1. Փոքրիկ Իշխանը

Chapter 5

V

Ամեն օր ես մի նոր բան էի իմանում նրա մոլորակի մասին և այն մասին, թե նա ինչպես էր թողել իր մոլորակն ու սկսել թափառումները: Նա այդ մասին քիչ-քիչ էր պատմում, երբ խոսք էր ընկնում: Այդպես ես երրորդն օրն իմացա բաոբաբների ողբերգության մասին:

Դա էլ գառնուկի պատճառով ստացվեց: Փոքրիկ իշխանին կարծես թե հանգիստ չէին տալիս կասկածները, և նա հարցրեց:

– Ասա, ճի՞շտ է, որ գառնուկները թփեր են ուտում:

– Այո՛, դա ճիշտ է:

– Ա՜յ, դա լավ է...

Ես չհասկացա, թե ինչու է այդքան կարևոր, որ գառնուկները թփեր ուտեն:

– Ուրեմն նրանք բաոբաբնե՞ր էլ են ուտում:

Ես առարկեցի՝ ասելով, որ բաոբաբները թփեր չեն, այլ հսկայական ծառեր՝ զանգակատան բարձրության, և եթե նա փղերի մի ամբողջ նախիր բերի, էլի բաոբաբ ուտել չեն կարողանա:

Փղերի մասին լսելով՝ Փոքրիկ իշխանը ծիծաղեց:

– Նրանց ստիպված իրար վրա պիտի դնեին...

Իսկ հետո խելամտորեն ավելացրեց.

–Բաոբաբները մինչև մեծանալը փոքր են լինում:

–Դա ճիշտ է: Բայց ինչի՞դ է պետք, որ քո գառնուկը փոքրիկ բաոբաբ ուտի:

–Ուրիշ ինչպե՞ս կարող է լինել, – բացականչեց նա այնպես, կարծես թե խոսքը գնում էր շատ պարզ ճշմարտության մասին: Եվ ես բավական երկար ցավացրի, մինչև հասկացա բանի էությունը:

Փոքրիկ իշխանի մոլորակի վրա, ինչպես մնացած բոլոր մոլորակների վրա, աճում են և՛ օգտակար, և՛ վնասակար խոտեր: Այդ նշանակում է, որ այնտեղ կան լավ ու օգտակար խոտերի լավ սերմեր և գեշ խոտերի, այսինքն՝ մոլախոտերի վատ սերմեր: Բայց չէ՞ որ սերմերն անտեսանելի են: Նրանք քնում են խորը գետնի տակ այնքան ժամանակ, մինչև նրանցից մեկնումեկի գլխին փչի արթնանալ: Այդ ժամանակ նա ծիլ է արձակում, որը սկզբում շատ սիրուն ու անվնաս է երևում, իսկ հետո մեջքն ուղղելով՝ ձգվում է դեպի արևը: Եթե դա ապագա վարդի թուփ է, թող աճի, ինչքան ուզում է:

Բայց եթե դա մի որևէ մոլախոտ է, հենց որ ճանաչեցիր, պետք է անմիջապես արմատախիլ անես: Եվ ահա Փոքրիկ իշխանի մոլորակի վրա կան սարսափելի վնասակար սերմեր...

Դրանք բաոբաբի սերմեր են: Մոլորակի հողը ամբողջովին վարակված է նրանցով: Եվ եթե ժամանակին չճանաչես բաոբաբի ծիլը, հետո նրանից արդեն չես ազատվի: Ամբողջ մոլորակը կգրավի: Նա իր արմատներով կծակի կանցնի ամբողջ մոլորակը: Եվ եթե մոլորակը փոքրիկ է, իսկ բաոբաբները՝ շատ, ապա նրանք մոլորակը կտոր-կտոր կանեն:

– Այստեղ մի հաստատուն կարգ կա, – հետագայում ասաց Փոքրիկ իշխանը: – Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է տեղնուտեղը կարգի բերես նաև քո մոլորակը: Հենց որ կարողացար բաոբաբի ծիլերը տարբերել վարդի թփերից, պետք է անմիջապես դրանք արմատախիլ անես: Վարդի ու բաոբաբի մատաղ ծիլերը շատ են իրար նմանվում: Դա շատ ձանձրալի աշխատանք է, բայց բոլորովին դժվար չէ:

Մի անգամ նա ինձ խորհուրդ տվեց, որ ես աշխատեմ մի այնպիսի նկար նկարել, որ մեզ մոտ էլ երեխաներն այդ բանը լավ հասկանան:

– Եթե հանկարծ նրանք երբևէ ճանապարհորդեն, – ասաց նա, – դա նրանց պետք կգա: Աշխատանքներ կան, որ կարող են մի փոքր սպասել, դրանից վնաս չի գա: Բայց երբ խոսքը վերաբերում է բաոբաբին, դժբախտությունից չես խուսափի:

Ես մի մոլորակ գիտեի, որի վրա մի ծույլ մարդ էր ապրում: Նա բաոբաբի երեք թուփ ժամանակին չքաղհանեց և... Փոքրիկ իշխանն ինձ մանրամասն նկարագրեց, և ես նկարեցի այդ մոլորակը: Ես տանել չեմ կարողանում, երբ մարդկանց գլխին քարող են կարդում: Բայց քչերը գիտեն, թե ինչ կարող է անել բաոբաբը, և քանի որ փոքրիկ մոլորակի վրա երբևէ ընկնող յուրաքանչյուր մարդու սպառնացող վտանգը շատ մեծ է, ես այս անգամ որոշեցի իմ սովորական զսպվածությունը հաղթահարել: «Երեխաներ, – ասում եմ ես, – զգույշ մնացեք բաոբաբից»:

Ես ուզում էի իմ բարեկամներին նախազգուշացնել այն վտանգի մասին, որը վաղուց է դարանակալած նրանց սպասում, իսկ նրանք նույնիսկ այդ մասին չեն էլ կասկածում, ինչպես որ ես էլ առաջ չէի կասկածում:

Ահա թե ինչու էի ես այդպես չարչարվում այդ նկարի վրա և չեմ ափսոսում թափածս աշխատանքի համար: Գուցե դուք հարցնեք, թե այս գրքում ինչու բաոբաբների նկարի նման ազդեցիկ նկար չկա այլևս: Պատասխանը շատ պարզ է. Ես ձգտում էի, որ լինեն, բայց ոչինչ չստացվեց: Իսկ երբ ես բաոբաբներն էի նկարում, ինձ ոգևորում էր այն գիտակցությունը, թե դա շատ կարևոր ու անհետաձգելի գործ է:

Comments