Chapter 11
4 տարի առաջ
Եթե ինձ հարցնեք, թե ինչու եմ դեռ Ջիյոնի կողքին, կպատասխանեմ, որ ինքս էլ չգիտեմ։ Սիրու՞մ եմ, ո՛չ, կամ գուցե այո, չգիտեմ։
Արթնանում եմ գլխացավով ու աշխարհն ատելու հերթական մտքերով։ Կողքիս քնած Ջիյոնը հենց այդ ատելի աշխարհն է։
Ինչու՞ չեմ լքում։ Ախր չես կարող ուղղակի թողնել ու հեռանալ։
Ես Ջիյոնը չեմ։
Ջիյոնի մազերը ծածկել են փակ աչքերը, մատներով հետ եմ տանում դրանք ու սկսում հաշվել դեմքի խալերը։
Բացում է աչքերն ու ես հանդիպում եմ դառը շոկոլադի գույն ունեցող ու կյանքեր փոխող հայացքին։
Շրջվում է, պահարանի վրա սուրճի բաժակ չտեսնելով՝ նայում է ինձ։
-Ների՛ր, Յո՛ն։
Ոչինչ չի ասում, վեր է կենում անկողնուց։ Վերցնում է աթոռին դրված վերնաշապիկն ու նայում ինձ։
-Կներե՛ս, մոռացել եմ արդուկել։
Գցում է վերնաշապիկն անկողնուն ու կիսամերկ գնում է խոհանոց՝ իր համար սուրճ պատրաստելու։
Մի կերպ վեր եմ կենում անկողնուց ու սկսում արդուկել վերնաշապիկը։ Ծաղիկների բույրը տարածվում է ննջասենյակում։ Խենթանում եմ Ջիյոնից եկող ծաղիկների բույրը զգալուց, առավոտյան Ջիյոնը ծխախոտի հոտ չունի, այլ թարմ երիցուկների, որ կարող ես անվերջ շնչել։
Դնում է սուրճի բաժակը պահարանի վրա ու նստում անկողնուն։
Մեկնում եմ նրան վերնաշապիկը ու սկսում հագնվել։
Աչքերը չի կտրում ինձնից։
-Ջիյոնա՞։
-Գեղեցիկ ես։
Եթե սովորական լինեինք, գուցե ժպտայի, բայց ներսումս ոչինչ չի շարժվում, անգամ սրտիս զարկերը չեմ զգում։
Մոտենում է, ձեռքը ձախ ձեռքը դնում է աջ այտիս ու սկսում նայել աչքերիս։ Ջիյոնի աչքերի մասին կարելի է վեպեր գրել, բայց իմ դեպքում պարզապես հերիք է ասել, որ դառը շոկոլադի գույն աչքեր ունի։
-Սիէնա՛։
-Որոշել եմ բաժանվել քեզնից։
-Ութ տարի է որոշում ես։
-Որովհետև այս ութ տարիների ընթացքում ոչ մի անգամ չեմ կարողացել գոնե մեկ րոպեով մոռանալ քեզ։
Լռում ենք։ Հերթական գոռացող լռությունն է տարածվում սենյակում։
-Ջիյո՛ն։
Աչքը կտրում է անվերջ պտտվող ժամացույցի սլաքից ու ինձ նայում։
-Ուզում եմ քեզ հետ զբոսնել այսօր։
-Լավ։
Դուրս ենք գալիս տնից ու հայտնվում մետրոյի հոտն ունեցող քաղաքի փողոցում։ Սեպտեմբերյան խառնաշփոթը հուշում է, որ աշուն է։
Փողոցները կիսով չափ դատարկ են դասերի ու աշխատանքի պատճառով։ Սկսում ենք քայլել ու քսաներեքերորդ քայլին համարձակություն եմ հավաքում բռնելու Ջիյոնի սառը ձեռքը։
Չի արձագանքում, այնպես է շարունակում քայլել, ասես չի էլ նկատել, որ բռնել եմ ձեռքը։
Կանգ ենք առնում փողոցի սրճարաններից մեկի մոտ։
-Թե՞յ։
-Կանա՞չ։
-Լիմոնո՞վ։
-Առա՞նց շաքար։
Ներս ենք մտնում ու սուրճի բաժակները գրկած նստում։
Հա՛, այսպիսինն ենք, չե՛նք փոխվելու։ Մենք կարող են թեյ ուզել ու հաջորդ վայրկյանին սուրճ պատվիրել, որոշել քայլել, բայց նստել ինչ-որ սրճարանում ու լռել։ Ինչպես տարիներ առաջ որոշեցինք չսիրել, բայց սիրեցինք։
Սկսում եմ լուռ հետևել պատուհանից այն կողմ ապրող մարդկանց։ Զգում եմ, որ բոլորն ապրում են, միայն մենք ենք այստեղ նստած մեռնում։
Ջիյոնի ծխախոտի ծուխը խառնվում է սուրճի գոլորշուն ու բարձրանում։ Նայում եմ Յոնին ու հասկանում, որ ծխելը թողնելուց ավելի դժվար Ջիյոնին թողնելն է։
-Յո՛ն։
Բարձրացնում է հայացքը կիսատ սուրճի բաժակից ու աչքերիս մեջ նայում։ Բռնում եմ ձեռքից ու արագ սրճարանից դուրս տանում։
-Սիէնա՛։
-Տուն ենք գնում, հիմա՛։
Դեռ տան դուռը չփակած սկսում եմ համբուրել գինու համն ունեցող շուրթերը։ Կարելի է մոռանալ բոլոր ծխախոտների, դառը սև սուրճի, անգույն երիցուկների ու մահվան չորս րոպեներ հիշեցնող բաժանումների մասին։
Ինչպես կարող ես մտածել բաժանման մասին, երբ քեզ սիրողը քո սևի պատկերացնումն է։
Պառկում ենք կողք կողքի ու սկսում նայել առաստաղին։ Մի քանի տարի առաջ որոշել էինք առաստաղը կապույտ ներկել, վրան դեղին աստղեր ու մի մեծ լիալուսին նկարել։ Հիմա նայում եմ սպիտակ, դատարկ առաստաղին ու միայն ստվերներ տեսնում, որոնք առաջացել են լամպի ու երիցուկների գրկախառնությունից։ Սենյակում լռություն է, այն լռություններից, երբ սովորաբար ասելիք շատ կա։ Լռություն, երբ պատից կախված ժամացույցի տկտկոցը դանթեական դժոխք է թվում։
-Ջիյո՛ն։
Կանգնում եմ, սկսում եմ հագնվել։
-Էլ չեմ կարող այսպես։ Շունչս կտրվում է։ Ես հոգնել եմ, ես զզվում եմ։ Զզվում եմ քեզնից, քո ծխախոտի հոտից, էս անգույն ծաղիկներից, որոնք երբեք չեն փոխվում։ Ես սովորական ընտանիք եմ ուզում։ Ես ուզում եմ սիրով զբաղվելու փոխարեն սիրելով զբաղվել։ Հույս ունեմ այս կյանքում և մնացած բոլոր կյանքերում ոչ մի անգամ չենք հադիպի։
Դուրս եմ գալիս սենյակից ու փակում դուռը։ Վերջին բառերը, որ լսում եմ Ջիյոնից.
-Իսկ ես հույս ունեմ կմեռնես, Սիէնա՛։
Ու հասկանում եմ, որ ինչ-որ բան քանդվեց, ու ես մնացի փլատակների տակ։