վրա տեղ-տեղ մազի հաստությամբ ճաքեր կան։ Լույսերը սառը նեոնային են ու նրանցից բզզոց է լսվում, որոշները թարթում են ու վախեցնում։ Հատակն անթերի մաքրված, փայլող սալիկներից է, մեր ամեն վազքը արձագանքող է ու ծանր։ 

Վազելու ընթացքում նկատում եմ օդում կախված ախտահանիչի հոտը` խառնված դեղերի ու խոնավության բույրին։ 

Տարբեր կողմերից լսվում են մռթմրթոցներ, ցածր ձայներ ու հեռվում անհասկանալի աղմուկներ, որոնք միայն ավելացնում են իրավիճակի անհանգստությունը։ Ամբողջ միջանցքը, թվում է, թե լցված է ոչ թե ներկայով, այլ ծանր անցյալով։ Ժամանակն այստեղ կանգ է առել` թողնելով միայն ցավ ու սպասում։ Հասնում ենք հինգերորդ հարկ, կնոջ բղավոցներ է լսվում։ Կանգ ենք առնում հերթական սպիտակ դռան առջև։ 

Ջիյոնը բացում է դուռն ու ներս վազում։ Կանգնում եմ դռան առաջ ու մի պահ չեմ հասկանում ներսումս ինչ է կատարվում։ 

Գետնին պառկած սպիտակ զգեստով կին։ Երկար ու խճճված սև մազերը երևի ժամանակին փայլել են, բայց հիմա կեղտոտ են ու խամրած։ 

Նա բղավում էր ամբողջ ձայնով՝ խոսքերի ու անիմաստ ձայների խառնուրդ, որը լցնում էր սենյակը։ Նրա ձայնը խլացնող էր, բայց լի ցավով ու հուսահատությամբ, ասես նրա ներսում կուտակված տարիների լռությունը վերջապես պայթել էր։ Ձեռքում մկրատ կար, որով արդեն հասցրել էր իրեն վնասել, սպիտակ զգեստի վրա արյան բծեր կային, աջ ոտքն էր վնասել։ 

Մինչև ես կհասկանայի թե ի՞նչ է կատարվում շուրջս, Ջիյոնը վազեց դեպի Միրաբելը։ Փորձեց վերցնել մկրատը ձեռքից։ 

-Թողե՛ք ինձ, հեռացե՛ք, բոլորիդ մաղթում եմ նույն ցավը… 

-Միրաբե՛լ, ինձ տուր դա։ 

-Վերցրու՛։ 

Միրաբելը մկրատով հարվածում է Ջիյոնին։ 

-Ջիյոնա՛։ 

-Սպասի՛ր, Սինա՛, առաջ չգաս։

Կանգնում եմ դռան մոտ։ Ջիյոնը փորձում է մկրատը վերցնել ու այս անգամ էլ դաստակն է վնասում։ Նայում եմ արյունոտ Ջիյոնին ու սկսում ցավ զգալ։ Վերցնում է մկրատն ու նետում ոտքերիս մոտ։ Հանում է գրպանից ներարկիչն ու միջովս դող է անցնում։ Չէ՛, ես այլևս երեխա չեմ ու ներարկիչից չեմ վախենում, բայց մի՞թե կարելի է ներարկիչի օգնությամբ մարդուն ցավից ազատել։ Քիչ անց Միրաբելի բղավոցները ավելի թույլ դարձան։ Նա պառկած էր անկողնում, աչքերը փակեց ու խորը քուն մտավ։ 

Բայց սենյակի լռությունը դեռ ծանր էր՝ ասես ինքն էր սպասում հաջորդ պոռթկմանը։ Նստում եմ հատակի դռան առջև, նայում եմ ոտքերիս մոտ դրված արյունոտ մկրատին։ Ձեռքերով փակում եմ ականջներս փորձելով գլուխս ազատել Միրաբելի բղավոցներից։ 

-Սիէնա՛։ 

Ուշքի եմ գալիս ու տեսնում արյունոտ Ջիյոնին։ 

-Յո՛ն, Ջիյոնա՛, ինչպե՞ս ես։ Ի՞նչ պետք է անեմ։ 

-Ոչինչ, վե՛ր կաց։ 

Հասնում ենք տուն ու առանց վերարկուից ազատվելու միանգամից դարակից հանում եմ դեղատուփը։ 

Հիմա ինձ նույնիսկ տանը տիրող մթությունը չի խանգարում, կարևորը ՆԱ է։ Նստում է բազմոցին ու հանում վերնաշապիկը։ 

Ուսն ընդամենը քերծվել է, բայց արյուն է եկել, սա հետո։ 

Դաստակի վերքն ավելի խորն է։ Թաթախում եմ բամբակը սպիրտի մեջ ու սկսում մշակել արյունոտ վերքը։ 

Մթության մեջ չեմ կարողանում տեսնել էմոցիաները, բայց երբ ձեռքը հետ է քաշում, սկսում եմ ավելի նուրբ վարվել։ 

Վերջացնում եմ ու դաստակը փաթաթում բինտով, բինտի մեջտեղում նկատվում է արյան հետքը, շուտով արյունը կդադարի։ 

Սկսում եմ մաքրել ուսի վրայի չորացած արյունը, վիրակապի կարիք չկա։ Նստում եմ հատակին` Ջիյոնի ոտքերի առջև, հանում եմ վերարկուս ու մնում սպիտակ վերնաշապիկով։ 

Ջիյոնի մարմնի դեպքում մթությունն ու կարճատեսությունն ինձ չի խանգարում։ Սկսում եմ մատներով սահել երակների վրայով, կանգ եմ առնում ամեն խալի վրա ու սկսում ցածրաձայն հաշվել դրանք` մեկ…երկու…չորս…ութ…ինը… Սպիերի դեպքն ուրիշ է, դրանք անհաշվելի են, այսօր էլ երկուսն ավելացավ։ -Փաստորեն ստացվում է տարիներ առաջ Ջիյոնը կռիվների մեջ չէր ընկնու՞մ։ Միրաբե՞լն է այս բոլոր սպիերի հեղինակը։ Այո՞։ Ես նրան էլ կսպանեմ…

Comments