Chapter 12
Հոգեբուժարան
Ջիյոնը վերադարձել է գույներով։ Իմ սևի պատկերացումը էլ չկա։
-Սիէնա՛։
Երբ Ջիյոնն իմ անունն է տալիս, աշխարհը մի պահ կանգ է առնում, այդ ժամանակ աշխարհում կանք միայն ես և նա։ Դա միակ պահն է, երբ իմ անունը դառնում է անձնական, միայն նրա համար պահված։ Երբ Ջիյոնը կանչում է 《Սիէնա՛》, թվում է, թե նրա շուրթերը գրկում են անունս։
-Կգա՞ս գնանք հոգեբուժարան։
-Բուժվելու՞։
-Բուժելու։ Ես ուզում եմ նորից հոգիներ բուժել, Սինա՛։
-Սկզբում ինքդ քեզ բուժիր։
Երբեմն չեմ հասկանում էս դառը շոկոլադի գույնն ունեցող աչքերով տղամարդուն։
Կանգ ենք առնում հոգեբուժարանի դռների առջև։ Բռնում եմ Ջիյոնի ձեռքն ու ինչ-որ բան սկսում է ճնշել ինձ։
Ներս ենք մտնում ու միանգամից նկատում եմ դեպի մեզ վազող տղային, մոտ 25 տարեկան կլինի, գզգզված, երկար մազերով, իսկ հագին բաց կապույտ վերնաշապիկ է։
-Դուք իմ ծնողներն եք, չէ՞։ Եկել եք ինձ տուն տանելու, չէ՞։ Տուն… տուն… ընտանիք… տուն, մայրիկ ու հայրիկ… տուն։
Մի պահ շուրջս ոչինչ չեմ զգում, նայում եմ նրա արցունքոտ աչքերին ու ամուր հպվում Ջիյոնին։
Մեզ է մոտենում սպիտակ խալաթով մեկն ու բռնում տղայի ձեռքից։
-Չէ՛, նրանք քո ծնողները չեն։ Արի՛, գնացի՛նք։
Նրանք սկսում են չքանալ հոգեբուժարանի միջանցքում։
Հայացքս ուղղում եմ հատակին ու անվերջ գլխումս պտտվում է.
-Տուն… ընտանիք… մայրիկ ու հայրիկ…
Սթափվում եմ, երբ զգում եմ Ջիյոնի սառը ձեռքը ձախ ուսիս։
-Յո՛ն, ես ուզում եմ տուն գնալ։
-Մի՛ վախեցիր, ամեն ինչ կարգին է։
Բռնում է ձեռքս ու տանում իր աշխատասենյակ։ Տասներկու տարի անց Ջիյոնն իր աշխարհում է։
Սենյակի մասին պատկերացումներս չեն համապատասխանում իրականությանը։ Թափանցիկ վարագույրներով մեծ պատուհաններ, որտեղից լույսը տարածվում է ամբողջ սենյակում։ Պահարանների գրքերն այնքան կոկիկ են դասավորված, որ թվում է, թե դրանք երբեք էլ չի բացել։
Պատուհանի մոտ դրված է իր գրասեղանը՝ մուգ փայտից պատրաստված։ Սեղանի վերևի աջ անկյունում թղթապանակներ, կողքին՝ գրչաման։ Գաղափար չունեմ, թե ինչի՞ն են պետք գրչամանի գունավոր մատիտները, հատկապես դեղինը, որն ամենաերկարն է, երևի չի էլ օգտագործել։
Սեղանի ձախ անկյունում երիցուկներով լի թափանցիկ ծաղկամանն է, սեղանի մեջտեղում՝ կանաչ շրջանակով նկար։ Նկարում ուրիշ ոչինչ չկա, բացի մի մեծ արևից՝ նկարված սպիտակ թղթի ուղիղ կենտրոնում։
Վերցնում եմ նկարն ու սկսում նայել։
-Հիվանդներից մեկն է նվիրել։
Մոտենում է, կանգնում է մեջքիս հետևում ու ես հիշում եմ, որ մենակ չեմ։
-Մի անգամ խնդրեցի վերցնել մատիտներից միայն մեկը ու նկարել ինչ-որ կցանկանա։ Պատկերացնու՞մ ես, իմ բոլոր հիվանդներն ինձ նման են, Սիէնա՛, բոլորը վերցնում էին սևը, կարմիրը, մուգ կապույտը, իսկ նա՝ դեղինը։
Հասկացա, թե ինչու է դեղինն ամենաերկարն ու գեղեցիկը։
-Ու մի մեծ արև նկարեց, Սինա՛։ Բոլորն ինձ էին նման, իսկ նա՝ քեզ։
-Իսկ անունն ի՞նչ էր։
-Հելիանա։
-Գեղեցիկ է։
Դրեցի նկարը սեղանին ու սկսեցի շրջել սենյակում։ Ինչպե՞ս կարող էի չնկատել գրասեղանի մոտ դրված աթոռի կողքին կախված սպիտակ խալաթը՝ արդուկած, վրան երկու կրծքանշան։ Կրծքանշաններից մեկը երիցուկ է, ուրիշ ի՞նչ կարող էր լինել, մյուսը ժպիտի տեսք ունի՝ երկու աչք ու ժպտացող բերան։
Նկատում եմ պատի տակ դրված մոխրագույն բազմոցը, հանգիստ եմ թողնում խալաթի օձիքն ու մոտենում։
Նստում եմ ու սկսում նայել պատերին, առանձնահատուկ ոչինչ չկա, բաց կապույտ պատեր՝ առանց նախշերի։
-Ջիյոնա՛։
Մոտենում է ու նստում կողքիս։
-Եթե տասներկու տարուց ավել է ինչ այստեղ չես եղել, ինչու՞ է սենյակդ այսքան մաքուր։
Ժպտում է։
Լսվում է դռան թակոցն ու ներս է մտնում մոտ հիսուն տարեկան մի կին։
-Ջիյո՜ն։
Գրկում է Ջիյոնին ու ես զգում եմ, որ ներսումս ինչ-որ բան է կատարվում։ Չէ՛, մի՛ ասա նրա անունը, մի՛ գրկիր նրան, մի՛ ժպտա, ՆԱ ԻՄ ՋԻՅՈՆՆ Է։
-Ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ, որ թույլ չեք տվել սենյակս մոռացվի։
-Գիտեի, որ կվերադառնաս։
Ախր ո՞վ է էս կինը։ Ի՞նչ գործ ունի նա Ջիյոնի հետ։
-Ո՞վ է այս աղջիկը։
Քեզ ինչ, թե ես ո՞վ եմ, էս կինն արդեն ինձ դուր չի գալիս։
-Կինս է։
Վեր եմ կենում բազմոցից ու կանգնում տեղում, անբացատրելի է, թե ինչ է կատարվում ներսումս։
-Իրականում ես նրա կինը չեմ, տեսեք նույնիսկ մատանի չունեմ։ Նա երբեք չի խնդրել ամուսնանալ իր հետ։ Ինչպե՞ս կարող եմ նրա կինը լինել։
Ցույց եմ տալիս ձախ ձեռքս ու մոտենում նրանց։
Ջիյոնը ժպտում է։
-Նման է։
-Իհարկե նման է։
-Ու՞մ եմ նման, ու՞մ։
Չեն պատասխանում, չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում։ Բարկանում եմ։
-Վերադառնալու ես աշխատանքիդ, այո՞։
-Չեմ կարող ասել։
-Նրանք քո կարիքն ունեն, Ջիյո՛ն, ես քո կարիքն ունեմ, մենք քո կարիքն ունենք։
-Կմտածեմ։
Նա Ջիյոնի կարիքն ունի, դե իհարկե, ես էլ ունեմ, հետո ի՞նչ։ Դա չի նշանակում, որ Ջիյոնը պետք է վերադառնա։
Կնոջ հեռանալուց հետո Ջիյոնը չի դադարում ժպտալ։
-Յո՛ն, ո՞վ է այս կինը։
-Հիվանդ, որը հիվանդ է, բայց հիվանդ չէ։
Զարմացած նայում եմ նրան ու սկսում բարկանալ։
-Կարող ես չասել։
Մոտենում եմ պատուհանին ու սկսում նայել։
Մի հիսունն անց տղամարդ գնդակը ոտքով գլորում է ու վազում դրա հետևից, ինչպե՞ս կարող ես հիսուն տարեկանում գնդակի հետևից վազել։ Նստարանին երկու հոգի զրուցում են, ափսոս, որ չի լսվում, թե ինչից են խոսում։
Մեջքիս հետևում զգում եմ Ջիյոնից եկող ծխախոտի բույրը՝ ծաղիկներին ու օծանելիքին խառնված։ Շրջվում եմ ու մեր միջև շնչելու տարածություն չի մնում, հանդիպում եմ նրա դառը շոկոլադի գույն ունեցող աչքերին։ Այս անգամ Ջիյոնի աչքերը պատմում են ոչ միայն իր ցավերը, այլև իր հիվանդների։
-Գիտե՞ս, երբ առաջին անգամ այդ կնոջը տեսա, ընդամենը տասնինը տարեկան էի, պատկերացնու՞մ ես, տասնինը տարեկանում որոշել էի բուժել երեսունյոթին մոտ կնոջ։ Հետո հասկացա, որ բուժելու կարիք չկա, Նուրալինը լրիվ առողջ կին է, պարզապես ամուսինը փորձել է ազատվել նրանից ու հոգեբուժարանի տարբերակն է ընտրել։ Նուրալինը դեմ չէր այստեղ մնալուն, վախենում էր դուրս գալ էս պատերից ու ապրել։ Գուցե ինձ մեղադրես, բայց ես բոլորին հավատացրի, որ նա պետք է դեռ երկար բուժվի։ Կարծում էի, որ այդպես պաշտպանում եմ նրան։
-Իսկ ու՞մ եմ նման։
-Նրա աղջկան։ Երեսունյոթ տարեկանում նա քսաներկու տարեկան աղջիկ ուներ։ Չհարցնես ինչպես, ես ինքս էլ չգիտեմ։
-Ստացվու՞մ է, տասնհինգ տարեկանու՞մ է երեխա ունեցել։
-Ես չգիտեմ, Սիէնա՛։ Աղջկան երբեք չեմ տեսել։ Նուրալինը միշտ պատմում էր նրա մասին։
-Իսկ աղջիկը ինչու՞ երբեք չի եկել։
-Ասում է, թե չի կարողացել ներել իրեն լքելու համար։
-Ես մանրամասներ եմ ուզում, Ջիոյնա՛։
-Սինա՛։ Ինչպե՞ս են մահացել ծնողներդ։