Chapter 4
IV
Եվ այսպես, ես էլի մի կարևոր գյուտ արեցի: Նրա հայրենի մոլորակն ընդամենը մի տան չափ է եղել…
Ասենք, դա ինձ այնքան էլ չզարմացրեց: Ես գիտեի, որ մեր Երկրի, Յուպիտերի, Մարսի և Վեներայի նման մեծ մոլորակներից բացի հարյուրավոր այլ մոլորակներ գոյություն ունեն, դրանց թվում այնքան փոքրիկները, որոնց նույնիսկ աստղադիտակով դժվար է նկատելը: Երբ աստղագետը նման մի մոլորակ է հայտնաբերում, նրան ոչ թե անուն է տալիս, այլ համար:Օրինակ՝ № 251:
Ես լուրջ հիմքեր ունեմ կասկածելու, որ Փոքրիկ իշխանը եկել էր այն մոլորակից, որը կոչվում է մոլորակ № 612: Այդ փոքրիկ մոլորակը միայն մի անգամ՝ 1909 թվականին, տեսել է մի թուրք աստղագետ:
Աստղագետն իր սքանչելի հայտնագործության մասին հայտնեց աստղագետների միջազգային կոնգրեսում, բայց նրան չհավատացին և իայն այն պատճառով, որ նա թուրքական տարազ ուներ հագին: Դե ի՞նչ կարող ես անել, մեծահասակներն այդպես են:
№ 612 մոլորակի բախտից թուրքական սուլթանը մահվան սպառնալիքով իր հպատակներին հրամայեց եվրոպական հագուստ հագնել: 1920 թվականին այդ աստղագետը նորից զեկուցեց իր հայտնագործության մասին: Այս անգամ նա հագել էր ամենավերջին նորաձևության համապատասխան, և բոլորը նրա հետ համաձայնեցին:
№ 612 մոլորակի մասին ես ձեզ այսպես մանրամասն պատմեցի և նույնիսկ համարն ասացի միայն մեծահասակների պատճառով: Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես
տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհաններին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնի այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հարյուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»:
Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի վրա: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:
Բայց մենք, այսինքն՝ նրանք, ովքեր հասկանում են, թե ինչ բան է կյանքը, ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվածքը սիրով մի կախարդական հեքիաթի նման կպատմեի: Ես կուզենայի սկսել այսպես.
«Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ...»: Նրանք, ովքեր ճանաչում են կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է:
Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես հիշում եմ իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես վախենում եմ, թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:
Ահա մեկ էլ դրա համար էր, որ ես ներկատուփ ու գունավոր մատիտներ գնեցի: Իմ հասակում այնքան էլ հեշտ բան չէ նորից նկարչությամբ զբաղվելը, մանավանդ որ իմ ամբողջ կյանքում ես միայն վիշապօձ եմ նկարել՝ ներսի ու դրսի կողմից, այն էլ վեց տարեկան հասակում:
Ինչ խոսք, ես կաշխատեմ, որքան հնարավոր է, նմանությունը լավ տալ, բայց այնքան էլ վստահ չեմ, թե դա ինձ կհաջողվի: Մի դիմանկարը նման է դուրս գալիս, իսկ մյուսը՝ բոլորովին նման չի լինում: Ես հասակի մեջ էլ եմ սխալվում: Մի նկարում իշխանը չափազանց բարձրահասակ է ստացվել, իսկ մյուսում՝ չափազանց փոքր: Եվ ես լավ չեմ հիշում, թե ինչ գույն ունեին նրա հագուստները: Ես փորձում եմ նկարել ե՛ւ այսպես, ե՛ւ այնպես, ինչպես որ պատահի, մի կերպ: Վերջապես կարող եմ սխալվել ինչ-որ կարևոր մանրուքների մեջ, բայց դուք ներողամիտ կլինեք: Իմ բարեկամը ինձ երբեք և ոչինչ չէր բացատրում: Գուցե նա մտածում էր, թե ես այնպիսին եմ, ինչպիսին ինքը: Բայց ես, դժբախտաբար, չեմ կարողանում արկղի պատկերի միջով գառնուկ տեսնել: Գուցե ես մի փոքր նման եմ մեծահասակներին: Երևի ծերանում եմ: