1. Քեզ ապրելու վերջին հատիկը

Chapter 1

քեզ ապրելու վերջին հատիկը

Եթե երբեւէ ծխախոտ չես օգտագործել, չես էլ իմանա ինչ է նշանակում տուփի վերջին հատիկը: Դա սիրո նման է, երբ գրեթե բոլոր ծխախոտները փորձել ես ու վերջինն է մնացել, դա էլ կծխես ու վերջ, կսպասես առավոտյան խանութ գնալուն:

Վառում եմ վերջին հատիկն ու նստում բազմոցին: Բայց դա երկար չի տևում, լսվում է դռան թակոցը: Դռան մյուս կողմից էլ զգացվում է նրա բույրը: Նա ծխախոտի հոտն ունի՝ ծաղիկներին ու օծանելիքին խառնված:

Բացում եմ դուռն ու հանդիպում անտարբեր հայացքին:

-Վաղուց չէիր եկել,Ջիյո՛ն:

Նորից վնասվել է: Միշտ ձեռերն է վնասում, այս անգամ հերթը երեսինն է եղել: Երև ի այս անգամ ծեծվողն էր: Վերցնում եմ բամբակն ու անցնում գործի: Նրա վերքերը մշակելը միակ հնարավորությունն է դիպչելու այդքան երազելի մարմնին: Նա սովորաբար աչքերը փակում էր, երբ սկսում էի աշխատանքս, բայց այս անգամ ուղիղ աչքերիս մեջ է նայում:

-Այսպես չեմ կարող:

Անգամ ռեակցիա չի տալիս խոսքերիս: Առաջ է գալիս ու միանգամից մազերիս ձեռք տալիս: Փակում եմ աչքերս:

-Մազերդ կտրել ես...Իսկ ինչու՞ սև:

-Դա քո սիրելի գույնն է:

Ժպտում է: Ջիյոնի ժպիտը նման է այն անխիղճներին, ովքեր ցավեցնում են երիցուկներին, որ պարզեն սիրում է թե ոչ: Նա էլ սրտիս թերթիկներն է պոկում

ու հենց վերջինը մնա՝ կպարզվի սիրում եմ թե ոչ:

-Գիտե՞ս, կարմիրն էլ վատ չէ:

Փակում է աչքերն ու հենվում բազմոցին: Երբեք մտքովս չի անցել կարմիր մազեր ունենալ, բայց հիմա ցանկությունից մեռնում եմ: Ես միշտ վերջացնելուց հետո ձայն չեմ հանում: Նա ինքն է զգում, որ վերջացրի ու բացում է աչքերը:

-Խմի՞չք:

Ջիյոնն երբեք չի պատասխանում, բայց նրա հայացքից կարող ես միանգամից հասկանալ պատասխանը: Տեսնում եմ, որ վերջին շիշն է մնացել, բերում եմ ու դնում սեղանին: Վերցնում է ու սկսում շշով խմել: Հետո վառում է ծխախոտն ու ստիպում անջատել լույսը: Մթության մեջ Ջիյոնը գեղեցիկ է, բայց վտանգավոր: Չէ նա չի համբուրի, չի սպանի, պարզապես կլռի: Իսկ մի՞թե լռությունը չի սպանում, այն էլ Ջիյոնի լռությունը: Նրա լռությունն ուրիշ է, նա միաժամանակ և՛ լռում է այդ լռությամբ, և՛ այնքան բան ասում, որ մեռնել ես ուզում: Այդ լռությունը ես բոլորից լավ եմ լսում. «Մի նայիր ինձ, մի դիպչիր ինձ,մի սիրիր ինձ», ու բոլորից լավ եմ կարողանում չլսել նրան:

-Կմնա՞ս:

-Չէ:

Կանգնում է ու քայլում դեպի դուռը:

-Ծխախոտը մոռացար:

Մեկնում եմ նրան, բայց նա ձեռքն էլ առաջ չի բերում վերցնելու համար:

-Գիշերը երկար է, դանդաղ կծխես:

Երանի մի օր սիրտդ էլ այս ծխախոտի տուփի նման թողնեիր ու գիշերը երկար լիներ:

-Վաղը լուսանկարների օրն է:

Նա ոչինչ չի ասում, բացում է դուռն ու հեռանում:

Ջիյոնին թվում է ծխելու՞ եմ նվիրած ծխախոտները: Կվերջանան ախր: Մի օր վերնաշապիկն է թողնում, մի օր կրակայրիչը, այսօր էլ ծխախոտը, իսկ իրեն

ե՞րբ է թողնելու: Պառկում եմ ու սկսում մտածել վաղվա մասին, նորից նրան տեսնելու մասին:

Լուսանկարչուհու համար հեշտ չէ կապվել մարդկանց հետ, մի օր հասկանում ես, որ բացի նկարներից ոչինչ չի մնացել: Բայց Ջիյոնից անգամ դրանք չեն

մնացել: Մի անգամ այրեց բոլորը, որ չհիանամ իրենով: Վերջապես թույլ է տվել նորից նկարել:

Տուփի մեջ մի հատիկ ծխախոտ է: Դրա համար էր ասում դանդաղ ծխեմ, չէ ես սա չեմ ծխի: Նույնն է թե դեն նետեմ երբեւէ նվիրած միակ երիցուկը: Դե նա

վաղուց թառամել է, թերթիկներն էլ պոկվել են, միգուցե խենթ եմ բայց չեմ գցելու:

Լույսը բացվեց: Այսօր յուրահատուկ օր է, կարելի է շրջազգեստ կրել: Մինչև կողմնորոշվում եմ ինչ հագնել, կեսօրն անցնում է: Վերցնում եմ

լուսանկարչական ապարատն ու դուրս վազում: Առաջին քայլը վարսավիրանոց գնալն է, չէ՞ որ կարմիր մազերն էլ վատ չեն:

Մինչև հասնում եմ ֆոտոստուդիա արդեն երեկոն իջնում է: Պատրաստում եմ ամեն ինչ ու նստում: Պայուսակիցս հանում եմ Ջիյոնի տված տուփն ու նայում ծխախոտի վերջին հատիկին: Այնպես եմ ուզում ծխել, եթե միայն սա վերջին հատիկը չլիներ, Ջիյոնի թողած վերջին հատիկը: Նորից փակում եմ տուփն ու տեղավորում պայուսակի մեջ:

Բացվում է սենյակի դուռն ու ներս է մտնում Ջիյոնը՝ սպիտակ վերնաշապիկով, իրեն հատուկ քայլվածքով ու նույն անտարբեր հայացքով: Միանգամից ձեռքը գցում է խմիչքին:

-Կարմիր գինի՞: Վատ չէ:

Նա բացում է գինին ու լցնում բաժակների մեջ: Մի կում է անում ու ես վերցնում եմ ձեռքից բաժակը:

-Միայն իմ լուսանկարները ստանալուց հետո, Յո՛ն:

Բաժակը դնում եմ սեղանին ու սկսում աշխատանքս:

Լույսն ուղիղ դեմքին է ընկնում: Դա խելագարության հասցնող պահ է ինձ համար:

Մազերն ընկել էին աչքերին: Մոտեցա ու ձեռքս մեկնեցի:

-Ի՞նչ ես անում:

Այնպես ուժեղ բռնեց ձեռքս, որ ցավից հաստատ կապտուկներ են մնալու:

-Ես ընդամենը մազերդ եմ ուզում հետ տանել, դրանք ինձ խանգարում են:

Թողնում է ձեռս ու ինքն իր մազերը հետ տանում: Մեր հայացքները հանդիպում են ու ես մոռանում եմ շնչելու մասին: Նրա

աչքերը դառը շոկոլադի գույնն ունեն, փայլում են լույսի տակ, իսկ հայացքը ներթափանցում է մինչեւ հոգուդ խորքը, հիշեցնելով, որ նա քեզ համար

ամենագեղեցիկն ու իդեալականն է:

Նորից սկսում եմ լուսանկարել: Դա մի վայրկյանի հպում չէ կոճակին: Դու մի ակնթարթում հասկանում ես դիմագծերի յուրահատկությունը, հայացքի

խորությունն ու իդեալականությունը:

Մոտենում եմ ու ձեռքս մեկնում դեպի վերնաշապիկը: Նա նորից ձեռքս չի բռնի: Անտարբեր կկանգնի, կարծես ոչինչ էլ չի կատարվում:

-Միայն մի նկար եմ ուզում առանց վերնաշապիկի:

Նա ձայն չի հանում: Ջիյոնը միշտ անորոշության մեջ է թողնում: Դու չես հասկանում անե՞լ դա, թե՞ ոչ: Կսպանի՞, թե՞ կժպտա: Եթե նրա գալուց առաջ մի քանի բաժակ չխմեի, երևի համարձակությունս անգամ չէր հերիքի նկարելու կոճակը սեղմել:

Սկսում եմ դանդաղ արձակել վերնաշապիկի կոճակները: Չորրորդին ուղիղ աչքերիս մեջ է նայում: Ես հետ եմ քաշում ձեռքերս ու սկսում հետ-հետ քայլել: Իսկ նա էլ ավելի է մոտենում, մինչեւ դիպչում եմ սեղանին ու վերջ, փախչելու միակ տարբերակն աչքերը փակելն է: Մի քիչ էլ է մոտենում ու լսվում է կոտրվող բաժակի ձայնը: Բացում եմ աչքերս ու տեսնում, որ գինու բաժակը հատակին փշուր-փշուր է եղել:

Դա լավագույն պահ կարելի էր համարել, Ջիյոնից խուսափելու միակ միջոցն էր:

-Հիմա կհավաքեմ:

Սկսում եմ հավաքել ապակու կտորներն ու ուժեղ ցավ զգում: Դե իհարկե ձեռքս վնասեցի, միայն սա էր պակաս այս լարված պահին: Ուշադրություն չեմ

դարձնում ցավին, շարունակում եմ հավաքել ապակու կտորները, որ հանկարծ գլուխս չբարձրացնեմ ու չտեսնեմ նրա ինձ ուղղված հայացքը:

Ծնկում է ու բռնում վնասված ձեռքս:

-Թող տեսնեմ:

-Ամեն ինչ կարգին է:

-Էն էլ ոնց:

Հանում է գրպանից թաշկինակն ու կապում ձեռքս:

-Շնորհակալ եմ:

Այդպես ամեն ինչ թափված թողնում ենք ու դուրս գալիս: Այն միտքը, որ ամբողջ ճանապարհին մեքենայի մեջ նրա հետ միայնակ եմ

լինելու ինձ սպանում է: Բայց գիշերը չքնելու հետեւանքով՝ մեքենան ինձ համար ամենահարմարավետ անկողինն է դառնում: Արթնանում եմ այն պահին, երբ Ջիյոնի գրկում եմ հայտնվում:

-Ես քայլել կարող եմ:

Նա չի լսում: Ի՞նչ իմաստ ունի խոսել Ջիյոնի հետ: Նստեցնում է բազմոցին ու դեղատուփն առաջ քաշում: Զգուշորեն սկսում է մշակել վերքը: Նա նրբության խորհրդանիշ է: Այնպես խնամքով է ձեռքս բռնել, ասես ծաղիկի է դիպչում: Բամբակի վրայից զգում եմ սառը ձեռքերը: Մազերը նորից աչքերին են ընկել, բայց այս անգամ համարձակություն չունեմ դրանք ետ տանելու: Ինչպես միշտ լույսը չի վառել: Նորից ստիպված եմ մթության մեջ որոնել հայացքը: Վերջացնում է ու կապում վերքս: Դուրս է գալիս տանից: Քիչ անց վերադառնում է երեք շիշ կարմիր գինով: Դարակից վերցնում է երկու բաժակ ու լցնում:

Այնպես եմ ուզում որեւէ բառ լսել նրանից: Ջիյոնից ոչ միայն սեր է պետք քամել, այլեւ բառեր: Վերցնում եմ բաժակն ու նայում նրան: Նա կրկին լուռ է: Վերցնում է իր բաժակն ու սկսում խմել: Ծխախոտը վառում է ու մի քանի վայրկյան տեւող լույսի տակ զգում եմ նրա հայացքը: Լռությունից բացի ոչինչ չունեմ այս պահին: Լռություն ու կողքիս նստած Ջիյոն: Էլ ի՞նչ է պետք երջանկության համար: Պատրաստվում է հաջորդ ծխախոտը վառել: Ձեռքից վերցնում եմ կրակայրիչն ու դնում սեղանին:

-Հերիք է, Ջիյո՛ն, խնդրում եմ:

Նա ոչինչ չի ասում, պարզապես մոտենում է:

-Հեռու գնա:

Շունչս պահում եմ ու փակում աչքերս:

-Վախենու՞մ ես:

-Սիրում եմ:

Comments